Գրքեր

Ճշմարիտ հոգևոր ուղին

Մայիսի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կիրակոսյան Սոնիկին (74 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Տիգրան Մակարյանը: Տիկին Սոնիկն իր թոռնուհու՝ Դաունի համախտանիշ ունեցող Կիրակոսյան Հեղինեի (16 տ.) հետ բնակվում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հանրակացարանի 24/4 հասցեում:

«Հեղինեին բարուրից ես եմ պահել ու մեծացրել, քանի որ աղջիկս՝ Հեղինեի մայրը, առողջական խնդիրներ ունի, իսկ Հեղինեի հայրը չընդունեց նրան, նրա ծնունդից երկու տարի անց նա լքեց ընտանիքը: Այժմ աղջիկս իր տղայի ընտանիքի հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին ք. Նարեկացի 26 հասցեում»,-ասաց տիկին Սոնիկը՝ հավելելով, որ իրենք էլ Մեծամորից ճարահատյալ տեղափոխվեցին էջմիածին, քանի որ հանրակացարանի տանիքի անսարքության և անձրևաջրերի կաթոցների պատճառով այլևս հնարավոր չէր այնտեղ ապրել: Մեծամորից էջմիածին տեղափոխվելու պատճառով տիկին Սոնիկին այլևս ընտանեկան նպաստ չեն տրամադրում, նա միայն Հեղինեի հաշմանդամության և իր ծերության թոշակների գումարներն է ստանում:

«Եթե հնարավորություն լիներ իմ բնակարանի տանիքը վերանորոգելու,- ասաց տիկին Սոնիկը,-ապա Հեղինեի հետ կտեղափոխվեի այնտեղ և ընտանեկան նպաստի ու թոշակների գումարներով քիչ թե շատ կկարողանայի հոգալ մեր կարիքները՝ առանց թոռնիկիս նեղություն պատճառելու»:

Հեղինեն սովորում է Զվարթնոցի թիվ 2 հատուկ օժանդակ գիշերօթիկ դպրոցում: Ոչ միայն տիկին Սոնիկի, այլ նաև դպրոցի ուրախությունն է կենսուրախ Հեղինեն, ում առօրյան, ըստ տատիկի պատմածի, հնարավոր չէ պատկերացնել առանց երգ ու պարի, առանց նկարչության, տատ ու թոռնուհի սիրում են հաճախակի եկեղեցի այցելել, Հեղինեն օգնում է տատիկին տան մաքրության մեջ, միասին ճաշ են պատրաստում:

Տիկին Սոնիկն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուրախություն ապրելով, որ Տեր Հոր միջնորդությամբ՝ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնն այսուհետ կլուծի Հեղինեի բուժհետազոտության և բուժման հետ կապված խնդիրները:

Հայր Պաիսիոս Աթոսացին ասում է, որ ողորմության մասին պետք է այսպես մտածել՝ եթե աղքատի փոխարեն լիներ Ինքը՝ Քրիստոս, ի՞նչ կտայի ես Նրան, անկասկած՝ ամենալավը. «Այդպես մարդը հասկանում է, որն է իրական սերը: Բարին այն դեպքում է բարի, երբ այն գործողը զոհաբերում է իրենից ինչ-որ մի բան՝ կլինի դա քունը, հանգիստը կամ այլ բան: Ճշմարիտ հոգևոր ուղին այսպիսին է՝ մոռանալ քո կողմից գործված բարին և հիշել միայն այն բարիքը, որ ուրիշն է քո հանդեպ գործել»:

 

Կարինե Սուգիկյան

30.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․