Գրքեր

Ճգնավորության անհրաժեշտությունը

Ձեզ ենք ներկայացնում մեր Եկեղեցու մեծ դեմքերից Շնորհք Պատրիարք Գալուստյանի մտորումները ճգնավորության և վանականության վերաբերյալ: Արդի ժամանակների մեջ, երբ աշխարհայնությունը և բարքերի թուլությունը տիրապետող են դարձել ամենուրեք, մարդիկ արհամարհանքով են նայում ճգնավորությանը կամ հիշում այն: Բայց պետք է գիտենալ, որ սա իր ժամանակի ամենից տրամաբանական հոգևոր ուղին էր և բարոյապես ու ֆիզիկապես ամենից առողջ կենցաղային վիճակը: Սա հաստատելու համար մի ակնարկ նետենք այն ժամանակների վրա, երբ ծնունդ առավ ճգնավորությունը: Երբ 313 թ. Կոստանդիանոս կայսեր «Միլանի հրովարտակով» Եկեղեցին ազատվեց հալածանքներից, բարիների հետ խոտան մարդիկ էլ սկսեցին մուտք գործել Եկեղեցուց ներս, քանի որ այլևս քաջություն չէր պահանջում քրիստոնյա լինելը, ինչպես հալածանքների շրջանում էր: «Սա ճակատագրական սկզբնավորությունը եղավ Եկեղեցու վատառողջ գիրացումի, և, հետևաբար, մասնակի այլասերման»,- ասում է Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը: Եկեղեցին գրավեց այն դիրքը, որը հեթանոսությունն ուներ նախապես: Նախորդ դարերին հեթանոսությունն էր հալածողը, այժմ Եկեղեցին սկսեց հալածել հեթանոսությանը: (Նշենք, որ այստեղ Եկեղեցի ասելով պատրիարքը նկատի ունի Եկեղեցի մուտք գործած տարբեր անձանց և տիրող մթնոլորտը): Բացի դրանից հատկապես արևելքում Ավետարանի քարոզությանը և քրիստոնեական կրոնի տարածմանը նվիրվելուց ավելի քրիստոնյաներն ընկղմվեցին աստվածաբանական անհատնում վեճերի մեջ: Բարդ ու ծաղկյալ պաշտամունքային արարողությունները, որքան էլ մարդկային զգայարանների համար գրավիչ էին և գեղարվեստական մեծ արժեք ունեին, հետզհետե վերածվեցին ավելի ձևականության և արվեստականության, քան թե Քրիստոսի պահանջած «Հոգով և ճշմարտությամբ» պաշտամունքը, ինչն այսօր երբեմն տեսնում ենք արարողությանը մասնակցող տարբեր անձանց մեջ: Երբ խաղաղություն ու ազատություն տիրեց քրիստոնեության մեջ, հեթանոս բարքեր էլ սկսեցին մուտք գործել Եկեղեցի, և ստեղծվեց կենցաղային շփոթ կացություն, ուր այլևս դժվար էր իրարից զանազանելը հեթանոսականը և քրիստոնեականը: Նույնիսկ կյանքի անմեղ կոչված երևույթներից` կերուխումից, երգուպարից, խնջույքներից, խաղերից, հաճույքներից որքա՞նը քրիստոնեական կարող էր նկատվել և որքանը հեթանոսական, վիճելի հարց էր: Այնպես որ քրիստոնեական կյանքը և մտայնությունը շատ բան էր կորցրել իր մաքրությունից, պարզությունից և բարոյական բարձրությունից: Եվ մի շարք քրիստոնյաներ, տեսնելով հեթանոսության և քրիստոնեության այս անսուրբ խառնուրդը, հեռացան հասարակությունից, քաշվեցին անաղարտ բնության ծոցը` պահելու համար իրենց կյանքի բարոյական մաքրությունը Աստծո մշտական ներկայության մեջ: Նրանց շնորհիվ քրիստոնեությունը կարողացավ մաքրվել և անցնել հաջորդ սերունդներին: Այս իրագործելու համար նրանք գործի դրեցին գերմարդկային ճիգեր, այդ իսկ պատճառով էլ կոչվեցին ճգնավորներ: Ինչո՞վ է արդյոք մեր դարը տարբերվում այն ժամանակվա ապականությունից: Բազում քրիստոնյա երկրներում այսօր ևս տեսնում ենք բարքերի նույն ապականությունը, անաստվածությունը կամ էլ հեթանոսությունը: Իսկ ի՞նչ օգուտ կարող են տալ ճգնավորները կամ վանականները այսօրվա մարդկությանը: Հոգևոր կյանքում կատարելության հասած մարդկանց աղոթքներով բազում ժողովուրդներ կարող են փրկվել, ինչպես որ իսրայելցիների հաղթանակը կամ պարտությունը կախված էր Մովսեսի աղոթելուց (Ելք 17.11): Նրանց ազնիվ օրինակը տեսնելով` բազմաթիվ անհավատ մարդիկ կարող են հավատալ և Երկնքի Արքայության արժանանալ: Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է. «Ինձ այնպէս է թվում, թե ամեն էակներից փոփոխական ու բազմակողմանի մարդուն հովվելը և ուղղելը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը»: Եվ եթե մենք համաձայն ենք, որ ստեղծվեն մշակույթի, արվեստի կենտրոններ` դրանք ծաղկեցնելու համար, եթե համաձայն ենք, որ ստեղծվեն գիտության կենտրոններ` գիտությունը ավելի զարգացնելու համար, ուրեմն ինչո՞ւ չպետք է ստեղծվեն վանական կենտրոններ, ուր մարդիկ զբաղված են արվեստների արվեստով և գիտությունների գիտությամբ, ուր ամեն օր և ամեն ժամ աղոթքներ են բարձացվում առ Աստված մարդկանց փրկության և հոգևոր խաղաղության համար, և որտեղ եկած ուխտավոր մարդիկ կկարողանան տեսնել կյանքի մեծագույն բարոյականության և ճշմարիտ սիրո հիանալի օրինակներ, որոնցով զորացած կվերադառնան իրենց ընտանիքները` առավել կատարելագործելու իրենց կյանքը, երջանկություն և խաղաղություն հաստատելով իրենց ընտանիքներից ներս: Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, խոսելով տարբեր երկրների վանքերի մասին ասում է, որ շատ վանքեր դարձել են ինչ-որ գործունեության կամ մշակութային հաստատություններ, որի համար բացարձակ անհրաժեշտություն չկա կուսակրոնության, այսինքն` կյանքի ամբողջական ողջակիզման, քանի որ աշխարհիկ մարդիկ էլ նույն պայմանների տակ կարող են նույն գործը անել: Հետևաբար, հոգևորականին հոգևորական է դարձնում կամ մարդուն հոգևոր է դարձնում ամենաառաջին հերթին ոչ թե գիտական ինչ-որ աշխատություն, այլ Քրիստոսի պատվիրած ամենժամյա անդադար աղոթքը, որով կարող են զբաղվել հատկապես վանականները և ճգնավորները: Հոգսերով ու հաճույքներով ծանրաբեռնված այս աշխարհը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ ճգնավորների և վանականների մեծագույն կարևորությունը: Սա բացատրելու համար Շնորհք Պատրիարքը գեղեցիկ օրինակներ է բերում: Երբ Հիսուս Քրիստոս Գալիլեական ծովակի փոթորիկը դադարեցրեց (Մատթ. 8.23-27, Մարկ. 4.35-41, Ղուկ. 8.22-25), դրանից օգտվեց ոչ միայն նավը, որի մեջ գտնվում էին Քրիստոս և Իր աշակերտները, այլ նաև այն բոլոր մյուս նավերը, որոնք այդ պահին գտնվում էին ծովակի մեջ և տագնապի էին մատնվել Քրիստոսի աշակերտների պես: Եվ այդ տասնյակներով նավերի մեջ գտնվող հարյուրավոր մարդիկ երբեք չիմացան, թե ո՞ւմ էին պարտական փոթորկի հանկարծակի դադարեցման համար: Նույնպես, երբ Եվրոպա ներխուժող ասպատակիչ բանակները կասեցվեցին այս կամ այն ճակատամարտում մի քանի քաջարի գնդերի կողմից, իրենց ետևում գտնվող բազմաթիվ երկրների միլիոնավոր մարդիկ երբեք չանդրադարձան, թե ինչ ահավոր պատուհասներից փրկված եղան: Նույնն է պարագան ճգնավորների և բոլոր սրբերի մղած հոգևոր պատերազմի: Քրիստոնեական Եկեղեցին և իր միջոցով համայն մարդկությունը այնքան շատ բաներով պարտական է այս քչերին:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

12.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․