Գրքեր

Դուք տաճար եք Աստծո

«Ո՞չ գիտէք եթէ տաճար էք Աստուծոյ, եւ Հոգի Աստծոյ բնակեալ է ի ձեզ:

Եթէ ոք զՏաճար Աստծո ապականէ. ապականեսցէ զնա Աստուած. զի տաճար

Աստծոյ սուրբ է, որ էք դուք» (Ա. Կորնթ. 3:16-17):

 

Նոր Ուխտի շնորհի տակ ապրող հավատացյալները Կենդանի Աստծո տաճար լինելու նվիրական իրավունք են ստացել: Այսպիսի իրավունք մարդուն չեն տվել ո՛չ հին ազգերը, ո՛չ հին կրոնները և ո՛չ էլ հին լեզուները: Այսպիսի հայտարարության ո՛չ քնարերգության և ո՛չ էլ փիլիսոփայության մեջ չենք հանդիպում: Այսպիսի բարձրագույն շնորհ ու պատիվ Հին Ուխտի օրենքի տակ ապրողներն էլ չկարողացան վայելել:

Հին Ուխտում Աստված որպես բնակության վայր ընտրեց Սիոնը. թեև Ինքը անշոշափելի, անմերձենալի, անսահման և անչափելի է, թեև իր առկայությամբ և ներկայությամբ ամենուր է, և թեև ո՛չ երկինքը և ո՛չ էլ երկիրը կարող են բավական լինել Նրան (հմմ. Գ. Թագ. 8:27), սակայն, իմանալով մարդու հոգևոր պահանջները, Իր սրբության և արդարության համար օթևան ընտրեց՝ Ինքն իսկ ցույց տալով տաճարի և խորանի հատակագինծը, Իր ներկայության բացահայտ նշան համարելով [ընդունելով] ոսկեղեն երկու քերովբեներին, որոնք թևատարած կանգնած էին տապանակի վրա (Ելք. 25:18-20, 37:7-9): Խավարի և կռապաշտության երկար տարիների ընթացքում այս տաճարը կանգուն մնաց որպես կռապաշտության դեմ կենդանի ուխտ և վկայություն, որը վկայում էր, որ երկինքը լռել է և երկիրն էլ ընթանում է մեղքի, թշվառության, անզգամության, ամբարշտության, ցանկության և պղծության մեջ, և այնուամենայնիվ միայն Ինքն է տիրում ողջ տիեզերքի վրա:

Դարեր հաջորդեցին միմյանց, ապականության և պղծության դարեր, որոնց ընթացքում կենդանի Աստծո ընտրած սրբավայրն անարգանքի ենթարկվեց, ապականության վայր դարձավ, պղծվեց իր պաշտամունքով և երկրպագությամբ:

Կարդացե՛ք Եզեկիելի մարգարեությունը (8:3-8) և պիտի տեսնեք, թե աստվածաին տեսիլքի մեջ ինչպես է նկարագրում Երուսաղեմի տաճարի ներքին ապականությունը և պղծությունը:

Արդյո՞ք նույն գարշությունը և պղծությունը չէր, որ վեց դար հետո, վերջին անգամ Տաճար մտնելիս տեսնում էր մեր Փրկիչը: Ո՜հ, փոխանակ սրբություն, խորհրդավորություն, անմեղություն տեսնելու՝ տեսնում է անվայել սեղաններ, լումայափոխներ, աթոռներ, աղավնեվաճառներ և անասնավաճառներ, և այլևս չկարողանալով համբերել՝ պարանե խարազանով նրանց դուրս է հանում, ասելով. «Իմ տունը աղոթքի տուն է, իսկ դուք ավազակների որջ եք դարձրել» (Ղուկ. 19:46):

Աստծո սրբարանն այս կերպ ամբարշտությամբ՝ անօրենությամբ, պղծված էր և այն պատկառելի սրբարանը, իր վեհությունն ու վսեմությունը կորցրած, դարձել էր ավազակների որջ:

Այս պատճառով էր, որ Բարձրյալ Աստված, նախկինից բոլորովին տարբեր մի նոր բնակավայր, նոր սրբարան, նոր տաճար ընտրեց՝ մարդու սիրտը, որն իր [մարդու] համար մեծ զորություն և մխիթարություն եղավ: Սրանով էր, որ մեր Տերը մխիթարեց Իր ահաբեկված աշակերտներին, և երբ Ինքն իր մարմնեղեն տաճարով երկինք համբարձվեց, յուրաքանչյուր առաքյալի մահկանացու մարմինն իսկույն փառքով լցվեց, և նրանց ճակատների վրա հրեղեն լեզուներով պսակներ դրվեցին, և այսպես նրանք Աստծո Ս. Հոգու տաճար դարձան: Աստծո Հոգին բոլոր տաճարներից առավել ազնիվ ու մաքուր սիրտը սիրեց, որն էլ Իր համար որպես տաճար ընտրեց:

Առաքյալները ոչ մի այլ վարդապետություն այնքան չեն շեշտել, որքան այս վարդապետությունը: Իրենց թղթերում կրկնում և մատնացույց են անում, որ հոգևոր կյանքի գլխավոր և միակ աղբյուրը դա է:

Այսպես ուրեմն, Աստծո սրբարանը մարդն է և տիեզերքում այժմ միայն ու միայն մեկ տեսակ Տաճար կա, այն էլ մարդկային մարմինն է: Եվ մարդու համար այս հանգամանքներից ավելի բարձր կատարելություն, պատիվ և մխիթարություն չկա:

Փորձենք այս գաղափարը մեր մտքի մեջ ևս լավ պարզել: Աստված մեր մեջ է, մեր ներսում է բնակվում. Նա ոչ միայն աներևութապես մեզ հետ է՝ մեզ մոտ, ոչ միայն խորհրդավոր րոպեներին մեզ հսկում է, ոչ միայն Իր թևերով հովանի է անում մեզ և Իր լույսով լուսավորում է մեր դեմքը, այլև մեր մեջ է, մեր մարմնի մեջ. մեր մարմինը Նրա Տաճարն է: Ի՜նչ փառավոր մեծություն է սա, ի՜նչ շքեղ ժառանգություն:

Ուրեմն Աստծո Տաճարն ես դու, ո՜վ մարդ: Երբ երիտասարդական աշխուժության մեջ ես, կամ երբ ծերության մեջ ոսկորներդ են տկարանում, թե հիվանդ լինես և հյուծվես, թե վիշտ ունենաս և ջլատվես, թե վերքերով ծածկված մարմին ունենաս և ապականվես, դարձյալ դու Աստծո Տաճարն ես: Եթե ծովի ամեհի ալիքների վրա խաղալիք դարձած մի նավաբեկյալ ես, դու տակավին Աստծո Տաճարն ես: Թե՛ դու Հովնանի նման ծովից կողմից կլանվես, թե՛ Հոբի նման աղբակույտի վրա մնաս, թե՛ Եզեկիայի պես մահվան մահճում հեծեծես, թե՛ Երեմիայի նման ցեխերի մեջ մնացած լինես, իմացած եղիր, որ Աստծո Տաճարն ես: Եթե նույնիսկ Դանիելի նման առյուծների գուբը նետվես, եթե՛ նույնիսկ բորբոքված հրի մեջ նետված մանուկների պես լինես, եթե՛ նույնիսկ Պետրոսի և Պողոսի նման տառապես, դարձյալ իմացած եղիր, որ Աստծո Տաճարն ես:

Այս Տաճարն ապականելը և պղծելը ամենամեծ ոճիրը պիտի լիներ. «Եթե որևէ մեկը Աստծո Տաճարը ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի»: Հին Ուխտում խստիվ պատժվում էր նա, ով պղծում էր Տաճարը (Ղևտ. 15:31, Թվեր 19:20), առավել ևս որքա՜ն պիտի պատժվի նա, ով ապականում է Աստծո հոգևոր Տաճարը՝ իր մարմինը:

Եզեկիելի հետ [միասին] նայեք ձեր ներքին Աստծո Տաճարին, նայեցե՛ք, տեսե՛ք, թե ի՞նչ նախանձավոր կուռքեր կան այնտեղ կանգուն, ի՞նչ այլանդակ անասունների, սողունների շաչյուն է լսվում այնտեղ, սրբության՝ արդարության շնորհի փոխարեն հեշտության, ցանկության ի՞նչ բուրվառներ կան:

Մեր Փրկչի հետ նայեցեք ձեր ներքին տաճարին, տեսե՛ք, թե Աստծո ներկայությամբ ի՞նչ անվայել խորհուրդներ և մտածումներ կան: Տեսե՛ք հպարտության, ամբարտավանության, ատելության ի՞նչ սեղաններ կան կանգնեցված, տեսե՛ք, բարոյական մարդասպանության, անասնական ցանկությունների, անբարոյական կյանքին հատուկ ի՞նչ ոգիներ կան այնտեղ բազմած:

Իմացեք ու համոզվեք, եղբայրնե՛ր և հայրեր, որ ինչպես կործանվեց Սիոնի Տաճարը, այդպես էլ պիտի կործանվեն այսպիսի մարմնի տաճարները: Հիշե՛նք և կրկնե՛նք Պողոս Առաքյալի այս զարհուրելի խոսքերը. «Եթե մեկը Աստծո Տաճարը ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի» (Ա Կոր. 3:17):

Իմանանք թե ի՞նչ սարսափելի բան է մեր գոյության երկնային տարերքը՝ Աստվածային անուշահոտ խունկն անմտությամբ ծխելը: Իմանանք թե ի՞նչ զարհուրելի բան է մեր ներքին սրբությունն անառակ շվայտության վայր դարձնելը, զգուշանանք մեր մարմնեղեն Տաճարը ապականելուց, ջանանք աստվածավայել օթևան դարձնել մեր սիրտը, մեր հոգին հեշտության ցանկություններով չպղծենք և չապականենք, խուսափենք գռեհիկ բաներ խորհելուց, Աստծո արդարությունը մեր առաքինությունը դարձնենք, Նրա սրբությունը մեր օրենքը համարենք, որպեսզի [այն] բնակվի մեր կրծքի տակ, մեր ոսկորներից ներս՝ հոգու մեջ, և կենդանի Աստծո Տաճար լինենք:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

20.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․