Գրքեր

Բարև, ազատությո՛ւն

Ի սկզբանե մարդն ուներ մի կողմից ամեն ինչի վրա իշխելու կարողություն, մյուս կողմից` արգելված ծառին չդիպչելու պատվիրան. այս երկակիության մեջ էլ հենց դրսևորվեց նրա ազատությունը, ազատ ընտրությունը (որն առանց պատվիրանի չէր կարող իմաստ ստանալ):

Ուղիղ և ճշմարիտ ազատությունն ամեն ինչ անելը չէ: Իրական ազատությունն այն է, երբ միտքն ազատորեն զրուցում  է կամքի, ազատության հետ, քննարկում, խորհում իր անելիքի մասին, ապա` ընտրում և գործում: Մենք կատարելապես ազատ ենք, երբ ունենք մեր արածի լրիվ գիտակցությունը, պատասխանատվությունը:

Ապրելով աշխարհում և լինելով հասարակական էակ` մարդը երբեմն ստիպված է լինում գործել արարքներ, որոնք չի  ցանկանում. ազատությունը սահմանափակում են կենցաղային պայմանները, ընկերային հարաբերությունները, հանգամանքները, անհրաժեշտությունը և այլն. մենք այս ամենից ելնելով ենք գործում: Մարդու ազատության, բարոյական ընտրության հարցի մասին են խոսում երկու` իրարամերժ ուղղություները` դետերմինիզմը և ինդետերմինիզմը: Առաջինի կողմնակիցները պնդում են, որ մարդու կամքն իրականում ազատ չէ, նրա արարքները պայմանավորված են պատճառահետևանքային կապերով: Ինդետերմինիզմն էլ ասում է, որ մարդը  բացառապես ազատ է իր որոշումները կայացնելու համար: Այստեղ նա ազատ է նախասահմանումից, պատճառահետևանքային կապերից:

Ազատությունը մի անգին պարգև է մարդուն` տրված հենց իր Արարչից, բացառիկ արտոնություն, անօտարելի նվեր: Ինչպես ցանկացած նվեր, որ մարդ ստացել է Աստծուց, ազատությունը ևս բաց է կատարելագործման, բարելավման համար: Մարդը կարող է իր ազատությունը  բարձրացնել և հասցնել այն բարոյական ամբողջությանն ու կատարելությանը, որում լավագույնս կգործի Աստծու կամքը:

Իսկ ինչպե՞ս է Աստծու կամքը կապվում մարդկային ազատության հետ. մարդն իր ազատությունը սեփական կամքով և ազատությամբ սահմանափակում է Աստծու կամքով, գործում աստվածային թույլատրելիության սահմաններում: Մենք հնազանդվում ենք Աստծու կամքին մեր ազատ կամքով: Քրիստոս Ինքը սովորեցրեց հնազանդվել Հոր կամքին և Տերունական աղոթքում էլ խնդրում ենք. «Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է...»:

Հնազանդությունը հաճախ շատերի կողմից ընդունվում է իբրև իրավունքների  և ազատության ոտնահարում, նվաստացում, սակայն այն մարդու կողմից ազատորեն կատարվող արարք է: Քրիստոս եկավ Արարչից հեռացած մարդկությանը վերստին կանչելու` ի հնազանդություն Հայր Աստծու, և մարդուն մնում  է ազատությամբ ընտրել իր ընթացքի ուղղությունը: Աստծու արքայության խոստումը պատկանում է նրանց, ովքեր դեռևս այստեղ` երկրի վրա, մտել են նոր կյանք Քրիստոսի հետ` գտնվելով ոչ թե Օրենքի տակ, այլ շնորհի և բացել են իրենց  սիրտը, միտքը ու հոգին Աստծու բնակության համար: Բոլոր մարդիկ հրավիրված են Աստծու արքայություն, բայց պարտադրված չեն (հմմտ. Մտթ. 22:1-9): Յուրաքանչյուրն ինքն է ընտրում`ընդունե՞լ, թե՞ մերժել այդ հրավերը:   

Յուրաքանչյուր ոք Արարչից շնորված մի տաղանդ, քանքար ունի (Մտթ. 25:14-30), բայց ունի նաև այն գործածելու ազատություն և ըստ այդ ազատ գործունեության էլ պատասխան է տալու: Քրիստոս չի պարտադրում. «...եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել...» (Մտթ. 19:17), «...եթե ուզում ես կատարյալ լինել...» (Մրկ. 10:21):

Մենք երբեմն ազատությունն ընկալում ենք իբրև մեր կամքի, ցանկությունների ազատորեն ի կատար ածում, երբ պարզապես ամեն ինչ անելով փորձում ենք հաստատել, որ ազատ ենք, կարող ենք անել այն, ինչ կամենում ենք, կարող ենք շահել ողջ աշխարհը` ուշադրության չարժանացնելով հոգու վրա դրա հետևանքներին: Եվ այստեղ է, որ մտորելու տեղիք են տալիս Ավետարանի խոսքերը. «Ի՛նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մտթ.16:26):

Լավ է, որ մարդն ազատ է, բայց ազատության փաստից ուղղակիորեն հետևում է, որ նա պատասխանատու է իր գործողությունների համար, դրանց համար կա՛մ պետք է ստանա պարգևատրում, կա՛մ պատիժ` նայած նրա վաստակի կամ մեղավորության: 

Աստծու կամքին ներդաշնակ ընթանալու համար մեզ տրված են պատվիրաններ, որոնցով մենք հասկանում ենք՝ արդյո՞ք Աստծու կողմից ընդունելի արարք են կատարում, թե՞ ոչ: Սակայն կան այնպիսի գործողություններ, որոնք, կարելի է ասել, հստակ չեն արգելվում, պատվիրված էլ չեն, դրանք չեն պատկանում ոչ բարու կատեգորիային, ոչ չարի: Ադիաֆորաները (բարոյապես անտարբեր, չեզոք գործողություններ) այնպիսի գործողություներ են, ինչպես, օրինակ, պարելը, խաղալը, թատրոն, կինո հաճախելը, կատակելը  և այլն: Ադիաֆորաների շրջանակը հիմնականում ընդգրկում է այն գործողություննեի տարածքը, որոնցով մենք զբաղվում ենք հանգստի, ազատ ժամանակ: Բայց սրանք մշտապես բարոյապես լավ կամ վատ են: Վատն են, եթե վնաս են պատճառում մեր բարոյականությանը և հակասում բարոյական սկզբունքներին, լավն են, երբ ազնիվ են, չեն չարաշահվում, թարմացնում են մեր ոգին, ամրապնդում մեզ ծառայելու, նվիրվելու, ջանալու, էներգիայի աղբյուր են: Չնայած որ սրանք հստակ արգելված կամ պատվիրված չեն և մենք ազատ ենք դրանք անելու կամ չանելու, այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնենք Սուրբ Գրքին և հետամուտ լինենք Աստծու կամքը կատարելուն, ապա կտեսնենք, որ մեզ պատվիրվում է. «...Թե կերած-խմած ժամանակ, և թե ուրիշ որևէ դեպքում, ինչ էլ որ անեք, ամեն ինչ արեք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10:31): Մենք մեր արարքների վրա լիակատար ազատություն ունենք, կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք, սակայն այդ ամեն ցանկացածը արդյո՞ք օգտակար է մեզ. «Ամեն ինչ թույլատրված է ինձ, բայց ամեն բան օգտակար չէ: Ամեն ինչ թույլատրված է ինձ, բայց պետք չէ, որ որևէ բանի գերին դառնամ» (Ա Կորնթ.  6:12):

Նաև հիշելով, որ. «ստեղծված ենք կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը» (Եփես. 2:10), մարդու գերխնդիրն է մնում իր իսկ ազատության մեջ ինքն իրեն գտնելը...

 

 Կազմեց Մարիամ Ավետիսյանը

 

19.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․