Գրքեր

Եկեղեցու և պետության փոխհնազանդության մասին

Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի սկզբնական հակառակության մեջ երևում է այն ժամանակվա պետության և քրիստոնյաների միջև հարաբերությունները. քրիստոնյաներին հալածում էին և ահավոր չարչարանքների մատնում: Սակայն քրիստոնյա դառնալուց հետո Տրդատը նպաստեց Եկեղեցու զորացմանն ու պայծառացմանը` Գրիգոր Լուսավորչի հետ միասին դառնալով պետության և Եկեղեցու արդյունավոր համագործակցության վառ խորհրդանիշ: Մեր Սուրբ Եկեղեցին միշտ բարի հարաբերություններ է պահպանել պետության հետ` աշխարհիկ գործերի համար որպես սկզբունք դիտելով չմիջամտելը պետության վարած քաղաքականությանը: Սակայն ի հոգևորս պետական պաշտոնյաները, ծառայողները, աշխատավորները, բոլորը ենթակա են Եկեղեցուն, որովհետև Եկեղեցին է հոգևոր ոլորտում աստվածաշնորհ իշխանությամբ առաքելություն իրականացնողը, բայց միևնույն ժամանակ եկեղեցականներն իրենք ենթակա են պետության սահմանած օրենքներին, որովհետև, ըստ Աստվածաշնչի, նույն աստվածաշնորհությամբ է այն իշխանությունը, որով պետությունը վարում է աշխարհիկ գործերը մարդկանց բարօրության համար: Այս իմաստով շատ հատկանշական է Սուրբ Պողոս առաքյալի ուսուցումը. «Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից. բարի՛ն գործիր և նրանից գովասանք կստանաս, որովհետև նա Աստծու պաշտոնյա է քեզ` բարի գործերի համար. իսկ եթե չար գործես, վախեցի՛ր. քանի որ սուրը մեջքին իզուր չէ կապված. Աստծու սպասավոր է նա, վրեժխնդիր` բարկության համար, նրա դեմ, որ չարն է գործում. դրա համար պետք է հնազանդվել ոչ միայն բարկության համար, այլ նաև խղճմտանքի պատճառով. ահա թե ինչու հարկեր եք վճարում. որովհետև նրանք Աստծու սպասավորներ են` այդ բանին կանխապես նշանակված: Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ` հարկը, որին մաքս` մաքսը, որին երկյուղ` երկյուղը, որին պատիվ` պատիվը» (Հռոմ. 13.3-7):

Օրենքներ և եկեղեցի-պետություն փոխաջակցություն

Օրենքների տարբեր տեսակներ կան: Բացի պետության օրենքներից կան նաև բնության և բարոյականության օրենքներ: Բնության օրենքները նկարագրվում են որպես օրենքներ, որոնց համաձայն ամեն ինչ տեղի է ունենում, իսկ բարոյական օրենքները օրենքներ են, որոնց համաձայն ամեն ինչ պետք է տեղի ունենա: Օրինակ` մենք չենք կարող ասել, որ գետը պետք է հոսի այսպես կամ այնպես, կամ շրջանը պետք է ունենա այս կամ այն հատկանիշները, այլ միայն ասում ենք, որ իրականում գետը հոսում է այսպես, և շրջանն ունի այս հատկանիշները: Մինչդեռ մարդու մասին ասում ենք, որ նա պետք է վարվի բարոյական և առաքինի կերպով: Եվ քանի որ մարդն ունի բանական գիտակցություն և իր սեփական կամքով է ընտրում չար կամ բարի գործելը, ապա ի տարբերություն բնության` հիմնականում մարդն է, որ պատասխանատվություն է կրում իր գործած արարքների համար:

Քրիստոնեության մեջ առանձնահատուկ դիրքորոշում կա օրենքի հանդեպ: Հին աշխարհի մեծ փիլիսոփա Սենեկան ասում էր, որ իմաստուն մարդը չի պատժում արդեն կատարված վատ արարքի համար, քանզի պատժի նպատակն է կանխել մեղավոր արարքի կրկնությունը: Իսկ Պլատոնի մի ստեղծագործության հերոսը անհրաժեշտ է համարում հետապնդել սպանություն գործածին նույնիսկ եթե նա ամենահարազատ անձն է, և բերել պատասխանատվության` ըստ օրենքի: Նշանավոր մտածողներից մեկն ասել է, որ օրենքի միակ նպատակը վախեցնելն է ուրիշի իրավունքները խախտելուց կամ քրեական պատժի նպատակը հանցագործության նկատմամբ վախ պատճառելն է: Հետևաբար, պատժի սահմանումով օրենքը նկատի ունի ապագան: Այս միտումով տարբերություն կա պատժի և վրեժխնդրության միջև: Հանցանքի համար յուրաքանչյուր պատիժ առանց ապագայի նկատառման վրեժխնդրություն է, որի միակ նպատակն է զրկանքի ենթարկված անձի մխիթարությունը զրկանք պատճառած մարդու չարչարանքների դիտումով: Սա նշանակում է, որ մարդկանց արարքներին վերաբերող օրենքները պետք է գործադրվեն առանց վրեժխնդրության:

Պատմության մեջ եղել են շատ կայսրություններ, որոնց անկման պատճառը, չնայած պետության օերնքների համակարգին, եղել է տարածված անբարոյականությունը, մինչդեռ կրոնը կասեցնում անբարոյականության և պիղծ վարքուբարքի տարածումը: Տրդատ արքան Հայաստանի պետական կրոն հռչակեց քրիստոնեությունը: Նույնպես Կոստանդիանոս կայսրը ջանքեր ներդրեց Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեությունը պետական կրոն դարձնելու, որովհետև նաև գիտեր, որ այդ հսկա կայսրությունը, որի միապետն էր ինքը դարձել, կարող է պահել միայն քրիստոնեական կրոնի բարոյականությամբ:

Կրոնը լրացնում է պետության գործունեությունը: Պետության օրենսդրությունն ասում է, որ արդարություն պետք է լինի ամենքի հանդեպ, իսկ քրիստոնեությունն ուսուցանում է, որ ամենքը պարտավոր են արդարություն գործել: Նմանապես տարբեր են իրավաբանների և քրիստոնեական բարոյագետների տեսակետները: Իրավաբանը կարող է ասել, որ պարտատերերը պետք է ետ ստանան իրենց տվածը, իսկ բարոյագետները նույն դեպքի համար կասեն, որ պարտապանները պետք է կատարեն իրենց պարտավորությունները: Սա նշանակում է, որ Եկեղեցին մեծապես նպաստում է պետության հասարակության մեջ քաղաքացիների կողմից և՛ պետական օրենքների գործադրմանը, և՛ հասարակության ներդաշնակ ու հաստատուն կյանքի ապահովմանը: Հետևաբար, նաև այս նկատառումով պետությունը պետք է նեցուկ լինի Եկեղեցուն հոգևոր առաքելության իրագործման համար:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

24.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․