Գրքեր

Դեպի խաչելություն ձգվող ճանապարհը պատկերների համակարգում

Բավական բարդ պատկերագրությամբ տեսարան է. պատկանում է Քրիստոսի չարչարանքների շարքին և անմիջապես նախորդում է Քրիստոսի խաչելությանը: Հիմնականում ներկայացվում է որպես ճանապարհ դեպի Գողգոթա: Պատմությունը առկա է բոլոր չորս Ավետարաններում: Այս թեման ներկայացնում է Քրիստոսի՝ Պիղատոսի պալատից դեպի Գողգոթա ճանապարհը, որը Փրկիչն անցավ խաչը կրած: Պատկերագրության մեջ առհասարակ ներկայացվում է խաչը տանելու մի քանի տարբերակ, որոնցից մեկում պատկերվում է դրանցից մեկը, որտեղ Սիմոն Կյուրենացին օգնում է տանել խաչը: Հիմնական տեսարանը հետևյալն է. Քրիստոս զինվորների ուղեկցությամբ գնում է դեպի Գողգոթա լեռը, Նրա հետևից՝ ժողովուրդը: Գործող կերպարներ են Քրիստոսը՝ փշե պսակով, նրան ուղեկցող զինվորները և Սիմոն Կյուրենացին:  

Միջնադարյան մանրանկարներում Քրիստոս պատկերվում է հրեական ատյանում՝ քահանայապետի առջև կանգնած, լուռ ու արժանապատիվ: Երբ Կայիափա քահանայապետը հարցնում է Հիսուսին, թե՝ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, Հիսուս պատասխանում է.«Դո՛ւ ես ասում: Բայց ասում եմ ձեզ. այսուհետև Մարդու Որդուն պիտի տեսնեք ամենազոր Աստծո աջ կողմում նստած, և կտեսնեք, որ Նա գալիս է երկնքի ամպերի միջից»: Լսելով այս խոսքերը՝ քահանայապետը պատռում է իր վերարկուն՝ ասելով. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների», և հավաքվածներն ասում են՝ մահապարտ է: Այս դրվագը ներկայացնող մի խումբ մանրանկարներում Կայիափան պատկերվում է հանդերձը պատռելիս: Հրեաները սովորություն ունեին Աստծո դեմ հայհոյություն լսելիս հագուստը պատռել, դա ողբի ձև էր: Ատյանում կանգնած սպասավորներից մեկը ապտակում է Հիսուսին, այս դրվագի հետևողությամբ մանրանկարներում այս սպասավորը պատկերվում է Հիսուսի առջև ձեռքը բարձրացրած, իսկ  պատմողական բնույթի մանրանկարներում նաև գրվում է՝ ապտակէ Հիսուսն: Դեպի խաչելությունը ձգվող ճանապարհի մի շարք դրվագներում Հիսուսի կողքին պատկերվում է ձեռքը բարձրացրած այս ծառան: Համաձայն ավանդության՝ մատնության ժամանակ այս ծառայի ականջը կտրեց Պետրոս առաքյալը, իսկ Հիսուս բուժեց նրան: Խաչի ճանապարհին հանդիպող այս պատկերը խորհրդանշում է Փրկչի հանդեպ ծառայի երախտամոռությունը: Քրիստոս ատյանում պատկերվում է ձեռքերը խաչաձև կապված՝ որպես սկիզբ խաչի ճանապարհի:

Խաչի ճանապարհը պատկերող դրվագներից է Պետրոսը քահանայապետի տան գավթում պատկերը: Երբ քահանայապետի տան աղախիններից մեկը, տեսնելով Պետրոսին, ասում է. «Դու էլ Հիսուս Նազովրեցու հետ էիր», Պետրոսը ուրանում է՝ ասելով, թե չի ճանաչում Հիսուսին: Այդ ժամանակ կանչում է աքաղաղը: Այս պահը մանրանկարիչները Պետրոսին ներկայացնում են իրարից հեռու պարզած ձեռքերով, որոնք խոսուն կերպով ցույց են տալիս նրա հրաժարումը և ուրացումը, իսկ աղախնին պատկերում են Պետրոսին մատնացույց անելիս: Մի շարք մանրանկարներում Հիսուս բոկոտն, ձեռքերը խաչաձև կապած, գլուխը թեքած, լուռ և մեղմ հանդիմանանքով նայում է Պետրոսին, որն ասես կքել է առաջիկա ուրացումի ծանրության ներքո: Ուրացումը խորհրդանշող կարմիր աքաղաղը ձեռագիր Ավետարաններում պատկերվում է լուսանցքում:

Երբ Հիսուսին բերում են Պիղատոսի՝ հռոմեական կուսակալի մոտ, Հիսուսի հարցաքննությունից կուսակալը հետևեցնում է, որ, իրավ, այդ մարդը մահապատժի համեմատ մեղք չի գործել, հետևաբար չի ցանկանում հրեաների և քահանայապետերի նախանձախնդրության պատճառով անմեղ արյուն թափել: Այս միտքը ավելի պատկերավոր արտահայտելու համար բերել է տալիս ջրի սափոր և կոնք ու բոլորի աչքի առաջ լվանում ձեռքերը և բարձրաձայն հայտարարում. «Քաւեալ եմ ես յարենէ արդարոյդ այդորիկ, դուք գիտասջիք»: Պիղատոսը, ծանոթ լինելով հրեական օրենքներին, հետևում է այդ օրենքներից մեկին, երբ կատարված լիներ ոճիր և ոճրագործը չհայտնաբերվեր, հրապարակ էին բերում մի երինջ և բոլոր ներկաները պետք է իրենց ձեռքերը լվանային այդ երինջի գլխին, վկայելով, թե. «Ձեռք մեր ոչ հեղին զարիւնս զայս, եւ աչք մեր ոչ տեսին» (Բ Օրինաց ԻԱ 6-7): Հիսուս Պիղատոսի առջև պատկերներում Պիղատոսը ներկայացվում է ձեռքերը լվալիս: Հաճախ պատկերվում է միայն ձեռքերը լվալը, որը խորհրդանշում է Պիղատոսի դատավճիռը: Ավետարանիչները թեև չեն գրում, որ Քրիստոսը սյանը կապված ձաղկվեց, սակայն եկեղեցական ավանդությանը տեղյակ մանրանկարիչներն այս դրվագում Քրիստոսին պատկերում են սյանը կապված: Գողգոթա բարձրանալուց առաջ այս սյունը խորհրդանշում է նաև խաչափայտը, որի համար Հիսուս պատկերվում է ձեռքերը սյանը խաչաձև կապված:

Ավետարանիչները գրում են, որ հռոմեացի զինվորները Պիղատոսի վճռից հետո Հիսուսի վրա կարմիր պատմուճան գցեցին, գլխին փշե պսակ դրին, ձեռքը մի եղեգ տվին և ծնկի գալով ասում էին. «Ողջույն հրեաների թագավոր»: Համաձայն այս նկարագրության՝ Հիսուս Պիղատոսի առջև պատկերվում է հռոմեական զինվորներով շրջապատված, վրան կարմիր քղամիդ գցած, փշե պսակը գլխին, ձեռքում եղեգ: Մանրանկարներում հատուկ ընդգծվում է փշե պսակը, որը այստեղ առանձնակի խորհուրդ ունի: Անտիկ աշխարհում հերոսներին և բանաստեղծներին որպես պատվի բարձրագույն արտահայտություն դափնեպսակ էին ընծայում, այստեղ ծաղրանքով պատիվը որպես անարգանք է ներկայացվում:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

15.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․