«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել» | Bavakan Che Linel Petq E Charagaytel



Գրքեր

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել»

Հունիսի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Հասմիկին (32 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Հասմիկն իր ամուսնու և երկու որդիների հետ բնակվում է Նոր Խարբերդի 3-րդ փ. 82/11 հասցեում: Նրա զավակներից Կարապետը (6 տ.) ծնվել է Դաունի համախտանիշով: Սարգսյան ընտանիքը ֆինանսական դժվարության մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրն առողջական խնդրի պատճառով ի վիճակի չէ աշխատել, և ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի և Կարապետին տրամադրվող թոշակի գումարներով:

«Ծանր ապրումներ ունեցա, երբ իմացա, որ առաջնեկս Դաունի համախտանիշով է ծնվել, ողջ հղիության ընթացքում այլ մտածումներ և սպասումներ ունեի, բայց ժամանակի ընթացքում Կարապետն իմ կյանքը շրջադարձային փոխեց: Այժմ ես շատ ուրախ եմ, որ հենց Կարապետն է իմ որդին: Նրանից սեր է ճառագում, նա շատ ակտիվ, կենսուրախ և անմիջական երեխա է: Հասարակության մեջ, տրանսպորտում, խանութում Կարապետը հավասար է բոլորի հետ: Մեր հարևանները տեսնելով մեր վերաբերմունքը Կարապետի հանդեպ՝ իրենք էլ սկսեցին այլ կերպ վերաբերվել նրան»,- ասաց Հասմիկը:

Ընտանիքի մայրը նշեց, որ իրենց կարողության չափով Կարապետին տարել են տարբեր վերականգնողական կենտրոններ՝ նպաստելով նրա մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը, բայց Կարապետը դեռ խոսքի հետ կապված խնդիր ունի: Հասմիկն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին, աջակից անձին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որ Տեր Հոր միջնորդությամբ լուծելու է Կարապետի խոսքի, նաև բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրները:

«Բավական չէ լինել, պետք է ճառագայթել, բավական չէ ունենալ, պետք է տալ,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը,- Աստված սեր է, այսինքն՝ ճառագայթում, բաշխում, ընծայում: Հիմա, ուրեմն, եթե կուզես կատարյալ լինել, ճշմարիտ, աստվածատիպ, աստվածառաք մարդ, գնա՛ կոտրի՛ր սրտիդ կապանքը և թող սերդ աղբյուր դառնա և հոսի դեպի քո նմանները, գնա՛, կոտրի՛ր գանձարկղիդ կողպեքը, թող արև տեսնեն ոսկիներդ, մի՛ մոռացիր, թեև հող է մարդը, բայց հողից ավելին է Աստծո շնչով, գնա՛ բաշխիր ունեցածդ չունեցողին, որպեսզի իրավ երջանիկ լինես: Տե՛ս, թե նրանց ուրախությունն ինչպես է ողողում քեզ երջանկության տաք ու քաղցր զգացումով, որ անկողոպտելի գանձ է: Եվ ապա, քայլիր Իմ հետևից, որովհետև Ես՝ իբրև Աստված՝ երկնքից երկիր իջա և մարդ եղա, քայլելու մարդու հետ և մարդու համար, մարդու համար որպես ռահվիրա հանդիսացա: Արի՛ Իմ հետևից...»:

 

Կարինե Սուգիկյան

06.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․