Գրքեր

Եկեղեցին խնդություն է ապրում իր զավակների սիրո միությամբ

«Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ասել է հայ պատմագիր Եղիշեն: Եկեղեցին մեր մայրն է դառնում հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, որից հետո էլ Մայրը չի դադարում իր զավակներին խնամելուց՝ հոգալով նրանց հոգու և մարմնի կարիքները: Հոգատար Մայրը մեծ խնդություն է ապրում՝ տեսնելով Քրիստոսին միավորված իր զավակների սերը, ուշադրությունն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ: Զավակները ևս մեծ ուրախություն են ապրում, երբ առանց ակնկալիքի առատորեն գործածում են պարգևածը:  

Դեկտեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային (47 տ.) հանձնեց դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ռուզաննան իր մոր՝ Գյույլնազարյան Եվգենյայի (77 տ.) և եղբոր՝ Մանուկյան Տիգրանի (43 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյանի 29 հասցեում: Մանուկյան ընտանիքը տասը տարի առաջ իր բնակարանը վաճառել է, որպեսզի մասամբ լուծի տան անդամների առողջական խնդիրները: Տունը, որտեղ ընտանիքն արդեն տասը տարի վարձակալությամբ բնակվում է, վթարային վիճակում է, տանիքը կաթում է, բնակարանը գազաֆիկացված չէ, բաղնիք չունեն, ջուրը տուն են հասցնում բակից: Այս խնդիրներին գումարվում են նաև Մանուկյան ընտանիքի անդամների առողջական խնդիրները: «Ես 2-րդ խմբի հաշմանդամ եմ, բրոնխիալ ասթմա և շաքարային դիաբետ ունեմ: Եղբայրս 1-ն խմբի հաշմանդամ է, ութ տարի առաջ ինսուլտ է տարել, գամված է անկողնուն, նա և մայրս թույլ լսողություն ունեն: Երկու տարի առաջ եղբայրս ոտքը կոտրեց, չկարողացան վիրահատել, քանի որ սուր շնչառական հիվանդությամբ՝ ասթմայով է տառապում: Տարվա ընթացքում մեկ անգամ բուժումներ ենք ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ինչի համար շնորհակալ ենք բուժանձնակազմին: Անչափ շնորհակալ եմ նաև Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին, որ օգնության ձեռք մեկնեցին մեր ընտանիքին»,- ասաց Ռուզաննան: Մանուկյան ընտանիքն իր նվազագույն կարիքները հոգում է ընտանեկան նպաստի և թոշակների գումարներով: 

Այն, որ սիրո միությունն ուրախություն և մխիթարություն է, փաստում է Պողոս առաքյալը. «Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, եթե Նրա սերն սփոփում է, եթե Սուրբ Հոգին մարդկանց հաղորդակից  է անում միմյանց՝ իրար նկատմամբ գթասիրտ ու ողորմած դարձնելով նրանց, ապա կատարյալ արեք իմ ուրախությունը՝ միաբանվելով, միմյանց հանդեպ նույն սերն ունենալով և համերաշխ ու համախոհ ապրելով» (Փիլիպ. 2:1-2):

 

Կարինե Սուգիկյան

 

 

01.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․