Գրքեր

«Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում»

Քրիստոնյայի մեծ ուժը կայանում է բարության մեջ, որը որպես գանձ նա պահպանում է իր սրտում՝առատորեն բաշխելով իր մերձավորներին: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթ. 12:35): Եկեղեցու հայրերի հորդորներում կարդում ենք, թե առանց սիրո չկա բարություն և ինչ դնես քո գաձարանում, այն էլ կվերցնես: «Երբ Քրիստոս ասում է գանձարան, ապա ցույց է տալիս այն մեծ հարստությունը, որ գտնվում է մարդու սրտում: Իսկ որպեսզի ոմանք չասեն, թե մարդիկ բնությամբ չար են ծնվում, Քրիստոս բացատրեց փարիսեցիների օրինակով՝ ասելով, որ նույն մարդը չի կարող երբեմն բարի դառնալ, երբեմն՝ չար, քանի որ բարի մարդը իր սրտի մեջ եղածից է խոսում, նույն կերպ և չար մարդը»,- ասել է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացին:

Փետրվարի 2-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Էլմիրային (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող ամուսիններ Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Էլմիրան, իր ամուսինը՝ Սրապիոնյան Արմանը (43 տ.) և նրանց ութ զավակները բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Ծիծեռնավանք գյուղի 51 հասցեում: «Զավակներիցս երկուսը՝ ավագ դուստրերս, չափահաս են, իսկ չորս աղջիկներս և երկու տղաներս դպրոց են հաճախում: Ամուսինս Ծիծեռնավանքում որպես դպիր է ծառայում, ես էլ որպես մոմավաճառ եմ աշխատում: Անցյալ տարի նոյեմբեր ամսին ավագ դուստրերս աշխատելու նպատակով տեղափոխվեցին Երևան և բնակվում են մայրիկիս տանը, որ գտնվում է Սարի թաղի 28 փ. 43 բն. հասցեում: Այժմ նրանցից մեկն աշխատում է կարի ֆաբրիկայում, մյուսը՝ պահածոնների գործարանում, որպեսզի կարողանան մի փոքր չափով նաև մեզ օգնել: Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, բայց առայժմ ֆինանսական խնդրի պատճառով չեմ կարողանում բուժում ստանալ»,- ասաց Էլմիրան և իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին:

 

Կարինե Սուգիկյան

02.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․