Գրքեր

Ճշմարիտ կյանքի առաջին նշանը

Մերձավորի հանդեպ սերը աստվածճանաչողության լավագույն միջոցն է: Աստծու մասին գիտելիքներն, առանց գործնականի կիրառման, անկենդան են, ինչպես հավատն առանց գործերի (Հակոբ. 2:26): Աստծուն չենք կարող սիրել այլ կերպ, եթե ոչ սիրելով մարդուն, որ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ճշմարիտ կյանքի առաջին նշանը սերն է մերձավորի հանդեպ, որի հակադիր մեղքը՝ եսասիրությունը, իր շուրջն է տարածում նախանձ, հպարտություն, ատելություն, բաժանում և այլ մեղքեր, որոնց պտուղը հոգևոր մահն է: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, աշխարհ գալով, վերականգնեց մարդու անկյալ բնությունը և ուսուցանեց սիրով ապրել ու գործել: Աստվածային սերն անսահման է, այդ սիրո մասին Նապոլեոնը հիացմունքով ասել է. «Ես ձախողվեցի այնտեղ, որտեղ Հիսուս հաջողեց. Նա Իր սիրով գրավեց աշխարհի բոլոր սրտերը»։ Եկեղեցու հայրերից մեկն ասել է՝ սիրիր և գործիր, ինչ ցանկանում ես, և քո բոլոր գործերը բարի կլինեն:

Մերձավորի հանդեպ սիրո արտահայտման նշաններից են Հայ եկեղեցում գործող սոցիալական ծրագրերը: Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ՝ Տ. Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին իր մասնակցությունը բերեց նույն համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի։ Մարտի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, 100 000 դրամ տրամադրեց Մինասյան Սյուզաննային (39 տ.), որ իր չորս անչափահաս զավակների հետ բնակվում է Կոտայքի մարզի Բագրևանդ  թաղ. 44 փ., 13 տ. հասցեում: Սյուզաննայի ամուսինը՝ Ռուդոլֆ Դոխոյանը (փոխգնդապետ), մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել հոկտեմբերի 20-ին, Ջաբրայիլի շրջանում: Զոհված հերոսի ընտանիքը դժվարին կացության մեջ է, քանի որ Սյուզաննան, երեխաների խնամքով զբաղված լինելու պատճառով, ի վիճակի չէ աշխատելու: Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ Ալին Զաֆիրյանին:

 

Կարինե Սուգիկյան

 

18.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․