Գրքեր

Բալենիները

Մի մարդ իր տան դիմաց երկու բալենի ուներ: Մեկը բարի էր, մյուսը՝ չար: Ամեն անգամ, երբ մարդը դուրս էր գալիս տանից, դրանք կանչում էին նրան ու ինչ-որ բան խնդրում: Չար բալենին ամեն անգամ տարբեր բաներ էր խնդրում՝ մեկ՝ «փխրեցրու հողը», մեկ՝ «բունս սպիտակեցրու», մեկ՝ «ջրիր ինձ», մեկ՝ «ավելորդ խոնավությունը չորացրու», մեկ՝ «կիզիչ արևից պաշտպանիր», մեկ՝ «ավելի շատ լույս տուր ինձ»: Իսկ բարի բալենին միշտ միևնույն խնդրանքն էր կրկնում. «Ի՛մ տեր, օգնիր ինձ բարի բերք տալու»: Տերը երկուսի նկատմամբ էլ հավասարապես ողորմած էր, խնամում էր նրանց, ուշադրությամբ լսում էր խնդրանքները և նրանց բոլոր ցանկությունները կատարում: Այսինքն, չար բալենուն տալիս էր այն ամենն, ինչ նա պահանջում էր, իսկ բարուն՝ միայն այն, ինչ անհրաժեշտ էր համարում, որպեսզի հրաշալի և առատ բերք տա:

Ի վերջո չար բալենին այնքան աճեց ու մեծացավ, որ բունն ու ճյուղերը փայլում էին, կարծես յուղով օծված լինեին, իսկ խիտ տերևները մուգ կանաչ էին: Ի տարբերություն դրա, բարի բալենին ոչ ոքի ուշադրությունը չէր գրավում իր արտաքինով:

Իսկ երբ բերքահավաքի ժամանակը եկավ, չար բալենին մանր ու քիչ պտուղներ տվեց, որոնք խիտ տերևների պատճառով չէին կարողացել հասունանալ, իսկ բարի բալենին առատ ու շատ համեղ պտուղներ տվեց: Ամաչեց չար բալենին, որ չկարողացավ իր հարևանուհու պես բերք տալ և սկսեց տիրոջ դեմ տրտնջալ՝ ամեն ինչում նրան մեղադրելով: Տերը բարկացավ և պատասխանեց. «Մի՞թե ես եմ դրանում մեղավոր: Մի՞թե ողջ տարին քո բոլոր ցանկությունները չկատարեցի: Եթե դու էլ միայն բերքի մասին մտածեիր, ես քեզ էլ կօգնեի հարևանուհուդ պես առատ բերք ունենալ: Բայց դու ձևացնում էիր, թե խելացի ես ինձնից, որ տնկել էի քեզ, ահա այդ պատճառով էլ անպտուղ մնացիր»:

Դառնապես զղջաց չար բալենին և խոստացավ տիրոջը, որ հաջորդ տարի միայն բերքի մասին կմտածի և նրան էլ միայն դրա մասին կխնդրի: Այդպես էլ արեց: Եվ հաջորդ տարի երկու բալենին էլ լավ բերք ունեցան և մեծ ուրախություն ապրեցին իրենց տիրոջ հետ միասին:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

14.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․