Գրքեր

Բեթղեհեմյան երկնակամարն իր լուսավոր աստղով վկայեց Փրկչի Ծնունդը

Ծննդյան սուրբ և լուսավոր գիշեր էր, հրաշալիքների գիշեր: Փայլում էին աստղերը: Ամեն ինչ արտասովոր էր: Արտասովոր էր Բեթղեհեմի երկնակամարում փայլող աստղը: Այն ոչ միայն գիշերն էր երևում, այլ նաև՝ ցերեկը և կապված չէր երկնակամարին այնպես, ինչպես սովորական աստղերը: Այն իր ընթացքով՝ բարձրանալով ու խոնարհվելով վկայում էր այդ մասին: Հայտնված աստղը մեծ էր ու փառավոր՝ իր լույսով, երևելի՝ ծագմամբ, ու հրաշալի՝ տեսքով, զարհուրելի՝ բոցով, ու բորբոքելի՝ հրով, սքանչելի՝ փայլով, ու զարմանալի՝ տեսակով, և չկար մեկ այլ աստղ, որ սրա նման լիներ: Սա միակն էր, ինչպես և իր Միածին Տերը: Արտասովոր այդ գիշեր տիրում էր խոսուն լռություն: Ծնվել էր հրաշքների Հրաշքը, հզոր Մանուկը: Կենդանի Հացը ծնվել էր Բեթղեհեմում՝ «հացի տանը»՝ կերակրելու քաղցածներին և սովյալներին:

«Հերովդես թագավորի օրերին էր, որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում: Եվ ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և հարցրին.

-Ո՞ւր է հրեաների նորածին թագավորը. մենք տեսանք նրա աստղը արևելքում և եկանք երկրպագելու Նրան» (Մատթեոս 2:1-2):

Այստեղ ավետարանիչը խոսում է ոչ սովորական աստղի մասին: Այն արտասովոր էր, քանի որ իր լուսատու ընթացքով առաջնորդում էր մարդկանց դեպի Օծյալ Փրկիչը, դեպի Արդարության Արեգակը, Նրան փնտրելու ու գտնելու և Նրան երկրպագելու խորհրդով: Քրիստոսի թագավորության մասին վկայեց երկինքը: Լուսափայլ աստղը եղավ մոգերի ուղեցույցը, որը ծննդյան ավետիսն առանց ձայնի հասցրեց նրանց ականջին և իր լուսատու ընթացքով խոսեց նրանց հետ: Եվ քանի որ մոգերը չէին ընդունում մարգարեությունները, ուստի Աստված նրանց աստղով հայտնեց Քրիստոսի ծնունդը: Որովհետև եթե մի մարգարե նրանց քարոզեր Կույսի ծնելու մասին, չէին հավատա ու չէին ընդունի, մինչև չտեսնեին այդ ամենն աստղերի միջոցով:

Երբ մտան Հրեաստան, աստղը ծածկվեց նրանցից, որպեսզի մոգերն անմիջապես չգնան Բեթղեհեմ, այլ նախ գնան Երուսաղեմ և այնտեղի դպիրներին ստիպեն` բոլորին պատմել Տիրոջ ծննդյան մասին, և մարգարեություններից ստանան ճշմարիտ վկայությունը, որպեսզի չկարծեն, թե աստղը մի այլ զորությունից է:

Սուրբ Հայրերը՝ Եկեղեցու ուսուցիչները, այս աստղի մասին հետևյալ մեկնություններն ունեն. «Այն պահին, երբ ծնվեց Հիսուսը, մոգերի բոլոր գնդերը տեսան և իմացան, թե ինչպես պիտի գտնեն նոր ծնված թագավորին. Աստված վառեց Իր լապտերները և նրանց համար՝ մի նոր աստղ…Այդ աստղի մեջ մոգերը տեսնում էին Ս. Կույսին շատ զարմանալի կերպարանքով, որ բազմել էր և իր գրկին ուներ Մանուկ Հիսուսին…Եվ բոցավառ թագ կար Նրա գլխին: Աստղերն իրենց ժամանակի համաձայն պտտվում են երկնակամարում ի սկզբանե, և նրանց ընթացքը չի խառնվում: Դրանցից ո՞ր մեկն իր պարանոցն ազատեց այդ լուծից և իջավ երկիր…Մեր Տիրոջ հետ պատահածները նոր բաներ են, և ըստ բնության ու սովորության ոչ ոք չէր լսել» (Ս. Հակոբ Մծբինի հայրապետ):

«Աստղի հայտնվելու պատճառը հայտնի է. բայց նա բնական աստղերից չէր, այլ նոր և զարմանալի, ինչպես հայտնի է իր ընթացքից, քանի որ օրենքով չէր այդպիսի ընթացքը» (Ս. Ներսես Շնորհալի):

Իսկ Ս. Հովհան Ոսկեբերանը հետևյալ մեկնաբանությունն է տալիս. «Եթե մենք իմանանք, թե ինչպիսի՞ աստղ էր այն, սովորական էր, թե՞ մյուսներից տարբերվող, իրական էր, թե՞ միայն աստղի տեսք ուներ, ապա և հեշտությամբ կհասկանանք նաև մյուսները: Իսկ որտեղի՞ց դա կարող ենք իմանալ, եթե ոչ՝ հենց Սուրբ Գրքից: Այն, որ դա սովորական աստղ չէր և նույնիսկ աստղ չէր, այլ, ըստ իս, մի աներևույթ ուժ, որ աստղի տեսք էր

ընդունել, առաջին հերթին դա ապացուցում է հենց նրա ուղին: Չկա և չեն կարող լինել աստղեր, որ ունենային այդպիսի ուղի: Տեսնում ենք, որ արևը, լուսինը և մյուս աստղերը արևելքից են դեպի արևմուտք գնում, իսկ այդ աստղը սկիզբ էր առել և ընթանում էր հյուսիսից և այն էլ օրը ցերեկով և նա հենց այն դիրքում էր, որում Պաղեստինն էր Պարսկաստանի հետ համեմատությամբ: Երկրորդ՝ դա կարելի է տեսնել ժամանակի առումով. նա հայտնվեց ոչ թե գիշերը, այլ օրվա ընթացքում, երբ փայլում էր արևը, ինչը հատուկ չէ ոչ միայն աստղերին, այլ նաև լուսնին: Թեև լուսինն ավելի մեծ է բոլոր աստղերից, բայց արևի լույսի հայտնվելուն պես թաքնվում է և դառնում անտեսանելի: Քրիստոսի աստղն իր փայլի գերակշռությամբ հաղթահարել էր արևի լույսին, ավելի պայծառ էր, քան արևը: Երրորդ՝ ապացուցվում է նաև նրանով, որ աստղը մեկ հայտնվում էր, մեկ՝ անհետանում: Երբ մոգերը Պաղեստին էին գնում, նա տեսանելի էր և ցույց էր տալիս նրանց ուղին, իսկ երբ մտան Երուսաղեմ, այն թաքնվեց: Հետո, երբ նրանք Հերովդեսին ասացին, թե ինչո՞ւ են եկել, թողեցին նրան և շարունակեցին ուղին, աստղը նորից հայտնվեց: Սա արդեն աստղի ընթացք չէր, այլ ինչ որ կատարելապես բանական ուժի: Նա որոշակիորեն չուներ իր ուղին, բայց երբ անհրաժեշտություն կար կանգ առնելու, կանգ էր առնում, ամեն ինչում հարմարվելով նրանց կարիքի հետ՝ նման այն ամպի սյանը՝ համաձայն որի հրեաները կանգ էին առնում կամ առաջ ընթանում, երբ կարիքը կար: Չորրորդ՝ Քրիստոսի աստղն ի համեմատություն մյուս աստղերի ավելի ցածրում էր գտնվում, որպեսզի մոգերը կարողանային գնալ նրա նշած ուղիով: Ինքներդ գիտեք, որ սովորական աստղը չէր կարող ցույց տալ այն փոքր վայրը, որ զբաղեցնում էր հյուղակը, ուր Մանուկ Հիսուսն էր: Այս մասին յուրաքանչյուրը կարող է դատել լուսնի միջոցով, այն աստղից ավելի մեծ լինելով, տիեզերքի յուրաքանչյուր բնակչի համար թվում է ավելի մոտ՝ սփռված ողջ տիեզերքի լայնքով: Ասա ինձ, ինչպես կարող էր աստղը ցույց տալ այդքան փոքր տեղը հյուղակի, եթե չթողներ իր բարձրությունը և չիջներ ներքև ու չկանգներ Փոքրիկի գլխավերևում: Այս մասին մեզ խորհել է տալիս ավետարանիչը՝ ասելով. «Թագավորի այս հրահանգը լսելուց հետո մոգերը մեկնեցին: Նրանք չափազանց ուրախացան, երբ կրկին տեսան այն աստղը, որ տեսել էին արևելքում» (Մատթեոս 2:9): Տեսնում ես, թե ինչքան ապացույցներ կան, որ այդ աստղն առանձնահատուկ էր և հայտնվել էր ոչ արտաքին բնության օրենքի համաձայն: Հարց՝ ապա ինչո՞ւ էր հայտնվել: Նրա համար, որպեսզի մերկացնի անզգա հրեաներին և զրկի նրանց՝ ապերախտներին, ամեն տեսակի արդարացումներից: Քանի որ Քրիստոսի գալուստը նպատակ ուներ փոխելու հին կյանքի օրենքները՝ կոչելով ողջ տիեզերքին Իրեն երկրպագելու: Քրիստոս հենց սկզբից բացում է դուռը հեթանոսների համար՝ ցանկանալով օտարի միջոցով յուրայիններին սովորեցնել: Թեև հրեաներն անդադար լսում էին մարգարեներին՝ Քրիստոսի գալուստն ազդարարող, բայց հատուկ ուշադրություն չէին դարձնում այդ ամենին, այդ պատճառով Աստված օտարներին ներշնչեց գալ հեռավոր երկրից, հարցնել Թագավորի մասին, որ հրեաների մեջ էր ծնվել, և նրանք՝ հրեաները, պարսիկներից առաջինը կիմանային այն, ինչ չէին ցանկանում սովորել մարգարեներից: Աստված դա արեց նրա համար, որպեսզի նրանց հավաստի հնարավորության միջոցը տա համոզվելու, եթե խոհեմ գտնվեն, կամ էլ զրկի նրանց ամեն տեսակի արդարացումից, եթե համառեն: Իրականում ի՞նչ կարող էին ասել հրեաները որպես արդարացում՝ չընդունելով Քրիստոսի վերաբերյալ բազմաթիվ մարգարեական փաստերը, տեսնելով մոգերին, ովքեր աստղի հայտնվելով միայն ընդունեցին Նրան և երկրպագեցին Հայտնվածին: Այսպես Տերը մոգերի հետ վարվեց այնպես, ինչպես նինվեացիների հետ, որոնց մոտ ուղարկել էր Հովնան մարգարեին, ինչպես սամարացի և քանանացի կանանց հետ: Այդ պատճառով է ասվել. «Դատաստանի օրը նինվեացիները ձեր դեմ կելնեն և կդատապարտեն ձեզ, որովհետև նրանք Հովնանի քարոզչությամբ զղջացին իրենց մեղքերի համար: Եվ ահա Հովնանից ավելի մեծը կա այստեղ: Դարձյալ, դատաստանի օրը Հարավի թագուհին կելնի և կդատապարտի ձեզ, որովհետև նա իր հեռավոր երկրից եկավ լսելու Սողոմոն իմաստունի ուսուցումները: Եվ ահա Սողոմոնից մեծը կա այստեղ» (Մատթեոս 12:41-42), քանի որ նրանք հավատացին փոքրին, իսկ հրեաները չհավատացին Մեծին: Դու կհարցնես ինչո՞ւ Աստված մոգերին Քրիստոսի մոտ բերեց այսպիսի հայտնությամբ: Ապա ինչպե՞ս էր պատշաճ, ուղարկե՞լ մարգարեներին, բայց մոգերը չէին ընդունի նրանց: Ձայն տա՞ր բարձրությունից, բայց Նրան էլ չէին լսի: Այդ պատճառով Աստված թողնում է նման միջոցները և Իրեն հատուկ բարեհաճությամբ նրանց կոչելու համար գործածում է այն, ինչ ծանոթ է իրենց առավել՝ ցույց է տալիս մեծ և առանձնահատուկ աստղ, որպեսզի Նա նրանց ապշեցնի իր մեծությամբ, գեղեցիկ տեսքով և առանձահատուկ ընթացքով: Երբ մոգերն արդեն մսուրի առջև էին, Տերը նրանց ուսուցանում էր արդեն ոչ թե աստղի, այլ հրեշտակի միջոցով և այդ կերպ նրանք աստիճանաբար բարձրանում էին դեպի Բարձրյալը»:

Այսպիսով, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու խոսքի համաձայն, Ս. Ծնունդին լույսով ենք մտնում եկեղեցի և տոնը կատարում, քանի որ մոգերին առաջնորդեց լուսավոր աստղը, որ եկավ ու մտավ մսուրի մեջ՝ ուր Մանուկն էր, և կանգնեց Նրա գլխավերևին. և մոգերը տեսան ու հովիվները երկրպագեցին Նրան:

 

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

02.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․