Գրքեր

Երբ աղանդը «որդեգրում է» ձեր զավակներին

Վերջերս դիտեցի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիք» ներկայացումը: Ներկայացումը շատ հաջողված էր: Սյուժեն կայանում էր նրանում, որ հարազատներին կորցրած և միայնակ դարձած երիտասարդը փորձում է մի հարկի տակ հավաքել անտուն որբերի և ստեղծել նոր ընտանիք` հայր, մայր, տատիկ, կին, երեխա: Ներկայացումը լի էր մարդասիրական և ուսուցողական տարրերով:

Ընտանիքը չափազանց կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, ծնված օրվանից մինչև մահ: Ծնողներից ստացած սիրո և փորձի շնորհիվ երեխան կառուցում է իր սեփական ընտանիքը: Ընտանիքը ոչ միայն այն միջավայրն է, որտեղ մարդը ստանում է սեր, ուշադրություն, հարգանք, դաստիարակություն, նաև աջակցություն և հմտություններ՝ այլ միջավայր մտնելու, ընտելանալու և համապատասխանորեն դրսևորվելու համար: Եվ վերջապես, ընտանիքը և ծնողները այն կարևոր աղբյուրն են, որտեղից անհատը հոգևոր դաստիարակության փորձն է ստանում` հետագայում Աստծո հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար:

Ամուր ընտանիքների շնորհիվ են կարողանում գոյատևել ազգեր, հասարակություններ և պետություններ: Ընտանեկան արժեքներից են ձևավորվում հասարակության և պետության արժեքները: Եվ ընտանիքի կարևորության պատճառով բոլոր աղանդները մեծ նշանակություն են տալիս անհատի միջոցով ընտանիքի վրա ներազդելու հանգամանքին: Իրենց անդամներին ընտանեկան նոր արժեքներ թելադրելով` նպաստում են ոչ միայն անհատի քայքայմանը, այլ նաև բացասական ազդեցություն են ունենում հասարակության և պետության արժեքների վրա:
Նախ և առաջ աղանդ մտնելու պահից անձին համոզում են, որ մինչ այդ պահն իր ապրած ողջ կյանքն անանցանելի խավար է եղել, իր կողքին եղած մարդիկ սխալ ուղղությամբ են առաջնորդել, ծնողները խոչընդոտ են հանդիսացել Աստծո հետ հանդիպման նրա ճանապարհին (հատկապես երբ ծնողները բացասական են արտահայտվում տվյալ աղանդի մասին):

Հայտնի է, որ դեռահասության տարիքում և կյանքի տարբեր իրավիճակներում յուրաքանչյուր անձ անհասկացվածության պահեր է ապրում ծնողների հետ հարաբերություններում, անգամ կարծում է, որ ծնողներն իր թշնամիներն են: Աղանդավորներն, օգտագործելով այդ և նմանատիպ այլ երևույթներ մարդու կյանքում, դրան տալիս են «հոգևոր» և գաղափարախոսական նշանակություն՝ համոզելով անձին, որ կենսաբանական ծնողները իրական ծնողներ չեն, իրական ծնողներն այստեղ են՝ իր նոր «ընտանիքում»: Բոլոր աղանդներում ներկա է ընտանիքին առնչվող տերմինաբանություն`«Մենք մի ընտանիք ենք», «Աստծո ընտանիք», «Աստծո տուն», «Աստծո զավակներ», «Աստծով քույր-եղբայրներ»: Ճիշտ է, ուղղադավան քրիստոնյաներն էլ են Աստծուն Հայր դիմում, բայց նրանք չեն մերժում կենսաբանական ծնողներին, քանի որ ծնողները և ընտանիքը Աստծուց են տրված: Բացի այդ, Աստծո պատվիրաններում ասվում է. «Պատվիր քո հորն ու մորը», այլ ոչ թե «Պատվիր նրան, ով քեզ հայր կամ մայր կլինի»: Այսպիսով, աղանդները ստեղծում են կեղծ ընտանեկան արժեքների մթնոլորտ` նոր ծնողների, նոր քույրերի և եղբայրների մասնակցությամբ: Ընդ որում, նոր քույրերն ու եղբայրները չափազանց բարեհամբույր, անդադար ժպիտներով և «հոգատարությամբ» պատմում են այն վարդագույն տեսլականների մասին, որոնք սպասվում են նոր ընտանիքում: Այսպիսով, աղանդի նորածին անդամի մոտ սկսվում է աղանդավորական «մեղրամիսը», որը մեծամասնության մոտ տևում է տարիներ:
Ըստ ուղղափառ մոտեցման` ապաշխարությունը հրաժարումն է մեղքերից և անցյալ կյանքի սխալ ուսմունքներից և համոզմունքներից, այլ ոչ թե ինքնությունից, անձի ազատությունից, կյանքի ընթացքում ունեցած ձեռբերումներից, այդ թվում՝ ամեն բարիից և լուսավորից, ընտանեկան և ընկերական հարաբերություններից:
Երկրորդ փուլում, երբ անձը արդեն հրաժարվել է իր անցյալից և հետևաբար` իր ինքնությունից, նրա մոտ պետք է ձևավորել նոր արժեքներ: Բոլոր աղանդներում յուրաքանչյուր քարոզ իր մեջ պարունակում է ընտանիքի հետ փոխհարաբերությունների հրահանգներ և մոդելներ: Ամեն երկրորդ սեմինարը վերաբերվում է ընտանեկան արժեքներին, որն առաջին հայացքից կարող է բարի նպատակների տպավորություն թողնել, եթե չտեսնենք դրա տակ թաքնված կեղծիքները, հետևաբար` վտանգները: Ընտանեկան դաստիարակության հարցում որոշ մոտեցումներ կարող են տարբերվել, սակայն վերջնական նպատակը և քայքայիչ ազդեցությունները նույնն են: Օրինակ, Եհովայի վկաների մոտ ծնողների հանդեպ դեռահասի բողոքները դիտվում են որպես չարի ներգործության կամ ադամական մեղքի հետևանք: Այս դեպքում, ծնողն իր երեխայի զարգացման և կայացման բնական փուլերը հասկանալու և դրանք սիրով ուղղորդելու փոխարեն, սկսում է երեխայի մեջ վախեր սերմանել նրա սատանայից բռնված լինելու և/կամ իր հանդեպ ամբողջ աշխարհի չարությամբ տրամադրված լինելու վերաբերյալ: Եվ իհարկե վախեցած երեխային մնում է մի ճանապարհ` հանգստությունը գտնել Եհովայի վկաների մոտ: Ընդ որում, հստակ մեխանիզմներ են տրամադրվում մանիպուլյացիաների միջոցով երեխաներին դրանում համոզելու համար (Հիմնավորումը կարելի է գտնել Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ընտանեկան երջանկության գաղտնիքները» գրքույկում, որն ամեն օր տարածվում է Երևանի փողոցներում):
Հոգեգալստական կամ հիսունական ուղղության համայնքներում ամուսնության տարիքի երիտասարդների համար զույգ է ընտրում հովիվը` իր հայեցողությամբ: Ընդ որում, խրախուսվում են, եթե չասեմ պարտադրվում են, վաղ տարիքում ամուսնությունները և շատ երեխաներ ունենալը: Հանդիպել եմ դեպքերի, երբ ընտրյալը այլ երկրից է և համաձայնությունը տրվում է մեկ լուսանկարի հիման վրա: Այս ընտանիքներում առաջին հայացքից գրեթե խնդիրներ չեն լինում, զույգերը համոզված են, որ իրենց ամուսնությունը Աստծո նախախնամությամբ է: Հովիվը ուղղորդում է ընտանիքի ձևավորման և զարգացման հետ կապված բոլոր տեսակի հարցերը` իբրև թե քրիստոնեական արժեքներով: Սակայն դրանք չի կարելի առողջ ընտանիքներ համարել, քանի որ երրորդ անձի բոլոր որոշումներին անվերապահորեն ենթարկվելը զրկում է անձին իր ընտանիքի հանդեպ գիտակցված որոշումներ կայացնելու ունակությունից: Ամուսիններից մեկը մյուսի հանդեպ միշտ հայտնվում է զոհի կարգավիճակում, իսկ ընտանիքի փաստացի գլուխը դառնում է այն ամուսինը, ով «հոգևոր» լիդեր է:

Իրականում աղանդներում ձևավորված այս ընտանիքներն արդեն չի կարելի դիտել որպես հասարակության բջիջ, քանի որ հասարակությունը ոչ մի օգուտ չի ստանում վերջիններից: Այդպիսի ընտանիքն ամբողջությամբ աշխատում է աղանդի համար: Այստեղ ծնված երեխաները, ինչպես ստրկության մեջ ծնված ծնողների երեխաները՝ նույնպես ստրուկներ են, հանձնվում են այդ աղանդին, որը նրանց երբեք բաց չի թողնի: Այս երեխաների մեջ արդեն չեն սերմանվի ո՛չ պետականություն, ո՛չ ազգային, ո՛չ էլ համամարդկային արժեքներ:

Երբ ծնողներից որևէ մեկն է աղանդավոր դառնում` սա նույնպես գրեթե բոլոր դեպքերում հանգեցնում է ընտանիքի փլուզմանը: Հաճախ աղանդավորը ընտանիքի անդամներից գումարային միջոցներ և թանկարժեք իրեր է կորզում, վաճառում է բնակարանը` ընտանիքի անդամներին թողնելով անտուն: Հաճախ աղանդավորներն ազդեցության տակ լինելով՝ ներքին ագրեսիայի արդյունքում՝ բռնություն են գործադրում իրենց ընտանիքի անդամների հանդեպ` ի հակառակ նրան, որ աղանդում իրենց մասին պարկեշտ և աստվածապաշտ հավատացյալի կարծիք ունեն:

Տոտալիտար աղանդներում բազմաթիվ են բարեպաշտ թվացող առաջնորդների կողմից երեխաների հանդեպ տարիներով կատարված բռնաբարությունների դեպքերը: Շատ անգամ ծնողներն անվերապահորեն հավատարիմ լինելով իրենց «սուրբ» առաջնորդին` բոլոր մեղքերում մեղադրում են սեփական երեխաներին կամ ծածկում են բռնաբարության փաստերը:

Աննկարագրելի են այն մարդկանց տառապանքները, ում հարազատները հայտնվել են աղանդում: Շատերը վկայում են, որ դա այնպիսի դժբախտություն է, որը կարելի է համեմատել մտերիմ մարդու մահվան հետ: Դու ականատես ես լինում, թե ինչպես է քո մտերիմը կորցնում իր էությունը, անհատականությունը և ազատությունը, քայքայում իր կյանքը, կորստյան մատնում հոգին:

Վերջում ամփոփեմ այն հնարավոր վնասները, որոնք աղանդները կարող են հասցնել ընտանիքին և ընտանեկան հարաբերություններին.

1. Ընտանեկան ավանդույթների և ընտանեկան ամբողջականության քայքայում,

2. Սոցիալական որբերի ավելացում` երբ ծնողներից մեկը կամ երկուսը լքում են երեխային, թողնելով նրան բարեկամի խնամքին,

3. Երեխաների հանդեպ ծնողական պարտականությունների կատարման թերացում, երիտասարդների կողմից` ծնողների հանդեպ,

4. Թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունների ձևավորում,

5. Աղանդավորի և նրա ընտանիքի անդամների առողջական վիճակի վատթարացում,

6. Ինքնասպանության փորձերով և հոգեկան խանգարումներով հիվանդների թվի ավելացում (աղանդում գտնվողներից յուրաքանչյուր երկրորդը հոգեկան խնդիրներ ունի),

7. Ընտանեկան դժբախտություններ, որոնք կապված են գույքի վատնման, բաժանման, աղանդին նվիրատվության հետ,

8. Ֆիզիկական և հոգեբանական ճնշում ընտանիքի անդամների հանդեպ,

9. Մասնագիտական կրթությունից, սոցիալական ադապտացումից զրկում,

10. Անձի ընդհանուր սոցիալական իրավունքների ոտնահարում:

 

 

Պատրաստեց՝ Ալմաստ Մուրադյանը

 

10.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․