19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Բոլոր սրբերի տոնը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսական կյանքի մեջ հատուկ հիշատակության և տոնախմբման են արժանացել սրբերը: Հատուկ տնօրինություններով մասնավոր օրեր է սահմանված սրբերի հիշատակը ոգեկոչելու համար: Քրիստոնեական կրոնը կյանք է, ապրելու և գործելու եղանակ է: Չկա ավելի ազդեցիկ միջոց դաստիարակության ու կրթության, քան կյանքի օրինակը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երեքամյա քարոզչության ընթացքում մարդկանց հետ խոսեց առակներով, մարդկային ամենօրյա կյանքից օրինակներ բերելով, խոսեց կյանքի լեզվով: Քրիստոս Ինքն էլ ասաց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն» (Հովհաննես 10:10) և «Այն խոսքերը, որ Ես ասացի ձեզ, գալիս են Աստծո Հոգուց և կյանք են տալիս» (Հովհաննես 6:63): Լուսավոր կյանքի պայմաններից է սիրո գործնական դրսևորումը: Այս մասին Հովհաննես աստվածաբան առաքյալը գրում է. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհաննես 3:18): Եվ սրբերը եկեղեցու այն անդամներն են, ովքեր՝ Սուրբ Հոգով լցված, իրենց կյանքով և գործով վկայեցին Աստծո ու մարդկանց նկատմամբ իրենց սերը: Նրանց կյանքում տիրապետում էին հավատքի գործերը, այն գործերը. «Որոնք ճշմարիտ են, պարկեշտ, արդար, մաքուր, սիրելի, բարեհամբավ, առաքինի և գովելի» (Փիլիպպեցիներ 4:8): Աստծո նկատմամբ նրանց հավատքը կախված չէր կյանքի պայմաններից և առաքյալի խոսքով. «Չքավորություն էլ եմ ճանաչել, առատություն էլ եմ տեսել: Վարժվել եմ ամեն տեսակ կացությունների և պայմանների՝ թե՛ կուշտ լինելու և թե՛ քաղցած մնալու, թե՛ առատության և թե՛ չքավորության: Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ» (Փիլիպպեցիներ 4:12-13):

Սրբերն, իրենց անդրդվելի և աներեր հավատքով, ցույց տվեցին, թե կյանքը անցավոր է և իրենց համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը (Փիլիպպեցիներ 1:21): Նրանք ուրախ էին Քրիստոսով, քանի որ ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում. «Այն ուրախությունն է ճշմարիտ, որ Ստեղծողից և ոչ թե ստեղծվածներիցս է ծնվում: Այդ ուրախության համեմատ այս աշխարհի ամենայն հեշտություն ողբ է, ամենայն ուրախություն՝ ցավ, ամենայն քաղցրություն՝ դառն, ամենայն գեղեցկություն՝ գարշելի»:

Սրբերի խոսուն կյանքը օրինակ է և ներշնչման աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ապրել քրիստոնեական առաքինի կյանքով: Սրբության ասպարեզը բաց է բոլորի առջև: Աստված Ինքն այդ մասին ասում է. «Սուրբ եղե՛ք, որովհետև Ես սուրբ եմ» (Ղևտ. 11:45): «Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48),- պատգամում է Քրիստոս:

Կան սրբեր, որոնց անունները անծանոթ են մնացել մարդկությանը, հայտնի են միայն Աստծուն և այդ պատճառով հաստատվել է «Ամենայն սրբոց, հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից» անանուն տոնը: Այս տոնով հիշատակվում են հին և նոր՝ այսինքն մինչև մեր ժամանակների անանուն սրբերը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

03.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․