Գրքեր

Երանի են նրանք, ովքեր ունեն արդարության քաղց ու ծարավ

Հեզ մարդը արդարության կարիքն ունի, արդարության քաղցն ու ծարավն ունի: Արդարությունը նախ Ինքը Աստված է և հեզ մարդը հասկանում է, որ առանց արդարության, այսինքն՝ առանց Աստծո օգնության ինքը ոչինչ անել չի կարող: Այս մասին է չորրորդ երանին. «Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթեոս 5:6): Մարդկային կյանքի ամենաշինիչ ուժերի աղբյուրն ու ներշնչարանը, թշվառության ամենաբուժիչ ամոքիչը, քաջության ամրապնդիչ պահպանակը, առաքինությունների դրդիչն ու մշակը արդարությունն է և նրա հավիտենական գեղեցկությունը, որի քաղցն ու ծարավ ունեցողներին է երանի տալիս Ավետարանը:  

Արդարության քաղցն ու ծարավն ունեցողը քաղցում ու ծարավում է Աստծուն: «Եվ արդարև, ես ամեն բան վնաս եմ համարում՝ համեմատած այն գերազանց շահի հետ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչումն է: Այդ գիտությունն ունենալու համար ամեն ինչ թողեցի՝ ոչնչություն համարելով դրանք, որպեսզի շահեմ Քրիստոսին և կատարելապես միանամ Նրան: Այնպես որ իմ արդարությունն այլևս չի գալիս Օրենքի գործադրությունից, այլ Քրիստոսի հանդեպ իմ ունեցած հավատից, և այդ արդարությունը Աստծո՛ւց եկած արդարությունն է՝ հիմնված հավատի վրա» (Փիլիպպեցիներ 3:8-9):

Արդարության համար քաղցածներն ու ծարավյալները նրանք են, ովքեր ամբողջ սրտով ձգտում են կատարել Աստվածային պատվիրանները, նրանք են, ովքեր ամբողջ սրտով փնտրում են Աստծուն, որովհետև Աստված Ինքը աղբյուրն է արդարության:

Արդարության գաղափարն է՝ արա ուրիշին այն, ինչ ուզում ես, որ ուրիշները քեզ անեն: Արդար լինելը ուրիշ բան չէ, եթե ոչ իրագործել բարին: Բարին Աստծո մեծագույն ստորոգելին է և բարու իրագործման այդ զորությունը նվիրական է մեր մեջ: Այն մեր մեջ է նախ՝ քաղցի և ծարավի չափ զորավոր: Այդպիսի քաղց ու ծարավ ունեցողներին պիտի հնարավորություն տրվի հագեցնելու արդարության իրենց այդ կարիքը: Ճշմարտությունը ճանաչելու և այն անփոփոխ արտահայտելու ներքին ձգտումն է արդարությունը: Ճշմարտությունը տեսնել, պահպանել և գործադրել հատուկ է արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին: Արդարությունը ճանաչելու և այն գտնելու ճանապարհի մասին Պողոս առաքյալն ասել է. «Որովհետև Աստված ի՛նքն է, որ ձեզ բերեց միացրեց Քրիստոսին, և մենք Քրիստոսո՛վ ճանաչեցինք Աստծո իմաստությունը և գտանք մեր արդարությունը, սրբությունն ու փրկությունը» (Ա Կորնթացիներ 1:30):

Արդար լինելու համար անհրաժեշտ է անհուն քաջություն: Արդար լինել՝ նշանակում է արդար լինել ինքներս մեզ հետ, նշանակում է սիրել թշնամիներին՝ նրանց ներելու աստիճան: Աստված խոստանում է այն արդարությունը, որի մասին ասել է առաքյալը. «Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, Աստծո առջև արդարանում են առանց խտրության» (Հռոմեացիներ 3:22):

«Եթե որևէ մեկը չի ճաշակել որևէ ուտեստ, չգիտի, թե ինչից է զրկվում, բայց ճաշակողը ուժգին ցանկանում է այն: Այդպես է և պատվիրանների քաղցրությունը ճաշակողը»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին:

Հին Կտակարանում՝ մասնավորապես Սաղմոսներում, ծարավյալի կերպարը օգտագործվում է նկարագրելու համար այն մարդուն, ով ամբողջ ուժով և ջերմեռանդորեն ձգտում է դեպի Աստված՝ կատարելու Նրա պատվիրանները: «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստված. հոգիս ծարավ է քեզ, Աստված հզոր և կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծո առաջ» (Սաղմոս 41:2-3), «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ» (Սաղմոս 62:2), «Բերանս բացեցի ու շունչ առա, հոգիս փափագեց պատվիրանները քո» (Սաղմոս 118:131), «Դեպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պես ծարավի է քեզ» (Սաղմոս 142:6):

Արդարություն չունեցողը երջանիկ չէ, և հակառակը, երջանիկ են նրանք, ովքեր ունեն այդ երանելի ծարավը: Քրիստոս ասում է՝ «Երանի քաղցածներին և ծարավյալներին», երանի չեն նրանք, ովքեր փափագում են ունենալ երկրային երջանկություն, պատիվ, հարստություն, դրանում չի կայանում մարդու հոգու երանությունը: Երանի են արդարության քաղցն ու ծարավն ունեցողները, առաքինիները, Աստվածային պատվիրանները կատարողները: Քրիստոս չասաց, ովքեր ցանկանում են, այլ՝ ովքեր ունեն քաղցն ու ծարավը, նրանք, ովքեր ամենայն ջանասիրությամբ փնտրում են Աստծո արդարությունը: Աստծո կամքն է այն սնունդը, որի քաղցն ունեն նրանք: Այդ սնունդի մասին է ասում Տերը. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ ինձ ուղարկողի կամքը և իր լրումին հասցնեմ նրա գործը» (Հովհաննես 4:34): Իսկ Աստծո կամքը կարելի է իմանալ միայն Աստծո խոսքից, այդ պատճառով և Աստծո խոսքը հենց հոգու հավիտենական սնունդն է՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Մարդ միայն հացով չի ապրում, այլ այն բոլոր խոսքերով, որ Աստված է ասել» (Մատթեոս 4:4):  Աստծո կամքը կատարելու համար բավական չէ Աստծո խոսքի իմացությունը, այլ այն իրագործելու համար անհրաժեշտ է ուժ և եռանդ, ինչը կարող է ստանալ մարդ, ճաշակելով  երկնային հացը, որ տալիս է Քրիստոս. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած, ով ուտի այս հացից, հավիտյան կապրի: Այն հացը, որ ես կտամ, Իմ մարմինն է. Ես այն տալիս եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես 6:51):

Ուստի. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը. երանի է այն մարդը, որ հույսը դրել է Տիրոջ վրա» (Սաղմոս 33:9): Եվ երանի են նրանք, ովքեր ունեն Աստծո ներկայության, աստվածգիտության, հոգևոր բարիքների քաղցն ու ծարավը, որովհետև նրանք պիտի հագենան աստվածային շնորհներով:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

03.07.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․