Գրքեր

Բժշկություն

Աղոթք և հիվանդություն

Մարդիկ հաճախ են բուժվել և բուժվում աղոթքներով կամ դիպչելով նաև սուրբ մասունքների: Այս մասին Օգոստինոս Երանելին ասում է, որ չնայած լինում են սուրբ առարկաներ, որոնց միջոցով մարդիկ բժշկվում են, բայց միշտ չէ այդպիսի բան պատահում, որպեսզի մարդիկ դեպի կրոնն ընթանան ոչ թե այդպիսի հրաշքի, այլ Աստծո համար: Նաև հոգևորականների աղոթքներով մարդիկ բուժվում են երբեմն նույնիսկ շատ ծանր հիվանդություններից: Բայց այս մասին պետք է իմանալ, որ, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիվանդությունները լինում են մի քանի պատճառներով: Անբարենպաստ եղանակը, օրգանիզմի տարրերի խառնումը հիվանդություն են առաջացնում: Սակայն հիվանդությունը լինում է նաև Աստծո հատուկ խնամքի և հոգու զորության տկարանալու պատճառով: Այլ պատճառներով հիվանդությունները կարող են բուժվել նաև դեղերով, բժիշկների օգնությամբ: Իսկ վերջին երկուսը բուժվում են միմիայն հոգևորականների աղոթքների և անձնական աղոթքների ու դեպի Աստված դառնալու շնորհիվ:

Աղոթք և բժշկում

Քրիստոսի խաչափայտը գտնվեց 327 թ. Կոստանդիանոս կայսեր մոր` Հեղինեի կողմից Գողգոթայում: Պեղումներից հայտնաբերվեցին երեք խաչափայտեր, և որոշելու համար, թե որն է Քրիստոսի խաչափայտը, մի մահացած պատանու դիակը դրեցին դրանց վրա: Երբ դիակը դիպավ Քրիստոսի խաչափայտին, պատանին կենդանացավ: Հայտնի է, որ այսպիսի սուրբ մասուքներին դիպչելով կամ սրբերի աղոթքներով մարդիկ առողջանում էին, և այժմ էլ բազում մարդիկ եկեղեցի գալով` խնդրում են հոգևորականների աղոթքը բուժման համար:

Նախ անդրադառնանք երեխաների, ապա մեծահասակների առողջությանը, այնուհետև մարդկային գիտակցության աղոթական վիճակի մասին տեղեկություններին` հաստատված գիտական հետազոտություններով: Խաչափայտի գյուտի պատմությունից տեղեկացաք, որ այդ փայտի զորությունից մեռած պատանին հարություն առավ: Նույնպիսի բուժող և պահպանող զորություն ունեն նաև այսօր հոգևորականի կողմից օրհնված հատկապես մկրտության խաչերը, որոնց վրա դրոշմված է այն պահպանիչ օրհնությունը, որն աստվածապարգև իշխանությամբ տալիս է հոգևորականը: Կրոնական որոշ խմբավորումներ պնդում են, որ մարդիկ պետք է մկրտվեն միայն հասուն տարիքում իրենց կամքով: Բայց ինչպես որ մարմնավոր խնամք ենք տանում երեխաների հանդեպ ծնված օրվանից, ճիշտ այդպես էլ պետք է մտածենք երեխաների հոգևորի մասին: Չմկրտված երեխաները շատ ավելի են ենթակա փորձությունների և հիվանդությունների: Մարդիկ իմանալով, որ աղոթքի միջոցով ևս բուժումներ են լինում, գալիս են եկեղեցի և ցանկանում են մեծամեծ հրաշքներ տեսնել: Բայց նախ նշենք, որ մարդու համար շատ բան կախված է հենց իրենից: Օրինակ` եթե ծնողները չեն աղոթում, դրանից առաջին հերթին տուժում են երեխաները: Նույնիսկ խորհուրդ է տրվում, որ հղի կանայք ավելի հաճախ աղոթեն և Սուրբ Հաղորդություն ստանան, քանի որ մոր հոգևոր խաղաղ վիճակը չափազանց կարևոր է և օգտակար երեխայի համար: Քրիստոնյա Եկեղեցու Սուրբ Վարդապետները իրենց գրվածքներում շեշտում են հատկապես աղոթքի կարևորությունը: Հոգևորականների աղոթքներով մարդիկ բուժվում են երբեմն նույնիսկ շատ ծանր հիվանդություններից:

Այս ամենը կարելի է բացատրել նաև գիտականորեն: 1999 թ. ԱՄՆ-ում` Արիզոնայի համալսարանում կայացած համաշխարհային գիտական համագումարի ժամանակ հրապարակվեցին ռուս գիտնականների ուսումնասիրությունները գլխուղեղի կեղևի գործունեության, մարդու գիտակցության նոր վիճակի հայտնաբերման մասին: Մինչ այս ուսումնասիրությունը գիտությանը հայտնի էին մարդկային գիտակցության միայն երեք վիճակներ: Դրանք են արթուն, դանդաղ և արագ քնի վիճակները: Որոշ կրոններում, ինչպես և հոգեբանության մեջ նաև բուժման համար ավելի մեծ տեղ է հատկացվում արևելյան կրոններին հատուկ մեդիտացիային: Ուսումնասիրելով մեդիտացիայով կամ ինքնահիպնոսով զբաղվող մարդու գլխուղեղը` գիտնականները տեսել են, որ այդ ժամանակ գլխուղեղի կեղևը սկսում է գրգռվել, արագ գործել: Սակայն քրիստոնյա մարդու աղոթքի ժամանակ հատուկ սարքերը գլխուղեղի կեղևի ոչ մի ազդակ չեն արձանագրել: Գիտնականները նշում են, որ հայտնաբերել են մինչ այս գիտությանն անհայտ մարդկային գիտակցության չորրորդ վիճակը, որի ընթացքում մարդու գլխուղեղի կեղևը չի աշխատում, արձանագրվում է գլխուղեղի կեղևի հանդարտ վիճակ մարդու արթուն և սթափ գիտակցության ժամանակ: Եվ աղոթքի զորությամբ բուժումը այս տեսանկյունով արդեն բացատրվում է նաև հետևյալ կերպ: Գիտակցության չորրորդ վիճակի բացակայությունը բացասական է անդրադառնում մարդու օրգանիզմի վրա, իսկ ներկայությունը, ընդհակառակը, վերականգնում է ներդաշնակությունը: Եկեղեցական արարողության ժամանակ հոգևորականը հաճախ դառնում է դեպի ժողովուրդը և ասում` խաղաղություն ամենեցուն: Առանց աղոթական վիճակի անհնարին է հաստատել հոգու խաղաղությունը, որը բարերար է նաև մարդու ֆիզիկական կյանքի համար: Այսպիսով, սուրբ մասուքներին դիպչելով և հատկապես աղոթքներով բուժումը ունի նաև իր գիտական բացատրությունը, ինչը ևս մեզ հորդորում է աղոթքի` ձեռք բերելու նաև հոգևոր խաղաղություն և ներդաշնակություն:

Առողջներին բժիշկներ պետք չեն

Քրիստոնեությունը, կարևորելով աղոթքը նաև բուժման համար, միևնույն ժամանակ չանտեսեց բժշկությունը և դրա կարևորությունը մարդկային կյանքում: Դա է վկայում Եկեղեցու կողմից բժիշկ անձանց սրբացումը, որոնցից են Պանդալեոն բժիշկը, Կոզմա և Դամիանոս անարծաթ բժիշկները, որոնց հիշատակը մենք ամեն տարի նշում ենք եկեղեցիներում: Նրանք մարդկանց բուժել են առ Աստված աղոթքներով և ժամանակի բժշկագիտության իրենց իմացությամբ: Ոմանք անվանվել են նաև անարծաթ բժիշկներ, որովհետև իրենց օգտաշատ գործունեության համար մարդկանցից դրամ չեն գանձել: Ղուկաս ավետարանիչը ևս մասնագիտությամբ բժիշկ էր: Եվ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, նույնպես Իրեն համեմատեց բժշկի հետ:

Նոր Կտակարանում շատ անգամներ է օգտագործվում բժշկել բառը, սակայն բժիշկ բառը գործածված է ընդամենը մի քանի անգամ: Երեք անգամներ բժիշկ բառը հանդիպում է համատես Ավետարաններում` այն դրվագում, երբ Քրիստոս Իրեն համեմատում է բժշկի հետ` ասելով. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ` հիվանդներին» (Մատթ. 9.12, Մարկ. 2.17, Ղուկ. 5.31), այնուհետև արյունահոսություն ունեցող հիվանդ կնոջ մասին հատվածում` նշումով, որ նա շատ էր տառապել բժիշկների ձեռքից (Մարկ. 5.25-26), և վերջին անգամ բժիշկ բառը երևում է Պողոս առաքյալի` կողոսացիներին ուղղված թղթում, որտեղ առաքյալն ասում է, թե նրանց ողջունում է նաև Ղուկասը` բժիշկը և սիրելին (4.14): Հետևաբար, կարևորելով աղոթքով բժշկությունը՝ պետք է նշել, որ մարդկային կյանքում միևնույն ժամանակ մեծապես անհրաժեշտ և օգտակար է բժիշկների նվիրյալ գործունեությունը:

Ըստ մասնագիտության

Երբեմն Ավետարանի հեղինակներն իրենց Ավետարաններում բերում են այնպիսի մանրամասներ, որոնք առավել շատ են տպավորվել իրենց հիշողության մեջ նախկին զբաղմունքի կամ մասնագիտության բերումով: Օրինակ` Մատթեոս ավետարանիչը, ով մաքսավոր էր, հիշում է դրամական մանրամասնություններ, որպիսիք չկան մյուս Ավետարաններում: Մատթեոսն է, որ պատմում է տաճարի տուրքի վճարման մասին, հայտնում, թե որտեղից ձեռք բերվեց փողը` տուրքը վճարելու համար (Մատթ. 17.23-26): Եվ մինչ մյուս ավետարանիչները նշում են, որ Քրիստոսի մատնության համար Հուդային դրամ խոստացան (Մարկ. 14.10-11, Ղուկ. 22.3-5), միայն Մատթեոսն է, որ հաղորդում է դրամի չափը` երեսուն արծաթ (Մատթ. 26.15): Այսպես նաև Ղուկաս ավետարանիչը` որպես բժիշկ, հիշում է իր մասնագիտությանը վերաբերող մանրամասներ, ինչպես օրինակ` ժամանակի առածը` բժի՛շկ, բժշկիր ինքդ քեզ (Ղուկ. 4.23), որ ասեց Քրիստոս, երբ Նա Նազարեթ գնաց: Միայն Ղուկաս ավետարանիչն է հաղորդում, որ Գեթսեմանի պարտեզում աղոթելիս Քրիստոսի քրտինքը հոսում էր արյան կաթիլների պես (Ղուկ. 22.44):

Առողջացում հոգևորով

Եկեղեցական հեղինակները հաճախ են համեմատություններ արել հոգևորականի և բժշկի ու նրա գործունեության միջև: Ինչպես մենք գնում ենք բժշկի մոտ, ասում մեր ցավը և բուժում ստանալով առողջանում, այդպես էլ հոգևորականի մոտ պետք է խոստովանել մեղքերը և հոգևոր բժշկում ստանալ: Նեղությունների ու փորձությունների վերաբերյալ բացատրությունները ևս արվել են բժշկի գործելակերպի հետ համեմատությամբ, ով հաճախ դառը դեղերով է բուժում հիվանդին:

Բայց մենք` որպես հավատացյալներ, բժշկության համար ու՞ր պետք է գնանք, հիվանդանո՞ց, թե՞ եկեղեցի, բժշկի՞ մոտ, թե՞ հոգևորականի: Հոգեվերլուծաբանության հիմնադիրներից մեկը, իր երկարամյա ուսումնասիրության արդյունքներից ելնելով, հաստատում է, որ որևէ հիվանդության ախտանշանները կարող են ծագել նաև հոգևոր ապրումների, ցնցումների պատճառով, օրինակ` մարմնի անդամի կաթվածահարություն, աչքերի շլություն և այլն: Հոգեվերլուծաբաններն իրենց փորձը ցույց տալով ասում են, որ երբ հոգեվերլուծության շնորհիվ բացահայտում են հիվանդության և հոգևոր ցնցումի ներքին կապը, հիվանդը լավանում է, վերանում են անգամ վերը հիշված հիվանդագին նշանները: Հոգեվերլուծությունը, որ հաճախ ծաղրանմանությունն է քահանայի մոտ մեղքերի խոստովանության, կարելի է ասել` միայն ցավազրկող, ցավն ու հիվանդությունը մի կողմ տանող միջոց է, որովհետև շատ իրողություններ դիտում է միայն մարդու անձի ներսում: Մինչդեռ հոգևորականի կողմից քրիստոնեական ճշմարիտ կրոնի լույսի ներքո ամեն ինչ քննվում է նաև մարդու` առ մյուս մարդիկ և առ Աստված հարաբերություններում, իրապես բուժվում է նաև հոգին, և Աստծո օրհնությունն է իջնում մարդու վրա: Եվ քանի որ հիվանդությունը կարող է լինել նաև հոգևոր պատճառով, ապա խորհուրդ է տրվում, որ բժշկության կարոտները նաև եկեղեցի գան և կամ համաձայն լինեն հանդիպելու հիվանդանոց այցելող հոգևորականներին, քանզի հատուկ բժշկության համար աղոթքներ և ավետարանական ընթերցումներ կան կարգված, որոնց հաղորդակցվելը բարիք կլինի մարդու համար, և առավել շուտափույթ կգա առողջությունը:

Բժշկությունը` գիտություն

Բժշկությունը գիտություն է, իսկ որևէ գիտության սկզբնաղբյուրը Աստված է: Նա է գիտությունը շնորհել մարդկությանը առանձին հանճարեղ մարդկանց միջոցով, և հիմա այս գիտությունը զարգանում է: Դեռ անտիկ շրջանից սկսած Սոկրատը, Պլատոնը և նրանց հետևորդ փիլիսոփաներն ուսուցանում էին, որ բժշկությունը միայն գիտություն կարելի է համարել: Օրինակ` բժշկություն սովորած, ուսանած մարդը բժիշկ է, բայց արդարության մասին իմացողը, կարող է և արդար չլինել, քաջության մասին իմացողը կարող է քաջ չլինել: Սա նշանակում է, որ առաքինությունները շնորհ են Աստծո կողմից, մինչդեռ բժշկությունը գիտություն է, որ կարելի է սովորել: Եվ քանի որ գիտությունը պարգևողը Աստված է, ապա մենք հարկավորության դեպքում կարող ենք օգտվել Աստծո շնորհած գիտության բարիքներից, պտուղներից: Բժշկությունը հաճախ դեղերով է առողջություն հաստատում: Փոխաբերական և հոգևոր իմաստով դեղ է նաև Աստվածաշունչը, դրա ընթերցանությունը, նաև Պատարագմատույցի մեջ` քահանայի ծածուկ աղոթքներում, Սուրբ Հաղորդությունը կոչվում է մարմնի և հոգու դեղ, որն ընդունելով կարող ենք ոչ միայն հոգու խաղաղություն, այլ նաև մարմնի առողջություն ունենալ:

Անդամներ մեկ մարմնի

Բժիշկը դեղ է դնում ցավեցող անդամին` այն բուժելու համար: Նույն կերպ Աստված միջոցներ է գործի դնում` մարդկանց հատկապես մեղքերից բուժելու համար: Մտքով մեղանչողներին Աստված հաճախ տալիս է մտահոգություն, որպեսզի միտքը շեղվի մեղավոր մտածումներից, տեսողությամբ մեղանչողներին Աստված տալիս է աչքի տկարություն, ձեռքով մեղանչողներին` մարմնի այդ անդամի տկարություն և այլն:

Մեր մարմնի անդամները մեզ խրատ են տալիս ճիշտ կյանքի. ոտքերն ու ձեռքերը չեն նախանձում իրենցից վեր գտնվող աչքերին, և աչքերն էլ իրենց լույսից չեն զրկում մարմնի մյուս անդամներին, որ նշանակում է, թե սոցիալապես կամ գիտելիքով անհավասարության դեպքում չպետք է նախանձել առավել ունեցողներին, և ունևորներն էլ իրենց ունեցվածքից պետք է բաժին հանեն կարիքավորներին: Այսպես նաև մեծ բժիշկ Հիպոկրատի խոսքն է վկայակոչում Սուրբ Գրիգոր Տաթևացին. «Մարմնի մի անդամի ցավը մեղմացնում է մյուս անդամի ցավը»: Այս վկայակոչումը համընկնում է Պողոս առաքյալի խոսքի հետ. «Ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ» (Հռ. 12.15), որ նշանակում է, թե զորակցության դրսևորմամբ, քրիստոնեական վարմունքով պետք է օգնել մյուս մարդկանց: Այսպես մեր մարմնի անդամների օրինակով մենք էլ իբրև անդամներ մեկ այլ մարմնի` Քրիստոսի խորհրդական մարմնի, որն է Եկեղեցին (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19), միմյանց չնախանձենք և միշտ զորակցենք` որպես անդամներ մեկ մարմնի Աստծուն փառավորելով ոչ միայն խոսքերով, այլև գործերով:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

08.05.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․