Գրքեր

Դատավորի կիրակիի քարոզ

«Պետք է մշտապես աղոթել - չձանձրանալ» (Ղուկ. ԺԲ 1):

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս երկրավոր Իր կյանքի ընթացքում, Իր առաքելությունն իրականացնելու համար հաճախ էր դիմում առակների օգնությանը։ Մարդկանց բացատրելու համար աստվածային ճշմարտություննները դիմում էր խոսելու առակավոր ոճին և ձևին։ Ահա այդպիսի առակներից մեկն է այսօր մեր Մուրբ Եկեղեցին Մուրբ Ավետարանի պատումներից ներկայացնում մեր ուշադրությանը, որը անվանադրված է Անիրավ դատավորի կիրակի։

Անիրավ դատավորի կիրակի, որովհետև այս առակում գործող, գրականագիտական լեզվով ասած, երկու կերպարներից մեկը դատավորն էր։ Դատավոր, որը ներկայացնում էր ժամանակի հասարակության ազդեցիկ խավերից մեկին։ Եվ մյուսը այրի կինն էր, որը ներկայացնում էր այն խավին, որը իրավազրկված է, կարողությունը և հնարավորությունը չուներ իր իրավունքները և իր շահերը պաշտպանելու։

Եվ Սուրբ Գիրքը ներկայացնում է հետևյալ պատումը։ Ասում է, որ մի այրի կին կար, որի իրավունքները բռնադատված էին։ Անշուշտ Ավետարանը խորամուխ չի լինում այն հարցի մեջ, թե արդյոք ինչ կերպ, ինչ հարցով էին բռնադատված այրի կնոջ իրավունքները։ Միայն տեղեկություն է փոխանցում, որ նա դատ ուներ, մի չվճռված խնդիր ուներ, որի համար պարբերաբար դիմում էր դատավորին և ակնկալում նրանից իր հարցի արդար լուծում։ Եվ այրի կնոջ տևական, հարատև ջանքերը վերջապես արդյունք են տալիս։ Դատավորին Ավետարանը բնորոշում է ինքնին խոսուն արտահայտությամբ, թե Աստծուց չէր երկնչում և մարդկանցից չէր վախենում՝ սրանով փորձելով ամեն ինչ ասել դատավորի մասին։ Ըստ երևույթին մարդիկ, ովքեր որ այրի կնոջ խնդրին քաջածանոթ էին, մշտապես դիմում էին դատավորին՝ ասելով, որ վերջապես մեղք է այս կինը, լուծի՛ր նրա խնդիրները, որպեսզի այլևս դադարի դուռդ թակելուց, դադարի այս խնդիրը վերստին և վերստին արծարծելուց։ Եվ նրա հոգը չէր նաև Աստծո կողմից վրա հասնելիք պատիժները։ Նա ըստ երևույթին մտածում էր, որ ես այդ չափ զգայական չեմ, այդչափ տկար չեմ, որ Աստծուց վախենամ։ Բայց վերջիվերջո կնոջ հարատև ջանքերը պտուղ են տալիս։ Եվ դատավորը միմիայն մտահոգված սեփական հանգստությամբ ասում է՝ ճիշտ է, որ մարդկանցից չեմ ամաչում և Աստծուց չեմ երկնչում, բայց վերջիվերջո պետք է այս կնոջ խնդիրը լուծեմ, որ դադարի իմ դուռը թակելուց, դադարի ինձ անհանգստացնելուց, դադարի մտքերս շեղելուց։

Պատմելով այս առակը վերջում Քրիստոս մի եզրակացություն է անում։ Ասում է՝ արդյոք Մարդու Որդին, երբ որ վերադառնա, Երկրորդ գալուստը ակնարկելով, պիտի գտնի այդչափ հավատք մարդկանց մեջ՝ ակնարկելով այրի կնոջ հարատևությունը, հավատքի զորությունը և տևականությունը։ Մեկ խոսքով՝ այսօրվա առակը նվիրված է աղոթքին, աղոթքի բացահայտմանը և ինչպես առակների մեջ Քրիստոս հաճախ օգտագործում էր հակադրությունների ծայրահեղությունը, ինչպես Անիրավ տնտեսի առակը, ինչպես Անիրավ դատավորի առակը։ Հակադրությունը երևան է բերում դատավորի անիրավության Աստծո արդարության մեջ, որպեսզի ցույց տա, որ եթե նույնիսկ անիրավ դատավորի մոտ տևական ջանքը և տևական տքնանքը արդյունքի է հանգեցնում, արդյունքի է բերում, արդյո՞ք արդարադատ Աստծո մոտ այդ տևական ջանքը, տևական տքնանքը չի կարող արդյունքի բերել։ Անշուշտ կարող է։ Հետևաբար այսօրվա առակը մեզ ստիպում է խորհրդածել ընդհանրապես աղոթքի մասին։ Քրիստոնեական դասական աստվածաբանության մեջ աղոթքը տարբերակվում է ըստ երկու կարգի՝ անհատական աղոթք, երբ յուրաքանչյուրս աղոթում է իր առանձնության մեջ՝ իր սիրտը, իր երազները, իր մտահոգությունները փոխանցելով Աստծուն, և երկրորդ՝ ընդհանրական աղոթք, ընդհանրական աղոթքը, որ դարերի ընթացքում մշակվել, կանոնակարգվել և դասակարգվել է մեր եկեղեցում, որ նաև այլ լեզվով ծիսակատարություն կամ ծիսական արարողություն անվանումն է կրում։ Այսպիսի արարողություններ մենք կատարում ենք եկեղեցում ամեն օր և ունենք այդպիսի ինը արարողություններ՝ ժամերգություններ և նաև ունենք պատարագ, խորհրդակատարություն։ Կան կրոնական համայնքներ, այսպես կոչված քրիստոնեական համայնքներ, որոնք մերժում են ընդհանրական աղոթքի, որպես ծեսի իրողությունը և անհրաժեշտությունը։ Կան իրենք իրենց ավետարանչական կամ քրիստոնեական այլ անվանումներով կոչող համայնքներ, որոնք ասում են, որ անձնական աղոթքը բավարար է մեր փրկության համար։ Բայց պատկերացրեք, թե ինչ է նշանակում եկեղեցի, ինչ է նշանակում կրոն առանց խորհրդակատարության, առանց խորհրդաբանության։ Դրանց ընդամենը կարելի է կոչել Աստվածաշունչ սիրողների ակումբ և այնքան ժամանակ, քանի դեռ այդ Աստվածաշունչ սիրողները, ովքեր մերժում են ընդհանրական աղոթքի, խորհրդակատարությունների անհրաժեշտությունը, իրենց ակումբից դուրս չեն եկել, կարող է և վնասակար չլինեն, բայց իրապես չարիք են դառնում, երբ փորձում են իրենց մտածումները, իրենց հասկացությունները պարտադրել նաև հասարակության մյուս անդամներին, հատկապես, որ մենք Հայաստանում այսօր տեսնում ենք նման գործելաոճի վնասակարությունը։ Կան նաև համայնքներ, որ իրենց կոչում են «կյանքի խոսք», իբրև թե փոխանցում են Աստծո խոսքը, բայց խորապես համոզված ենք մեր փորձառությունից, մեր ժողովրդի շատ զավակներ ևս իրենց փորձառությունից, որ այդ «կյանքի խոսքը» հասարակության մեջ, մեր ժողովրդի զավակների մեջ իսկապես մահվան գույժի արձագանք է թողնում և ոչ թե կյանքի խոսքի։

Վերջացնելով այս մտածումները՝ պարզապես շեշտենք կարևորը՝ քրիստոնեական դասական աստվածաբանության մեջ առանձնացվում են երկու կարգի աղոթքներ՝ անհատական և ընդհանրական։

Եթե փոքր-ինչ հոգեբանական տեսանկյունից մոտենանք աղոթքին, աղոթքը կարելի է նաև տարբերակել այլ հարթության վրա։ Հետևյալ ուղենիշներով. առաջին՝ գիտակցական աղոթք, երկրորդ՝ ենթագիտակցական աղոթք և երրորդ՝ այս կոչենք պայմանաբար թյուր գիտակցական աղոթք։ Ուրեմն այս երեք կարգի աղոթքները բացատրելու համար հատկապես հիմա, որ գարնան շրջան է, և յուրաքանչյուրը այստեղ ներկա գտնվող, թերևս իր կյանքի մեջ մեկ կամ երկու ծառ տնկած կլինի։ Օգտագործենք ծառի պատկերը, որպեսզի ցույց տանք, թե դրանցից յուրաքանչյուրը՝ գիտակցական աղոթքը, ենթագիտակցական և թյուր գիտակցական աղոթքները ինչով են միմյանցից տարբերվում։ Ուրեմն անձը, ով կրում է գիտակցական հավատք, հետևաբար գիտակցաբար է աղոթում։ Ծառ տնկելիս ունի վստահությունը, ունի գիտակցությունը, որ իր կողմից բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնելուց հետո հնարավոր է, որ ծառը չկպչի, այսպես ասած, դրա համար մի աղոթք է անում, դիմում Աստծուն, որ Տեր Աստված մենք ջուրը քաշեցինք, ծառը դրեցինք, բայց, այնուամենայնիվ, Քո կամքը, Քո բարեհաճությունն է պետք, որ այս ծառը պտղաբերի։ Երկրորդ անձը, որ ենթագիտակցական հավատք է կրում, նա թեև Աստծո գոյության մասին գիտակցական պատկերացում չունի, բայց սեփական անկարողության գիտակցությունից ելնելով ինքը գիտի, որ ամեն ինչ չէ, որ իրենից է կախված ծառը պտղաբեր դարձնելու համար և, այնուամենայնիվ, իր աղոթքը փափագի տեսքով հայտնում է, որ լավ կլինի, որ ծառը պտղաբերի։ Այս պարագային հասցեատերը, այսինքն՝ Աստված, անորոշ է իր մոտ։ Նա իր փափագը հայտնում է, բայց չգիտի ում է ուղղված այդ աղոթքը, ինչի է ուղղված, պարզապես, քանի որ մարդը կրոնական էակ է, իր կրոնական զգացումը արտահայտում է առանց հասցեատեր ունենալու իր մտքի մեջ։ Երրորդ կարգի անձը, որ պայմանականորեն կոչեցինք թյուր գիտակցական հավատքի կրող, այն անձերն են, ովքեր իրապես իրենց աղոթքին ընդունում են որպես մեկ հասցեատեր, որպես «աստված», բայց այդ «աստվածը» այն Աստվածը չէ, որին մենք դավանում ենք։ Այդ Հակոբի Աստվածը չէ, Իսրայելի Աստվածը չէ, Աբրահամի Աստվածը չէ, Նոր Կտակարանով մեզ հայտնված Աստվածը չէ, Փրկիչը չէ, որ հայտնվեց երկրի վրա, խաչվեց, թաղվեց, հարություն առավ և նույնը խոստացավ մեզ։ Այդ «աստծո» անունը չգիտեմ, այսօր Վահագն են կոչում հեթանոսները, մյուսները կոչում են այլ անուններով, բայց, այուամենայնիվ, այն աստվածը չէ, որին մենք դավանում և պաշտում ենք։ Ահա այս պարզ օրինակով, ենթադրում եմ, որ հնարավոր կլինի պատկերացնել այդ երեք կարգի աղոթողների տարբերությունը։

Հիմա մոռանանք այն մասին, թե ովքեր են թյուր աղոթողները, ովքեր են ենթագիտակցաբար աղոթողները։ Դառնանք իրապես գիտակցական աղոթք ունեցողներին։ Ի՞նչ է պետք աղոթելու համար։ Ավետարանը մեզ մատուցում է աղոթքի դասական մի օրինակ՝ Քրիստոսի կողմից մեզ փոխանցված «Հայր մեր» աղոթքը։ «Հայր մեր»-ի մեջ հստակ կա անձը, ում որ ուղղված է այդ աղոթքը, քանի որ Աստված ինքն էլ անձ է։ Հայր մեր՝ ասում ենք։ Հստակ է, թե մենք ինչի համար կարող ենք աղոթել։ Մենք խնդրում ենք Տիրոջից արքայությունը և նյութական բաներից՝ այն, ինչ որ մեզ արտոնված, թույլատրված է խնդրելու՝ ընդամենը հանապազօրյա հաց։ Հանապազօրյա հաց և ոչ ավելին, որովհետև Քրիստոս հստակ ասաց. «Այն, ինչ որ ձեզ անհրաժեշտ է, վաղվա օրը կհոգա»։ Ձեզ համար անհրաժեշտը այսօր խնդրեցեք Աստծուց, իսկ այսօրվա համար անհրաժեշտը ընդամենը հանապազօրյա հացն է։ Երրորդ՝ մենք աղոթքի ընթացքում չենք կարող փորձության ենթարկել Աստծուն, չենք կարող ասել՝ աղոթենք, տեսնենք կլինի կամ չի լինի։ Տեսնենք արդյո՞ք Աստված կկատարի մեր խնդրանքը կամ չի կատարի։ Աղոթքի համար պայման է ջերմեռանդությունը, անկեղծությունը և կատարյալ վստահությունը։ Չորրորդ՝ մենք մեր աղոթքի մեջ պարտավոր ենք լինել հարատև, այնպես, ինչպես այրի կինն էր իր խնդրանքի մեջ հարատև։ Հինգերորդ, անհրաժեշտ է նկատել, որ մեր աղոթքները միշտ չէ, որ կարող են կատարվել։ Հաճախ մենք տևականորեն աղոթում ենք, տևականորեն Աստծուց խնդրում ենք ինչ որ բան, բայց երբեմն հուսախաբ ենք լինում, թե ինչու համար Աստված մեր աղոթքը չլսեց և չկատարեց։ Բայց եկեք մի պահ մեր անձերից փոխադրվենք այլ հարթություն, տեսնենք Քրիստոսի աղոթքը, որ մարդկանց մեջ ամենից կատարյալ աղոթողն էր, ի՞նչ խնդրեց Նա Իր խաչելությունից, Իր մատնությունից առաջ։ Երբ պարզ էր արդեն, որ պետք է Իրեն մատնեին, խաչեին, չարչարեին, Նա խնդրեց Հորից՝ Տե՜ր Աստված, այս բաժակը անցկացրու Ինձնից։ Բայց տեսեք, որ նույնիսկ Քրիստոսի աղոթքը, իբրև մարդ, անկատար մնաց։ Այսինքն մենք, որ սովորական մահկանացուներ ենք, արդյո՞ք մտածում ենք, որ մեր ամեն խնդրանք պետք է կատարվի՞, մեր ամեն աղոթք պետք է գործադրվի՞, բնականաբար ոչ։ Յուրաքանչյուր աղոթք կատարված տեսնելու ձգտումը մեզ ուղղակի հպարտության գայթակղության մեջ է գցում, որովհետև մենք մտածում ենք՝ այնքան կարևոր անձ ենք, որ երկրագունդը մեր շուրջն է պտտվում, բնականաբար Աստված չի կարող մեր խնդրանքները անտեսել և չկատարել, բայց բնավ այդպես չէ։ Աստված գիտի՝ ինչ է մեզ պետք, որքան է պետք և ինչպես է պետք։ Ահա այդ պատճառով, մեր աղոթքների պատասխանները կամ չեն տրվում կամ ուշանում են կամ տրվում են այլ կերպով, բայց աղոթքները մշտապես պատասխան գտնում են և անպատասխան լինելը ընդամեն մեր ընկալումների հետևանք է և ոչ թե ըստ էության Աստծո կողմից այդ խնդրանքին տրված վերաբերմունքի արդյունք։

Ահա այս առակով Քրիստոս ցանկացավ աղոթքի մասին այս պատգամները փոխանցել մեզ. աղոթել հարատև, աղոթել Աստծուն, աղոթել ջերմեռանդ և անկեղծ կերպով և աղոթել նաև երկնքի արքայությունը մեր կյանքում ներկայություն դարձնելու համար։

 

Տ. Արշակ եպս. Խաչատրյան

արոզը խոսվել է Մեծի պահոց հինգերորդ՝ Դատավորի կիրակիին Ս. Էջմիածնի Մայր տաճարում, 22-ը մարտի 2009 թ.)

 

22.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․