Գրքեր

Դատավորի կիրակի

Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի անիրավ դատավորի մասին առակի անունից (Ղուկ. 18.1-5): Մի այրի կին այնքան է խնդրում անիրավ դատավորին իր դատը տեսնել, որ դատավորը, իրեն խնդրանքներով ձանձրացնող կնոջից ազատվելու համար, նրա խնդրանքը կատարում է: Քրիստոս ասում է, որ եթե նույնիսկ անիրավ դատավորն այսպես վարվեց, ապա առավել ևս Աստված իսկույն արդարություն կանի Իրեն գիշեր-ցերեկ աղաղակող ծառաներին (Ղուկ. 18.6-7): Քրիստոս այս առակով հորդորում է հավատացյալներին տևական աղոթքի` ուսուցանելով, որ աղոթքի խնդրանքները չկատարվելու դեպքում հուսահատության մեջ չընկնեն և անձանձրույթ լինեն աղոթքի մեջ: Աստված երբեմն իրականություն չի դարձնում աղոթական խնդրանքները` Իր ամենատեսությամբ իմանալով, թե ինչն է տվյալ պահին մարդու համար օգտակարը:

Քրիստոս պատվիրում է ամեն ժամ կամ միշտ աղոթել և չձանձրանալ (Ղուկ. 18.1, 7; 21.36): Սակայն ամեն ժամ կամ միշտ աղոթելը պետք է փոխաբերական իմաստով հասկանալ, ինչպես որ միշտ բառը փոխաբերորեն գործածված է Սուրբ Գրքում. «Իմ ցավերը միշտ առջևս են» (Սաղմ. 37.18) կամ «Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. 24.53), ինչը չի նշանակում, թե տաճարից ընդհանրապես դուրս չէին գալիս:

Պողոս առաքյալը կարծես ավելի շեշտեց միշտ աղոթելու պատվիրանը` թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում հորդորելով անդադար աղոթելու (Ա Թեսաղ. 5.17): Անդադար աղոթելը հիմնականում Օրթոդոքս Եկեղեցիները նաև ուղիղ իմաստով հասկացան և պատվիրեցին իրենց հավատացյալներին օրվա ընթացքում մտքում անդադար աղոթել` ասելով Հիսուսի աղոթքը` մեկ նախադասությունից բաղկացած, ուսուցանելով, որ տարիների փորձառությունից հետո Տիրոջ ողորմությունը խնդրող աղոթքը կամրագրվի մարդու սրտում ու հոգում, և այդուհետ, քնած թե արթուն, մարդու մեջ կհնչի այդ աղոթքը: Մեր եկեղեցական Հայրերը, սակայն, այսպիսի պատվեր չտվեցին մեզ: Անդադար աղոթք անել արտահայտությունը ևս փոխաբերորեն գործածված է Աստվածաշնչում. «Պետրոսը բանտում մնում էր հսկողության ներքո, իսկ եկեղեցում անդադար աղոթքներ էին արվում առ Աստված» (Գործք 12.5): Սա չի նշանակում, որ աղոթքը մեկ վայրկյան իսկ չէր դադարում, այլ` բավականին հաճախակի էին աղոթում հավատացյալները Պետրոս առաքյալի համար:

Տարբեր Եկեղեցիների` աղոթքի, պահքի և այլ առաքինագործությունների պատվերների մեջ տարբերություններ կան, չնայած որ դրանք բոլորն էլ հիմնված են Հիսուս Քրիստոսի ուսուցումների վրա: Մենք ուրիշներինը չենք մերժում, բայց առաջին հերթին պարտավոր ենք մեր եկեղեցական Հայրերի պատվիրածները պահել: Մեր Հայրերը լավ գիտեին, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրեն հատուկ բնավորությունը, հոգեբանությունը: Ուստի և մեզ աղոթքի, պահքի այնպիսի կանոններ տվեցին, որոնք առավել օգուտ են մեր ժողովրդի համար: Օրինակ` որոշ Եկեղեցիների հոգևորականներ ասում են, թե շատ խիստ է ձեր պահեցողությունը, բայց մեր Հայրերը այսպիսի պահք պատվիրեցին, և մենք վստահ ենք, որ դա է մեզ օգուտ: Նույնպես նաև հոգևորականը տարբեր անձանց տարբեր պատվերներ է տալիս հոգևորի մեջ կատարելագործվելու համար` նկատի առնելով նաև անձի հակումներն ու բնավորությունը: Այսպես, եթե մեկը սխալմամբ հակված է միայն խիստ ինքնադատության, ինքնախարազանման և յուրաքանչյուր մեղքից հետո ընկնում է խորը հուսահատության մեջ, խոստովանահայր հոգևորականը նրան սկզբնապես չի հանձնարարի ընթերցել ճգնավորական գրականություն, որտեղ առաջին տեղում ինքնաքննադատությունն է, մեղքերի համար խորը զղջումը, այլ առավել կհորդորի բարեգործության, ողորմության, որպեսզի մարդը կարողանա հոգևոր ուրախություն զգալ իր արածից: Նրան, ով աշխույժ է, եռանդուն և քիչ է հակված լուռ մտորումների ու աղոթքի, հոգևորականն առաջին հերթին կհանձնարարի եկեղեցանպաստ գործերի, միջոցառումների կազմակերպում: Միայնության, խոհերի հակված անձին հոգևորականը աղոթասացություն կհանձնարարի: Այսպես յուրաքանչյուրին ըստ իր բնավորության տալով համապատասխան պատվերներ` հոգևոր հայրն աստիճանաբար կատարելության կբերի իր հավատացյալներին քրիստոնեական բոլոր առաքինությունների մեջ: Նույնպես էլ մեր Սուրբ Հայրերը մեզ պատվիրեցին այն, ինչն առավել համապատասխանում է և օգտակար է մեր ժողովրդի խառնվածքին և հոգեբանությանը:

Անիրավ դատավորի առակը մեզ հարատև աղոթքի է հորդորում: Եվ այն մարդիկ, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողանում հաճախակի եկեղեցի այցելել` ընդհանրական աղոթքին մասնակցելու համար, սակայն ցանկանում են կատարել Քրիստոսի միշտ աղոթելու օգտակար պատվիրանը, պետք է այսպես վարվեն: Երբ արթնանում են քնից, գոհություն հայտնեն Աստծուն խաղաղ քուն և հանգիստ պարգևելու համար, երբ հագնվում են, գոհանան, որ Տերն իրենց մերկ չի թողնում, երբ ճանապարհ են գնում, աղոթեն որ Տերն ուղղի իրենց ընթացքը խաղաղության ճանապարհներով ապահովության մեջ, երբ աշխատանք են սկսում, աղոթեն աշխատանքի հաջողության համար, ամեն անգամ կերակուր ուտելիս գոհանան տիեզերքի Արարչից իրենց կերակրելու և լիացնելու համար, երեկոյան քնելիս աղոթեն, որ հավատացյալների պահապան Քրիստոս Աստված Իր Աջի հովանու ներքո պահպանի Իրեն հավատացողներին: Այսպես մարդն ամբողջ օրը աղոթքի մեջ կլինի և կկարողանա կատարել միշտ աղոթելու հույժ օգտակար պատվիրանը:

Կրկին անիրավ դատավորի առակի մասին

Անիրավ դատավորի մասին առակը, որը փոխաբերորեն միշտ աղոթելու պատվերն է տալիս, պարզաբանումների անհրաժեշտությունն է նաև բերում աղոթելու ձևի և մտադրությունների մասին: Մեր Սուրբ Եկեղեցու ակնառու հոգևորականներից Ներսես Լամբրոնացին պատկերավոր կերպով ասում է, որ աղոթքը շարժումն է այն պարանի, որի ծայրին կապված զանգը հնչում է երկնքում: Իսկ մեր նշանավոր վարդապետ մատենագիրներից Սուրբ Եզնիկ Կողբացին շեշտում է աղոթողի մտքերի մաքրության կարևորությունը` ասելով. «Ավելի լավ է հստակ խորհրդով ննջել, քան պիղծ խորհդով աղոթքներ մատուցել»: Առակում այրի կինը խնդրում է իր օգտի համար: Սակայն մենք պետք է աղոթենք ոչ միայն մեզ, մեր սիրելիների, այլ նաև թշնամիների համար, ինչպես որ պատվիրեց նաև Քրիստոս (Մատթ. 5.44): Մարդկանց համար հաճախ բավականին դժվար է թշնամու համար սիրով աղոթելը: Երբ մտագարությամբ հիվանդները բժշկին հարվածում են և վնասում, բժիշկներն այդ ժամանակ ավելի են խղճում նրանց և ջանում նրանց բուժելու համար` իմանալով, որ այդ ամենը գալիս է նրանց հիվանդությունից: Նույնպիսի վերաբերմունք պետք է ունենանք նաև մենք մեզ վիրավորողների և թշնամիների հանդեպ և աղոթենք նրանց համար: Սակայն եթե Աստված ամենագետ է, ինչի՞ համար են անհրաժեշտ աղոթքները. չէ՞ որ Աստված գիտի, թե մեզ ինչ է հարկավոր: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ աղոթելը պետք է, որպեսզի խոնարհեցնենք Աստծուն, անդադար աղոթքով միանանք Նրան, զղջմամբ հիշենք մեր մեղքերը և հաշտվենք Նրա հետ: «Եթե Աստված պատվիրում է աղոթել,- ասում է եկեղեցական Սուրբ Հայրը,- ապա ոչ թե նրա համար, որ կարիք ունի մեր հիշեցման, այլ որպեսզի իմանանք, որ միայն Նրա օգնությամբ ենք ամեն ինչ անում, և որպեսզի անընդհատ աղոթքով Նրան հաճելի լինենք»:

Անիրավ դատավորի առակը նաև ակնարկում է մի խնդրի մասին, որ գոյություն ունի դարեր ի վեր: Խոսքը մարդկային հասարակության մեջ անիրավ դատավորների առկայության մասին է: Դեռևս Հին Կտակարանում արձանագրված կարևոր պատվիրաններից են սուտ վկայություն չտալը (Ելք 20.16, Բ Օր. 5.20, 19.16-19) և կողմնակալությամբ, անարդարությամբ դատ չանելը (Բ Օր. 1.16, 16.18-20): Սա ցույց է տալիս, որ նույնիսկ հնագույն ժամանակներից եղել են անիրավ և կաշառք վերցնող դատավորներ: Այս խնդրի լուծման համար այսօր տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ առաջարկում են բարձրացնել դատական համակարգում աշխատողների աշխատավարձը, որպեսզի դատավորները նյութապես բավարարված լինեն և շահագրգռված չլինեն կաշառք վերցնելու: Միակողմանի է այս մոտեցումը, որովհետև առանց մարդու բարոյականը բարձրացնելու, աշխատավարձը ինչքան էլ ուզում ես բարձրացրու, անիրավ դատավորը էլի մնալու է անիրավ դատավոր: Սա մեզ հուշում է, որ մեր կյանքում անիրավությամբ գործեր չանենք, որպեսզի երբ հետո` Դատաստանի օրը, կանգնենք Ամենաարդար Դատավորի առջև, մեր դատապաշտպանները` մեր լուսավոր հավատքը, խիղճը և մեր առաքինի գործերը, արդարացնեն մեզ, և երկնավոր Դատավորը մեզ արժանի դարձնի մուտք գործելու Երկնքի Արքայություն:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

30.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․