20 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

«Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր»

Հունիսի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Դամբարանները՝ հայ ժողովրդի հավատալիքային պատկերացումների արտահայտչաձևեր» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարյան Հայաստանի հնագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Ավետիս Գրիգորյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով:

«Այսօր էլ, երբ այցելում ենք գերեզմաններ, տեսնում ենք կոթողներ, որոնք արտահայտում են մեր ժողովրդի պատկերացումներն ու հավատալիքները: Գերեզմանները լուռ, բայց խոսուն վկայություններ են տվյալ ժամանակաշրջանում ապրող մարդկանց պատկերացումների մասին»,- ասաց Տեր Հայրը:

Հայոց աշխարհում թաղման ծեսի և նրա էվոլյուցիայի մասին անդրադառնալով՝ բանախոսը նշեց, որ դեռևս հնագույն-անհիշելի ժամանակներից անդրշիրիմյան կյանքի մասին պատկերացումներն ու հավատալիքները կարևոր տեղ են զբաղեցրել մարդու կյանքում: «Դամբարանները, դրանց վերգետնյա կառույցներն ու կոթողները, հանգուցյալի դիրքը, թաղման ժամանակ կատարվող ծեսերը ցույց են տալիս տարբեր դարաշրջաններում հավատալիքների համալրումը նոր մանրամասնություններով: Այնուհանդերձ, հանդերձյալ կյանքի մասին հիմնական գաղափարը՝ վերածննդի միտքը, մնում է նույնը հնագույն ժամանակներից մինչ քրիստոնեություն»,-ասաց բանախոսը:

Բանախոսությամբ երիտասարդները տեղեկացան, որ վաղագույն թաղումները, այսինքն՝ հանգուցյալին ոչ թե սանիտարահիգիենիկ նկատառումներով, այլ որոշակի ծիսական արարողություններով, գիտակցված կերպով կենդանի մարդկանցից անջատելը փաստարկված է նախնադարյան մարդկանց քարայր-կացարանների հատակների տակ: Սկսած վաղ բրոնզի դարաշրջանից (Ք.ա. 3500-2500 թթ.)՝ թաղումները, հիմնականում, կատարվել են բնակավայրից դուրս գտնվող առանձին՝ հատուկ այդ նպատակի համար նախատեսված տարածքներում (դամբարանադաշտեր): Թաղումները կատարվել են ինչպես հիմնահողային, այնպես էլ քարարկղային և սալարկղային դամբարանախցերում, որոնք, հետագա դարաշրջաններում, իրենց վրա կրել են դամբարանաթմբեր՝ շրջապատված շրջանաձև շարված քարերով (կրոմլեխ):

Իսկ ահա անտիկ դարաշրջանում (Ք.ա. 600-Ք.հ. 400 թթ.) գերակշռող են դառնում կարասային թաղումները: Թեև, նախորդ դարաշարջանների նման, գերակշռողը ծնկած դիրքով թաղումն էր, սակայն հանդիպում են նաև ուղիղ դիրքով, նստած կամ ծալապատին թաղումներ:

Բանախոսը նշեց, որ վաղﬕջնադարյան Հայաստանում կատարված սոցիալ-քաղաքական և կրոնական փոփոխություններն (ավատատիրական կարգերի հաստատում, քրիստոնեության ընդունում, հայոց պետության անկում և այլն) իրենց անդրադարձն են ունեցել նաև գերեզմանային կառույցների և թաղման ծեսի վրա: Այդ ժամանակաշրջանում մասամբ շարունակվեցին նախորդ շրջանի գերեզմանական կառույցների ձևերը, բայց թաղման ծեսը էական փոփոխություններ կրեց՝ համալրվելով նոր՝ քրիստոնեության գաղափարախոսությանը: Համաձայն նոր կարգի՝ արգելվում էր չափազանց լաց ու կոծը: Հուղարկավորությունը պետք է կատարվեր սաղմոսներով, օրհնություններով, կանթեղներով ու վառած մոմերով:

Ավելի ուշ՝ միջնադարում, տարածում են ստացել կավե, քարե և փայտե դագաղներով (սարկոֆագ) թաղման ձևը: Գերեզմանները ստացել են հստակ արևելք-արևմուտք ուղղվածություն: Սկսել են ի հայտ գալ երկլանջ տապանաքարերը, որոնք, առաջին խաչքարերի ի հայտ գալուց հետո (9-10-րդ դդ.), փոխարինվել են ուղղաձիգ կանգնած խաչքարով և հարթ տապանաքարով: «Խաչքարը փրկության, հաղթանակի, Աստծո հետ հաղորդակցության խորհուրդ ուներ»,- ասաց բանախոսը:

Ավետիս Գրիգորյանը մատնանշեց, որ խաչքարի ու տապանաքարի զուգադրումը գերեզմաններում 15-րդ դարում հանգեցրեց մի նոր տիպի տապանաքարի երևան գալուն, որը համադրում էր խաչքարի ու հարթ տապանաքարի գործառույթը, կապը և խզումը: Սկսեցին երևան գալ ուղղանկյուն զուգահեռանիստի տեսք ունեցող, հարթ կամ կլորացող վերնամասով տապանաքարերը, որոնք իրենց վրա կրում էին խաչային հորինվածքներ: Որպես կանոն դրանց մի նիստը զբաղեցնում էր խաչային հորինվածքը, մյուսը՝ պատկերաքանդակը:

Որպես ամփոփում՝ երիտասարդ բանախոսն ասաց. «Այսպիսով, գերեզմանները, գերեզմանական կառույցները և թաղման ծեսն ընդհանրապես, հնագույն ժամանակներից մինչ մեր օրեր երկարատև ճանապարհին ենթարկվել է բովանդակային և ձևական բազմաթիվ փոփոխությունների՝ իր հետքը թողնելով մարդկության անցյալի պատմության մեջ և մշակույթում»:

Բանախոսությունն ընթացավ հարց ու պատասխաններով, որի ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Ավետիս Գրիգորյանին՝ հետաքրքիր և ճանաչողական բանախոսության համար: Տեր Հայրն առաջարկեց երիտասարդ հնագետին մոտակա ժամանակ երիտասարդներին առաջնորդելու որևէ միջնադարյան գերեզմանոց՝ անձամբ տեսնելու քրիստոնեության անդրադարձը գերեզմանային կառույցների վրա:

 

Կարինե Սուգիկյան

17.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․