Գրքեր

«Չկա ոչինչ, որ կկարողանա հաղթահարել Նրա ողորմածությանը»

Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում աստվածային ողորմածության մասին՝ նշելով, որ ողորմության աղբյուրը Ինքը Աստված է: «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ» (Ելք 34:6): Սուրբ Գրքի Բ Թագավորության գրքում կարդում ենք, թե ինչպես Դավիթ արքան մեղանչեց Տիրոջ առջև, և ինչպես Աստված նրան տեսանող մարգարե Գադի միջոցով երեք պատժից մեկն ընտրելու հնարավորություն տվեց: Նրանցից մեկն ընտրելով՝ արքան մարգարեին ասաց. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ: Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմածությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը» (Բ Թագ. 24:11-14): Դավիթ արքան իր սաղմոսներում ևս վկայել է Տիրոջ ողորմության մասին. «Գթառատ և արդար է մեր Տեր Աստվածը: Տերը ողորմում և պահպանում է մանուկներին, ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց» (Սաղմոս 114:5-6):

«Անսպառ են Տիրոջ ողորմությունները, Նրա գթությունները չեն նվազում»,- ասում է Երեմիա մարգարեն (Ողբ 3:22): Հին Կտակարանում հրեա ազգի պատմությունը վառ վկայությունն է Տիրոջ ողորմածության: Տերն Իր ամենազոր աջով ազատել է նրանց ստրկությունից, թշնամինների հարձակումներից: Թեև հրեա ազգը բազմիցս է խախտել աստվածային օրենքները, բայց Տերն ամեն անգամ Իր խրատներով և ողորմածությամբ հրեաներին ուղղվելու հնարավորություն է տվել. «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ: Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում: Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ» (Սաղմոս 102:8-10):

Աստվածային ողորմածությունը չի սահմանափակվում միայն Հին Կտակարանով: Նոր Կտակարանի առաջին իսկ էջերից ընթերցողը հանդիպում է Տիրոջ անսպառ ողորմության բազմաթիվ արտահայտություններին: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ուսուցանում էր ժողովրդին՝ գթալով նրանց. «Երբ Հիսուսը նավակից դուրս ելավ և տեսավ ամբոխին, գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների: Ապա սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց» (Մարկոս 6:34): Ի՞նչ էր ուսուցանում Քրիստոս: Օրինակ՝ Անառակ որդու առակում (Ղուկաս 15:11-32) անառակ որդու հոր կերպարով Հիսուս ներկայացնում է Երկնավոր Հոր ողորմած կերպարը՝ անառակ որդին տնից դեռևս բավական հեռու էր, երբ հայրը տեսավ նրան և գթաց. վազելով ընդառաջ գնաց, փաթաթվեց և համբուրեց նրան:

Ներել չցանկացող ծառայի առակը (Մատթ. 18:23-35) նկարագրում է այն, թե ինչպես է Աստված վարվում նրանց հետ, ովքեր, Իրենից ներում և ողորմություն ստանալով, չեն ցանկանում ներողամիտ և ողորմած լինել իրենց մերձավորի հանդեպ. «Նույն ձևով էլ Իմ Երկնավոր Հայրը պիտի վարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրն իր եղբորը սրտանց չների նրա հանցանքները»,- ասում է Քրիստոս (Մատթ.18:35):

Մեր Տերը ողորմության մասին Իր ուսուցումներն անձնական օրինակով էր փաստում. Նա շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, ուսուցանում էր ժողովարաններում, Աստծո արքայության ավետիսն էր տալիս և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները (Մատթ. 9:35):

Տիրոջ ողորմածության գագաթնակետը խաչի վրա Նրա զոհագործումն էր՝ հանուն մեղավոր մարդկության. «Ճշմարիտ սերն այս է ահա, ոչ թե մե՛նք սիրեցինք Աստծուն, այլ Աստված Ինքը սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն՝ իբրև մեր մեղքերը քավող զոհի» (Ա Հովհ. 4:10):

Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ Աստված այն միակ պարտապանն է, որ երբ Իրենից խնդրում են, ողորմում է և տալիս է այն, ինչը չեն տվել Նրան փոխադարձաբար: Սուրբը հորդորում է՝ մի՛ արհամահիր Տիրոջ համբերությունը, որը քեզ ուղղորդում է ապաշխարության, ինչ էլ որ անես, այն մտքով արա, որ Աստված ամենուր է: Ոչ թե մտածիր քո մեղքերի բազմության, այլ աստվածային անվերջանալի ողորմության մասին: Հիվանդությունները մեծ են, բայց Բժիշկը՝ առավել ևս, փոթորիկը ուժգին է, բայց Նավարարը ՝ իմաստուն, հոգին հուսահատության մեջ է, բայց զղջումից հետո պատրաստ է դեղամիջոցը: Եվ չկա ոչինչ, որ կկարողանա հաղթահարել Նրա ողորմածությանը:

 

Կարինե Սուգիկյան

20.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․