Գրքեր

Եկեղեցու իրական առաքելությունը

Պապ թագավորը որոշ տարաձայնություններ է ունեցել Ներսես Մեծ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Կարծիք կա, որ տարաձայնությունների պատճառներից մեկն էլ աղքատանոցների և անկելանոցների առկայությունն էր, որովհետև ըստ թագավորի` բազում մարդիկ ընկնում էին անհոգության մեջ և ծուլության մատնվում: Այսօր շատ մարդիկ Եկեղեցին հաճախ շփոթում են սոցապնախարարության հետ: Ոմանք ասում են. «Ինչու՞ Եկեղեցին ինձ նյութապես չի օգնում»: Պետք է բոլորս էլ իմանանք, որ Եկեղեցին առաջին հերթին զբաղվում է մարդու հոգուն և ոչ թե մարմնին վերաբերող հարցերով: Սակայն, ինչ խոսք, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Եկեղեցին միշտ էլ պետք է օգնության ձեռք մեկնի նաև նյութական իմաստով: Հիսուս Քրիստոս Պետրոս առաքյալին երեք անգամ հարցրեց` սիրու՞մ ես ինձ, և դրական պատասխան ստանալուց հետո ասաց` հովվիր Իմ հոտը: Ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու` Քրիստոս սրանով ցույց տվեց հոտը հովվելու երեք ձևերը, որոնք նախ վերաբերում են թեմի առաջնորդ եպիսկոպոսներին: Եպիսկոպոսներն առաջին հերթին պետք է նյութական օգնություն ցույց տան իրենց թեմի կարիքավորներին ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որովհետև բոլորի համար անխտիր հոգալը հնարավոր չէ և վտանգ կա, որ մարդիկ կընկնեն ծուլության ու անհոգության մեջ` ցանկանալով ապրել ուրիշների հաշվին: Այսօր էլ շատ մարդիկ ենք տեսնում, ովքեր մուրացկանի հոգեբանություն են ձեռք բերել և ծուլության մեջ ընկնելով` մուրացկանությունը դարձրել են մասնագիտություն կամ էլ փող վաստակելու հեշտ ճանապարհ: Այսինքն` շատ դեպքերում մուրացկանությունը ոչ թե աղքատության նշան է, այլ՝ հոգեբանություն կամ էլ նույնիսկ հոգեկան հիվանդություն: Երկրորդ` եպիսկոպոսը պետք է հոգա իր թեմի մարդկանց հոգևոր պետքերը: Եվ երրորդ` եպիսկոպոսը պետք է իր կյանքով ու գործերով մյուսների համար օրինակ լինի: Եթե Եկեղեցին ավելի շատ զբաղվի նյութական պետքերով, ապա դրանով կխախտի նաև Քրիստոսի պատվիրանը, որն ասում է. «Հոգ մի՛ արեք, ձեր հոգու համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛ նչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում: Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.25, 32, 33): Եկեղեցուց նյութական օգնություն ակնկալելուց առաջ նախ ինքներս մեզ անկեղծորեն մի հարց տանք. «Փնտրե՞լ ենք արդյոք ամենից առաջ Աստծո արքայությունն ու արդարությունը»: Եթե ոչ, ուրեմն հետևենք Քրիստոսի այս կոչին և հաստատապես պիտի համոզվենք, որ Աստված երբեք չի ստում:

Եկեղեցու գերազանցության և հաղորդության մասին

Աստված մեզ լսում է ամեն տեղից և Աստված ամենուրեք է, սակայն Աստված ամեն տեղ չի իջնում: Աստված չի իջնում տարատեսակ սրահներ ու կինոդահլիճներ, որովհետև դրանք նաև մեղավոր տեղեր են: Մինչդեռ եկեղեցին օրհնված և օծված վայր է` մաքրությամբ և սրբությամբ լի: Հենց այստեղ է, որ կատարվում է մեր հաշտությունն Աստծո հետ, այստեղ է, որ քահանայի ձայնը բացում է երկինքը, և երկնային հրեշտակները Քրիստոսի գլխավորությամբ իջնում են եկեղեցու խորան, ուր Սուրբ Հոգով սրբագործվում են Պատարագի հացն ու գինին: «Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 15.19): Բայց եթե ուզում եք հավիտենական կյանք ունենալ, լսեք, թե ինչ է ասում Քրիստոս. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ. 6.54):

Այսօր շատ մարդիկ ասում են. «Ես իմ մեջ հավատում եմ Աստծուն, աղոթում եմ, էլ ինչի՞ համար եկեղեցի գնամ»: Եվ հենց այս պատճառով որոշ մարդիկ հազվադեպ են եկեղեցի գալիս կամ ընդհանրապես եկեղեցում չեն լինում: Բայց մենք առաջին հերթին եկեղեցի չենք գնում աղոթելու համար: Իրոք, եթե ուզում ենք աղոթել, կարող ենք աղոթել նաև ցանկացած տեղում, և ամեն տեղից էլ մեզ Աստված կլսի, չնայած որ աղոթելը շատ ավելի արդյունավետ է եկեղեցում: Եվ նույն կերպ, եթե ուզում ենք մոմ վառել, ապա կարող ենք մոմ վառել նաև մեր տանը մի որևէ սրբապատկերի առաջ: Եվ եթե ուզում ենք քարոզ լսել, ապա հատկապես այսօր կարող ենք որոշակի ժամերի միացնել ռադիոընդունիչն ու հեռուստացույցը և քարոզ լսել: Հետևաբար, մենք եկեղեցի ենք գնում առաջին հերթին ոչ թե ինչ-որ բան անելու կամ տալու, այլ ստանալու համար: Աստված մարդուն փնտրում է ոչ թե նրանից վերցնելու, այլ տալու համար: Իսկ որտե՞ղ է արդյոք Աստված ավելի մոտ լինում մարդկանց հատկապես Պատարագի օրերին, եթե ոչ եկեղեցում: Քրիստոս ասում է, որ Իր հիշատակի համար սրբագործվող հացն ու գինին Իր Մարմինն ու Արյունն են: Եվ մենք հաստատապես գիտենք ու հավատում ենք, որ Պատարագի ժամանակ Սուրբ Սեղանի վրա օրինական հոգևորականի կողմից սրբագործվող հացն ու գինին աստվածային զորությամբ դառնում են Հիսուս Քրիստոս, ով Իրեն ամբողջովին բաշխում է հավատացյալներին: Եվ, հետևաբար, մենք առաջին հերթին եկեղեցի ենք գնում աստվածային շնորհներ ստանալու, հատկապես ստանալու այն մեծագույնը` Սուրբ Հաղորդությունը, որով Քրիստոս Աստված Իրեն տալիս է մարդկանց: Մարդիկ կան, ովքեր աղանդավորների, հերետիկոսների նման ասում են, որ այդ հացն ու գինին մարմին և արյուն չեն, այլ պարզապես մարմնի ու արյան խորհրդանիշ և, հետևաբար, դրա համար էլ պետք չէ եկեղեցի գնալ, կարելի է այլ տեղում էլ հավաքվել: Բայց Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Եթե Քրիստոս Ինքն ասաց, որ դրանք Իր Մարմինն ու Արյունն են, ապա ո՞վ կհամարձակվի հակառակը ասել»: Ուղղափառ, ճշմարիտ հավատքի հետևորդները բազում անգամներ տեսիլքներ են տեսել, որոք ցույց են տվել, ապացուցել են, որ այդ հացն ու գինին Քրիստոսի ճշմարիտ Մարմինն ու Արյունն են, մինչդեռ հակառակը պնդողներից ոչ ոք մինչև այսօր տեսիլք չի տեսել, որը ցույց կտար, թե դրանք մի պարզ խորհրդանիշ են: Մարդը չի կարող փրկվել միայն Ավետարանի քարոզչությամբ, որովհետև, օրինակ, եթե քաղցած որևէ մեկի հետ մենք խոսենք հացի մասին, ասենք, թե ինչ գեղեցիկ, կենդանարար հատկություններ ունի հացը, նա, միևնույն է, վերջ ի վերջո սովից կմեռնի: Այդ իսկ պատճառով էլ եկեղեցիներում Աստված ոչ միայն Իր պաշտոնյաների միջոցով քարոզում է Իր վարդապետությունն ու արքայությունը, այլև Իրեն է ամբողջովին տալիս հավատացյալներին: Քրիստոսի Մարմինն ու Արյունը նման են թթխմորի, որն աստիճանաբար փոխում է ադամական մարմինը, մաքրում մեղքերից, թերություններից, արատներից, ինչպես որ մի փոքրիկ թթխմորը փոխում և իրեն է նմանեցնում խմորի ողջ զանգվածը: Եվ եթե շատերդ անգիտության պատճառով արդեն երկար ժամանակ է, ինչ չեք հաղորդվել Քրիստոսի սրբարար Մարմնին ու Արյանը, ապա մի կորցրեք այս գեղեցիկ հնարավորությունը, գնացեք եկեղեցի և ճաշակեցեք Հաղորդությունը, որովհետև միայն եկեղեցիներում է հնարավոր Աստծո հետ հաղորդակցությունը ոչ միայն հոգեպես, այլև նյութապես: Հաղորդություն ստանալու պայմաններն են նախ մկրտված լինելը, այնուհետև սեփական մեղքերի համար զղջալն ու ապաշխարելը և Պատարագից առաջ կամ Պատարագի ընթացքում քահանայի միջոցով մեղքերի թողություն ստանալը:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

22.06.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․