Գրքեր

«Դանիելը առյուծների գբում» տեսարանի պատկերագաղափարական հորինվածքը

Մարգարեների պատկերագրությունը կարևոր տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Մարգարեները պատկերված են գլխավորաբար Աստվածաշունչ ձեռագրերում՝ տվյալ մարգարեությանը կից:

Վաղ քրիստոնեական արվեստում Դանիել մարգարեի մասին եղած պատմությունը ամենատարածված թեմաներից է: Կոթողների օրինակով մեզ հասած աստվածաշնչյան թեմաներից Դանիելի պատկերները գրեթե երեք անգամ գերազանցում են մյուս հինկտակարանային թեմաները: Դանիելի գրքում կանխատեսվում է օտար նվաճողների լծից հրեա ժողովրդի փրկությունը: Հայրենասիրական գաղափարներ կրող մարգարեությունների ու տեսիլքների հետ մեկտեղ, հանրահայտ են նաև «Մարդու որդու», «Մեսսիայի» ու Նրա գալստյան ճիշտ ժամանակի մասին Դանիելի կանխագուշակումները: Դա կատարվեց Դանիելից 490 տարի հետո: Դանիելի թեման խորհրդանշում է Քրիստոսին՝ արտահայտելով մահվան, վերակենդանացման ու հանդերձյալ կյանքի մասին եղած գաղափարները: Այն արտահայտում է նաև մեղսագործության և քավության, հոգու փրկության գաղափարները: Այդ պատճառով էլ սարկոֆագների վրա Դանիելին սովորաբար քանդակում են շրջանակների մեջ առնված հանգուցյալների պատկերների տակ:

«Դանիելը առյուծների գբում» հորինվածքը աստվածաշնչյան հայտնի թեմա է (Դանիել 6:1-28) և դասվում է քրիստոնեական առավել տարածված թեմաների շարքին: Աստվածաշնչային պատմությունն այն մասին է, որ հրեաների Բաբելոնյան գերության ժամանակ կռապաշտությունից հրաժարվելու համար Դանիելին գցում են առյուծների հորը, բայց գազանները նրան հոշոտելու փոխարեն հնազանդվում են։ Այս թեման շատ տարածված էր քրիստոնեական արվեստում։ Վաղ միջնադարի ավանդական մեկնությամբ այն խորհրդանշում է հավատի ուժն ու հավատով փրկվելու գաղափարը: Տեսարանն ունի կանոնավոր պատկերագրություն. կենտրոնում Դանիելն է՝ ձեռքերը վեր բարձրացրած, աղոթողի դիրքով. երկու կողմից առյուծները, ի նշան հնազանդության, լիզում են նրա ոտքերը (Հառիճի կոթողի պատվանդան): Հաճախ, հնազանդության գաղափարն ընդգծելու նպատակով, առյուծները քանդակված են գլխիվայր (Ավանի կոթողի պատվանդան, Աղթամար և այլն), կամ ուղղահայաց՝ պոչի վրա նստած (Ագարակի պատվանդան): Դանիելի պատկերագրությունը հենց այս տարբերակով հայտնվում է մի շարք վաղքրիստոնեական հուշարձաններին (կատակոմբներ, սարկոֆագներ, ղպտական ստելաներ): Հայկական վաղ միջնադարյան արվեստում, հատկապես մեմորիալ հուշարձանների պատկերաքանդակների շարքում, ամենատարածվածն էր այս սյուժեն: Հայկական շատ հուշարձաններում (Աղց, Հառիճ, Փարոս, Ավան, Ագարակ, Օձուն, Աղթամար) օգտագործվել է Դանիելի թեման՝ պատկերագրական տարբեր լուծումներով: Դանիելին առյուծների հետ հանդիպում ենք մասնավորապես IV-VII դարերի հնագույն կոթող հուշարձանների պատվանդանների վրա (Ագարակ, Հառիճ, Թալին, Ավան, Էլար և այլն): Այս սյուժեն կոթողների խորանարդաձև պատվանդանների հարդարանք լինելուց բացի, լայն կիրառում է ունեցել և պատկերվել նաև հուշասյուների վրա: Քանի որ կոթողները, ամենայն հավանականությամբ, կանգնեցվել են նաև որպես շիրմաքարեր, ապա վաղ քրիստոնեական շրջանի պատկերագրության առնչությամբ պարզ է դառնում պատվանդանների վրա քանդակված Դանիելի թեմայի գաղափարական իմաստը (մեղսագործություն և քավություն, հոգու փրկություն և այլն):

Դանիելի թեման հանդիպում է նաև ճարտարապետական հուշարձանների հետ կապված քանդակներում: Պտղնիի տաճարի հարավային ճակատին պահպանվել է մի բեկոր, որի վրա քանդակված է առյուծ, իսկ նրա ետևում՝ արմավենի: Առյուծի ոտքերի տակ նստած են երկու խոյ: Բեկորի վերին աջ անկյունում պահպանված ձեռքի մի մասը (հավանաբար Դանիելի դաստակն է), ինչպես և առյուծի հնազանդ դիրքը հաստատում են այն միտքը, որ քանդակը ամբողջությամբ պատկերել է «Դանիելը առյուծների գբում» թեման: Նկարագրված բեկորը, անշուշտ, իր իսկական տեղում չի գտնվում: Հաշվի առնելով Պտղնիի եկեղեցու քանդակի և քարի չափսերը՝ կարելի է ենթադրել, որ ամբողջական հորինվածքը պետք է տեղ գտներ երեք սալաքարերի վրա. համապատասխանաբար կենտրոնական քարի վրա պատկերված է եղել Դանիելը, իսկ երրորդ` աջ կողմի քարի վրա՝մյուս առյուծը: Ի տարբերություն մյուս հայտնի հորինվածքների՝ Պտղնիի քանդակում հանդիպում ենք այնպիսի մանրամասների, ինչպիսիք են խոյերը և արմավենին: Իհարկե, արմավենու պատկերը տարածված է եղել վաղմիջնադարյան հայկական արվեստում, սակայն Դանիելի պատկերագրության համատեքստում այն եզակի է: Իսկ խոյերի առկայությունը հորինվածքում թերևս կարելի է բացատրել թեման ավելի մանրամասն ներկայացնելու միտումով, քանի որ ըստ աստվածաշնչյան պատմության՝ առյուծներին կերակրում էին խոյերով:

Նույն սյուժեն պատկերված է Աթենիի տաճարի (VII դ.) արևմտյան ճակատի մի քանդակազարդ քարի վրա: Այստեղ նույնպես պահպանվել է քանդակի մի հատվածը, ուր պատկերված է զրույցի այն մասը, երբ հրեշտակը Ամբակում մարգարեի մազերից բռնած առաջնորդում է նրան դեպի Բաբելոն՝ առյուծների գբում բանտարկված Դանիելին ուտելիք տանելու: Թեմայի պատկերագրական նման խմբագրությունը կրկնված է նաև Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու քանդակներում: Եկեղեցու հարավային և հյուսիսային ճակատների վրա քանդակված կոմպոզիցիաները լուսաբանում են Հին Կտակարանից վերցրած դեպքեր: Այստեղ Դանիելն առյուծների գբում տեսարանը պատկանում է քրիստոնեական առաջին դարերի տեսարանների շարքին, որը ոգեշնչված է մեռյալների հոգիները Աստծու ողորմության հանձնող աղոթքներով: Աղթամարի տաղանդավոր Մանվել ճարտարապետ-քանդակագործը գտել է այս թեման ներկայացնելու շատ ինքնատիպ եղանակ՝ ոչ միայն արտահայտիչ կերպով փոխանցելով պատմության իմաստը, այլև առյուծների անսովոր դիրքով կարողացել է ստեղծել գբի (հորի) պատրանք։

Վաղ միջնադարյան հայկական պատկերագրության մեջ Դանիելի թեման հիմնականում արտահայտում է կրոնա-դավանաբանական ըմբռնումներ: Առավել ուշագրավ են Աղցի Արշակունիների դամբարանի սարկոֆագների վրայի քանդակները, որոնք ներկայացնում են մահվան ու վերածննդի, հոգու փրկության ու հավերժական կյանքի հետ կապված գաղափարներ: Միջնադարյան հայկական արվեստում «Դանիելը առյուծների գբում» թեմայի հնագույն օրինակը համարվում է Աղցի Արշակունիների դամբարանի քանդակը: Այստեղ Դանիելն առյուծների հետ պատկերված է հյուսիսային սարկոֆագի վրա, առասպելական Հայկի քանդակի դիմաց: Վերջինս խորհրդանշում է անցյալի հերոսական-ազատագրական պայքարի գաղափարը: Դանիելի քանդակը՝ Հայկին պատկերող քանդակի հետ նույն դամբարանում, համազոր արժեքավորում են ստանում:

Ժամանակի հայ մշակույթը կրոնական թեմատիկայի շրջանակներում արտացոլում է ժամանակի պատմական, սոցիալ-հասարակական տրամադրություններն ու գաղափարները: Ինչպես հայկական ամբողջ մշակույթը, այնպես էլ քանդակագործությունը արձագանքում է պատմական կոնկրետ իրականությունը: IV և VI դարերում, մասնավորապես Արշակունիների անկումից հետո, հայ ժողովրդի առջև ծառացած էր ազգային ինքնուրույնության պահպանման հարցը: Այս ժամանակաշրջանում Հայաստանում Հին Կտակարանի որոշ հատվածներ ընկալվել ու օգտագործվել են բովանդակության ուղղակի իմաստով: Դանիելի գիրքը «Մարդու որդու» մասին արված լավատեսական մարգարեություններով, կոչված էր քաջալերելու և հաղթանակի հավատ ներշնչելու պայքարի ելած հրեա ժողովրդին: Գաղափարական այս սկզբունքն իր արտացոլումն է գտել նաև Աղցի Արշակունիների դամբարանի քանդակներում: Դամբարանի քանդակի վրա այն ներառել է հասարակական-պատմական իրադրությունների հետ կապված գաղափարներ, դիտվել է որպես օտար նվաճողների դեմ մղված պայքարի խորհրդանշան, յուրովի ալեգորիա այն համառ, անզիջում պայքարի, որ մղում էին հայերն իրենց ազգային ինքնուրույնությունը պահպանելու նպատակով: Վերջինս էլ հնարավորություն է տալիս հայ իրականության մեջ տեղի ունեցող հասարակական պատմական իրադարձությունների արտացոլումը տեսնել նաև պատկերագրության մեջ:

Հայտնի է, որ Հայաստանում Դանիելի պատմությունը առնչվում էր Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապում բանտարկվելու և այնտեղից ազատագրվելու պատմության հետ: Դանիելը նույնպես հրաշքով ազատվեց առյուծների գբից: Բացի այդ, Դանիելի գրքում առաջին անգամ խոսվում է հավատի հալածանքների համար Նաբուգոդոնոսոր թագավորի կենդանակերպ դառնալու և աստվածային զորությանը հավատալուց հետո միայն՝ բուժվելու մասին: Հիշենք Հայաստանում Տրդատ թագավորի կենդանակերպ դառնալու պատմությունը:

Աղջոց Ս. Ստեփանոս վանքի քանդակների ծրագրային յուրահատկությունն այն է, որ ընդգրկում է, թեև փոքրաթիվ, բայց թե՛ Հին, թե՛ Նոր կտակարանային թեմաներ: Վանքի պատկերաքանդակներից «Դանիելը առյուծների գուբի մեջ» պատկերաքանդակը երկարատև ընդմիջումից հետո, նորից հայտնվում է Ս. Ստեփանոսում: Վանքի հարավային պատին քանդակված է կանգնած Դանիելը՝ առյուծների գբում, առյուծները Դանիելից շատ ավելի փոքր են պատկերված ու կարծես լիզում են նրա հագուստը: Դանիելի հարթաքանդակից անմիջապես ներքև՝ պատուհանի կամարի երկու կողմերում, քանդակված է երկու աղավնի, որոնց միջև հյուսածո նախշ է՝ դժբախտաբար եղծված. հնարավոր է, որ ժամանակին այն ներկայացրել է խիստ ոճավորված մի սկահակ: Խորանի ճակատի պատին, դեմ հանդիման պատկերված են երկու մարդկային գլուխներ՝ աքեմենյան խույր հիշեցնող գլխարկներով: Վաղ արվեստի արձագանքներն այստեղ ակնհայտ են: Հորինվածքի ընդհանուր իմաստը հավանաբար հետևյալն է. Դանիելը, որ նույնացվում է մեռնող և հարություն առնող աստվածության և որպես այդպիսին՝ նաև Քրիստոսի հետ, իր չարչարանքներով նշանավորում է քրիստոնեական հավատի հաղթանակը, որի խորհրդանիշերն են աղավնիներն ու խաղողը:

Շիրակի խմբի կոթողների պատկերաշարում հետաքրքիր է «Դանիելը առյուծների գբում» հորինվածքը, որը հիմնականում կոթողների պատվանդանի վրա է: Պատվանդանի հիմնական` արևմտահայաց նիստի կենտրոնում Դանիելի պատկերն է «Օրանտի» դիրքով` ուղիղ կանգնած, վեր բարձրացրած թևերով: Երկու հսկա կիսադեմերով առյուծները` երախները բաց, լիզում են մարգարեի հագուստները: Նրանց մարմինները պատկերված են հարակից նիստերի ամբողջ մակերեսին: Դանիելը առյուծների գբում տեսարանը բաշխված է կոթողի երեք նիստերին: Այս հորինվածքը տարածական բնույթ ունի: Հետաքրքրական է, որ հորինվածքային նման սկզբունքը կիրառված է միայն այս սյուժեի մեջ: Դանիելի պատկերի հակադիր նիստի վրա խաչի քանդակն է: Դանիելը կրում է երկար զգեստ` զարդանախշված քղանցքներով ու թևերով, լայն գոտի, թիկնոց, գլխարկ: Պատկերագրական այս տիպը որոշ առումով նախորդել է խաչելության տեսարանին և ունի դարերի խորքը գնացող հին արևելյան ավանդույթ:

Դանիելը առյուծների գբում տեսարանը փորագրված կերպով իր արտահայտությունն է գտել նաև ստելաների կողային հարթությունների և հիմքերի վրա: Ստելաները վաղ միջնադարի յուրահատուկ քանդակներ են, որոնց արվեստաբան Ս. Տեր-Ներսիսյանը խաչքարեր է անվանում և համարում է խաչքարերի ամենահին դրսևորումները:

Վաղ քրիստոնեական շրջանի սարկոֆագների քանդակներում Դանիելի թեման ընկալվել է իր կրոնական իմաստավորմամբ՝ որպես հոգու փրկության, հանդերձյալ կյանքի և այլ գաղափարներ արտահայտելու փոխաբերական միջոց: Սակայն սարկոֆագների քանդակներում գոյություն ունի գաղափարի, արտահայտչական միջոցների ու ոճական սկզբունքների ակնառու հակադրություն, այն իմաստով, որ քրիստոնեական կրոնական բովանդակությունը իր սպիրիտուալիստական աշխարհըմբռմամբ վերարտադրվում է հունա-հռոմեական արվեստի բնորոշ միջոցներով: Ավելին, մի քանի սարկոֆագների վրա (Լատերինգյան թանգարանի սարկոֆագները) Դանիել մարգարեն պատկերված է մերկ և կեցվածքով հիշեցնում է անտիկ քանդակները: Այս հակասությունը բացատրվում է նրանով, որ սարկոֆագների քանդակներն ու կատակոմբների որմնանկարչությունը մնում են որպես անցման շրջանի հուշարձաններ:

Դանիելի պատկերագրության հայկական տարբերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայ վարպետները դրանք վերարտադրելու ժամանակ հավատարիմ են մնացել տեղական դարավոր ակունքներ ունեցող արվեստի սկզբունքներին:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

09.07.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․