Գրքեր

Բացարձակ և միակ Ճշմարտությունն ոչ թե «ի՞նչ» է, այլ «Ո՞վ»

Քրիստոնեության կրոնի էական տարրերն են գեղեցիկն ու ճշմարիտը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասել է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6): Հովհաննու Ավետարանում Քրիստոսի ճշմարիտ լինելու հանգամանքը շատ է շեշտվում: Ավետարանիչը ներկայացնում է Հիսուսին որպես մարդացյալ ճշմարտություն, որպես ճշմարիտ Լույս (Հովհաննես 1:9), ճշմարիտ Հաց (Հովհաննես 6:32), ճշմարիտ Որթատունկ (15:1) և Հիսուսով ճշմարիտ դատաստան (Հովհաննես 8:16):

Հիսուս կատարյալ արտահայտությունն ու մարմնավորումն է ճշմարտության: Նա է տիեզերքում բացարձակ և միակ Ճշմարտությունը, անկախ այն բանից, թե որևէ մեկն ընդունում, թե մերժում է Նրան: Քրիստոս, Իր խոսքն ուղղելով Իրեն հավատացող հրեաներին, ասաց. «Եթե հավատարիմ մնաք Իմ ուսուցումներին, ճշմարտապես Իմ աշակերտները կլինեք. կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8:31-33):

Երբ ձերբակալել էին Քրիստոսին և Պիղատոսի մոտ տարել, վերջինիս հարցումներին, թե՝ դո՞ւ ես հրեաների թագավորը և ուրեմն դու թագավո՞ր ես, Տերը պատասխանում է. «Ահա դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ: Ես ծնվել եմ և աշխարհ եկել մեկ բանի համար, որ վկայեմ ճշմարտության մասին: Ով որ կողմնակից է ճշմարտությանը, նա լսում է Իմ խոսքը» (Հովհաննես 18:37): Իսկ Պիղատոսի այն հարցին, թե՝ ի՞նչ է ճշմարտությունը, Քրիստոս չպատասխանեց, քանի որ Իր խոսքերն ու գործերն արդեն իսկ բացահայտում էին, որ Ինքն է միակ և բացարձակ Ճշմարտությունը, որը ոչ թե «ինչ» է, այլ «Ով» է: Հավատավոր անձն իր կյանքի բոլոր հանգամանքներում կարող է հուսալ Աստվածային ճշմարտությանը, ինչը հիմքն է իր փրկության: «Տե՛ր, երկնքում է Քո ողորմությունը, իսկ ճշմարտությունդ՝ մինչև ամպերը», «Իր ծոցում կպահի քեզ, և դու ապահովություն կունենաս Նրա թևերի հովանու տակ: Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի: Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից և կեսօրին դևի գայթակղությունից» (Սաղմոս 35:6, 90:4-7):

Բոլոր մարդիկ իրենց կյանքում փնտրտուք ունեն, փնտրում են, թե ո՞ւր է նա՝ ճշմարտությունը, նրանց վրդովվեցնում են կյանքի անարդարությունները, կեղծիքները: Բայց Տերը նախ ուղղորդում է մեզ նայել դեպի մեր հոգու խորքը և հարց տալ՝ արդյո՞ք իրական ճշմարտության մեջ ենք, ինչպիսի՞ն են մեր մտքերը, ցանկությունները և զգացմունքները: Յուրաքանչյուրս ցանկանում ենք հասնել մի արժեքի, որ մնայուն է: Իրական ճշմարտության մեջ գտնվողը սիրո մեջ է, քանի որ Աստված սեր է: Քրիստոսով է, որ մարդը ստանում է ճշմարտական արժեք, որովհետև, եթե Հիսուս կատարյալ արտահայտությունն ու մարմնավորումն է ճշմարտության, ապա Նրանից բխող ամեն գոյություն ինքն իրենով ճշմարտություն է. «Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ. առանց Նրա ոչ մի բան չստեղծեց» (Հովհաննես 1:3): Անկասկած, քրիստոնյայի համար գոյություն ունի կյանքի հատուկ ապրելակերպ: Մի կյանք, որ հնարավորինս զերծ է սխալից, որ անվերապահորեն պայմանավորված է ճշմարտության գերագույն Բարիքի՝ Քրիստոսի ներկայությամբ, քանի որ Քրիստոսի անձն իբրև մարդ զերծ է ադամական մեղքից, այսինքն՝ սխալից: Եվ մեզանից յուրաքանչյուրը, եթե մտածում է իր անձի փրկության մասին, պարտավոր է իր հայացքը սևեռել առ Հիսուս Քրիստոս: Նրա անձով պետք է հասնենք փրկագործության և մեր կյանքի ընթացքն էլ պետք է արժևորենք Նրանով: Տիեզերքի փրկությունը բացարձակապես Հիսուսով է: Ուրեմն քրիստոնյայի կյանքը չի կարող լինել առանց Քրիստոսի: Հիսուսի անձը յուրաքանչյուր հավատացյալի վերջնական և հավիտենական նպատակն է: Քրիստոս մեզ ուսուցանում է կյանքն ապրելու կերպը, Նա մեզ համար լավագույն օրինակը եղավ: Նրանով սկիզբ առավ նոր մոտեցում, եկավ նոր արժեք: Նրանով է, որ մարդկությունը պիտի կարողանա անցնել այս անցավոր աշխարհից մնայունը, հավիտենականը:

 

Գայանե Սուգիկյան

18.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․