Գրքեր

«Երանի նրան, ով կճաշի Աստծո արքայության մեջ»

«Երանի որ կերիցէ ճաշ յարքաիւթեան Աստուծոյ»:

«Երանի նրան, ով կճաշի Աստծո արքայության մեջ» (Ղուկ. 14:15):

Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած առակներից է, որ մեզ է ներկայացնում սբ. Ղուկաս ավետարանիչը: Այն վերնագրված է «Մեծ խնջույքի առակը», որն ի դեպ առկա է սբ. Մատթեոսի Ավետարանում (Մտթ. 22:1-10): Հիսուս երբեմն խոսում էր առակներով, որպեսզի իր ասելիքը ավելի պարզ և մատչելի դարձնի լսողներին, և ահա այս առակը դարձյալ հրաշալի ուսուցում է, որ անսանք Աստծո կանչին:

«Մեծ խնջույքի առակում» մեր Տերը պատմում է. «Մի մեծահարուստ մարդ ընթրիքի պատրաստություն է տեսնում և հրավիրում շատերին, նա ուղարկում է իր ծառային, որպեսզի հրավիրվածներին ասի «Եկե՛ք արդեն ամեն ինչ պատրաստ է», բայց հրավիրվածներից ամեն մեկը մի պատճառաբանությամբ հրաժարվում է գալ. մեկն ասում է. «Եզներ եմ գնել, պետք է գնամ դրանք փորձելու», մյուսն ասում է. «Նոր եմ ամուսնացել, չեմ կարող գալ», մեկ ուրիշն էլ ասաց. «Արտ եմ գնել պետք է գնամ տեսնեմ»: Ծառան վերադարձավ և իր Տիրոջը պատմեց նրանց ասածները: Այն ժամանակ տան տերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում, որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, այստեղ բե՛ր»: Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»: Տերը ծառային հրամայեց. «Գն՛ա քաղաքից դուրս, և՛ ճանապարհների վրա, և՛ դաշտերում, ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի: Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի» (Ղուկ. 14:16-24): 

​Սիրելի՛ հավատացյալներ, Հիսուս այս առակով կամենում էր մարդկանց համար բացահայտել այն ճշմարտությունը, որ Աստված դեպի իրեն գնալու հրավեր է տվել մեզ: Աստծո արքայության դռները բաց են հավատացյալների համար և Աստված կամենում է, որ յուրաքանչյուրս սեղանակից լինենք Իրեն: Աստված ողորմած է և մարդասեր և իր ուսուցումներով և պատգամներով սովորեցնում է ճշմարիտ կյանքի սկզբունքները: Մեր Տերը, Աստծո արքայության մասին խոսելիս, մատնանշում է այն մարդկանց, ովքեր անտեսեցին հրավերը՝ անհաղորդ լինելով աստվածային բարությանը և ուշադրությանը: Երկնքի արքայության արժանանալու համար անհրաժեշտ է ամուր հիմքերի վրա դրված համոզում ու հավատք, որը պետք է արտահայտվի կյանքում:

Հոգևոր և բարոյական արժեքների զանց առնումն է ցուցաբերվում այս առակում: Ցավալի իրողություն է այն փաստը, որ հաճախ ոմանք չեն ջանում իրենց մի քիչ նեղություն տալ, որպեսզի իրենց արարքներով, իրենց գործերով պատվեն իրենց բարեկամին, ընկերոջը ծանոթին և առավել ևս անծանոթին: Աստվածպաշտության մեր ուղին մեզ տանում է դեպի փրկություն և այդ ուղին մեր համար սկսվում է եկեղեցուց, որտեղ Աստծո ցանկալի ներկայությամբ զորանում է մեր հավատքը, բայց հայտնի է, որ շատերը երբեմն-երբեմն միայն հայտնվում են եկեղեցում, այնինչ եկեղեցու դռները միշտ բաց են բոլորի համար և ավելին: Աստված պատգամել է սիրել մեր նմանին, բայց ամենուր չէ, որ տեսնում ենք այդ սերը:  Քրիստոնյայի նկարագիր չէ նմանօրինակ դրսևորումները և քրիստոնեական բարոյականությունը, ոչ մի աղերս չունի այսօրինակ երևույթի հետ: Մեր Երկնավոր Տերը իր սերը՝ աստվածային սերը, անմնացորդ ու ամբողջությամբ տվել է մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր նմանին սիրել և սիրելով՝ գնահատել ու պատվել, հետևաբար՝ անտարբերությունը մարդկային փոխհարաբերություններում մեղանչումն է աստվածային սիրո առջև: Մարդը, աստվածապարգև իր ազատությամբ, պետք է բարիք գործի, ոչ թե ծուլությամբ կամ եսասիրությամբ անգործության մատնվի և իր ունեցած ազատությամբ չարիքի ու գայթակղության պատճառ դառնա: Հայ մեծանուն գրող Վահան Թեքեյանն իր բանաստեղծություններից մեկում ասում է. «Կյանքեն ինծի ի՞նչ մնաց. Ինչ որ տըվի ուրիշին, տարօրինակ, այն միայն» (Վ.Թ. «Հաշվեհարդար» 1922թ.)

Սիրելինե՛ր, ուրեմն տանք մեր սերը, հարգանքն ու ուշադրությունը ուրիշին և վստահաբար ավելի ու ավելի կզորանանք մեր այդ առաքինությունների մեջ: Ողջ տիեզերքի վեհագույն արժեքը սերն է, և մարդը հարատև կարիք ունի սիրելու և սիրվելու: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը սիրո լավագույն օրինակը բերեց մեզ՝ իր կյանքը տվեց, որպեսզի մենք կյանք ունենանք: Առակի մեծահարուստը սիրելով է, որ հրավեր ուղարկեց իր բարեկամներին, բայց նրանք անտեսեցին նրա սերը, ուշադրությանը, այդ իսկ պատճառով էլ արժանացան խիստ դատավճռի՝ «Նրանցից ոչ մեկը այլևս իմ ընթրիքից չի ճաշակի»:

​«Մեծ խնջույքի առակը» իր հոգևոր տեսանկյունից դարձյալ շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք բոլորս նվիրական մի ցանկություն-երազանք ունենք, այն է՝ արժանանալ հավիտենական կյանքի երանությանը և Աստծո մշտամնա ներկայությանը: Այդ երանելի իրականությանը արժանանալու ճանապարհը մեկն է՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, քանի որ Նա է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Քրիստոսը Իր առաքելությամբ բացառիկ դերակատարում ունեցավ մարդ արարածի կյանքում: Նա Իր քարոզչությամբ սկզբնավորում է մաքրության ու անաղարտության կարևորումը, Նա պահանջում է մաքուր հոգի հեզ ու խոնարհ սիրտ ունենալ և Աստծո կամքի առաջ խոնարհվելով՝ Նրանից ակնկալել հայրական սեր ու գորով: Աստվածորդու նպատակն է, որ մենք մեր հոգևոր արժանիքներով բաեզարդվենք և Աստծո նման կատարյալ լինենք, այսինքն գործենք բոլոր պարագաներում ինչպես Աստված Ինքը կգործեր, կամ կկամենար, որ մենք գործենք՝ ուրեմն մեզ հայտնի պետք է լինի Աստծո կամքը և հարկ է, որ պարտականություն ստանձնենք Աստվածային կամքի կատարման համար: Մեզ պետք է ապրել Տիրոջ նախանշած պատգամների համաձայն, լսել նրա կոչը, ընդունել նրա հրավերը և գնալ նրա հետևից: Մեր փրկությունը սկսվում է փրկության ձգտումի և Տիրոջ հրավերը ընդունելու՝ մեր հաստատակամ վճռականությամբ: Տերը տվել է մեզ փրկության հնարավորություն և հրավեր, ամեն ինչ պատրաստել է մեզ համար և կամենում է, որ յուրաքանչյուր ոք երանելի լինի՝ «Ճաշ ուտելով Աստծո Արքայության մեջ»: Տերը սպասում է, որ մենք ձեռնամուխ լինենք մեր կոչումին, փրկության գործին և դառնանք «Աստծո օրհնյալներ»:

​Սիրելի՛ հավատացյալներ, հորդորս է, որ ձեզանից հեռու վանեք անտարբերությունը, չարությունը, չկամությունը, մեղքը և ուշադիր հետևեք Աստծո խոսքին ու պատվիրաններին: Ընդունեք Աստծո հրավերը, բարի գործեր կատարեք, և ձեր հոգին մաքրեք չար մտքերից ու խորհուրդներից, ձեր կյանքը ապրեք քրիստոնեական նիրումով ու սիրով: Երբեք առակի հրավիրվածների նման յուրաքանչյուրդ մի «զորավոր» պատճառաբանություն մի՛ բերեք արդարացնելու համար ձեր Աստծուց հեռու մնալը: Առակի հրավիրվածները չընդունեցին Տիրոջ հրավերը, քանի որ յուրաքանչյուրը ավելի կարևորեց նյութականն ու աշխարհայինը և ժամանակավորն ու նյութական արժեքները գերադասեցին իրենց ճշմարիտ Բարեկամից: Նյութի և ժամանակավորի մեջ չէ, որ պիտի փնտրենք մեր երջանկությունը, այլ Աստծո և հոգևոր արժեքների: Ջանացե՛ք ավելին անել, հոգևոր ձեր պարտականությունները սրբորեն կատարե՛ք, մի՛ ծուլացեք, այլ ջանադրաբար և նախանձախնդրությամբ գործադրեք մեր Տիրոջ կյամքը: Ավետարանի մեջ հիշատակված կույրը, թեև չկարողացավ մոտենալ Հիսուսին, քանի որ չէր տեսնում, սակայն ձայն տվեց, աղաղակեց «Հիսուս ողորմի՛ր ինձ» (Մարկ. 10:47) և իր հավատքի շնորհիվ ստացավ տեսողություն: Մաղթում եմ ձեզ, սիրելինե՛ր, որ Աստծո ՝ դեպի իրեն գնալու հրավերը քաջալերի ձեզ և հոգևոր ուրախություն պարգևի: Հարատևե՛ք ձեր առաքինությունների մեջ Աստծո շնորհով: Ճաշակեք Փրկչի տված-պարգևած խաղաղությունը, սերն ու երջանկությունը։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

08.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․