«Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել և ընթանում են Տիրոջ օրենքով» | Erani Nranc Ovqer Anbits Ughi En Brnel Ev Yntanum En Tiroj Orenqov



Գրքեր

«Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել և ընթանում են Տիրոջ օրենքով»

Ճշմարտության ճանապարհով ընթացող քրիստոնյան բազմիցս է իր կյանքի ուղին իմաստավորում ուխտի ճանապարհներով: Նա հաստատակամ է իր ընթացքի մեջ, քանի որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, իր ոտքերի համար որպես ճրագ ունի Աստծո խոսքը (Սաղմոս 118:105): Դեպի Աստված տենչող հոգին զորանում է ուխտի ճանապարհներին: Փրկության առաջնորդող աղոթքի ճանապարհներն իրենց ուխտավորներին կոչում են փառաբանության, խոկման և աղոթքի:

Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, մեկնեց ուխտագնացության Տավուշի թեմի միջնադարյան սրբավայրեր՝ Գոշավանք և Աղավնավանք: Օրեր առաջ Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներն, իրենց հոգևոր դասով և համայնքներով, առիթ ունեցան շնորհավորելու թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին՝ քահանայական ձեռնադրության երեսնամյակի առթիվ: Եվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի նախաձեռնած ուխտագնացությունը նվիրված էր հենց այս նշանակալի իրադարձությանը: Ուխտագնացության ընթացքում հավատացյալները միասնական աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Սրբազան Հոր քաջառողջության և արևշատության համար, նաև որպեսզի Տիրոջ օրհնությամբ և առաջնորդությամբ թեմն առավել ամրանա իր աստվածառաք սպասավորության մեջ: «Այսօր մեր խնդրանքն է առ Տեր, որ Ամենակարողն Իր ամենախնամ Աջով միշտ հովանի լինի Սրբազան Հորը, զորացնի իրեն հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու պատասխանատու առաքելության խրթին, բայց քաղցր ընթացքի մեջ, որպեսզի դեռևս երկար տարիներ արժանացնի մեզ 

վայելելու Սրբազան Հոր հոգատար առաջնորդությունն առաքելադիր Եկեղեցու մեջ: Եվ մենք էլ մեր ծառայության մեջ ամրանանք՝ հետևելով նրա բարձր օրինակին և հոգեշահ հայրական խրատներին»,- ասաց Տեր Գրիգորը:

Գոշավանքի Ս. Աստվածածին եկեղեցում (1191-96 թթ.) ուխտավորները մասնակից եղան Սուրբ Պատարագի, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեդրակ քահանա Աղասյանը: Տեր Հայրը քարոզին անդրադարձավ օրվա հիշատակելի Եղիա մարգարեի վարքին՝ նշելով, որ իր նախանձախնդրությամբ Եղիան տարբերվում էր Հինկտակարանյան մյուս մարգարեներից: «Ուստի, մարգարեի օրինակի համաձայն, աղոթենք Տիրոջը, որ յուրաքանչյուրիս Եղիա մարգարեի նախանձախնդրությունը տա, որպեսզի մենք էլ Տիրոջ, եկեղեցու և մեր հոգևոր կյանքին վերաբերող հարցերում նախանձախնդիր վերաբերմունք ունենանք»,- մասնավորաբար նշեց Տեր Սեդրակը:

Եկեղեցական օրացույցի համաձայն Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 

Սարդարապատի ճակատամարտում զոհված հայորդիների հիշատակին:

Այնուհետև ուխտավորներն այցելեցին Գոշավանքի Ս. Առաքելոց և Ս. Հռիփսիմե մատուռները: Սուրբ Սեղանի շուրջ համախմբված ուխտավորները՝ կյանք պարգևող սրբությունը ճաշակած, համախմբվեցին սիրո ճաշի շուրջ՝ ճաշակելու Տիրոջ պարգևած բարիքները:

Հաջորդ սրբավայրը, որ սպասում էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին, Աղավնավանքի Ս. Աստվածածին եկեղեցին էր (11-12-րդ դդ.): Բայց մինչ սրբավայր հասնելը, ուխտավորները հաղթահարեցին դեպի վանք տանող 2,5 կմ ճանապարհը, որ ձգվում էր Աղավնավանք գյուղից մինչև հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Ախնաբադ կոչվող անտառամասի սարալանջը: Աղոթքով հաղթահարված ճանապարհն ուղղորդեց բոլորին աղոթքի կանգնելու սուրբ տաճարում և մասնակիցը լինելու Խաղաղական և Հանգստյան ժամերգություններին: Միասնական աղոթքից հետո ուխտավորներն իրենց հանգիստն անցկացրեցին դրախտանման բնության գրկում, ուր զգալի էր Տիրոջ սիրառատ հայացքը յուրաքանչյուր թփի և ծառի, անտառ թափանցած արևի լուսաշող ճառագայթների մեջ և թռչունների քաղցրահնչյուն դայլալներում: Հանգստի ընթացքում Տեր Գրիգորն ու Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանը հոգևոր զրույց ունեցան ուխտավորների հետ: Հայոց աշխարհի առանձնաշնորհների, գայթակղություններն ու փորձությունները հաղթահարելու և Տիրոջը լիարժեք վստահելու մասին էր հոգեշահ զրույցը:

Ս. Մարիամ Աստվածածնի, ինչպես նաև օրվա հիշատակելի Եղիա մարգարեի բարեխոսությամբ հագեցած սուրբ և Տերունի օրը ոգեշնչում էր ուխտավորներին կյանքի բոլոր պարագաներում նախանձախնդիր հավատք դրսևորել և ընթանալ դեպի Տերը, քանի որ «երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել և ընթանում են Տիրոջ օրենքով» (Սաղմոս 118:1):

 

Կարինե Սուգիկյան

11.06.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․