Գրքեր

«Երանի նրանց, ովքեր ընթանում են Տիրոջ օրենքով»

Շատերն ասում են, թե հավատում են Աստծուն, բայց ծանոթ չեն Նրա խոսքին և օրենքին: Աստված մեզ տվեց ոչ այլ օրենք, քան բարոյական օրենքը: Բարոյական օրենքի խախտումը երկրի վրա առաջ բերեց ատելություն, նախանձ, պատերազմ և արհավիրքներ: «Տիրոջ օրենքն անբիծ է և վերափոխում է հոգիները» (Սաղմ. 18:8): Աստծո օրենքն անթերի և կատարյալ է, քանի որ, ի տարբերություն մարդկային օրենքի, չունի իր մեջ ոչ մի արատ ու մեղք: Աստվածային օրենքն իմաստնացնում ու լուսավորում է պարզ և անուս մարդկանց, ովքեր, ճանաչելով Աստծո կամքը, սկսում են մեղքից հեռու աստվածահաճո կյանք ապրել: Սաղմոսերգուն Տիրոջ օրենքը համարում է ավելին, քան հազարներով արծաթն ու ոսկին: Նա հավատարիմ է Տիրոջ օրենքին. «Եթե քո օրենքն իմ խոսքը չլիներ, վաղուց ես կործանված կլինեի իմ թշվառության մեջ» (Սաղմ. 118:72; 92): Եսայի մարգարեն օրենքի մասին նշում է. «Չէ՞ որ օրենքը տվեց՝ օգնության համար» (Եսայի 8:20): Դավիթ մարգարեն տարբեր անվանումներ է տվել աստվածային օրենքին. կոչել է «օրենք», որով ղեկավարում և կանոնավարում է մարդկային կյանքը, կոչել է «վկայություն», որով սովորեցնում է արդարություն, կոչել է «պատվիրան», որով պատվիրում է, թե ինչ պետք է անի մարդը, կոչել է «դատաստան», քանի որ օրենքով դատեր և վճիռներ է կայացնում: Աստվածային օրենքը մարդուն մեղքից դեպի առաքինություն, չարից դեպի բարին, խավարից դեպի լույս է առաջնորդում:  

Լիարժեք կյանք ապրելու և փրկության արժանանալու համար պետք է վերադառնալ դեպի Աստված, դեպի Նրա խոսքն ու օրենքը: Աստծուց հեռու մեղսալից կյանքը դեպի կործանում և մահ է առաջնորդում: Նախածնողները՝ Ադամն ու Եվան, մինչ անկումը ապրում էին երանելի ներդաշնակության մեջ: Եկեղեցու հայրերի բնութագրմամբ՝ Ադամը կատարյալ էր, գեղեցիկ և անմահ, ամեն ինչ հնազանդ էր նրան, նրա առջև միայն մեկ պահանջ կար դրված՝ Աստծով հասնել հոգևոր կատարելագործման: Սակայն չարի դրդմամբ նախածնողները ցանկացան դառնալ ինչպես Աստված: Եթե մինչ մեղանչումը Ադամն ու Եվան Աստծո հետ անմիջական հաղորդակցման մեջ էին, ապա մեղանչումից հետո նրանք կորցրին այդ անգին հնարավորությունը, ընկան  սարսափելի մեղքի՝ հպարտության մեջ, որն այսօր էլ ամեն ինչ կաթվածահար է անում: Հպարտություն է, երբ մարդն ուզում է ապրել Աստծուց հեռու մի կյանք, կամ ցանկանում է լինել Աստված, կամ Աստծուց էլ բարձր մեկը: Նախածնողների անհնազանդության պատճառով աշխարհ եկավ մահը: Աստվածային սերը, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նրանց հնարավորություն տվեց մեղքից ազատագրվելու և փրկվելու. Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, Քրիստոս դարձավ երկրորդ Ադամ:  

Աստվածային բարոյական օրենքի անտեսման հետևանքի մասին վկայում է Սուրբ Գիրքը. հիանալի բնությամբ հայտնի Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչները, երբ զանց առան բարոյական օրենքը, ընկան մեղքի անդունդը և կատարվեց սարսափելին. երկնքից թափված կրակը մոխրացրեց քաղաքները, իսկ նրանց ողողող ծովը վերացվեց Մեռյալ ծովի:

Իրական ազատությունը դրսևորվում է, երբ մարդն ինքնաքննությամբ, զղջմամբ և Ս. Հաղորդությամբ ազատվում է մեղքի բեռից և խաչը վերցնելով՝ Քրիստոսին հետևում, Ով հանդիսանում է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6): Ազատության շնորհիվ է, որ մարդն իր մեջ պահպանում է Աստծո պատկերն ու նմանությունը: Առանց ազատության մարդն ուղղակի կդառնար մեխանիկական մի էակ: Իրական ազատությունը բարու կամ չարի ընտրության մեջ չէ, այլ երբ փորձ է արվում բարու մեջ հարատևելու: Ազատությունը հմտություն է Աստծո կամքը կատարելու, քանի որ մեղքի մեջ չկա իրական ազատություն, իսկ իրական ազատությունն այնքան թանկ է, որքան ինքը կյանքը: Բարձրագույն ազատությունը Աստծո խոսքի և Նրա օրենքի հանդեպ  հնազանդության մեջ է, ինչը կորցնում է մարդ, երբ սկսում է իր կամքը կատարել:  

«Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով: Երանի նրանց, ովքեր հետևում են Նրա պատվիրաններին, իրենց ամբողջ սրտով փնտրում են Նրան»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմ. 118:1-2):

 

Կարինե Սուգիկյան

 

08.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․