Գրքեր

Բարոյական պարտքի առջև

Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո առաքյալները նորադարձ քրիստոնյաներից ընդունում էին նվիրատվություններ, որոնք բաշխում էին բոլորին՝ նայած թե ով ինչ բանի կարիք ուներ (Գործք Առաքելոց 2:45): Օրինակները խոսում են հավատացյալների անկեղծ, զոհաբերվող և մերձավորի կարիքներին մասնակից սիրո մասին: Ողորմածությամբ և գթասրտությամբ քրիստոնյան իր բարոյական պարտքն է կատարում իր մերձավորի հանդեպ: Այդ պարտքի մասին է հիշեցնում Հովհաննես առաքյալն իր ընդհանրական նամակում. «Այն մարդը, որ նյութական ամեն բարիք ունի և տեսնելով, որ իր եղբայրն օգնության կարոտ է, գութ չի տածում, ինչպե՞ս կարող է ասել, թե Աստծո սերն ունի իր մեջ» (Ա Հովհաննես 3:17):

Բարոյական պարտքի այդ մեծ պատասխանատվությամբ թե՛ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, թե՛ անհատներ իրենց ունեցած բարիքից բաժնեկից են դարձնում կարիքի մեջ գտնվող իրենց մերձավորներին: Սեպտեմբերի 20-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Մարիամին (20տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ այս անգամ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Տաթևիկ Քալանթարյանը: Մարիամը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Ծիծեռնավանք գյուղից է: Հարությունյան բազմազավակ՝ ութ երեխաներից բաղկացած ընտանիքի ավագ զավակն է: Ուսանելու և աշխատելու նպատակով նա եկել է Երևան և բնակվում է իր տատիկի տանը, որը գտնվում է Սարի թաղի 28 փ. 43 բն. հասցեում: «Ծնողներս հողագործությամբ են զբաղվում և ի վիճակի չեն հոգալ իմ ուսման վարձը: Այդ պատճառով այժմ աշխատում եմ կարի ֆաբրիկայում, որպեսզի կարողանամ վճարել անգլերենի ուսուցման վարձը՝ հնարավորության դեպքում օգնելով նաև ընտանիքիս»,- ասաց Մարիամը՝ շնորհակալություն հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին, որ ձեռք մեկնեցին իրեն և իր ընտանիքին:

 

 

Կարինե Սուգիկյան

20.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․