Գրքեր

Ճշմարիտ սերը շտապում է գործել

Ս. Պողոս առաքյալը գերագույն պատվիրանը համարում է սերը, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատքից բխած սերը (Ա Տիմոթեոս 1:5): «Ի՞նչ սիրո մասին է խոսում առաքյալը: Անկեղծ սիրո մասին, որ չի սահմանափակվում միայն խոսքերով, այն բխում է հոգուց, բարի հայեցողությունից և կարեկցանքից»,- մեկնում է Ս. Հովհան Ոսկեբերանը:

Իրապես, մարդկային պատմությունը վկայում է, որ ճշմարիտ սերը լիացնում է սիրտը, սիրում է անշահախնդիր, չի սահմանափակվում միայն զգացմունքով, այլ շտապում է գործել: Մինչ սերը, որի հիմքում եսասիրությունն է, շատ կարճ է ապրում, քանի որ պատրաստ չէ զոհողության:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, կյանքի է կոչում գերագույն պատվիրանը՝ օգնության ձեռք մեկնելով կարիքավոր ընտանիքներին:

Օգոստոսի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավագյան Էլիզային (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Էլիզան երկու որդի և մեկ դուստր ունի: «Ամուսինս երկար տարիներ է, ինչ լքել է ընտանիքը: Աղջիկս ինը տարի առաջ ընտանիք էր կազմել, բայց այժմ ամուսնալուծվել է և իր դստեր և մյուս տղայիս հետ ապրում են առանձին, վարձակալությամբ: Ես մյուս որդուս՝ Մորիսի (24 տ.) հետ, բնակվում եմ Վարդաշեն 6-րդ փողոցի 68/415 հասցեում գտնվող հանրակացարանում, որ անմխիթար վիճակում է: Տղաս մանկուց հաշմանդամ է. աչքի հետ կապված խնդիր ունի, մյուս աչքն էլ վնասվեց, կորցրեց տեսողությունը, մեկ անգամ վիրահատեցին, երկրորդ վիրահատության կարիքը կա, բայց մենք ի վիճակի չենք վճարելու»,- ասաց տիկին Էլիզան: Ընտանիքի մայրն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, իսկ նրա հաշմանդամ որդու հասանելիք հաշմանդամության գումարը տասնմեկ տարիների ընդհատումից հետո դեռ նոր պետք է տրամադրեն: Ֆինանսական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է մի շարք դժվարությունների առջև. հոսանքի վարձը չվճարելու պատճառով մեկ ամիս է, ինչ բնակարանը հոսանքազրկել են:

Տիկին Էլիզան անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորից և աջակից անձից իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար:

 

Կարինե Սուգիկյան

10.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․