1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Երանի նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ

«Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ» (Ղուկ. 14:15):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

Այս խոսքերն արտասանեց Քրիստոսի սեղանակիցներից մեկն այն բանից հետո, երբ Տեր Հիսուս Իրեն ճաշի հրավիրած տանտիրոջն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկ. 14:12-14):

Հայ ժողովրդի և մայր Հայրենիքի համար այս ողբերգական օրերին ուրախության սեղանների ու տոնակատարությունների մասին մտածելն անգամ անբարոյություն է, և թող ոչ մեկը չնեղսրտի իմ կոշտ խոսքից, որովհետև մեր հերոսական ժողովրդին պատուհասած այս ողբերգության մեջ միակ զգացումը, որ մարդ-արարածը կարող է ունենալ՝ սուգն է: Անասելի ցավն է Հայրենիքի զգալի մասի կորստի համար, խոր կսկիծը մեր հազարավոր զոհված ու խեղված որդիների համար, և սրտի մորմոքը հարյուրավոր գերի ու անհետ կորած հայորդիների համար: Եվ եթե անձամբ ձեր զավակը, ձեր հարազատը չի զոհվել կամ գերեվարվել, եթե ձեր սեփական տունը չի ավերվել ու շուն թշնամու բաժին դարձել, ապա պարտավոր եք փառք տալ Երկնակալին ու հիշել, որ մարդկայնությունը ևս ձեզնից ոչ ոք չի խլել, որպեսզի եթե անգամ ձեր խստասրտության պատճառով չեք կարողանում կիսել ձեր հայրենակիցների վիշտը, ապա գոնե լուռ հարգել պարտավոր եք: Եվ հենց դրանով այս պահին կատարած կլինեք կարիքի մեջ գտնվողներին չանտեսելու և ձեր անձնական շահը մերձավորի սիրուն ստորադասելու՝ Տիրոջ պատվիրանը:

Ավետարանում նկարագրված այս դրվագից երկու հազարից ավելի տարի է անցել, սակայն, ցավոք, սեփական շահի գերակայությունն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, առաջնային է մարդու համար: Եվ հատկապես ցավալի է, երբ իրեն «քրիստոնյա» կոչող մարդու համար է այդպես: Մտովի հետ դառնանք մեր օջախներում բացված սեղաններին, նայենք այն մարդկանց, որոնց հետ մտերմացել ենք հետևողական ջանքերի շնորհիվ… և անպայման կտեսնենք շահը: Որքան էլ դժվար լինի խոստովանել, բայց շատ հաճախ ներքին հակակրանք ունենք այսպես կոչված անհաջողակ, կարիքի մեջ հայտնված, խեղանդամ մարդկանց հանդեպ և ընդհակառակը՝ ամեն գնով ձգտում ենք մեզ շրջապատել կրկին այսպես կոչված հաջողակ, կարողությունների ու անվան տեր մարդկանցով: Մենք կյանքում շատ հաճախ ջայլամի քաղաքականություն ենք վարում՝ աչք ու ականջ փակելով և համարելով, որ եթե ես չեմ տեսնում խնդիրը կամ լսում դրա մասին, ապա այն ուղղակի չկա: Եվ Քրիստոս այ հենց այս դիրքորոշումից էր նաև մեզ զգուշացնում՝ կոչ անելով կաղերին, կույրերին ու խեղանդամներին կանչել մեր սեղաններին, քանի որ դրա համար նախ և առաջ պետք է աչքերը չփակել իրականության առջև, դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց, տեսնել տառապող մարդկանց ու թիկունք չդարձնել: Մեր ուշադրությունը, միջոցներն ու կարողություններն ուղղել այն մարդկանց, ովքեր մեր սիրո և մեր հյուրընկալության կարիքն ունեն՝ առանց փոխադարձելու կարողության: Այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոս հերթական անգամ հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր մարդ-արարած թանկ է Իր համար և սովորեցնում, որ հավասար վերաբերմունք պետք է դրսևորենք և՛ այն մարդկանց հանդեպ, ովքեր մեզ մտերիմ են ու հետաքրքիր, և՛ նրանց, ովքեր չեն կարող փոխհատուցել մեր բարության և օգնության դիմաց:

Եվ երկրորդ փաստը, որին կուզենայի հրավիրել ձեր ուշադրությունն այսօր, արդի լեզվով՝ այն օնլայն ռեժիմով կապն է, որ առկա է Երկնքի ու երկրի միջև: Քրիստոս ասաց՝ մի՛ անտեսիր կարիքավոր մարդկանց այստեղ, և փոխարենը հատուցում կստանաս այնտեղ՝ Երկնքում: Այսինքն, սիրելինե՛ր, չկա որևէ շշուկ, որ լսելի չլինի Երկնքում և չկա որևէ մութ անկյուն, որ տեսանելի չլինի Երկնքում: Մենք հաճախ մոռանում ենք, որ Երկինքը մեր գլխավերևում է, իսկ մենք նրա ափի մեջ, ուստի այն ամենն, ինչ կատարվում է այստեղ, անմիջապես արձանագրվում է այնտեղ: Եվ սա հրաշալի է, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հավատացե՛ք: Քանի որ խոսում է այն մասին, որ մենք ոչ մի վայրկյան միայնակ չենք, և եթե հաճախակի հիշենք Երկինք նայելու մասին, ապա մեր շուրթերից չեն հնչի այնպիսի խոսքեր ու չենք գործի այնպիսի արարքներ, որ անհրաժեշտ կլինի թաքցնել Երկնակալից: Այլ հրաշալի գիտակցելով, որ ինչպես հայրերն են ասում՝ յուրաքանչյուրիս անունով Երկնքում բացված ավանդ կա, մեր ամեն մի լուման կուղղենք մեր այդ ավանդի համալրմանը: Եվ պատկերացրեք, թե կրկին ինչպիսի՜ առատաձեռնություն է ցուցաբերում մեր Երկնավոր Հայրը, երբ այստեղի չնչին ջանքը կամ փոքր զոհաբերությունը այնտեղ հազարապատկում է: Ուստի մի՞թե այս աշխարհում կա որևէ բան, որ ավելի արժեքավոր է և հանուն որի արժե կորցնել երկնայինը: Միանշանակ չկա՛: Հետևաբար, Տեր Հիսուս Քրիստոսի այս սքանչելի խոսքերը մեզ հերթական անգամ հիշեցնելով, Մայր եկեղեցին կոչ է անում հիշել մեր հոգու աստվածակերպ լինելն և գործել ըստ այդմ:

Մենք չարին, մեղքին կուլ գնալով՝ կաղապարում, սեղմում ու փոքրացնում ենք մեր հոգին՝ զրկելով նրան աստվածային անսահմանությունից: Ժլատությամբ, մանրախնդրությամբ, անտեղի վախով ու ծուլությամբ թերագնահատում ենք մեր հոգու կարողությունները, զրկում նրան իր աստվածանմանությունից: Միտքը, չարից ներշնչվելով, միայն սեփական շահն է առաջ մղում՝ հոգուն զրկելով սիրելու իրավունքից: Իսկ մենք՝ սիրող Հոր զավակներս, կոչված ենք սիրելու՝ անշահախնդիր, «իրենը չփնտրող» սիրով: Կոչված ենք սիրելու այն սիրով, որը չի կաղապարվում նեղ-անձնական հաշիվներով ու սին վախերով, չի երկնչում ինքնազոհաբերումից: Մենք կոչված ենք սիրելու այն սիրով, որն ունակ է հագուկապից ու մակերեսից անդին տեսնել: Այն սիրով, որը չի խորշում աղքատ Ղազարոսի արտաքինից, այլ ամեն ինչից առաջ Արարչի պատկերն է նկատում նրա հոգում: Եվ վերջապես, մենք կոչված ենք սիրելու, որպեսզի չմեռնենք, քանի որ սիրելու անկարող սիրտը մեռած սիրտն է:

Քսաներորդ դարասկզբին ապրած մի բարեպաշտ եպիսկոպոսի մասին պատմում են, որ երբ նա աստվածաբանական դպրոցի տնօրենն էր, մի օր ծանր հիվանդանում է դպրոցի հավաքարարը և ստիպված լինում մեկ ամիս բացակայել աշխատանքից: Եվ երբ վերջապես կազդուրվում ու վաղ առավոտյան աշխատանքի է շտապում, ահ ու դողով մտածում է, որ հավանաբար կորցրել է աշխատանքն ու նոր աշխատակցի է տեսնելու իր տեղում: Սակայն ապշում է, երբ տեսնում է, որ եպիսկոպոս-տնօրենն է ցախավելն առած մաքրում բակը, որպեսզի ինքն աշխատանքից չզրկվի: Կամ էլ մի բժշկի մասին են պատմում, որն իր ծննդյան օրը քաղաքի լավագույն սրճարանից ամենալավ սուրճն ու խմորեղենն էր գնում և փողոցներում շրջելով՝ հյուրասիրում անտուններին՝ հետևելով սուրբ Հովհան Ոսկեբերանի այն խոսքին, թե. «Ողորմություն տվողին ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված է», կամ վարդապետների այն խրատին, թե. «Քո ողորմությունը թաքցրու աղքատի ծոցում, որպեսզի Դատաստանի օրն այն գտնես Քրիստոսի ծոցում»:

Սիրելի՛ հավատացյալներ, սուրբ Պետրոս առաքյալն ասում է. «Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետ. 3:13)՝ ընդգծելով այն փաստը, որ ամենքս էլ այս աշխարհում ժամանակավոր պանդուխտ ենք ընդամենը, Տիրոջ ունեցվածքի տնտեսներ, և այս անցավոր կյանքը մեզ տրված է երկնային անանցին պատրաստվելու համար միայն: Եվ այն հոգևոր վիճակը, որում մեզ կգտնի մահը, կորոշի քննության ելքը, որ պիտի հանձնենք Երկնքում:

Եվ ի վերջո, խորհելով այս ամենի մասին, հարց տանք մեզ, թե՝ մենք ինչո՞վ ենք առավել մեր կարիքավոր եղբայրակիցներից: Մի՞թե ինքներս Արարչից ստացած պարգևները մսխելով ու քամուն տալով, աստվածապատկեր հոգին մեղքերով խեղելով ու եղծելով՝ աղքատ ու խեղանդամ չենք դարձել՝ մնալով միայն հոգևոր ցնցոտիներով և անթացուպերով մեղավոր խավարում խարխափելով: Մի՞թե հագուկապն ու հարդարված տեսքը կարող է Տիրոջից թաքցնել մեր ախտավոր ու գարշահոտ հոգին: Իհարկե չի կարող, սիրելի՛ հավատացյալներ: Եվ հենց այստեղ է, որ պիտի սովորենք մեր Բազումողորմ Հորից, Որն այդ ամեն ախտերն ու աղտոտությունները տեսնելով՝ երես չի թեքում մեզնից, չի հրաժարվում, այլ յուրաքանչյուր հոգու համար մինչև վերջ պայքարում է, անվերջ ներում, անկյալ վիճակից վեր բարձրացնում, լվանում մեր վերքերն ու մխիթարում, մշտապես տուն է կանչում ու համբերությամբ սպասում յուրաքանչյուր հոգու դարձին:

Հիշե՛ք, որ քրիստոնեությունը փիլիսոփայություն չէ, սիրելինե՛ր, վերացական տեսություն չէ, այլ պրակտիկ, ամենօրյա աշխատանք է, ապրելակերպ է, որի համար ունենք կատարյալ օրինակ՝ Քրիստոս Աստված, և կատարյալ ուղեցուց՝ Սուրբ Ավետարանը: Արդ, չծուլանք, չհապաղենք ու անմիտների պես չվատնենք մեզ պարգևված անգին ժամանակը: Իմաստասեր ուսանողի պես հրաժարվենք մեզ շեղող ամեն փուչ երևույթից և օրնիբուն պատրաստվենք մեր երկնային քննություններին: Սիրող ու հավատարիմ հարսնացուի պես ուշք ու մտքով անդադար մեր սիրեցյալի հետ լինենք և հավուր պատշաճի պատրաստվենք Նրա հետ հանդիպմանը: Խելամիտ ու երախտագետ զավակի պես հայրական ջերմ ու հարազատ օջախը վեր դասենք ամեն տեսակի ժամանակավոր հյուրատներից և այդ ժամ միայն կարող ենք հուսալ, որ Տիրոջ անսահման ողորմածությամբ մենք էլ ճաշի կնստենք Նրա Արքայության մեջ, Որին վայել է փառք և երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

06.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․