Գրքեր

Երանի նրան, ով մտածում է աղքատի մասին

Յուրաքանչյուր անձ բարին արարելու հնարավորություն ունի, որ իրեն շնորհված է Տիրոջ կողմից: «Աստված մարդուն տալիս է այնքան, որքան անհրաժեշտ է նրան և նաև նրա համար, որպեսզի կարողանա բարին գործել»,- ասել է Սիմեոն վանականը: Սաղմոսերգուն էլ երանի է տալիս նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին՝ նշելով, որ փորձանքի օրը Տերը կփրկի նրան (Սաղմոս 40:2):

Բարին արարելու մեծ պատրաստակամությամբ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական ծառայության իր ուղին, որի շրջանակներում, սեպտեմբերի 5-ին, հերթական տնայցն ունեցավ Էջմիածին քաղաքում: Մաշտոցի 28/12 հասցեում վարձակալությամբ բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքի չորս զավակները դեռ դռան շեմից մեծ ոգևորությամբ և ուրախությամբ դիմավորեցին Տեր Գրիգորին և համայնքի անդամներին: Բազմազավակ ընտանիքը բազմաթիվ հոգսեր ունի: Ընտանիքի մայրը՝ Հովսեփյան Զեմֆիրան (36 տ.), ամուսնու մահից հետո արդեն հինգ տարի է, ինչ միայնակ է խնամում իր չորս զավակներին: Երեխաներից Մարիամ Տիգրանյանը (12 տ.) մանկուց հաշմանդամ է և հաճախում է Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Nº 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Զեմֆիրան նշեց, որ ընտանեկան նպաստով ինքը կարողանում է միայն տան վարձը վճարել:

«Չեմ ցանկանում, որ իմ երեխաներն աղքատության ճիրաններում ապրեն, աղքատության պիտակը կրեն: Մեծ աղջիկս՝ Նոյեմի Տիգրանյանը (14 տ.), մասնագիտության ընտրության նախաշեմին է և ջանք չեմ խնայի, որպեսզի աղջիկս հասնի իր նպատակին»,- ասաց Զեմֆիրան: Բազմաթիվ հոգսերի մեջ ընտանիքի մայրը ժամանակ է գտնում ուսանելու, որպեսզի հետագայում աշխատանքի հնարավորություն ունենա սննդի ոլորտում:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար): Բազմազավակ մայրը զգացված էր այն ուշադրություն համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ:

«Եթե քո հարստությամբ օգնես կարիքավորին, այդ կերպ քեզանից հետո կթողնես թանկարժեք քարեր, շքեղ առանձնատներ և այլ հարստություններ: Այդ դեպքում ամեն օր կհիշեն քեզ, մահից հետո էլ կգովաբանեն: Այդպիսի հիշողությունն անմահ է, այդպիսի հիշողությունը քեզ համար պատճառ է հանդիսանում հազարավոր գանձերի, այդպիսի հիշողությունը կթեթևացնի քեզ ծանր մեղքերից և Աստծո առջև կանգնելու խիզախություն կպարգևի: Քո մասին կխոսեն՝ անվանելով քեզ ողորմած, մարդասեր, բարի և առատաձեռն: «Բաժանեց նա ու տվեց աղքատներին. նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111:9): Այդպես և լինում է հարստության հետ, երբ այն բաժանում ես, է՛լ ավելի է պահպանվում, իսկ պահելու դեպքում այն կործանում է անգամ տիրոջը»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

 

 

Կարինե Սուգիկյան

05.09.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․