Գրքեր

ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ձեռնադրություն. Սուրբ կոչում

 

-Երեխայս զի՞նչ խնդրէ:

-Տէր Աստուած, օրհնեսցէ զամենեսեան:

-Աստուած թողութիւն շնորհեսցէ:

-Օրհնեսցի եւ սրբեսցի սեղանս եւ սիւն եւ ամենայն սարքուածք սորա. այս նշանաւ սուրբ Խաչիւս եւ սուրբ Աւետարանաւս եւ աւուրս շնորհիւ. անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

-Օրհնեսցի եւ սրբեսցի Մեռոնս այս նշանաւ՝ սուրբ Խաչիս, եւ սուրբ Աւետարանաւս, եւ սուրբ Աջիւս, եւ աւուրս շնորհիւ. անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Յուրաքանչյուրիս համար, թերևս, քիչ թե շատ ծանոթ արտահայտություններ են: Դարեր շարունակ ասված վերոնշյալ խոսքերը փոխանցվել և հասել են մեզ: Սակայն ամեն ոք իրավասու չէ արտաբերելու այն: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր կարող են  այն հնչեցնել: Պարզորոշ է, որ նրանք առնչվում են մեր հոգևոր կյանքին՝ մկրտությանը, Սբ. Հաղորդությանը, եկեղեցիների օծմանը, մյուռոնօրհնեքին, հետևաբար և հոգևորականներին: Քահանային է վերապահված մեղքերին թողություն տալ,  եպիսկոպոսն է կատարում ձեռնադրություն և կարող է եկեղեցի օծել, կաթողիկոսը միայն իրավունք ունի մյուռոն օրհնելու: Եվ այսպես շարունակ կարելի է թվարկել հոգևոր սպասավորների իրավասությունները:  Այժմ անդրադառնանք ձեռնադրությանը:

Ի՞նչ է ձեռնադրությունը

Ձեռնադրություն՝ ձեռքը դնել, աղոթել: Սա ձեռնադրության խորհրդի նկարագրության արտաքին նշաններն են՝ աղոթելը և նվիրյալի գլխին ձեռք դնելը: Որով ձեռնադրվողը Աստծո շնորհն է ստանում եպիսկոպոսի միջոցով:  «Ապա նրանց բերեցին առաքյալների առջև, որոնք աղոթելով իրենց ձեռքը դրեցին նրանց վրա» (Գործք Առաքելոց 6.6):

Ձեռնադրությունը այն խորհուրդն է, որի միջոցով ձեռնադրվողը դառնում է հոգևորական և ստանում հոգևոր աստիճան: Այն աստվածային պաշտոնին նվիրվելու՝ Ավետարան քարոզելու և ուսուցանելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու խորհուրդ է:

Խորհուրդի հաստատումը

Այս խորհուրդը հաստատել է Աստված: Նա հրամայեց Մովսես մարգարեին, որ Հեսուին ձեռնադրի և իրեն հաջորդ նշանակի, որպեսզի նա, իմաստության հոգով լցվելով, կարողանա առաջնորդել Իսրայելի ժողովրդին:

«Հաստատ իմացե՛ք, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում» (Մատթեոս 18.18):

«Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.19-20):

«Ապա փչեց նրանց վրա և ասաց.

-Առե՛ք Սուրբ Հոգին. եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն» (Հովհաննես 20.22-23):

Հիսուս Քրիստոս վերոհիշյալ խոսքերով աստվածային այդ իշխանությունը տվեց Իր աշակերտներին: Նրանց տվեց իշխանություն քարոզելու, բժշկելու, դևեր հանելու (Մատթեոս 10.1-8), մեղքերին թողություն տալու, արձակելու և կապելու (Մատթեոս 16.19), Սբ. Հաղորդության խորհուրդը կատարելու (Ղուկաս 22.19-20), ավետարանելու, մկրտելու (Մատթեոս 28.19-20), դրոշմելու: Նրանք էլ այդ իշխանությունը փոխանցեցին իրենց անմիջական հաջորդներին, ձեռնադրեցին սարկավագներ, քահանաներ և եպիսկոպոսներ իրենց հաստատած եկեղեցիների համար և այսպես շարունակվեց այս հաջորդականությունը դարերի ընթացքում քրիստոնեական եկեղեցու մեջ առ այսօր: Այսպես կազմավորվեց եկեղեցու նվիրապետական կառույցը, որոնք ինն են՝

  1. Դռնապանություն
  2. Ընթերցողություն
  3. Երդմնեցուցչություն
  4. Ջահընկալություն
  5. Կիսասարկավագություն
  6. Սարկավագություն
  7. Քահանայություն
  8. Եպիսկոպոսություն
  9. Կաթողիկոսություն

Նախքան ձեռնադրվելը

Հայ եկեղեցում այս խորհրդին կարող են մասնակցել միայն տղաները՝ հոգևոր ճեմարանում ուսանելով: Քանի որ առանց ժամանակի պատշաճավոր գիտության և առանց աստվածաբանական ուսման չեն կարող ձեռնադրվել: Բացի այդ ձեռնադրվողը անպայման մկրտված և դրոշմված պետք է լինի և հարազատ զավակը Հայ եկեղեցու: Պետք է ունենա հոգևոր ընդունակություն և մտավոր պատրաստվածություն: Իր սերումով ձեռնադրվողը պետք է լինի օրինավոր ու բարոյական կյանքի ժառանգ, լինի օրինավոր ամուսնության պտուղ, անբասիր և բարեպաշտ ծնողների զավակ: Աստվածային կոչումն է մարդուն մղում դեպի սուրբ սպասավորության. «Գիտեք նաև, թե որևէ մեկն ինքն իրեն չի կարող տալ քահանայապետության պատիվը, այլ Աստված է նրան կոչում այդ պաշտոնին, ճիշտ այնպես, ինչպես Ահարոնը կոչվեց» (Եբրայեցիներ 5.4): Դիմելով ձեռնադրության՝ ապագա հոգևորականը, պետք է հանձնառու լինի և պատրաստ հոգով, սրտով, ուսումնասիրել առաքյալների, հայրապետների, Հայ եկեղեցու վարդապետությունը, կանոնները, ավանդությունը և այլ կարգեր՝ երբեք չշեղվելով այդ ամենից: Ձեռնադրվողը պետք է նվիրված լինի աստվածային գործունեությանը թե՛ խոսքով ու թե՛ գործով: Այս պայմաններով հաստատված ընծայացուն կարող է հավատքով դիմել և եպիսկոպոսական ձեռնադրությամբ ընդունել Սուրբ Հոգին, հաղթաբար հարատևել հավատքի գործունեության ու ճշմարտության այգու մշակման մեջ:

Ձեռնադրության արարողությունը կատարվում է Սբ. Պատարագի ընթացքում, իսկ ձեռնադրիչ եպիսկոպոսը սովորաբար լինում է օրվա պատարագիչը: Սարկավագը ունենում է միայն ձեռնադրություն, իսկ նրանից վեր աստիճանները (քահանա, եպիսկոպոս և կաթողիկոս)՝ նաև օծում: Օծումից հետո ձեռնադրվողը նոր անուն է ստանում՝ որպես նոր մարդ դառնալու խորհրդանշան: Ձեռնադրության սուրբ խորհուրդը անկրկնելի է:

Ձեռնադրողը

Ձեռնադրողը պետք է ունենա եպիսկոպոսական աստիճան: Նրանք ձեռնադրելու իշխանությունը ստացել են իրենց նախորդներից: Միայն քահանայական կարգ ունեցող եկեղեցականը չի կարող ձեռնադրություն կատարել: Հայ եկեղեցին եպիսկոպոս ձեռնադրելու իրավունքը վերապահում է միայն կաթողիկոսին: Իսկ կաթողիկոսին ձեռնադրում են տասներկու եպիսկոպոսներ: Եթե ինչ որ հանգամանքների պատճառով անհնար է տասներկու եպիսկոպոս ապահովել, բացակաների հավանությունը ստանալուց հետո կարելի է մինչև երեք եպիսկոպոսով օծում կատարել: Երեքից պակասի դեպքում օծումը անվավեր է համարվում: Ձեռնադրողը աստվածային շնորհաբաշխումի փոխանցողն է:

Դռնապանությունից մինչև կաթողիկոսություն

Եկեղեցու նվիրապետական կառույցը ունի ինը աստիճան: Դռնապանությունից մինչև սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ: Փոքր աստիճանները այժմ ամփոփված են դպրության մեջ: Այս աստիճանները խորհրդագործական կարգին չեն վերաբերում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են եկեղեցու ծիսական կանոնավորության համար: Դպիրները պատանիներ են և երիտասարդներ, որոնք շապիկ են հագնում, շարական են երգում, գիրք են կարդում, խնկարկում և սարկավագի քարոզները լսում:

Դռնապանի պարտականությունն է եկեղեցու դուռը բացել և փակել, ու հսկել ժողովրդի կարգապահությունը:

Ընթերցողը եկեղեցում կարդում է Հին Կտակարանի գրքերը և Առաքելական թղթերը:

Երդմնեցուցչություն- Այսօր այս պաշտոնը գոյություն չունի: Նախկինում նրա պարտականությունն է եղել հիվանդների՝ այսահարների վրա ձեռք դնելով, Քրիստոսի անունով չար ոգիներին հալածել և մկրտվողներին հրաժարեցնել սատանայից:

Ջահընկալի պարտականությունն է եկեղեցու ջահերը, կանթեղները և մոմերը վառել, և պատրաստել Սբ. Պատարագի նշխարն ու գինին:

Կիսասարկավագությունը եկեղեցու նվիրապետության հինգերորդ աստիճանն է: Կիսասարկավագը սարկավագի օգնականն է: Նա խնկարկում է, զգեստավորում է պատարագիչին, սպասարկում է Սբ. Պատարագի խորհուրդը:

Սարկավագը սպասավորում է եպիսկոպոսին և քահանային խորհրդակատարության ընթացքում. Սբ. Պատարագի ընթացքում Ավետարանն է կարդում, խորհրդանոցից սուրբ Խորհուրդը վերաբերելով ընծայում է պատարագիչ հոգևորականին: Նա եկեղեցու ու Աստծո Սուրբ Սեղանի գլխավոր սպասավորն է:

Քահանայությունը յոթերորդ աստիճանն է նվիրապետության: Քահանան եկեղեցու խորհուրդները, արարողությունները կատարող անձն է և հովիվը: Նա Աստծո խոսքն է քարոզում, մկրտում, դրոշմում, ժողովրդին ապաշխարության է հրավիրում, խոստովանողներին արձակում իրենց մեղքերից, պատարագում, Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը բաշխում, աղոթում ժողովրդի համար, Սուրբ Պսակի արարողություն կատարում, այցելում է հիվանդներին և նրանց համար աղոթում: Հայ եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, որոնք կոչվում են աբեղաներ: Նրանք ուխտում են չամուսնանալ և նվիրվել Սուրբ եկեղեցու ծառայությանը: Կուսակրոն հոգևորականները կրում են վեղար՝ ի նշան աշխարհից հրաժարման: Նրանք թեև ստանում են քահանային հավասար խորհրդակատարման իրավունքներ, սակայն ծխական ժողովրդի հովվությունը նրանց գործունեության մեջ չի մտնում:

Վարդապետությունը եկեղեցու մեջ առանձին կարգ չէ: Այն տրվում է կուսակրոն քահանայության կարգ ունեցողին՝ ուսուցանելու և քարոզելու: Վարդապետությունն ունի 14 աստիճան: Առաջին չորսը մասնավոր վարդապետի աստիճաններն են, իսկ մնացածը՝ մեծ կամ ծայրագույն վարդապետի:

Եպիսկոպոսը եկեղեցու տեսուչն է, ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը: Միայն եպիսկոպոսն է իրավասու մյուս խորհուդներից բացի կատարելու նաև ձեռնադրության և եկեղեցու օծման խորհուրդները: Նա միայն մյուռոնի օրհնությունը չի կարող կատարել. այն  վերապահված է միայն կաթողիկոսին:

Արքեպիսկոպոսը և Պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են: Նրանք ունեն վարչական, նվիրապետական տարբեր պարտավորություններ և իրավասություններ: Արք  նշանակում է մեծ, պատվական: Արքությունը տիտղոս է, որը տրվում է կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով վաստակավոր եպիսկոպոսներին:

Հայ եկեղեցում պատրիարք տիտղոսը վերապահված է Կ. Պոլսի և Երուսաղեմի Աթոռների արքեպիսկոպոսներին: Նրանք,  ենթակա լինելով Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը, միայն վարչական իրավասություններ ունեն իրենց հոտի վրա: Հետևաբար մյուռոնօրհնություն և եպիսկոպոսական ձեռնադրություն չեն կարող կատարել:

Կաթողիկոսը կոչվում է նաև Եպիսկոպոսապետ, Քահանայապետ, Ընդհանրական Հայրապետ ու ծայրագույն Պատրիարք: Հայ եկեղեցու դավանության, ծեսի, օրենքների, կանոնների, կարգերի, ավանդությունների և ամբողջական միության վերահսկողն ու պահպանողն է, լիակատար իշխանություն ունի Հայ եկեղեցու վարչության վրա: Կաթողիկոսին են վերապահված նաև հետևյալ իրավասությունները՝ մյուռոն օրհնել, եպիսկոպոսական ժողով և ազգային-եկեղեցական ընդհանուր ժողովներ գումարել, նոր թեմեր հաստատել, առաջնորդների ընտրությունն ու պաշտոնը վավերացնել, արժանավոր եպիսկոպոսներին Արքության և քահանաներին Ավագության տիտղոսներ շնորհել: Կաթողիկոսը կոչվում է Ամենայն Հայոց, քանի որ համայն հայության հովվապետն է՝ առանց աշխարհագրական սահմանները նկատի առնելու: Բոլոր ձեռնադրվողների համար կաթողիկոսն է երաշխավորը:

Հոգևորականներին ողջունում ենք այլ կերպ.

Քահանային՝ Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր, կամ՝ Օրհնյա՛, Տե՛ր:

Աբեղային և վարդապետին՝ Աստված օգնական, Հա՛յր Սուրբ:

Եպիսկոպոսին՝ Աստված օգնական, Սրբազա՛ն Հայր:

Կաթողիկոսին՝ Աստված օգնական, Վեհափա՛ռ Տեր:

Նվիրապետական յուրաքանչյուր կարգ ունի իրեն հատուկ աղոթքներ, որոնցով հայցվում է Սուրբ Հոգու շնորհը ձեռնադրվողի վրա, որպեսզի կարողանա իր պաշտոնը կատարել Ավետարանական ուսուցումների և Հայ եկեղեցու սկզբունքների և ավանդությունների համաձայն: Ձեռնադրությունը շնորհի և իմաստության ստացման խորհուրդն է: Նվիրյալը ձեռնադրության արարողությամբ Աստծուց ընդունում է եկեղեցական կարգ, իշխանություն և երկնային իմաստություն:

 

 

 

 

 

12.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․