Գրքեր

Բարու մեջ հարատևողը ժամանակին կքաղի Սուրբ Հոգու պտուղները

Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող անձը կյանքի է կոչում Սուրբ Հոգու պտուղները, որոնք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22): Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս, աշխարհ եկավ, մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա (Ս. Աթանաս Ալեքսանդրացի) և աստվածային սիրո արտացոլանքը դառնա: Ամեն բարիք, որ ունի մարդ իր սրտում, աստվածային պարգև է, ինչի շնորհիվ կառուցում է իր հոգևոր կյանքը և քայլ առ քայլ դեպի Աստված ընթանում: Առաքինի անձը, երկրի վրա բարին հաստատելով, ժամանակին կքաղի Սուրբ Հոգու պտուղները, եթե իր ընթացքի մեջ չտկարանա. «Գալով մեզ՝ չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե հարատևենք, արդյունքն անպայման կքաղենք իր ժամանակին» (Գաղ 6:9): Սուրբ Հոգու պտուղների ձեռքբերումով մարդու առջև բացվում են հավիտենության դարպասները, քանի որ Երկնային Արքայությունն սկիզբ է առնում երկրից՝ մարդու սրտից:

Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ բարիք է նաև միմյանց համար աղոթելը, ուշադրություն և հոգածություն ցուցաբերելը՝ չմոռանալով ննջեցյալների հոգու հանգստության համար արված աղոթքներն ու բարի գործերը: Հունիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Դիանա Վարդանյանին (42 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներից մեկը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ եղբոր: Դիանան իր ամուսնու, երկվորյակ զավակների, սկեսրայրի և սկեսուրի հետ բնակվում է Արցախի 8/4 շ. բն. 6 հասցեում: Երկվորյակ զավակներից Միքայելը (5 տ.) Դաունի համախտանիշ ունի: Դիանան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

05.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․