Գրքեր

Երանելի Հովհան Ոսկեբերանի ճառը խոստովանության մասին

Ապաշխարության այլ ճանապարհ էլ կա: Իսկ ո՞րն է այն. մեղքերի պատճառով տրտմե՛լն ու հառաչելը և այդպիսով սեփական հանցանքները քավելը: Քեզնից ոչինչ ավելի չեմ պահանջում, այլ գեթ այն, որ գաս ու տրտմես քո մեղքերի համար և հոգս անես, հեծեծաս ու հառաչես դրանց պատճառով: Քեզ չեմ ասում անդունդները կտրել-անցնել և ոչ էլ ծովի խորքերը սուզվել: Ո՛չ լեռներ մագլցել և ո՛չ ձորեր հաղթահարել, ո՛չ երկայնաձիգ դաշտերի միջով անցնել և ո՛չ էլ ունեցվածքը վաճառել, այլ գեթ սգալ մեղքերիդ համար ու «մեղա՜» ասել Աստծուն: Եվ դարձյալ կասես, թե մեղքերի համար տրտմելով կսրբվե՞մ մեղքերից: Այս օրինակն ունես Սուրբ Գրքից. Աքաբ անունով մի թագավոր կար, և վկայվում է, որ ի սկզբանէ արդար էր և թագավորում էր Իսրայելում: Սակայն նա, որ արդար էր, անսալով իր կին Հեզաբելին, ագահություն արեց և սպանություններ գործեց ու կամեցավ իրենը դարձնել ոմն իսրայելացի Նաբովթի այգին: Եվ վերջինիս մոտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որը ես կամենում եմ ունենալ, և վերցրու՛ ինձնից դրա գինը կամ մեկ ուրիշ այգի՝ այդ այգու փոխարեն»: Իսկ Նաբովթը ասաց. «Քավ լիցի, որ ես վաճառեմ իմ հայրերի ժառանգությունը»: Եվ Աքաբին, որ ցանկանում էր այդ այգին, բայց չէր կամենում բռնի կերպով խլել, հիվանդությունը համակեց: Այդժամ նրա մոտ մտավ ամեն բարի բան մերժած, անօրեն, պիղծ ու աղտեղի իր կինը՝ Հեզաբելը, և ասաց. «Ինչո՞ւ ես տխուր և ոչ ուտում ես ու ոչ խմում: Վե՛ր կաց, ոտքի՛ կանգնիր, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր. ես այնպես կանեմ, որ դու ժառանգես Նաբովթի այգին»: Եվ այս պիղծ Հեզաբելը, թուղթ վերցնելով, թագավորի անունից ուղերձ գրեց երկրի ծերերին և իշխաններին. «Ապաշխարությո՛ւն քարոզեք և սուտ վկանե՛ր կարգեք, որոնք Նաբովթի մասին կասեն, թե նա հայհոյեց Աստծուն ու արքային»: Ինչպիսի՜ ապաշխարություն՝ լի անօրենությամբ. ապաշխարություն քարոզեցին, որպեսզի սպանություն գործեն: Եվ Նաբովթը քարկոծվելով մեռավ: Երբ Հեզաբելը լսեց այդ, ասաց իր ամուսնուն՝ Աքաբին: «Եկ ժառանգի՛ր այգին, քանի որ Նաբովթը մեռավ»: Աքաբը մի որոշ ժամանակ տրտմեց, ապա մտավ այգին և ժառանգեց այն: Այնժամ Աստված նրա մոտ առաքելով Եղիա մարգարեին՝ ասաց. «Գնա՛ և ասա՛ Աքաբին. «Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր այգին և արդար արյուն հեղեցիր, պիտի հեղվի և քո՛ արյունը, շները պիտի լափեն այն ու անառակները պիտի լվացվեն քո արյան մեջ»: Աստծո հրամանը լի էր սաստիկ բարկությամբ, և տե՛ս, թե ու՛ր առաքեց Եղիային՝ այգի. ուր մեղքը եղավ, այնտեղ էլ՝ պատիժը: Ուր անօրենությունն է, այնտեղ էլ՝ պատուհասը: Եվ երբ Աքաբը տեսավ Եղիային, ասաց. «Ահա գտար ինձ, թշնամի՛»: Բայց ինչո՞ւ է նրան «թշնամի» կոչում. քանի որ Եղիան հանապազ հանդիմանում էր նրան: «Գիտեիր, որ մեղանչում էի, և ամենայն ժամ հանդիմանում էիր ինձ,- ասում է նա,- բայց այժմ առավել քան երբևէ պատուհասում ես ինձ»: Եվ Եղիան նրա առաջ կարդում էր պատուհասները՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. քանի որ սպանությամբ ժառանգեցիր այգին և արդար արյուն հեղեցիր, պիտի հեղվի և քո՛ արյունը, և շները պիտի լափեն այն ու պոռնիկները պիտի լվացվեն քո արյան մեջ»: Այսպես ասաց նրան աստվածային պատուհասի հրամանը: Եվ երբ Աքաբը լսեց այս, շատ տրտմեց իր մեղքերի պատճառով ու ընդունեց իր հանցանքը: Այդ պատճառով էլ Աստված նրանից հեռացրեց պատուհասը: Իսկ Եղիան իրար անցավ, որպեսզի սուտ «չերևա» և չկրի այն բեռը, որը Հովնան մարգարեն կրեց: Վերջինիս Աստված ասաց, թե «գնա՛, քարոզի՛ր և ազդի՛ր Նինվե մեծ քաղաքի վրա, որտեղ շատ մարդիկ են բնակվում: Այնտեղ 12 բյուր մանուկներ կան, որոնք կատարելապես չեն ճանաչում անգամ աջն ու ձախը»: Եվ քարոզությունն այս էր. երեք օր, և Նինվեն կկործանվի: Սակայն Հովնանը չէր կամենում գնալ՝ իմանալով Աստծո մարդասիրությունը, և այսպես էր ասում. «Ես կգնամ ու կքարոզեմ, Դու՝ որպես մարդասեր Աստված, կզղջաս, իսկ ես կմեռնեմ որպես սուտ մարգարե»: Եվ Հովնանը փախավ Տիրոջից ու նավը մտավ: Սակայն ծովը, նրան ընդունելով, չթաքցրեց փախուստի համար. Տերը նրան պահում էր որպես իր իմաստուն ծառայակից՝ նորից դեպի Նինվե դարձնելու համար: Ո՞ւր ես փախչում, Հովնա՛ն, օտար երկի՞ր. չէ՞ որ Տիրոջն է ողջ երկիրը: Կամ ո՞ր ծովի միջով պիտի գնաս. չէ՞ որ Նրանն է ծովը և Նա է ստեղծել այն: Կամ մի՞թե երկինք պիտի գնաս: Չե՞ս լսել Դավթից, որ ասում է՝ «թե երկինք էլ ելնեմ, Դու այնտեղ ես»: Սակայն Հովնանը վախից փախստական դարձավ: Կարծում էր, թե կփախչի, սակայն անկարելի է փախչել Աստծուց: Եվ երբ ծովը նրան հանեց և գցեց Նինվե, սկսեց քարոզել և ասել՝ «ահա երեք օր, և Նինվեն կկործանվի»: Սա պատմում եմ, որպեսզի դու իմանաս, որ սրտում հենց այդ էր և փախուստ էր տալիս հենց ա՛յն պատճառով, քանի որ մարդասեր է Աստված: Նա կզղջա այն չարիքների համար, որոնք ասաց, թե պիտի բերի նրանց վրա, և Հովնանը կերևա որպես սուտ մարգարե: Նա Նինվեում քարոզելուց հետո դուրս է գալիս քաղաքից, որպեսզի տեսնի, թե ի՞նչ է լինելու: Եվ տեսնում է, որ երեք օրերն անցնում են, սակայն պատուհասը վրա չի հասնում: Այնժամ Հովնանը, իր մտքերի մեջ սուզված, այսպես է ասում. «Չէ՞ որ ես գիտեի, որ Աստված քաղցր է, գթած, ողորմած, անհիշաչար, անոխակալ ու երկայնամիտ և ներում է մարդկանց չարիքները»: Եվ միևնույն կիրքը, ինչպես Հովնանին անցավ, անցնում է և Եղիային: Ու Եղիան ասում է Տիրոջը. «Ինչո՞ւ ես ներում Աքաբին»: Իսկ ի՞նչ է ասում Աստված Եղիային. «Մի՞թե չտեսար, թե ինչպես սգով և տրտմությամբ իմ առաջ եկավ Աքաբը: Այդ պատճառով էլ ըստ նրա չարության չեմ հատուցի նրան»: Տերը պաշտպան եղավ իր ծառային և փրկողը՝ Իր ստեղծած մարդուն: «Մի՛ կարծիր,- ասում է,- թե հենց այնպես ներեցի նրան, այլ որովհետև ամբողջովին վերափոխեց ինքն իրեն և վերացրեց իմ բարկությունը: Մի՛ կարծիր, թե իզուր եմ ներում նրան, քանի որ դու ճշմարիտ ասացիր, որ եթե չփոխեր իր բարքը, պատիժ ու պատուհաս պիտի կրեր: Բայց նա, ահավասիկ, փոխեց իր վարքը և Ես հեռացրի Իմ բարկությունը նրանից»: Տերն ասում է. «Մի՞թե չտեսար, թե ինչպես սգով և տրտմութեամբ իմ առաջ եկավ Աքաբը: Եվ ես չեմ հատուցի նրան ըստ իր չարության»: Տեսա՞ր, թե ինչպես է տրտմությամբ քավվում մեղքը. չէ՞ որ ողորմած ու մարդասեր է Փրկիչը և կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն ու դառնան դեպի ճշմարիտ գիտությունը:

Օրինակ վերցնենք անիրավ դատավորին, որն այրու պաղատանքների շնորհիվ մարդասիրության գութն առավ: Օրինակ վերցնենք այն առակը, համաձայն որի՝ թախանձանքի պատճառով բարեկամը երեք նկանակ փոխ տվեց: Հին ու նոր մեղքերի և ապաշխարության բազում այլ օրինակներ ունենք, որոնք անթաքույց քարոզում են մեզ Աստծու անեզր մարդասիրությունն ու անբավ գթությունը և ա՛յն, թե ինչպես է Նա թե՛ խոսքով ու թե՛ գործով մեզ ապաշխարության կոչում: Խոսքով, երբ ասում է. «Չեմ կամենում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը», կամ՝ «Եկե՛ք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ»: Իսկ գործով՝ այնժամ, երբ ապաշխարող Ենովքին պատվեց երկինք փոխմամբ, երբ ընդունեց ապաշխարող Դավթին, երբ թողություն շնորհեց Մանասեի մեղքերին, երբ Աքաբի տրտմությունը ապաշխարություն համարեց, երբ արդարացրեց մաքսավորին, երբ ընդունեց պոռնիկին, երբ ավազակին դրախտ մտցրեց, երբ անտեսեց Պետրոսի ուրացությունը նրա դառն արտասուքների պատճառով ու երեք խոստովանություններով բժշկեց ուրացության վերքը: Արդ, այս ամենն իմանալով, չժխտե՛նք մեր հոգու կենդանությունը և չհեռանա՛նք Նրա կոչումից ու չմոռանանք մեր հանցանքները քավել: Միշտ մեր մտքում ունենանք, թե ինչո՞վ ենք պարտապան, ինչպիսի՞ մեղքերի մեջ ենք խորասուզված, ինչպիսի՞ մրուրով ենք սևացրել մեր լուսափայլ բնությունը և ինչպե՞ս ենք ամենավերջին աղքատության մեջ ընկել՝ անառակությամբ վատնելով հայրենի ժառանգությունն ու սովալլուկ խոզարածներ դարձել: Իսկ ահա բարերար Հայրը չգարշեց ու չհեռացավ մեղքերի գարշահոտությունից, այլ երբ դարձի եկավ անառակ որդին, Նա, մեզ օրինակ տալով, Իր գիրկն առավ, համբուրեց և նախկին պատմուճանը հագցրեց նրան: Նաև զարդարեց մատանիով ու ամրացրեց կոշիկներով, պարարտ եզ մորթեց, և, ինչպես դրամի ու ոչխարի գտնվելու դեպքում, երկնայինների՛ն հաղորդակից դարձրեց ուրախությանը: Նույն այդ սեղանին մե՛զ էլ արժանի դարձրեց, սրբեց անարժաններիս, մաքրեց ու փառավորեց: Սակայն մենք դարձյալ ուրանում ենք այդ պարգևները և մոռացության մատնում մեր նախնյաց սրբությունը: Բայց ո՞վ է, որ կազատի մեզ այնտեղի տանջանքերից կամ ո՞վ մեզ ողորմության արժանի կդարձնի: Մեզ, որ ապաշնորհ ենք շնորհների հանդեպ և ապերախտ՝ երախտիքների հանդեպ, որ անմարդկային ենք Բարերարի և անշնորհակալ՝ Շնորհողի առաջ: Մարմնական հեշտությունների հետևից ենք ընկնում և արարողությունների ու ճգնությունների ժամանակ իսկ աշխարհային զբաղումների և վայրաքարշության մեջ ենք ընկնում ու չենք կամենում ապաշխարել, որով միայն կկարողանանք շահել մեր հոգիները և հաշտ ու խաղաղ լինել Դատավորի հետ:

Եվ արդ, չհապաղե՛նք խոստովանել մեր մեղքերն ու սկիզբ դնել ապաշխարությանը, քանի որ ապաշխարությունը բարձրացնում է ընկած հոգին և մեզ արժանավոր է դարձնում Աստծո առաջ:

Ապաշխարությունը աղտեղի հոգին մաքրում է մեղքերից և ձյունից առավել սպիտակ է դարձնում այն:

Ապաշխարությունը մեռյալ հոգուն հարություն է տալիս մեղքերից և մշտնջենավոր անմահություն է պարգևում նրան:

Ապաշխարությունը դժոխքի խորքում կապված հոգուն արծվի սլացքով բարձունքներն է հանում և արժանի է դարձնում Աստծո արքայությանը:

Ապաշխարությունը հույս է շնորհում հուսաբեկներին և Աստծո շնորհներին է արժանացնում:

Ապաշխարությունը մարդուն խլում է սատանայի ճիրաններից և ընծայում է Աստծուն:    

Ապաշխարությունը բացում է Երկնքի դռները և մեղքի պատճառով տարագրյալներին մտցնում է Արքայություն:

Ապաշխարությունը հրեշտակի պես է զարդարում մարդուն և նրան դասակից ու համապատիվ է դարձնում երկնավորներին:

Սրտի խորքերից և ուղիղ մտքից բխող խոստովանությունն ու ապաշխարությունը մխիթարում են մեղքերի պատճառով սգավոր դարձած հոգուն և հուսահատված միտքը հաստատում Աստծո ողորմության հույսով: Ամեն:

 

Յովհան Ոսկեբերան, «Ճառք նշխարք ի մեկնութեանց Սուրբ Գրոց», աշխտ. Հ. Քյոսեյանի, Ս. Էջմիածին, 2009թ.

Գրաբարից արևելահայերենի փոխադրեց Գևորգ ուրկ. Կարապետյանը

20.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․