19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր

«Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Քո անվանը, ո՛վ Բարձրյալ»

Հուլիսի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ և «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի հովանավորությամբ, ուխտագնացության մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր:

Հարյուր հիսուն ուխտավորների ճանապարհի ուղեկիցներն էին աղոթքն ու շարականները: «Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Քո անվանը, ո՛վ Բարձրյալ: Առավոտյան պատմել Քո ողորմությունը, և գիշերը՝ Քո ճշմարտությունը» (Սղմ. 91:1-4) փառաբանական սաղմոսն իրենց շուրթերին՝ նրանք հասան առաջին ուխտավայր՝ Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցի (13-րդ դ.), ուր մասնակից եղան Առավոտյան ժամերգության: Ապա եկեղեցու խորհրդակատար Տեր Գարեգին քահանա Արսենյանը հոգեհանգստյան արարողություն կատարեց, և ուխտավորներն աղոթք բարձրացրին առ Տեր Սիրիայում զոհված իրենց հայրենակիցների համար: Արարողության ավարտին Տ. Արեն վարդապետ Շահենյանը ուխտավորներին ներկայացրեց Ս. Գևորգ զորավարի վարքը, ապա բոլորն իրենց խոնարհումը բերեցին եկեղեցում ամփոփված Ս. Գևորգի մասունքներին՝ խնդրելով սրբի բարեխոսությունը Հայ եկեղեցու անսասանության համար: Այնուհետև Տեր Գրիգորը ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց եկեղեցու հոգևոր դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի:

Հաջորդ ուխտավայրը, որ սպասում էր իր ուխտավորներին, Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջափնյա բարձրադիր սարավանդի եզրին գտնվող վանքն էր՝ Հովհաննավանքը, որի հիմնադիրը և առաջին վանահայրը, ըստ ավանդության, եղել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, որն այստեղ է բերել և թաղել Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները: Ուխտավորները Տեր Գրիգորի գլխավորությամբ Ճաշու ժամերգության մասնակցեցին, ապա «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության երգչախումբը շարականներ կատարեց:

Այնուհետև սիրիահայ ուխտավորներն իրենց հանգիստն անցկացրին Աշտարակ ձորի «Արևիկ» հանգստյան գոտում: Մինչ սիրո ճաշը «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Ամալյանն իր շնորհակալական խոսքը հղեց Նավասարդ Սրբազանին, ում օրհնությամբ սիրիահայ համայնքը բազմաթիվ նախաձեռնություններ և ծրագրեր է իրականացնում, շնորհակալական խոսք հղեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Տեր Գրիգորի գլխավորությամբ, ովքեր իրենց նախանձախնդիր ծառայությամբ նպաստում են իրենցից յուրաքանչյուրի հոգևոր աճին:

Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Հայաստան գաղթած բազմաթիվ սիրիահայեր այստեղ էլ՝ իրենց հայրենիքում, դեռ դժվարություններ են կրում, բայց նրանցից յուրաքանչյուրը, Աստծո ներկայությամբ հոգևոր ուրախություն ապրելով, չի դադարում հանապազօր փառաբանել Տիրոջը: Ս. Աթանաս Մեծն ասում է՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր փառաբանել Տիրոջը, ապա պատասխանում է և ասում՝ մի՞թե ոչ նրա համար, որ Փրկիչը մեզ համար հարություն և կյանք պատրաստեց:

 

Կարինե Սուգիկյան

09.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․