Գրքեր

Ցավի գաղտնիքը (Առաջին մաս)

Զրույց ռադիոունկնդիրների հետ

- Այսօր ես կուզենայի լինել նրանց հետ, ովքեր ցավ են զգում: Ծանր և անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց հետ, քաղցկեղի նախնական կամ վերջին փուլում գտնվող մարդկանց, նրանց հետ, ովքեր տանջվում ու տառապում են:

Եթե դու ուրախ ես և ցանկանում ես ուրախ տրամադրությունդ պահպանել՝ քո գործն է, իսկ ես չեմ կարող, քանի որ մի բան է լսել ուրիշների՝ քեզ անծանոթ մարդկանց մասին, իմանալ, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ քաղցկեղով է հիվանդացել և անհայտ է ողջ կմնա, թե՝ ոչ, մյուսի մոտ հիվանդանալու ռիսկ կա, երրորդը մահացել է այդ հիվանդությունից… Սակայն, բոլորովին այլ բան է լսել դա հարազատներիդ, ընկերներիդ, հոգևոր եղբայրներիդ, հոգեզավակներիդ և ամենասարսափելին՝ քո մասին: Կարող է մի պահ գալ, երբ իմանաս, որ հիվանդ ես:

Դեռ երեկ ամեն ինչ հրաշալի էր: Ասես 180կմ/ժամ արագությամբ սլանում էիր կյանքի ճանապարհով, շտապում էիր, մենք միշտ շտապում ենք, հարկավոր է հասցնել: Եվ հանկարծ ինչ-որ բան է ընկնում առջևդ, հսկայական գլաքար, և դու կտրուկ արգելակում ես: Եվ վերջ, կանգ ես առնում և այլևս ոչ մի տեղ չես շտապում: Ինչո՞ւ: Որովհետև կյանքդ փոխվում է: Փոխվում է, որովհետև քեզ մոտ հիվանդություն է ի հայտ եկել, որն ամեն ինչ շրջում է քո մեջ և թվում է, թե խելագարվում ես:

Արդեն ասացի, որ այսօրվա ռադիոհաղորդումը նրանց համար է, ովքեր գիտեն, թե ցավն ինչ է, նրանց համար այս թեման փակված չէ, նրանք չեն հուսահատվում, որովհետև դա նրանց կյանքն է:

Իսկ դո՞ւ: Եթե քեզ հուսահատություն է պատում, երբ լսում ես, որ կան նման մարդիկ, եթե դա տրամադրությունդ փչացնում է, հիշի՛ր, որ ինչ-որ մեկը հենց հիմա, երբ մենք խոսում ենք, քիմիաթերապիա է անցնում: Նա այդ մասին չի լսում և չի մտածում, այլ ապրում է այդ հիվանդությամբ, զգում է այն իր վրա: Նա հիվանդ է ու տառապում է, նրա մազերը թափվում են, նա թուլանում է ոչ թե տեսականորեն, այլ դա նրա ամենօրյա կյանքն է:

Եթե քեզ թվում է, թե առավոտյան հեռուստահաղորդումները և հեռուստատեսային զանազան հիմար ծրագրերը, որոնց շնորհիվ ծիծաղում ենք և այնպես խոսում, ասես աշխարհում վիշտ գոյություն չունի, եթե քեզ թվում է, թե դրանք կօգնեն թաքնվել ցավի ու հիվանդության այս իրականությունից, ապա շարունակիր նայել դրանք: Քանի որ ես էլ եմ նույնն անում: Ես շարունակ աննկատելիորեն մի կողմ եմ քաշվում, չեմ ուզում մտածել ու հիշել այդ մասին: Սակայն, դժբախտությունն ինքն է գալիս, գալիս է, սեղմում քեզ անկյունում ու ասում. «Դու ինձնից չես փախչի, թաքնվելու տեղ չունես, սեփական մաշկիդ վրա կզգաս, որ ցավը գոյություն ունի ոչ միայն ուրիշների համար, անծանոթների, այլ նաև քեզ համար, քո ընկերոջ, ծանոթ աղջկա, փոքրիկ, անուշիկ, ծանոթ երեխայի համար»: Եվ այդժամ նրան պատասխանելու ոչինչ չես ունենա:

Միգուցե հարցնես. «Ինչո՞ւ ես այդ ամենն ինձ պատմում»: Այդ ժամանակ կասեմ. «Որովհետև շատ ուժգին եմ զգում դա»: Եվ այդ զգացումը, այդ ցավը կուտակվում է, և գալիս է մի պահ, երբ չես դիմանում, հուսահատությունը բերնեբերան ծածկում է քեզ… Այդժամ ձեռքերդ Աստծուն ես պարզում և ասում Նրան. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ ես այդպես անում»: Եվ մի բառ ես լսում երկնքից եկող, հոգուցդ եկող, վերակենդանացման բաժանմունքից, վիրահատարաններից, հիվանդանոցներից ելնող, և այդ բառը. «Գաղտնիք է: Գաղտնիք»: Այդ ի՞նչ գաղտնիք է: Ուզում եմ իմանալ այդ գաղտնիքը: Բայց երբեք այն չեմ իմանա: Եվ ի՞նչ է մնում անել: Ոչինչ: Միայն մեկ ռադիոհաղորդում… Փորձել զրույց վարել ցավի գաղտնիքի մասին, որը անըմբռնելի է, անհասանելի, որը կկարողանաս իմանալ, միայն եթե սկսես զգալ այն, և այդ մասին հարկ է խոսել, քննարկել…

Որոշելով հաղորդում պատրաստել, ծանոթիս, որն իր կյանքում մեծ փորձություն էր ունեցել և ճաշակել տառապանքը, ասացի.

- Շատ կուզեի, որ իմ փոխարեն դու անեիր այդ ռադիոհաղորդումը, որպեսզի մարդկանց պատմեիր, թե ինչ ես վերապրել: Ոչ թե քեզ ցուցադրելու համար, այլ՝ մեզ ավելի հասուն դարձնելու: Որպեսզի հարստացնեիր մեզ նրանով, ինչ ձեռք էիր բերել տառապանքի միջոցով: Դու քո 25 տարիների ընթացքում այնպիսի հարստություն ես ձեռք բերել, այնպիսի իմաստություն, հասունություն, ուժ, հոգու գեղեցկություն, որ մենք չունենք: Մենք հոգևոր գրականություն ենք կարդում, հուզվում ենք, ուխտագնացության ենք մեկնում Սուրբ լեռ, Երուսաղեմ, սակայն ոչինչ չունենք: Այդ ամենը չի կարող քիմիաթերապիայի հետ համեմատվել, այդ ամենը ավազե դղյակի պես չի դիմանում ու քանդվում է: Որովհետև այլ բաներ ես տեսնում և այլ կերպ ես նայում կյանքին:

Ես հիշեցի խոսքերդ.

- Հայր սուրբ, այժմ ես ամեն ինչին այլ կերպ եմ նայում: Նախքան քաղցկեղով հիվանդանալը ես բոլորովին այլ կերպ էի լսում նորությունները, վերապրում իրադարձությունները, առօրյա խնդիրները: Իսկ այն պահից, ինչ հիվանդացա, ինքս էլ այդ մասին չկասկածելով, դարձա բժիշկ, որովհետև այժմ դա իմ կյանքն է: Որովհետև այժմ ես ամեն օր հիվանդանոցից հիվանդանոց եմ գնում: Մի հարցրու, թե հիմա որտեղ եմ գտնվում, որովհետև հիվանդանոցում կլինեմ: Ամեն օր մի բժշկից մյուսի մոտ եմ գնում, ծեծում եմ դուռը, ներս մտնում ու ասում. «Բարև Ձեզ: Անունս Կոստա է, ես 25 տարեկան եմ և հիվանդ եմ քաղցկեղով: Եկել եմ ձեզ մոտ, որպեսզի զննեք ինձ և օգնեք, եթե հնարավոր է»:

Այն ժամանակ ես համրացա: Եվ այդ բառերը, որոնց պատճառով կարելի է խելագարվել, հավիտյանս դրոշմվեցին հիշողությանս մեջ. «Բարև Ձեզ: Անունս Կոստա է, ես 25 տարեկան եմ և հիվանդ եմ քաղցկեղով»: Տրամաբանություն կա՞ այդ արտահայտության մեջ: Պատասխան կա՞ արդյոք: Հիշո՞ւմ ես, հետ քեզ հարցրի.

- Բժիշկներն ի՞նչ են ասում, երբ գնում ես նրանց մոտ:

- Ոմանք ցնցվում են և ասում. «Անհնար է, ա՛յ տղա, ինչպե՞ս է պատահել»: Ուրիշները հանգիստ են արձագանքում, որովհետև սովորել են, մշտապես նման բաներ են տեսնում, նրանք ընտելացել են մարդկանց ցավին, հիվանդությանը, մահին, վիրահատություններին, քիմիաբուժությանն ու անհաջողություններին: Ոմանք նույնիսկ ակնածանքի պես մի բան են տածում հիվանդի հանդեպ, մյուսներն ավելի պակաս խիստ են դառնում, հանգիստ են խոսում քեզ հետ, մեղմորեն, ինչպես չէին խոսի, եթե առողջ լինեիր:

Նաև հիշում եմ այն օրը, երբ իմ այդ ընկերը պետք է արտասահման մեկներ: Ես նրա համար հյուրանոց գտա, որտեղ պետք է իջևաներ: Զանգի էի սպասում: Երբ նա երկու օրից զանգահարեց, տեսա, որ Հունաստանից է զանգահարում: Զարմանքով հարցրի.

- Մի՞թե չես մեկնել:

- Վերադարձել եմ: Ինձ զանգահարեցին և ասացին, որ պետք է հետազոտություններ սկսել, քիմիաթերապիա անել, և այժմ ես պետք է կյանքս փոխեմ: Ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ՝ շրջվել:

Ահա՛ այդպես: Ուսումը, դիպլոմները, մագիստրատուրան, դոկտորանտուրան, մասնագիտությունը, բանակը, ընտանիքը, մեքենայի գնումը, ամեն ինչ մի օրում կանգ առավ, հասկանո՞ւմ ես: Հենց այս մասին եմ ուզում ասել քեզ՝ իմ հաղորդումը լսողին: Ահա, դու լսում ես, թե ինչպես եմ այդ ամենը պատմում, և հավանաբար, մտածում ես. «Դե լավ, իսկ ես ի՞նչ կարող եմ անել»: Պատասխանեմ. «Հետևյալն արա՝ կարեկցիր, այսինքն՝ լսիր և սիրիր»: Երբ սիրում ես նրանց, ովքեր ցավ են ապրում, երբ կարեկցում ես նրանց, ովքեր տառապում են, քիչ բան չէ, հավատա՛:

Այնպիսի տառապանք կա, զավակս, որն ամբողջովին ճնշում է քեզ: Այդ ժամանակ ծնկի ես իջնում, ձեռքերդ վեր ես բարձրացնում և… չգիտես ինչ ասել: Չգիտեմ, տեսե՞լ ես 25-ամյա քաղցկեղով հիվանդ երիտասարդի՝ քիմիաթերապիայից հետո: Եթե այո, ապա գիտես, թե ինչ նկատի ունեմ, հասկանում ես և այդ պատճառով այժմ արտասվում ես: Իսկ եթե ոչ, նշանակում է, ցավ չես ապրել, և աղոթում եմ, որպեսզի այն չդիպչի քեզ, որպեսզի երբեք չզգաս այն, եթե դա հնարավոր է: Սակայն նրանք, որոնք անցել են դրա միջով, այլ կերպ են նայում կյանքին:

Հեռուստատեսությունը դա մեզ չի ցուցադրում: Հեռուստատեսությունը ցույց չի տալիս տառապող մարդուն, ցույց չի տալիս մազերը թափված, բազմաթիվ վիրահատություններից տանջված մարդուն, որը նայում է մեր աչքերին, չի ասում՝ նայի՛ր, զավակս, կյանքում այսպիսի մարդիկ էլ կան: Ոչ միայն life style, գիշերային կյանք ու ակումբներ: Նաև սա՛ կա:

Միգուցե՞ տառապանքը կյանք չէ: Այդ դեպքում ի՞նչ է: Կեղծի՞ք: Մի՞թե Աթենքի Սուրբ Սավայի անվան ուռուցքաբանական հիվանդանոցը կեղծիք է: Մի՞թե ինտենսիվ թերապիայի բաժանմունքները նույնպես կեղծիք են: Հիվանդասենյակները, որտեղ բազմաթիվ մարդիկ կան կաթիլայիններով, կաթետերներով, խողովակներով, լարերով, մի՞թե դա էլ է կեղծիք:

Մեզ սովորեցրել են կեղծ կյանքով ապրել և մենք խուսափում ենք ցավից: Ես սա ինձ էլ եմ վերագրում: Այո՛, ես չեմ ուզում ցավ զգալ: Չե՛մ ուզում: Չեմ ուզում հիվանդանալ: Մի՞թե այնպիսի մարդ կա, որն ուզում է հիվանդ լինել: Ո՛չ, և կարիք չկա բարձրագոչ հայտարարություներ անելու: Մի մարդ ինձ ասաց. «Դու հոգևորական ես, արդյո՞ք քեզ թույլատրվում է ասել, որ չես ուզում տառապել»: Հետաքրքիր է, իսկ ըստ այդ մարդու՝ հոգևորականն ո՞վ է: Գերբնական մա՞րդ, գերբնական էա՞կ:

Ես այդպիսին չեմ: «Բայց,- ինչ-որ մեկը կառարկի,- Պորֆիրիոս ծերն անտառ էր գնում և աղերսում. «Տե՛ր Աստված, թույլ տուր, որ ես քաղցկեղով հիվանդանամ»: Լավ: Բայց դու ուրիշ մարդկանց ճանաչո՞ւմ ես, որ անտառ գնային և նման բան ասեին: Եթե կարող ես, դու էլ գնա և արտասանիր դա, փորձի՛ր: Կկարողանա՞ս անել: Ես չեմ կարող նման բան ասել: Չե՛մ կարող: Բոլորովին այլ է, եթե Աստված թույլ է տալիս, որպեսզի դու քաղցկեղով հիվանդանաս, այնժամ Նա կարող է և՛ զորություն պարգևել, և՛ համբերություն, և՛ տոկունություն, սակայն հիշի՛ր, որ ցավը, հիվանդությունը կոտրում է քեզ, կաթվածահար է անում, ամեն ինչ փոխվում է քո կյանքում: Ամեն ինչ շրջվում է:

Մի անգամ Կիպրոս մեկնեցի: Ելույթ ունեցա, իսկ այնուհետև ինձ տարան Նիկոսիայի Մակարիոս երրորդի անվան մանկական հիվանդանոցը: Այնտեղ բազմաթիվ հիվանդ երեխաներ կային, լեյկեմիայով, քաղցկեղով, երկուամյա, երեքամյա, կրծքի… Ոմանց հիվանդասայլակով ման էին ածում միջանցքում, մյուսները գամված էին անկողնուն… Ինձ խնդրեցին. «Նրանց սրբապատկերներ ու գնդակներ բաժանիր»: Ես չէի հասկանում, թե ինչու պետք է այդ երեխաներին գնդակներ բաժանել, չգիտեի ինչ ասել նրանց՝ վերցրեք, գնդակ խաղացե՞ք: Ես ցնցված էի և այնտեղից դուրս եկա հիվանդ: Այդ հիվանդանոցում մի բուժքույր էր աշխատում, որը լսում էր իմ ռադիոհաղորդումները: Ես նրան ազնվորեն ասացի. «Հիվանդասենյակներով անցնելով հազիվ մեկուկես-երկու ժամ դիմացա, դու ինչպե՞ս ես այս ամենին դիմանում»: Նա պատասխանեց. «Երկար տարիներ է, ինչ աշխատում եմ այստեղ, հայր սուրբ: Շատ բան եմ այստեղ տեսել: Միայն այստեղ մտնելով ես հասկանում, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում: Ահա, այս երիտասարդ ծնողները, որոնց կրծքի երեխան այժմ այնտեղ է գտնվում…»: Եվ պատմեց ինձ այդ երիտասարդ ընտանիքի դժբախտության պատմությունը: Բազմաթիվ պատմություններից միայն մեկը:

Ի՞նչ կարելի է ասել դրանից հետո:

Չեմ ասում, որ չուտես ու չխմես, բայց եթե կերակուր ես պատրաստում, աղոթիր և ասա. «Տե՛ր, ողորմիր»: Ասա. «Փա՜ռք Աստծո» որ ամեն ինչ լավ է քեզ մոտ, ամեն ինչ կարգին է, և աղոթիր հիվանդների համար, կարեկցանք և սեր ցուցաբերիր նրանց հանդեպ, ովքեր ցավ են զգում: Եվ եթե դու չես զգում, մի մտածիր. «Ինձ մոտ ամեն ինչ լավ է, սիրտս առողջ է, հրաշալի առողջություն ունեմ, առայժմ ամեն ինչ կարգին է»: Հիշի՛ր, որ նրանք քո եղբայրներն են, զավա՛կս, քո ընկերները, չէ՞ որ երբ հարազատներդ են իրենց այդպես զգում, դու չես կարող անտարբեր մնալ:

Այդ հիվանդանոցում մի փոքրիկ աղջիկ էր պառկած, որի կոկորդին ինչ-որ բան էին դրել, որպեսզի կարողանար շնչել: Սարսափելի պատկեր էր: Նայում էի նրան ու մտածում, թե ինչ ասել: Եվ չկարողացա ոչինչ ասել: Ուզում էի գրկել այդ երեխային և ուղղակի համբուրել նրա թաթիկն ու անմազ գլուխը… Արցունքները խեղդում էին, բայց ինքս ինձ ասացի, որ չպետք է լաց լինեմ: Չէ՞ որ պետք է նեցուկ լինեի այդ երեխաներին ու ծնողներին, օգնեի չհուսահատվել:

Ցավ, տառապանք, ցավ: Կյանքը մեծ ցավ է: Երբ փոքր էի, զարմանքով էի լսում, թե մեծահասակներն ինչպես են խոսում ցավերի, տագնապների ու հիվանդությունների մասին, և չէի հասկանում, թե նրանք ինչի մասին են խոսում: Փոքրիկներն ամեն ինչով ուրախանում են և չեն հասկանում, թե ցավն ինչ է նշանակում: Այն ժամանակ վշտերի մասին քարոզներն ինձ հոգնեցնում էին, և ես դա չեմ թաքցնում: Բոլորը վշտերի, փորձությունների և նման բաների մասին էին խոսում: Եվ ես ինձ ասում էի. «Վե՛րջ: Բավակա՛ն է: Ո՞ւր են ձեր այդ վշտերը»: Այն ժամանակ ես ոչինչ չէի հասկանում, որովհետև մինչ դեռ քեզ կամ հարազատներիդ որևէ բան չի պատահում, չես կարող դա հասկանալ: Եվ նորմալ է, որ չես հասկանում: Եթե դու այժմ սկսեցիր անհանգստանալ ու նյարդայնանալ, ապա ես քեզ հասկանում եմ: Ես քեզ հասկանում եմ, որովհետև կարող ես ասել. «Եվ ինչպե՞ս ապրեմ այն ամենով, ինչ այժմ ասում ես: Ես երեխաներ ունեմ, նրանք ինձ սպասում են, որպեսզի այսօր երեկոյան լավ տրամադրությամբ միասին գնանք զբոսնելու, իսկ մինչ այդ պետք է կերակուր պատրաստեմ նրանց համար և մտածեմ նրանց ապագա կրթության մասին, իսկ դու քո հաղորդումով հոգեպես ճնշում ես ինձ»: Այո, գիտեմ, բայց ես քեզ միանգամից ասացի, որ կարող ես ռադիոընդունիչն անջատել և չլսել այս հաղորդումը: Սակայն, ուրիշ մարդիկ էլ կան, որ լսում են ինձ՝ հասկանալով, որ պետք է սովորել ապրել՝ իմանալով նաև կյանքի այս չափումը՝ ցավի չափումը:

Առաջ, երբ ես փոքր էի, մեզնից քիչ հեռու մի քահանա էր ապրում, որը տնետուն էր գնում և քարոզում: Երբ նա ցավի մասին էր խոսում, լսում էի, թե կողքիս նստած կանանցից և տարեց տղամարդկանցից ոմանք ինչպես էին հառաչում: Իսկ ես ինքս ինձ ասում էի. «Նա ինչի՞ մասին է խոսում: Ավելի լավ է գնամ ու մայրիկի թողած պաղպաղակն ուտեմ», կամ ուրիշ բանի մասին էի մտածում՝ ուրախ ու հաճելի: Յուրաքանչյուրն այդպես է մտածում: Եվ այդպես կշարունակվի, մինչև դու հասակ առնես, և մինչ դեռ որևէ բան չի պատահել քեզ կամ քեզ հարազատ մարդուն: Եվ այնժամ սկսում ես ցավը զգալ: Նա այնպես է մտնում քո կյանք, ասես միշտ այնտեղ է եղել: Եվ գիտես, ես մեծ հարգանք եմ զգում քո հանդեպ, եթե դու ցավ ես ապրում ու տառապում ես: Դու հարգանքի արժանի ես և այդ պատճառով անհրաժեշտ է ձեռքդ համբուրել, աղոթք և բարեմաղթանք խնդրել քեզանից, քանի որ հիվանդի աղոթքը մեծ ուժ ունի, և նա իր աղոթքում հիմարություններ չի ասում:

Պատկերացրու, թե ինչպես է աղոթում քաղցկեղով հիվանդը: Նա ի՞նչ կասի իր աղոթքում: Մի՞թե կասի. «Տե՛ր Աստված, թող Պանատինայկոսը հաղթի»: Կամ. «Թող Օլիմպիակոսը հաղթի»: Այդ մենք ենք այդպես ասում, երբ առողջ ենք և մեզ ոչինչ չի հուզում, այդ պատճառով հիմարություններ ենք ասում մեր աղոթքում, անիմաստ բաներ և էության մեջ խորամուխ չենք լինում: Մինչդեռ նա, ով քաղցկեղ ունի, ինչի՞ մասին է աղոթում: «Տե՛ր Աստված, ինձ համբերություն տուր, որպեսզի հարազատներիս, որ հոգ են տանում իմ մասին, անհանգստություն չպատճառեմ: Տե՛ր Աստված, ինձ սեր տուր, ուժ տուր, որ չտրտնջամ: Տե՛ր Աստված, հոգիս փրկիր: Աստվա՛ծ իմ, եթե մեռնեմ, ինձ Քեզ մոտ՝ դրախտ տար: Լսի՜ր աղոթքս»:

Երբ քաղցկեղով հիվանդ քսանհինգամյա երիտասարդն ինձ ասաց. «Հավանաբար ես կմեռնեմ», ես շփոթվեցի.

- Ի՞նչ: Ինչի՞ մասին ես խոսում: Նման բաների մասի՞ն ես մտածում:

- Այն օրվանից, երբ լսեցի ախտորոշումս, մտածում եմ այդ մասին: Մտածում եմ այն մասին, որ գոյություն ունի մահանալու հնարավորություն, մի բան, ինչի մասին երբեք չես մտածում, քանի դեռ առողջ ես:

Հապա մտածիր, չէ՞ որ դու քեզ ասում ես. «Դե, որոշ մարդիկ մեռնելու են»: Որոշ մարդիկ: Ուրիշները: Երբ պատահում է, որ հիվանդանում ես, նույնիսկ թեթևակի, հոգոց ես հանում և այդ միտքը այցելում է քեզ: Այդ ժամանակ քեզ ասում ես. «Ախր նաև ես կարող եմ մեռնել… Ե՞ս: Ո՛չ: Միայն թե ոչ ես»: Ահա, այսպես ենք բոլորս մտածում:

Ոչ, ոչ, չեմ ասում, որ օր ու գիշեր մտածես այն մասին, որ մեռնելու ես: Ոչ մի տեղ գրված չէ, որ պետք է շուրջօրյա մտածես մահվան մասին, որովհետև մեր ուժերը բավական չեն դրա համար, մենք հուսահատվում ենք, նստած ենք մնում նույն տեղում և ոչինչ չենք անում: Սակայն, ժամանակ առ ժամանակ, պետք է նաև այդ իրականության մասին մտածել, այսինքն՝ հիվանդության, մտածել, պատկերացնել այն, որովհետև ոչինչ չգիտենք դրա մասին: Կյանքում մեզ շատ լուրջ բաներ են շրջապատում, եկե՛ք հիմարությունների, անմտությունների մասին չխոսենք, և չվիճենք չնչին բաների պատճառով: Այդ քսանհինգամյա երիտասարդը, որի մասին պատմում եմ, մի անգամ ինձ ասաց. «Այժմ ես ամեն ինչին այլ կերպ եմ նայում: Եթե մեքենան փչանա, և եթե վաղը քննությունը չհանձնեմ, և եթե կերակուրը ինձ դուր չի գալիս, ինչ էլ պատահի, մեկը, մյուսը, ես ամեն ինչ այլ կերպ եմ դիտարկում և մեկնաբանում: Իմ աշխարհընկալումն ամբողջովին փոխվել է»:

Խրատական խոսքեր են: Որովհետև բոլորս մտածում ենք, որ մենք ամենակարող ենք: Սակայն որևէ հիվանդություն է գալիս, որը քեզ քայքայում է և ստիպում՝ ենթարկվել: Բժիշկը քեզ ասում է. «Վաղը բուժզննման կգաս»: Եվ դու չես կարող ասել. «Ոչ, չեմ գա, ուրիշ գործեր ունեմ»: Լիակատար հնազանդություն: Այս ու այն չես ուտելու: Արյան հետազոտություն կանցնես և բիոպսիա կանես: Եվ դու հնազանդորեն կատարում ես բժշկի բոլոր նշանակումները: Եթե պարզվում է, որ ծանր հիվանդ ես, նայում ես բժշկի աչքերին, ուշադիր լսում ես, որպեսզի չմոռանաս, որևէ կարևոր բան բաց չթողես, և հիշում ես այն ամենն, ինչ նա քեզ ասում է: Հապա մտածի՛ր, կյանքդ այլ ռիթմ է ստանում, մտածում ես. «Տե՛ր Աստված, միայն թե ողջ մնամ, անհրաժեշտ ամեն ինչ կանեմ, որպեսզի ապրեմ»: Եվ սկսում ես կյանքի իմաստը, լրջությունն ընկալել, հասկանում ես եսասիրության, չարության, փառասիրության հիմարությունը: Դրանից հետո չես սկսում միանգամից վիճաբանել, այլ երախտագիտությունդ ես հայտնում բոլոր քեզ շրջապատողներին, հասկանում ես, որ ուրիշները քեզ համար Աստծո պարգև են, նրանք այդքան տարի հոգ են տանում քո մասին, համբերում են քեզ, սիրում են, իսկ դու կարծում էիր, որ դա ինքնին ակնհայտ է: Իսկ այժմ ամեն ինչ քեզ պարգև է թվում, ամեն ինչ մեծ է թվում և անկեղծորեն ասում ես. «Ներիր, հոգնեցրի քեզ: Դու ինձ բժշկի տարար, և այնքան երկար սպասեցիր ինձ այնտեղ: Շնորհակալություն այդ ամենի համար»: Սովորում ես համբերել, սպասում ես երբ բժիշկը կգա, երեկ նա ասում էր, որ ժամը 9-ին կգա, բայց հնարավոր է նաև 11-ին գա, սակայն ի՞նչ կարող ես անել: Ստիպված սպասում ես՝ խոնարհաբար ու հանգիստ: Եվ այդպես ամեն օր:

Աղաչում եմ Աստծուն, որ Նա քեզ և մեզ բոլորիս առողջություն պարգևի: Յուրաքանչյուրս կարող ենք աղոթել այդ մասին: Դու ևս կարող ես բոլորի համար աղոթել և ասել. «Իմ Քրիստոս, ես ողջ սրտով ուզում եմ սերն արձակել, ուզում եմ, որպեսզի այն հեղվի սիրո, աղոթքի, բարության հսկա ալիքով և պատի աշխարհում բոլոր տառապողներին»:

(Շարունակելի)

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

04.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․