26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Դեպի Կյանք առաջնորդող երիտասարդների աղոթքի ուղին

Հուլիսի 24-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Գևորգ սրկ. Համբարձումյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Ծաղկաձորի Կեչառիս և Մեղրաձորի Թեժառույգի վանական համալիրներ: Վաղ առավոտյան երիտասարդները միասնաբար աղոթեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցուն կից Սբ. Անանիայի մատուռ-դամբարանում, որտեղից և շարունակեցին աղոթքի իրենց ուղին, որ նվիրված էր Հայոց աշխարհի խաղաղությանը և հիվանդ երեխաների ապաքինմանը: Երիտասարդ ուխտավորները, հասնելով Ծաղկաձորի Կեչառիս միջնադարյան վանական համալիր, մասնակից եղան Սբ. Պատարագին համալիրի գլխավոր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Երիտասարդաց միության անդամներից չորս տղաներ իրենց մասնակցությունը բերեցին Սբ. Պատարագին՝ շապիկ հագնելով և Սբ. Խորան բարձրանալով: Առանձնահատուկ օրհնություն է ուխտավայրում մասնակից լինելը Հայ եկեղեցու սրբազան խորհրդին՝ Սբ. Պատարագին՝ հաղորդվելով Քրիստոսի Մարմնին և Արյանը: Օրհնաբեր այդ վայրում երիտասարդները աղոթքի կանգնեցին նաև վանական համալիրի մյուս եկեղեցիներում, մատուռներում: Ապա երիտասարդ ուխտավորները շարունակեցին իրենց ուխտուղին՝ մեկնելով Թեժառույգի վանական համալիր, որտեղ միասնաբար աղոթեցին և «Տեր ողորմեա»-ն երգեցին:

Մեղրաձորի գեղեցկատեսիլ բնության գրկում երիտասարդները սիրո ճաշ ունեցան և վայելեցին աստվածատուր բնության ներդաշնակությունն ու բազմազանությունը: Սբ. Պաիսիոս Աթոսացու խոսքի համաձայն՝ բնության մեջ, որ կողմ էլ նայես, ամենուր կտեսնես Աստծո իմաստությունն ու վսեմությունը:

Եկեղեցու սկզբնավորման առաջին իսկ օրից Քրիստոսի անվանակիցների՝ քրիստոնյաների հոգևոր ուղու մշտական մի ընթացքն է եղել ուխտագնացությունը: Ամեն անգամ ուխտավորն, առնչվելով սրբություններին, նորանոր բացահայտումներ է ունենում, զորանում է, նորոգվում՝ ապրելով աստվածապարգև իր կյանքը:

Տերունական այս օրը «Զորավոր» երիտասարդաց միության անդամները, ևս առնչվելով մեր սրբավայրերին, իրենց աղոթքի ուղով ընթացան դեպի Կյանք: Քանի որ. «Եկեղեցին մահ չի տալիս, այլ կյանք հավիտյան, գերազա՛նց է, քան բանականները, անշնչությամբ էլ իր մեջ Նա ունի հրաշագործում, երբ՝ խորհուրդների կատարումներն է արդեն ընձեռում: Նա հաստատում է նորոգությունը՝ վերստին մեր մեջ կենդանացնելով կերպարանքը սուրբ փառքերի՛ Լույսի: Եվ Նա Տապանն է ինձ մաքուր պահող, և կրկնակի՛ է ինձ երջանկացնում ու պահպանում ինձ՝ կյանքիս հեղձուցիչ ալիքների մեջ»,- ասել է Սբ. Գրիգոր Նարեկացին իր «Մատյան Ողբերգության» աղոթամատյանում (Բան ՀԵ):

 

Կարինե Սուգիկյան

24.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․