23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Դպրոցականների ճանաչողական դասը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում

Նոյեմբերի 7-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Բաբայանի նախաձեռնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ուխտագնացությունը, ինչպես նշեց հայ եկեղեցու պատմության մանկավարժը, նաև ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտներն անձամբ կարողանային տեսնել եկեղեցու կառուցվածքը, ծանոթանային աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին և զգեստներին: Տեր Վահան քահանա Առաքելյանը ողջունեց աշակերտներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Միասնական աղոթքից հետո Տեր Հայրը աշակերտներին նախ ծանոթացրեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանը, ապա՝ եկեղեցու կառուցվածքին: Ճանաչողական դասը տպավորել էր աշակերտներին. մինչ աստվածապաշտական որևէ գրքի, եկեղեցական սպասքի և զգեստի խորհրդի մասին խոսելը, Տեր Հայրը նախ ցույց էր տալիս այն, ապա ներկայացնում տվյալ գրքի, սպասքի և զգեստի խորհուրդը, գործածության ժամանակը և կերպը: Այն, որ աշակերտների հետաքրքրության դաշտը ընդլայնվել էր, վկայում էին նրանց բազմաթիվ հարցերը՝ ուղղված Տեր Հորը:

«Կարևոր է, որ ձեր սովորածը հիշեք և արժևորեք՝ որպես ազգային և հոգևոր ժառանգություն: Այդ արժեքների կրողը դուք եք, դուք պետք է պահեք մեր սրբությունները՝ ապրելով ձեր կյանքը՝ որպես ճշմարիտ քրիստոնյաներ, որպես ազգի և հայրենիքի պիտանի զավակներ՝ հնազանդվելով ձեր ծնողներին և մանկավարժներին: Աստված սիրում է բոլորիդ և ցանկանում է ձեզ տեսնել առողջ, ուրախ և երջանիկ»,- ասաց Տեր Վահանը՝ հորդորելով, որ չմկրտվածները մկրտվեն՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լիարժեք զավակները դառնալու համար:

Աշակերտուհի Ասյա Հարությունյանի համար օրը շատ ուսուցողական էր. «Ծանոթացա եկեղեցու կառուցվածքին, սպասքին, գրքերին և զգեստներին, աղոթեցի: Չգիտեի, որ խորան կարող են բարձրանալ միայն հոգևորականները և որ այնտեղ է գտնվում Սուրբ սեղանը: Ամեն անգամ մեծ հավատքով եմ մտնում եկեղեցի՝ վստահ լինելով, որ Աստված կկատարի իմ իղձը և նպատակը»:

Ծնողների և դաստիարակների առաջին պարտականությունն է «թույլ տալ երեխաներին և չարգելել նրանց» (Մատթեոս 19:14), որ գան եկեղեցի: «Մարդն, իր մանկությունից սկսած, իր սրտի գանձարանում հետզհետե ընդունում է թե՛ բարին, թե՛ չարն ու ինչ ընդունում է նախապես, միայն այն է արտաբերում դուրս՝ թե՛ բարին, թե՛ չարը նույն կերպ» (Խրիմյան Հայրիկ):

 

Կարինե Սուգիկյան

07.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․