Գրքեր

Եկեղեցին օգնեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ` Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, Մեծ պահքի շրջանում, շարունակում է իրականացնել իր սոցիալական ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում՝ եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին իր հերթական այցն ունեցավ Մարգարյան 2-րդ նրբանցքի 13-րդ շենքի 10-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին: Ինը հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է մեկ սենյականոց բնակարանում: Վեց զավակների մայրը՝ 35-ամյա Ավետիսյան Լուիզան, ասաց, որ բնակարան ստանալու խնդրանքով բազմիցս են դիմել պետությանը, բայց մնացել են անարձագանք: Տեր Հայրն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց և հանձնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ: Բազմազավակ ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բոլոր այն անձանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց ընտանիքին:

Ողորմածությունը, ինչպես նշեց Տեր Գրիգորը, աստվածահաճո այն առաքինություններից մեկն է, որ սրբում ու մաքրում է մարդու հոգին՝ մոտեցնելով Երկնային Բարեգութ Հորը: Տեր Հայրը կարևորեց մի հանգամանք, որ պետք է մտապահի յուրաքանչյուր անձ. «Ամենն ինչ ունենք՝ մերը չէ, այլ՝ ողորմած Աստծո շնորհներն են, որ պարգևվել են մեզ, որպեսզի Աստծո մյուս զավակներին էլ բաժին հասցնենք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մի՞թե ունեցվածքդ քեզ է պատկանում: Քեզ վստահված է աղքատների հասանելիքը, թեկուզև դրանք ձեռք ես բերել արդարների աշխատանքով, թեկուզև ժառանգություն ես ստացել հորիցդ: ...Մի՞թե Աստված քեզնից չի կարող ամեն ինչ խլել: Բայց Նա դա չի անում՝ քո կամքին թողնելով կարիքավորների նկատմամբ քո ունեցած առատաձեռնությունը»:

Եկեղեցական համայնքային կյանքում սիրո գործնական յուրաքանչյուր արտահայտություն է՛լ առավել է ամրացնում և զորացնում համայնքը՝ պտղաբեր դարձնելով ամեն տեսակ բարի գործերի համար:

 

Կարինե Սուգիկյան

21.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․