Գրքեր

Ճշմարտությունը

«Եթե դուք Իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք:

Եվ կճանաչեք ճշմարտությունն, ու այն կազատի ձեզ» (Հովհ. Ը 31-32):

Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն: Սրանից ավելի բաղձալի բարիք գիտե՞ք դուք: Մի՞թե սրանից ավելի թանկագին բան կա: Եվ սակայն ինչպիսի՜ մեծ արիությամբ ու քանի՜-քանի՜ կտրիճ և քաջարի հոգիներ են պայքարել, տանջվել ու տառապել ճշմարտության համար: Այդ պայքարը չի վերջացել. տակավին հարկ է պայքարել ու տառապել, քանի որ այն դեռևս հանդիպում է մեծամեծ արգելքների, նրա դեմ մինչև օրս էլ ամեն տեսակի դժվարություններ են ծառանում, իսկ նրանով հաղթանակ տանելու համար տակավին հերոսներ ու մարտիրոսներ են անհրաժեշտ:

Արդարև, տխրառիթ երևույթ է, երբ տեսնում ենք, որ դեռևս կան այնպիսի մարդիկ, որոնք եսասիրական զգացումներով և իրենց սրտի չար բնազդներով տարված, իրենց սովորությունների ու մոլությունների գերին լինելով՝ ողջ ուժով ընդդիմանում են ճշմարտությանը: Ընդդիմություն, որը մարդկության ամենամեծ աղտն ու արատն է հանդիսանում:

Թերևս նկատած կլինեք, որ այն տարիքում, երբ մարդը դեռ անկեղծ, պարզ ու միամիտ է, ինչքա՜ն մեծ հիացումով է ձգտում դեպի ճշմարտությունը: Այդ անմեղսունակ տարիքում գտնվելով՝ նա ուզում է արտահայտվել, չքողարկել որևէ բան, հայտնապես խոսել ճշմարտությունը: Դժբախտաբար, սակայն, այդպիսի մարդը հաճախ համարվում է ձանձրալի, անմիտ ու անխոհեմ, անախորժ ու անտանելի մեկը:

Ճշմարտությո՜ւն, ճշմարտությո՜ւն: Այն է միայն, որ քանդում է բոլոր զեղծարարությունների բույնը, այն է միայն, որ վերիվայր է շրջում բոլոր գաղտնարանները, այն է, որ տապալում է ամեն շահախնդիր ու շահագործող դիտավորություն և նախապաշարումներ, այն է, որ ավերում է բոլոր այն դիրքերը, ազդեցություններն ու հեղինակությունները, որոնք ստի ու կեղծիքի վրա են հիմնված:

Այն է, որ հեղաշրջում ու անէացնում է ավելորդապաշտությունները և հնացած ավանդությունները, որոնք դարերի հոլովույթում արմատացել են մարդու մտքի ու հոգու մեջ: Այն է, որ հարձակվում ու պատռում է դիմակները, խայտառակում է անարդարություններն ու անիրավությունները, և այս բոլորը ոչ թե դյուրին, հարթ ու «խնամված» ճանապարհի, այլ քարքարոտ ու փշոտ ուղիների վրա է տեղի ունենում՝ ճակատի քրտինքով, կապտած ու վիրավոր ոտքերով, բայց և արիական ու վեհ ընթացքով:

Ճշմարտության պաշտպաններն ու ջատագովները ամեն տեսակի հալածանքների, ամեն տեսակի հավատաքննիչ ու ծանր մաքառումների են ենթարկվում, և նույնիսկ կացինը, կառափնատն ու խաչը չեն խնայվում նրանց համար: Սակայն նրանց մահից հետո նրանց գործերը գնահատվում, արժևորվում ու փառաբանվում են:

Այդպիսիք, արդարև, մարդկության ազատարարներն ու մարգարեներն են դառնում: Նրանք մարդկությունը բարձրացնում ու հարստացնում են, նրանք մարդկությանը ուժ, ազնվություն ու մխիթարություն են տալիս: Նրանք իրենց կյանքում այլ բան չեն փնտրում, այլ միայն՝ ճշմարտության իրականացումը: Նրանք հետապնդում են այդ սուրբ, մեծ, գեղեցիկ ու աստվածային նպատակը և ճշմարտության համար ուրախությամբ ընդունում են ամեն նեղություն ու տառապանք:

Բայց, ահա՛, կան մրցակիցներ, որոնք, բանակ կազմած, ուզում են ճշմարտության տեղը գրավել և տիեզերական տիրապետություն ձեռք բերել՝ իրենք իրենց իբրև ազատարարներ հռչակելով: Այդ մրցակիցներն են 1. Ուժը, 2. Հանրային կարծիքը, 3. Հարստությունը, 4. Գիտությունը, 5. Կրոնական իշխանությունը:

Անհրաժեշտ է, որ ճանաչենք այս մրցակիցներից յուրաքանչյուրի արժեքը՝ համոզված լինելու համար, թե դրանք կարո՞ղ են ճշմարտության տեղը գրավել ու նրան մրցակից համարվել:

1. Ուժը: Աշխարհի պատմությունը երկարաշունչ մեկնաբանությունն է գայլի ու գառնուկի առակի: Կյուրոսն ավելի զորավոր էր, քան Բաղդասարը: Ասորիների իշխանության մականն ավելի հզոր էր, քան մարերինը: Ալեքսանդրն ավելի տիեզերածավալ զորություն ուներ, քան Դարեհը: Հռոմն ավելի զորավոր էր, քան Աթենքը: Ներկայումս նույնպես մշտապես կրկնվում է հին պատմությունը. Զորավոր մարդը, զորավոր պետությունը միշտ գերադաս ու տիրապետող է համարվում: Ուրեմն, ձեզ հարկավոր է զորավո՞ր լինել՝ տիրելու համար: Ի՞նչ է, մի՞թե ուժն է տիեզերքի ազատագրությունն իրականացնողը:

Գիտեք, անշուշտ, որ ուժը, բիրտ ուժը աշխարհում առկա ամենասոսկալի միջոցներից է, որը գործադրվում է շատ հաճախ հենց արդարության ու իրավունքի դեմ: Հայտնի է ձեզ «իրավունքը ուժեղինն է» խոսքը: Ուժը հանդգնում է ամեն ինչ խեղդել. խեղդել սիրտը, խեղդել խիղճը, խեղդել ամեն մի նվիրական բան՝ միմիայն իր զարհուրելի տիրապետությունը հաստատելու և իրականացնելու համար, ու փույթ չէ, որ ինքը լռության, խավարի ու առանձնության մեջ պիտի մնա: Ուժը չի ամաչում, չի վախենում շարունակել իր արհավիրքով լեցուն գործը մինչև վերջին կետը, մինչև հալածանք, մինչև տարագրություն, մինչև մահապատիժ, մինչև ընդհանրական ավերածություն ու զարհուրելի ջարդեր:

Այլ բան է, սակայն, որ ճշմարիտ չի լինի ասել, թե մարդկային պատմության ու կյանքի մեջ ուժինն է վերջին խոսքը: Բիրտ ուժից ավելի զորեղ մի ուժ կա, որն ասես իրական մի օրենք է այդ ուժի դեմ. գաղափարի հակազդումն է դա ընդդեմ բիրտ ուժի, և իրավացի է բանաստեղծի ասած խոսքը` «Victorem…Graecia capta cepit», այսինքն, թե՝ պարտված հույնն իր գաղափարով տիրապետում է նրան, ով հաղթել է իր բիրտ ուժով:

Նայեցե՛ք այս գալիլիական «աղանդ» համարված երևույթին, որը դրսևորվում է Պաղեստինում: Այդ ինչպե՞ս է, որ առանց զենքի, առանց պատերազմի, առանց բարձր դիրք ունենալու, առանց որևէ նյութական ուժի, այլ միայն մի վսեմ սկզբունքի, աստվածային մի գաղափարի նվիրված լինելով՝ այն միայնակ դեմ է դուրս գալիս հրեաներին, դեմ է դուրս գալիս հույներին, դեմ է դուրս գալիս հռոմեացիներին, դեմ է դուրս գալիս բոլոր ժողովուրդներին ու, վերջապես, դեմ է դուրս գալիս կայսրերին:

Հակառակ հարստահարված, կողոպտված, անարգված և դահիճներին հանձնված լինելուն՝ գալիլիական այդ «աղանդը» իր մեջ ունի գերագույն, աստվածային մի ուժ, բարձունքներից եկող մի զորություն, որի հետևանքով, ինչպես տեսնում ենք, երեք դար հետո մարտիրոսների արյունոտ խաչը՝ այդ թուքի նախատինքի ու մահվան փայտը, իբրև փառքի, իբրև սիրո նշան՝ կանգնեցվում է Կեսարների պալատների վրա:

Ուրեմն, փորձենք հասկանալ՝ կա՞ արդյոք ավելի զորավոր բան, քան բիրտ ուժն է: Զորեղ բազկից ավելի անտեսանելի ուժ կա մարդու կրծքի տակ. ճշմարտությո՛ւնն է այդ: Որքան մարդ զարգանա, այդքան նյութական ուժն իր արժեքը պիտի կորցնի: Մեր նախնիներն, առհասարակ, պետ կամ թագավոր էին հռչակում նրանց, ովքեր ամենազորեղ քաջամարտիկներն էին, ովքեր որևէ դյուցազնական արիությամբ էին հայտնի դարձրել իրենց: Սակայն այժմ երկրի ճակատագիրը հանձնվում է այնպիսիններին, որոնք մտքի, իմացականությա՛ն գերազանցությունն ունեն: Արդ, բիրտ ուժը տիեզերական զորություն լինել չի կարող: Այն տկարանում է իրենից գերադաս եղող մի ուժի առաջ, որը կոչվում է գաղափարական ուժ կամ, այլ բառերով ասած՝ ճշմարտության զորություն:

2. Կարծիքը: Ահա՛ ճշմարտության մեկ ուրիշ մրցակից ևս: Այն ասում է. «Ուժն առանց ինձ ոչինչ է, այն ի՛նձ է հետևում: Եթե ես նրանից բաժանվեմ, այն կվերանա, կոչնչանա: Ես եմ, որ տիրապետում եմ աշխարհին: Չե՞ք ճանաչում ինձ: Ե՛ս եմ, որ աշխարհը կառավարում եմ ուզածիս պես: Մի՛ հարցրեք, թե որն է իմ գործելակերպը. դա իմ գաղտնիքն է: Ես եմ աշխարհի շարժումը: Ես եմ գահեր բարձրացնում ու ես եմ տապալում դրանք, ես եմ, որ ազատագրում եմ գերուն և մարդկանց առաջնորդում այնտեղ, ուր ուզենամ»:

Սրանից ավելի «պերճախոս» լեզու չի էլ կարելի անգամ երևակայել, սակայն պետք է նաև ասել, որ այս հավակնոտությունների մեջ մի ճշմարտություն կա. ճշմարիտ է այն, որ մեր օրերում հրապարակագրությունն ազդեցության ամենամեծ շրջանակն ունի և նրա կարծիքն է տիրապետողը:

Սակայն ի՞նչ է կարծիքն իրականում: Իր հավակնոտ զեկուցումից իսկ երևում է, որ կարծիքը հարափոփոխ ու շարժական է: Այն հաջողեցնում է Արևելքում այն, ինչը ձախողել էր Արևմուտքում: Այն այսօր Երուսաղեմի ամբոխի հետ աղաղակում է՝ «օվսա՜ննա», իսկ վաղը նույնպիսի ու դեռ ավելի մեծ սաստկությամբ բացականչում է՝ «խա՛չը հանիր Դրան»: Ի՜նչ էլ որ լինի այս հանրային կարծիքի զորությունը, այն փոփոխվում է պայմաններին ու ժամանակին զուգընթաց, այն մեր փնտրած տևականությունն ու անայլայլելիությունը չունի:

Նրանք, ովքեր հանրային կարծիքին են ապավինում ու ծառայում, դյուրությամբ խաբվող մարդիկ ու երևույթներով տարվող անձինք են: Նրանք հետևում են մի բանի, որը գոյություն չունի: Նրանք իրականությանը հետևելու փոխարեն ստվերին է, որ հետապնդում են: Օ՜հ, կարելի՞ է երևակայել սրանից ավելի ողբալի հոգեբանություն: Տարուբերվող ու գոյություն իսկ չունեցող որևէ բանի ապավինելն, անշուշտ, դուրս է տրամաբանությունից:

3. Հարստությունը: Հարստությունն էլ չի ուզում ճանաչել ճշմարտության գոյությունը: Նա էլ իր հերթին հավակնում է ասելու, թե ինքն է անկում ապրած մարդու ազատարարը, թե իր տված դրամն է պատերազմի ու խաղաղության ջիղը, թե ինքն է ճշմարիտ ընկերական ուժը, թե իր ոսկով, իր արծաթով ու իր անսպառելի ունեցվածքով է կառավարվում աշխարհը:

Այն նաև հավելում է. «Երբ ժողովուրդներն ուզում են պատերազմել, ի՜նձ պետք է դիմեն: Երբ թերակղզիները հատելու և ծովեր ստեղծելու, ճարտարամտությամբ նոր ճանապարհներ գցելու ձեռնարկներ տեղի ունենալու լինեն, նախ ի՛նձ պետք է դիմեն՝ իրենց գործելու համար միջոցներ խնդրելով: Հանրության կարծիքն էլ, իր հերթին, ինձնից է ուժ ու վարկանիշ ստանում: Այն արդեն իսկ ինձ է պատկանում, քանի որ ես կարող եմ այն իմ ուզած պայմաններով գնել: Մի՞թե ես չեմ, որ հիմնում եմ լրագրերը, հրատարակում՝ գրքերը: Ես չե՞մ միթե, որ «վարձում» եմ հրապարակագրի գրիչը, մտավորականի կարծիքն ու զինվորի սուրը»:

Ավա՜ղ, պետք է խոստովանել, որ ոսկին ու արծաթը դժոխային կախարդանք ունեն: Մեր դարը, դժբախտաբար, այս ոսկու ազդեցության ներքո է և հենց ոսկու գինովությունն է, որ խռովում է մարդկանց միտքը, ապականում՝ սիրտը, խեղդում խիղճն ու գահերից վար գցում ամենազորեղ գահակալներին ու խորանների վրա իրենց ծառայությամբ մարդկանց համար սիրելի եղողներին:

Սակայն ի՞նչ է, մի՞թե «ոսկե հորթն» է, որ քաղաքակրթության կենտրոնը պիտի լինի: Չե՞ք կարծում, որ այդ նախատինք է մարդկության համար: Մարդու մեջ մի ազնիվ բան կա: Կան սրտեր, որոնք սիրում են առանց պայմանի ու հաշվարկների: Խիղճեր կան, որոնք հնարավոր չէ գնել: Անձինք կան, որոնց համար անկարելի է որևէ գին սահմանելը: Իրենց աղքատության նեղ պայմաններում գտնվող պատվախնդիր տղամարդն ու պարկեշտ կինը արհամարհանքով են նայում մեծահարուստների անբարոյականացած բարքերի ու աչք շլացնող պերճանքների վրա:

Եթե նույնիսկ դրամն իր անարգ սակարկություններով կարող է իր ուզածն անել պատերազմի դաշտում, սակայն չէ՞ որ այս ամենին հակառակ էլ մենք հանդիպում ենք Արիստիդեսների, Կինկինագոսների, Փիլոբոմենների ու Վարդանների, որոնք մարդկային ազգի վեհ հոգիներն ու իրենց հայրենիքի փառքն ու պատիվն են եղել:

4. Գիտությունը: Իր հերթին գիտությունն էլ ասում է. «Առանց բանականության լույսի ո՛չ ուժը, ո՛չ կարծիքը, ո՛չ հարստությունը որևէ արժեք չեն կարող ունենալ: Ե՛ս եմ, որ ձևավորում եմ ուժը, ե՛ս եմ, որ պայմանավորում եմ կարծիքը, ե՛ս եմ, որ ստեղծում եմ հարստությունը: Ի՛մ հետևորդն էր Արքիմեդեսը, որը կարողացավ իր հայելիներով այրել Սիրակուսայի դռները պաշարող նավատորմը: Ե՛ս եմ ծնել Մոլկոլֆիենին, որը կարողացավ իր ստեղծած օդապարիկով «իշխել» օդում: Ե՛ս եմ ներշնչել Սթեֆնսոնին, որ նա կարողանա իր շոգեքարշով սուրալ ցամաքի ու ծովի վրայով:

Ես մերժում եմ սուրը, մերժում եմ խարույկները, մերժում եմ պատերազմները. իմ ուժն ու սուրը գիրքն է, խոսքն ու լույսը: Ինձնից փախչում են խավարային զորությունները, ավելորդապաշտությունները, բոլոր բռնապետությունները խորտակվում են, բոլոր ունակությունները՝ խոնարհվում»:

Ճշմարիտ ու խոստովանելի է, որ գիտության այս հայտարարությունների մեջ իրավացի կետեր կան. մեզնից որևէ մեկը չի ուրանում գիտության նվաճումները: Արդարև, թեև գիտությունը դեռևս չի բացահայտել տիեզերքի բոլոր գաղտնիքները, սակայն այն կարող է ասել, որ ոչ մի սֆինքս իր առջև «համր» չի մնալու: Արդեն կես դար է, ինչ գիտությունը մեծամեծ առաջադիմություններ է գրանցում, նրա տարած հաղթանակները վերջնական են ու, իրապես, ոչ ոք չի կարող թերագնահատել դրանք:

Գիտությունն այնպիսի արագություն է ստեղծել, որ երբ մարդ հաղորդակցվել է ուզում, այդժամ տեղեկությունն ավելի արագ է սլանում, քան կայծակը՝ ամպերի միջով: Բոլոր գիտական թեորիաները պատիվ են բերում մարդկությանը: Այլ հարց է, սակայն, որ չի կարելի ասել, թե միայն գիտությունը բավական է մարդուն առաջնորդելու և նրա կարիքները բավարարելու համար:

Եթե մարդու մեջ միայն որևէ բան իմանալու ցանկությունն «ապրեր», ապա միայն գիտությունը բավական կհամարվեր ու կգոհացներ մարդու պահանջները: Սակայն մարդու մեջ կա ուրիշ մի երևույթ. զգացումն է այդ, գեղեցիկի, երկնայինի, աստվածայինի հանդեպ փափագը, հոգեկան ձգտումը: Մարդը գեղեցկության հրաշակերտ դրսևորումների, մեծամեծ գլուխգործոցների առջևով անցնելիս հիացում է ապրում, սակայն այդ հրաշալիքներն անկարող են մարդուն ներշնչել այնպես, ինչպես երաժշտական խմբի հոգեզմայլ երգերն ու նվագները, կամ էլ ինչպես բանաստեղծի լուսաշող ու ոգևորող արտահայտությունները:

Օ՜հ, ո՛վ դու՝ բանականության լո՛ւյս, դու ջերմ չես, դու սա՛ռն ես: Ես կարիքն ունեմ ուրիշ մի բանի, որը ինձ կվերացնի իրականությունից, կբարձրացնի ու կուղղորդի ամպերից էլ վեր, կապուտակ երկնակամարից էլ անդին: Իսկ դու, ցավոք, չես կարող այդ դերը կատարել, հետևաբար, ուրեմն, զուր մի՛ հոխորտա:

5. Կրոնական իշխանությունը: Բարոյական և հոգևոր իշխանությունն էլ հետևյալ կերպ է բացատրում իր դերը: Այն ասում է. «Մարդը ամեն բանից վեր, բարոյական և հոգևոր մի էակ է, և նա պետք ունի մի իշխանության, որը ուղղություն կտա իր բարոյական և հոգևոր պահանջներին: Իմ իշխանությունն է, որ ոտքի է կանգնեցնում մարդկանց, կյանք ու աշխուժություն է հաղորդում նրանց և ցնցում է մինչև հոգու խորքերը: Իմ իշխանությունն է, որ ամենախորը դրոշմն է թողել պատմության մեջ: Մարդկության վրա տևականորեն ու խորապես ազդել են ո՛չ գյուտարարներն ու գիտնականները, ո՛չ փիլիսոփաներն ու գեղարվեստները և ո՛չ էլ բանաստեղծները:

Ես եմ միայն, որ կարող եմ հանդարտացնել ամենից խռովված խիղճերն անգամ, իր սիրելիի վրա ողբացող հուսահատ հոգուն ցույց տալ գերեզմանից անդին եղող լույսը։ Ես եմ, որ կառավարում եմ ժողովուրդներին՝ Լոնդոնը, Փարիզը, Հռոմը, Կ. Պոլիսը։ Ես եմ այն հեղինակությունը, որով իսկ կարող եմ բավարարել մարդկային հոգու պահանջներն ու լուծել բոլոր խնդիրները։ Վերջապես, ես եմ ազատարարը մարդկային ազգի։ Իմ խոսքն Աստծու խոսքն է, իմ նզովքն Աստծու նզովքն է, իմ իշխանությունն Աստծու իշխանությունն է։ Ես Նրա ներկայացուցիչն եմ, Նրա փոխանորդը»:

Ճշմարիտ է, որ թեև մարդը բանական էակ է, սակայն նա ավելի շատ հոգևոր բնույթ ունի և գիտության հայտնագործությունները ոչ մի կերպ չեն կարող մարդուն հոգեկան խաղաղություն և նրա անսպառ երազանքներին էլ՝ գոհացում բերել։ Իսկապես, ի՞նչ են սովորեցնում մեզ ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները։ Որքան գիտությունը հարստանում է իր հաղթանակներով, այդքան ավելանում է մարդկային հոգու խռովքը, հետևաբար, մարդը կարիք է զգում ազատարար մի ձեռքի, որը իրեն կազատի այդ ալեծուփ հոգեվիճակից։ Իսկ մեր բոլոր հարցադրումների խորքում թաքնված մեծագույն հարցը հոգևորի մասին հարցն է, քանի որ քաղաքական որևէ հարցադրման խորքում սոցիալական խնդիր է ընկած, իսկ սոցիալական խնդրի հիմքում էլ ընկած է հոգևորի մասին հարցադրումը։

Եթե հոգևորականների իշխանությունն իրապես աստվածային իշխանություն է, եթե նրանց խոսքերն Աստծու խոսքերն են, ուրեմն մեզ մնում է միայն խոնարհվել նրանց առջև։ Բայց մեր այս ներկա դարը զննելու, քննելու դար է։ Ամեն մեկը արգոսյան հարյուրաչյա հայացքով է դիտում դիմացինին։ Հիրավի, թեև կրոնավորների աստիճանները հնուց ի վեր են գալիս, սակայն արդյո՞ք նրանք նաև սրբության հնությունն են պահպանում։ Բա՞րձր են պահում արդյոք իրենց արժանապատվությունը, իրենց վսեմ ու աստվածային կոչումը։

Հիացմունքով խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց շահից ավելի՝ ժողովրդի շահի մասին են խորհում, ովքեր ամեն մի հնացած ու ժամանակավրեպ ավելորդապաշտություններից ավելի՝ ցանկանում են իրենց կյանքո՛վ ժողովրդին ներշնչել զոհողության ոգին, ովքեր իրենց փառասիրությունը ոչ թե պաճուճազարդ պերճությունների, այլ խոնարհության ու համեստության, քաղցրության ու հեզության մեջ են փնտրում։

Ահա տեսե՛ք, մարդկանց մի խումբ կա, որը մինչև այժմ շարունակում է կառչած մնալ հնին ու «տառին», որը շահագործում է ժողովրդի միամիտ դասակարգի նախապաշարումները, որը երկնավորից ավելի՝ երկրավորի մասին է խորհում, որը ներքինից ավելի՝ արտաքինին է նայում, որը հոգուց ավելի՝ մարմինն է գերադասում։ Այդ խմբին պատկանող մարդկանց ես կամենում եմ ասել՝ «Հեռո՛ւ գնացեք, գնացեք հեռո՛ւ ձեր փառասիրությամբ, ձեր կամակատարներով հանդերձ։ Հեռո՛ւ գնացեք, ձեզնից անկարելի է ազատություն ակնկալել, քանի դեռ դուք ավելի շուտ մարդկանց խիղճը խռովել ու միտքը գայթակղեցնել գիտեք»։

Երբ ուժը, կարծիքը, գիտությունը, հարստությունը և կրոնական հեղինակությունն այսկերպ, իբրև մրցակից, նախանձով լցված՝ իրենցից հեռու են վանում ճշմարտությունը, այդժամ նրանք աղետ ու անեծք են դառնում մարդկության համար։ Եվ սակայն, երբ նույն այդ ուժը, կարծիքը, գիտությունը, հարստությունն ու կրոնական իշխանությունը, փոխանակ մրցակից դառնալու, սիրով լծակից են լինում ճշմարտությանը, այդժամ իրապես նրանք դառնում են աշխարհի ազատարարներն ու օրհնությունը։

Արդ, գիտենա՛նք պաշտպանել ճշմարտությունն, ինչ կարգավիճակում էլ որ լինենք՝ թե՛ ապավինած մեր ուժին, թե՛ մեր համոզմունքին, թե՛ մեր ուսանած գիտությանը, թե՛ մեր հարստությանը և թե՛ կրոնական իշխանությանը։ Բա՛րձր պահենք ճշմարտությունը, քանի որ այդկերպ միայն մենք մեր կոչմանը ծառայած, մեր պարտականությունները կատարած ու ազատարարի համբավ ունեցող մեկը կլինենք։

Կցանկանայի փոքրիկ մի պատմությամբ ավարտել քարոզս։ Փարիզում մի քանդակագործ կար, որը մտադիր էր կերտել ճշմարտությունը բնորոշող մի արձան։ Նա ուզում էր կնոջ կերպարանքով արտապատկերել «ճշմարտությունը», այնպես, որ նայողը այդ կնոջ դեմքի մաքուր ու պայծառ գծերից ոչ միայն իսկույն հասկանար, որ այդ կինը ճշմարտությունն է «արտացոլում», այլ նաև նայողի սիրտն ու հոգին էլ ազդվեին ու տպավորվեին ճշմարտությամբ։

Քանդակագործը երկար աշխատեց արձանի վրա։ Քանիցս կերտելով՝ չէր հավանում իր աշխատանքն ու փշրելով եղածը՝ նորն էր քանդակում։ Ուրիշ մեծարժեք պատվերներ էր ունենում քանդակագործը, սակայն ողջ էությամբ շարունակում էր տարված մնալ իր այս մի գործով։ Նա միայն մտածում էր իր «ճշմարտության» մասին, որի սիրով տարված՝ շատ անգամ նաև իր անձի մասին էր մոռանում։ Նա ապրում էր մի տան ամենավերին հարկի մի փոքրիկ սենյակում՝ կես-կուշտ, կես-քաղցած՝ շատ անգամ նույնիսկ վառելու համար փայտ չունենալով։

Վերջապես, քանդակագործն ավարտում է արձանը։ Նա կարողացել էր հաջողել իր ուզածն ու մարմնավորել իր միտքը՝ «ճշմարտությունը»։ Արձանը կանգնած էր իր ամբողջ անեղծ սրբությամբ ու գեղեցկությամբ։ Հեղինակը գոհ էր, որ կարողացել էր գլուխ հանել Աստծու ներշնչած գործից։ Սակայն հանկարծ հիշում է, որ արդեն  մի քանի օր է, ինչ տանից դուրս եկած չլինելով՝ վառարանն էլ երկար ժամանակ չէր վառել, իսկ դրսում էլ սաստիկ ցուրտ ու սառնամանիք էր։ Պետք էր գնալ, որևէ մեկից փայտ կամ ածուխ խնդրել, սակայն արդեն ուշ ժամ էր։

Քանդակագործը ստիպված էր մինչև առավոտ սպասել, սակայն այդ դեպքում էլ թարմ ու թաց կավը անխուսափելիորեն կսառչեր ու ճեղքեր կտար։ Հետևաբար, վտանգված, ոչնչանալուն մոտ էր արձանը։ Եվ ահա արձանագործը հանում է իր վտիտ մարմինը ծածկող հագուստն ու զգուշությամբ գցում է «ճշմարտության» վրա, նաև, անկողնուց վերցնելով վերմակը, այդկերպ ևս ծածկում է արձանը, իսկ ինքը կիսամերկ ու դողդողալով՝ մտնում է անկողին։

Առավոտյան քանդակագործի բարեկամները գալիս են ու մեծ հետաքրքրությամբ քողազերծում են արձանը՝ հիանալով ու սքանչանալով այդ գլուխգործոցով։ Ապա մոտենում են արձանագործին՝ նրան շնորհավորելու համար, սակայն վերջինս անշունչ քնած էր… նա սառել էր, սակայն դեմքը լուսեղեն պայծառություն ու ժպտացող տեսք ուներ։ Իսկապես, ցրտամահ էր եղել նա, սակայն չէր էլ զգացել ցրտի տանջանքը։ Նա ժպիտը շուրթերին՝ ուրախ էր, որ ստեղծել ու պահպանել էր «ճշմարտությունը»։

Մենք ամենքս էլ, ճշմարտությունը պաշտպանելու խորունկ համոզումով և փափագով, Սաղմոսերգուի հետ աղոթե՛նք ու երգե՛նք. «Առաքի՛ր, Տ՜եր, Քո լույս ու Քո ճշմարտությունը, որպեսզի նրանք առաջնորդեն ինձ ու բարձրացնեն սուրբ լեռն ու Քո օթևանը» (Սաղմ. ԽԲ 3)։ Ամեն։

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

16.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․