Գրքեր

Երանելի Բարսեղ Կեսարացու ներբողը Քրիստոսի սուրբ նահատակ Ստեփանոսի մասին

Ամենքն, ովքեր կերակուրներ պատրաստելու սիրահարներ են, զանազան  խորտիկներ պատրաստելիս՝ ակնահաճո տեսքից առավել այդ կերակուրների համն են կարևորում։ Այդպես և գորովագութ մայրը, երբ երկար ժամանակով հեռացած իր զավակների ընդունելությունն է կազմակերպում, ախորժելի և օգտակար կերակուրներ է ժողովում սեղանին, սակայն ո՛չ միայն կերակուրներով, այլև պատվական գանձերով է ուրախություն պատճառում նրանց, մանավանդ որ այդ գանձերը մայրն ամբարում է հենց իր զավակների՛ համար։ Այս կերպ նաև ձեր ճշմարիտ մայրը՝ Եկեղեցին, Աստծու կամքին հնազանդ ու Նրա կամքը կատարող հավատացյալ որդիների բազմությանը՝ իր ժողովրդին, հրավիրում է հավատի, հույսի և սիրո ընդունելությանը։ Ուստի, սիրող Հոր ու հավատացյալ Մոր, այսինքն՝ Աստծու և եկեղեցու հավատացյալ որդիները լինելով, անխախտ սե՛ր ունեցեք դեպի ձեր Հայրը՝ Աստված, և նայելով սրբերի ժողովին, որ ձեր մայր Եկեղեցու գանձերն են, բերկրությո՛ւն ապրեք հույսով և ցնծացե՛ք ուրախությամբ, որպեսզի այն շնորհները, որ լուսավորեցին նրանց, ձե՛զ էլ արժանի դարձնեն՝ հասնելու սրբերին վիճակված ժառանգությանը։

Արդ, աղաչում եմ ձեզ, ծառայակիցներ ու որդյակներ, ունկնդի՛ր եղեք ինձ, սակայն ո՛չ նեղսրտած կամակորությամբ, քանի որ մինչև իսկ եթե որդիներն էլ նեղսրտած կամակորությամբ ուտեն մոր պատրաստած կերակուրները, մոր սրտին գթությունից ոչ պակաս տրտմություն պիտի իջնի։ Եվ արդ, ինչպես որ ասացի, որդինե՛ր, սեղանն ապականացու կերակուրներով հագեցած չկարծե՛ք և ո՛չ էլ մայրական գութը երկրաքարշ թանձրություն համարեք, այլ հոգևոր ու երկնային ավազանի որդիները լինելով՝ պատրաստ եղեք վայելել հոգևո՛ր սեղանից։

Այսօր Ստեփանոսն է, որ ուրախացնում է անձն ու մարմինը ժողովրդի, քանի որ այսօր հենց նրա՛ հիշատակն է տոնվում։ Ա՛յն Ստեփանոսը, որի քաջ նահատակության մասին առաքյալների կողմից պատմվում է սուրբ Գրքերում։ Նա իր բազմափայլ առաքինություններով այրիներին և աղքատներին վերակացություն անելու շնորհներին արժանացավ, քանի որ, հիրավի, կաթողիկե եկեղեցում չկա ավելի մեծ ու ճշմարիտ շնորհ, քան աղքատների խնամատարությունը և մարդկանց պետքերի մասին հոգ տանելը՝ ինչպես որ առաքյալները նրան կարգադրեցին անել։ Ինչո՞ւ, սակայն, առաքյալները Ստեփանոսի՛ն ընտրեցին․քանի որ, ինչպես ասվում է՝ «նա հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր»։ Տեսնո՞ւմ ես՝ ո՛րն է նրա առավելությունը։ Եվ քանի որ նա, որ լի էր հավատքով ու Սուրբ Հոգով և մեծ սիրահոժարությամբ էր կատարում առաքյալների պատվերները, որպես Աստծու սպասավոր ընտրվեց, ուրեմն, նաև մենք, եթե նույն կերպ վարվենք, մեր անձերի ու մեր մերձավորների փրկության պատճառ կարող ենք դառնալ։ Իսկ Սուրբ Հոգին ունենալ նշանակում է գործո՛վ սպասավորություն կատարել, քանի որ անգործունյա սպասավորություն կատարողները ոչ թե Սուրբ Հոգու կրողներ, այլ հալածիչներ կլինեն։

Արդ, աղաչում եմ ձեզ, այժմ՝ այս վայրում, առավե՛լ կենտրոնացրեք ձեր ուշադրությունը, քանի որ այստեղ է, որ երևում է Սուրբ Երրորդության միասնությունը՝ ոչ ըստ դեմքերի, այլ ըստ Աստվածության։ Սուրբ Գրքի սրբազան հեղինակը երկնավոր Հոր մասին ասում է, որ Նա ծագեցնում է Իր արեգակը և՛ չար, և՛ բարի մարդկանց վրա ու անձրև է իջեցնում և՛ արդարների, և՛ մեղավորների համար։ Այս բարերար նախախնամության սպասավորությունը գործում է նաև մեզ համար։ Եվ Ինքը՝ Փրկիչն էլ Իր մասին ասում է «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու»։ Սուրբ Հոգին էլ Ստեփանոսի միջոցով ծառայում էր այրիների ու աղքատների դասերին, և իզուր չէ, որ կարող ենք այս սքանչելի մարդուն Սուրբ Երրորդության բնակարան կոչել, քանի որ այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին է, այնտեղ են նաև Որդին և Հայրը։

Տերն ասում է, որ «եթե մեկն Ինձ սիրի, կպահի Իմ խոսքերը, և Իմ Հայրը կսիրի նրան ու կտանի Իր մոտ ու Իր օթևաններում կբնակեցնի»։ Արդարև, Ստեփանոսը սիրեց Տիրոջն ու առանց որևէ գայթակղության ենթարկվելու՝ պահեց Նրա խոսքերը, որոնցից մեկն էլ ասում է, թե՝ «նա, ով կամենում է առաջինը լինել, թող բոլորի ծառան լինի»։ Ե՛վ աշխատասեր մշակը իր տաժանակիր աշխատանքն անելիս, և՛ քաջամարտիկ զինվորն իր օրինավոր ու տիրասեր սպասավորությունը կատարելիս, ինչպես որ գրված է,  վստահությամբ սպասում են իրենց Պսակողին։ Իսկ ի՞նչ արեցիր դու, ո՛վ Ստեփանոս, անաստվածների կողմից քարկոծվելուդ ժամանակ. աղոթեցիր Տիրոջն՝ ասելով. «Այս մեղք մի՛ համարիր նրանց»։ Այո՛, ասում է, ես հող ու մոխիր եմ, ու ինչքանով որ կարողացա՝ փորձեցի իմ նմանությունն ունենալ Տիրոջ ու Աստծո հետ։ Եվ Աստծուն դիմելով, ասում է նա․«Դու ըստ ամենայնի կյանք պարգևողն ու կյանքի և մահվան իշխանն ես, իսկ ես՝ ստեղծվածս ու ստոր ամբարտավանությամբ մեծամտացողս, Քեզ իմ աչքի առաջ ունենալով՝ ըստ իմ տկար բնության կարողության փորձեցի նմանությունն ունենալ Քո՝ իմ Տիրոջ ու Աստծու հետ»։ Ա՛յն Աստծու, որն, իբրև Որդի, ասում է. «Հա՛յր, թողությու՛ն շնորհիր նրանց»։ Ստեփանոսն էլ, որպես ծառա, ասում է Տիրոջը. «Տե՛ր, այս մեղք մի՛ համարիր նրանց»։ Սակայն նա ոչ թե Քրիստոսին նմանվելու սնափառության պատճառով էր այս ասում, այլ գթասրտության, ու մեծ եռանդով ողորմած Աստծուց քավություն էր հայցում նրանց անջնջելի մեղքերի համար։ Եվ Փրկիչը, ճանաչելով Ստեփանոսի ջերմեռանդ սիրտն ու լսելով մարդկանց համար նրա հայցվածները, անհապաղորեն նրան է շնորհում նահատակության պսակն ու իսկույն Իր գիրկն է առնում Ստեփանոսին և Իր կատարյալ ճանաչողությանն է արժանացնում նրան։ Եվ ոչ միայն այսքանը, այլև Ստեփանոսի՛ն է ընտրում որպես անոթ՝ հեթանոսների ու թագավորների առաջ Տիրոջ անունը կրելու և Իսրայելի որդիների առջևում կանգնելու համար։

Մարդկանցից ո՞վ այսքա՜ն գութ ու համբերություն ստացավ Աստծուց։ Նաև, իր սպասավորելու առաքինությանը զուգահեռ, իմանալի ու սքանչելի զորությունների կրողը եղավ նա, քանի որ, բոլոր մարդկանց նման մարդկային տկար բնություն ունենալով՝ իր հավատքի շնորհիվ երկնքից էլ ավելի վեր ելավ՝ կամենալով աստվածային բովանդակ փառքի ականատեսը լինել։ Մովսեսը տեսավ այդ փառքի մի մասը միայն՝ մեջքով կանգնած լինելով Աստծուն, իսկ Ստեփանոսը տեսավ Աստծու փառքն ամբողջապես և Նրա աջ կողմում՝ բազմած Հիսուսին, ում վարդապետությանը հետևելով էր, որ նա համբերում էր իր այդ վշտերի մեջ։ Ո՛վ դու, առաջի՛ն նահատակ, նմանվելով քո Տիրոջը՝ ամենքի կողմից ընծայվեցիր Աստծուն, և Աստծուն Պատարագ մատուցող Պետրոսը, Հովհաննեսը և նրանց հետ նաև մնացյալ տասը առաքելակիցները, տեսնողները եղան քո այս սքանչելի շնորհների։ Եվ դու քո սուրբ արյան հեղմամբ բոլոր առաքյալներից էլ առաջ, որպես պատարագ, ընծայվեցիր Աստծուն ու քեզ վրա ընդունելով Աստծու անսուտ խոսքերը՝ առ ոչինչ համարեցիր վայրագորեն դեպի քեզ նետվող քարերի կարծրությունը. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով»։

Մեռավ Ստեփանոսը այն ցորենահատիկի նման, որի մասին պատմվում է Հովհաննեսի Ավետարանում, և իր մահվամբ արդյունավորեց իրեն Սերմանողին պատկանող սրբերի ժողովը։ Եվ արդ, ի՞նչ կամ ինչպիսի՞ խոսքերով հռչակենք քո լուսապայծառ ու երկնաբնակ փառքը, քանի որ միտքը պատրաստ չէ՝ ընդունելու այն և ոչ էլ լեզուն է ի զորու գովաբանության խոսքով քեզ արժանին հատուցանել, մանավանդ որ Պողոսն էլ առաքելական ընտրյալ շնորհով ասաց, որ գովությունը ոչ թե մարդկանցից է երբևէ, այլ՝ Աստծուց։ Ստեփանոսն, ըստ իր անվանակոչության, վայելչագույն պսակ ու արքայական թագ ստացավ Աստծուց, և նրա շնորհիվ այսօր պսակվում ու փառավորվում է ընդհանրական ու առաքելական եկեղեցին։

Ստեփանոսը լույսի սյունն է, որի ներքո վկաների ժողովն է գումարվում։ Նա սուրբ մոր՝ Եկեղեցու սուրբ որդին է ու իրապես նաև նրա պարծանքը։ Ստեփանոսը քրիստոնեության պարծանքն է ու լռեցումը՝ հրեական խտրողական հանդիմանության և հեթանոսական բարբաջանքների։ Նա սրբերի ճանապարհն է, որով գնալով՝ նրանք առանց վրիպումների ու գայթակղության կհանդիպեն Ամենասուրբ Երրորդությանը։ Ստեփանոսը շնորհների վկայությունն է, դեպի նահատակություն առաջնորդող հայրը մարդկանց բոլոր սերունդների համար։ Նա, մեռնելով անօրենների ձեռքով, հանապազ կենդանի է իր Տիրոջով ու բոլոր վկաներին դեպի աստվածային խորանն ուղեկցող նվիրակն է և նրանց, որպես վայելուչ պատարագ, Տիրոջն ու Աստծուն՝ Հորը, Որդուն Միածին և Սուրբ Հոգուն մատուցանողն է։ Հիրավի, Ստեփանոսը արքայական սեղանի պսակավորն է ու մասնակիցը՝ սրբության խորհրդի։ Նա առաքինության կրողն ու հրաշալի հյուրընկալն է Երրորդության և արհամարհողը՝ ամեն տեսակ հեշտությունների։

Ո՛վ սուրբդ Ստեփանոս, քեզանով են զվարճանում հոգեղենների իմանալի զորությունները՝ իրենց սպասավորակից տեսնելով քո մարմնավոր անձը։ Քեզանով ուրախանում ու պայծառանում են տիեզերական Եկեղեցիները՝ որպես արժանավոր պատարագ քե՛զ մատուցելով Փեսային, քանի որ քո՝ հերձվածողների դեմ մրցությամբ նրանց բերանները կարկամեցին, իսկ չմկրտվածներն էլ քո վարդապետության շնորհներին ականջալուր լինելով՝ մինչև իսկ նահատակությամբ հաստատվեցին հավատի մեջ։ Քեզանով ցնծալով՝ իրենց մարմնավոր պատվի մեջ ուրախանում են եպիսկոպոսները։ Քեզանով ի տես ամենքի զվարճանում են քահանաները՝ ճեմարանից իսկ հաղորդ լինելով քեզ։ Քեզանով, իբրև քեզ սարկավագակցի, սթափությամբ պարծենում են սարկավագները և վարդապետների՝ աշխարհն արհամարհած ու մերժած հոգևոր դասերը։ Քեզանով հավատացյալ ողջ ժողովուրդը, սրտի ու հավատքի ամրությամբ, Վարդապետի աղքատասիրության, գթասրտության ու անհիշաչարության կրողն է դառնում։ Ուստի ես, իբրև ճշմարիտ մեռյալ, բայց Աստծով կենդանի, ամբողջ եկեղեցու քահանայական դասի և այս հիշատակը տոնելու համար քո շուրջը խմբված ողջ ժողովրդի հետ աղաչում եմ քեզ, որ առանց մոռացության հիշես մեզ պատարագված Քրիստոսի առջև, ում համար և դու պատարագվեցիր՝ աղոթելով քեզ քարկոծողների մեղքերի թողության համար։ Այդ նույն կերպ նաև մեր մեղքերի թողությունը հայցիր, որպեսզի քո այս հիշատակի տոնախմբությունը կատարելով և մեր կենարար Աստծու կենդանի մարմնին ու անմահացուցիչ արյանը հաղորդվելով՝ քո և մյուս բոլոր սրբերի հետ առանց դատապարտության արժանանանք խոստացված բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին մեր Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և հավիտյան. ամեն։

 

Ս. Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», աշխտԿՄուրադյանի, ՍԷջմիածին, 2008թ

Գրաբարից արևելահայերենի փոխադրեց Գևորգ ուրկ. Կարապետյանը

 

24.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․