19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Չորս ավետարանիչներ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, հիշատակում է Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Ավետարաններում ավետվում է Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը:

Սուրբ Մատթեոս ավետարանիչը ծնվել է Կափառնայում քաղաքում, որը գտնվում է Տիբերիա լճի հյուսիսային կողմում: Նրա անունը նշանակում է Աստծո ընծա: Քրիստոսի 12 առաքյալներից էր: Նա հարկ հավաքող մաքսավոր էր: Հին աշխարհի մեջ չկար որևէ այլ պաշտոնյա, որ այնքան ատելի լիներ մարդկանց, որքան հարկահավաքը: Հարկահավաքները դասվում էին ոճրագործների, ավազակների կողքին: Երբ Կափառնայում քաղաքում իր մաքսասեղանի առջև նստած էր, Հիսուս անցավ նրա մոտով և նրան տեսնելով ասաց.

-Հետևի՛ր ինձ:

Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին:

Մինչև Համբարձումը մասնակիցը եղավ Փրկչի բոլոր քարոզություններին և գործունեությանը, և վերնատանը ընդունելով Սուրբ Հոգին, սկսեց քարոզել Հրեաստանում: Այնուհետև գնաց Եթովպիա, որտեղ էլ նահատակվեց:

Սուրբ Մարկոս ավետարանիչը Պետրոս առաքյալի աշակերտներից էր, նրա թարգմանիչը (Ա Պետրոս 5.13): Եղել է նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Նա Բառնաբասի եղբոր տղան էր (Կողոսացիներ 4:10), բնիկ երուսաղեմացի: Մարկոս ավետարանչին կոչել են նաև Հովհաննես: Այդ մասին կարդում ենք Գործք Առաքելոցում. «Եվ Պետրոսը… եկավ Մարիամի տուն: Այս Մարիամը մայրն էր Հովհաննեսի, որ Մարկոս վերանվանվեց» (Գործք Առաքելոց 12:12): Հովհաննես և Մարկոս նույն անձի երկու տարբեր անուններն են, մեկը՝ եբրայական, մյուսը՝ հունա-հռոմեական: Քրիստոնեական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասը կրկնակի անուններ են ունեցել:

Մարկոսի մնայուն ծառայությունն իր գրած Ավետարանն է, որ չորս Ավետարաններից ամենահամառոտն է և վաղ գրվածը: Այն ուղղված է հեթանոսներին՝ հատկապես հռոմեացիներին: Երբ Մարկոսը հունարենով գրեց-վերջացրեց Ավետարանը, Պետրոսը նրան ուղարկեց Եթովպիա:

Նա գնաց Ալեքսանդրիա և սկսեց քարոզել: Ավետարանիչը շատ հետևորդներ ունեցավ: Ալեքսանդրիայում հեթանոսները և հրեաները, նախանձելով նրան, մատնեցին իշխանություններին, որոնք ձերբակալեցին Մարկոսին:

Գիշերը հրեշտակն եկավ բանտ և քաջալերելով նրան՝ ասաց.

-Մի՛ վախեցիր, Մարկոս, Տիրոջ համար պիտի չարչարվես, սակայն անունդ պիտի գրվի երանելի առաքյալների հետ և չպիտի ջնջվի:

Հաջորդ օրը դարձյալ տանջեցին իրեն, մինչև որ Աստծո ձեռքը հանձնեց իր հոգին:

Սուրբ Ղուկաս ավետարանիչը ծնվել է Սիրիայի Անտիոք քաղաքում: Քրիստոսի 72 աշակերտներից էր: Ինչպես վկայում են կեսագիրները նա բժիշկ էր և Պողոս առաքյալի ամենահավատարիմ և անձնվեր գործակիցներից մեկը: Որոշ եկեղեցական հայրեր և մեկնիչներ Սբ. Ղուկասին նույնացնում են Էմմավուսի երկու ճամփորդներից մեկին, որոնց անունները Սբ. Ղուկասը չի պահպանել: Քաջատեղյակ էր ասորերեն, եբրայերեն և հունարեն լեզուներին: Իր անունը կրող Ավետարանը գրել է հունարենով: Փրկությունը բանալի բառ է այս Ավետարանի մեջ: Աղոթքը գերազանց տեղ կգրավի այստեղ: Համաքրիստոնեական նախնագույն շարականները Սբ. Ղուկասի Ավետարանից են ներշնչվել, որոնցից են «Ավէ Մարիա», «Մեծացուսցէ», «Փառք ի բարձունս» և այլն:

Գործք Առաքելոցի հեղինակը նույնպես Ղուկասն է: Այստեղ նա ներկայացնում է նախ եկեղեցու արմատավորվելը և տարածվելը Պաղեստինի սահմաններում՝ կենտրոն ունենալով Երուսաղեմը, և ապա տարածումը մերձակա երկրներ՝ Սիրիա, Կիպրոս, Փոքր Ասիա, Հունաստան և մինչև Հռոմ, իբրև կենտրոններ ունենալով Անտիոքը և Եփեսոսը:

Պատմվում է, որ Սբ. Ղուկասը նաև ճարտար նկարիչ էր, և առաջին անգամ նա է, որ նկարել է Սբ. Աստվածամորը՝ մանուկ Հիսուսը գրկին:

Սուրբ Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի աշակերտը, Զեբեդեոսի և Սողոմեի որդին էր: Իր եղբոր՝ Հակոբոսի հետ, զբաղվում էր ձկնորսությամբ: Սկզբում աշակերտում էր Հովհաննես Մկրտչին, այնուհետև հետևեց Հիսուսին իր եղբոր Հակոբոսի և մոր՝ Սողոմեի հետ: Առաքյալների մեջ կրտսերագույնն էր: Հովհաննեսն Երուսաղեմում Սուրբ Աստվածածնին սպասավորելուց հետո, ինչպես հանձնարարված էր նրան Փրկչից, մինչև նրա երկինք վերափոխվելը, քարոզելով շրջեց արևելքում, առավելապես Փոքր Ասիայում, որտեղ և Եփեսոսում հաստատեց իր աթոռը: Երբ Սուրբ Հովհաննեսն Եփեսոս եկավ, նախ աղոթքներով հիմնահատակ ավերեց Ամազոնաց կոչված մեհյանը և ուրիշ այլ հրաշքներով իր քարոզությամբ ու հրեշտակային վարքով աստվածպաշտության դարձրեց բազում հելլենացիների: Իսկ Դեմետիանոսի ժամանակ, երբ երանելի Հովհաննեսը շրջում էր Ասիայում և ավետարանում Քրիստոսին, նրա համբավը կայսրին հասավ: Կայսեր հրամանով նրան բռնեցին և կապանքներով կապելով ուղարկեցին Հռոմ, որտեղ առաքյալը հեթանոսներին կռապաշտության համար հանդիմանելու պատճառով նետվեց եռացող ձեթի կաթսայի մեջ, սակայն այնտեղից դուրս եկավ անվնաս: Դրանից հետո աքսորվեց Պատմոս կղզի, որտեղ էլ գրեց Հայտնությունը: Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում կան նաև երեք թղթեր: Ապա վերադարձավ Եփեսոս և այնտեղ վախճանվեց 101 թ-ին: Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ:

Չորս ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը

Մատթեոսը` մարդ`հրեշտակակերպ,

Մարկոսը` առյուծ,

Ղուկասը` եզ,

Հովհաննեսը` արծիվ

Չորս ավետարանիչների սիմվոլիկ պատկերագրությունը հիմնված են Եզեկիելի 1:10 և Հովհաննու Հայտնության 4:7 համարների վրա: Այդ խորհրդանիշները շատ հին են, դրանք իրենց արտահայտությունն են գտել սրբանկարչության, որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության մեջ:

Ըստ եկեղեցական ավանդության՝ Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև Մատթեոսի Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով: Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է թե Հիսուս Աստծո Որդին է: Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ Ղուկասի Ավետարանը սկսվում է Զաքարիայի`տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Այս պատմությունը իր հերթին դիտվել է մի պատրաստություն Քրիստոսի զոհաբերության: Իսկ Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը. «Ի սկզբանէ էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

20.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․