Գրքեր

Եկեղեցու համայնքը սիրով լիացրեց մանկատան սաների օրը

Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով Մեծ պահքի շրջանը հոգևոր գարնան մի շրջան է, երբ սերը ծաղկում է և կյանքի բուրմունքը իր շուրջը տարածում: Մարտի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ, այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ վայելելով սիրո ծաղկունքի բուրմունքը: Տեր Գրիգորը մանկատան տնօրինությանը, աշխատակիցներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և բժշկության աղոթք կարդաց: Համայնքի անդամներն իրենց նյութական միջոցներով մանկատան մի քանի խմբի սաներին տրամադրեցին տակդիրներ, զարգացնող խաղեր և քաղցրավենիք (114 000 դրամ արժողությամբ): Այցը սիրով լիացրեց մանկատան սաների օրը. համայնքի անդամները երեխաների հետ զրուցում էին, նրանց հետ խաղում, խճանկարներ հավաքում, գունավորում նկարազարդ գրքույկները, քաղցրավենիք հյուրասիրում և կերակրում: Առավել փոքրիկներին գրավել էին իրենց նոր խաղալիքի՝ ծաղրածուի շարժումները: Դաունի սինդրոմ և այլ համախտանիշներով տառապող երեխաները, որոնց մեծ մասը գամված էր հաշմանդամության սայլակներին, առավել շատ սիրո և գուրգուրանքի կարիք ունեին: Հոգևորականների և համայնքի անդամների կողմից ցուցաբերած սերը, ուշադրությունն ու ջերմությունը նրանց ոգևորել էր և մեծ ուրախություն պարգևել: Ջերմ մթնոլորտում երեխաներն արդեն իսկ հարազատ դարձած իրենց ացելուներին վերաբերվում էին որպես ընտանիքի անդամների: Ուրախությունը երկուստեք էր, քանի որ Քրիստոսի հետևորդի համար ուրախալի առիթ է իր սիրո գանձարանից դիմացինին սեր ու գուրգուրանք նվիրելը:

Մանկատան դաստիարակչական գծով փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը նշեց, որ նման այցելությունները խրախուսելի են և դրական ազդեցություն են թողնում երեխաների վրա. «Նրանք ուշադրության կենտրոնում են հայտնվում, ներգրավվում են հասարակության մեջ, իսկ այցելությունների շարունակական լինելու դեպքում երեխաները ճանաչում և սպասում են արդեն հարազատ դարձած իրենց ընկերներին»:

«Քրիստոնեության մեջ բարին գործելը համեմատվում է «հոգևոր օդի» հետ, իսկ օդն, ինչպես հասկանում ենք, կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում կյանքի շարունակականության: Ծնողական սիրուց զուրկ այս երեխաների հետ մեր անցկացրած մի քանի ժամերը իրապես մեզ համար կենարար հոգևոր օդ էր, նրանց մաքուր աշխարհը մեզ լույս ու թեթևություն պարգևեց»,- ասաց Տեր Գրիգորը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները հրաժեշտ տվեցին երեխաներին՝ առաջիկայում նոր հանդիպումների ակնկալիքով:

 

Կարինե Սուգիկյան

15.03.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․