Գրքեր

Եկեղեցին հարուստ է և հզոր՝ աստվածային սիրով միավորված իր անդամներով

Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/156 հասցեում բնակվող Բարսեղյան ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Բարսեղյանն (36 տ.) ասաց, որ իրենց քառանդամ ընտանիքից ինքը, ամուսինը և որդիներից մեկն առողջական մի շարք խնդիրներ ունեն: Լուսինեի մոտ ութ տարի առաջ հայտնաբերել են քաղցկեղածին չարորակ բջիջ, նախկինում մի քանի անգամ վիրահատված ամուսնու մոտ կրկին վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, իսկ 17-ամյա որդու մոտ մեկ տարի առաջ երիկամային խնդիրներ են ծագել: Կարիքավոր ընտանիքում ոչ ոք չի աշխատում և միայն ընտանեկան նպաստ են ստանում: Այդ պատճառով ի վիճակի չեն հոգալու թե՛ ամենօրյա և թե՛ բուժման հետ կապված ծախսերը, ուստի ցանկանում են վաճառել իրենց բնակարանը, որպեսզի հնարավորություն ունենան բուժման նպատակով մեկնելու արտասահման:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար):

Սբ. Պողոս առաքյալն ասել է. «Բարերարությունն ու կարոտյալներին ողորմություն տալը մի՛ մոռացեք, քանի որ Աստված այսպիսի պատարագներ է հավանում» (Եբրայեցիներ 13:16):

 

Անդրադառնալով սրբերի կյանքին՝ տեսնում ենք, որ նրանց կյանքը լի է եղել այդպիսի աստվածահաճո պատարագներով: Ողորմածության առաքինությամբ էին փայլում նրանք՝ սիրելով Աստծուն և մերձավորին: Մի օր ծխականներից մեկը խոր ճաշամանով հատապտուղ է տալիս մի բարեպաշտ վանականի: Վանականն ընդունում է այն, շնորհակալություն հայտնում և փոխանցում է մյուս եղբորը: Նա էլ իր հերթին մեկ ուրիշին… Այդպես այդ հատապտուղները, մեկից մյուսն անցնելով, վերադառնում են վանականի մոտ: Պատմությունը վկայում է, որ նրանք բոլորն ունեին Քրիստոսի միավորյալ ոգին: Այդ ոգին է միավորում բոլորին սիրո մեջ, համախմբում Քրիստոսի միավորյալ Մարմնում՝ եկեղեցում, որի գլուխն Ինքը՝ Քրիստոսն է: Այդ ոգով է հարուստ և հզոր եկեղեցին:

 

 

Կարինե Սուգիկյան

14.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․