Գրքեր

Երբ բացակայում է խոնարհությունը, ներկա է հպարտությունը

Քրիստոսով նորոգված նոր մարդու համար կարևոր հիմք է հանդիսանում խոնարհությունը: Պատվիրանների իրագործումն առանց այս առաքինության ոչ միայն չի մոտեցնում մարդուն Աստծուն, այլ հակառակը՝ հեռվացնում է՝ դարձնելով Նրա թշնամին: Երբ բացակայում է խոնարհությունը, ներկա է հպարտությունը: «Ճշմարիտ է ասված, թե մեղքի սկիզբը հպարտությունն է: Քանի որ չարը, որից առաջ եկավ մեղքը, հպարտության պատճառով անկում ապրեց, իսկ հետո նախանձից գայթակղեցրեց մարդուն այնտեղ, որտեղից ինքն ընկել էր: Օձը նախ և առաջ գտավ հպարտության սողանցքը, որի միջով սողոսկելով՝ խոստացավ՝ դուք կլինեք աստվածների նման: Այդ պատճառով է ասված մեղքի սկիզբը հպարտությունն է, իսկ հպարտության սկիզբը՝ Աստծուց հեռվացումը: Հպարտությունը մարդու միջից հանում է Աստծուն, նախանձը հանում է ընկերոջը, իսկ բարկությունը` հենց իրեն»,- ասել է Ս. Օգոստինոսը:  

Ներքին ուշադրությամբ և մեղքի դեմ մշտական պայքարով մարդուն հայտնի է դառնում, թե որքան խորն է իր էությունը վնասվել հպարտությունից: Երբ հաղթահարվում է հպարտությունը, հաղթահարվում են և մյուս մեղքերը: Մեղքերի մեջ անկում ապրած մարդը ոտքի է կանգնում, երբ ձեռք է բերում խոնարհություն, երբ իր վիճակի համար սկսում է մեղադրել իրեն և ոչ թե ուրիշներին: Չարը տարբեր հանգամանքներում մարդու առջև գայթակղության տարբեր առիթներ է ստեղծում, բայց մեղքի ցանցն ընկնելու կամ չընկնելու վերջնական որոշումը պատկանում է մարդուն: Մեղքի դեմ պայքարելով, բայց կրկին ու կրկին անգամ մեղքի մեջ ընկնելով՝ մարդը ձեռք է բերում այն կարևոր փորձառությունը, որ ինքն անօգնական է, որ Տիրոջ ողորմության կարիքն ունի:

Այն որ անհաղթահարելին հաղթահարվում է խոնարհությամբ, փաստում է աբբա Անտոնիոսի հետևյալ վկայությունը. «Աբբա Անտոնիոսն աբբա Պիմենին ասաց. «Մարդու մեծագույն գործն այն է, երբ նա հանձն է առնում իր սխալներն Աստծո առաջ և փորձառություն է ձեռք բերում մինչև վերջին շունչը»: Ասաց դարձյալ աբբա Անտոնիոսը. «Տեսա սատանայի բոլոր որոգայթները՝ սփռված ամբողջ երկրի վրա, և հառաչելով ասացի. «Ո՞վ կարող է անցնել սրանց միջով»: Եվ ձայն լսեցի, որ ասաց՝ խոնարհությունը»:

Ապաշխարող մարդը կոտրված սրտով, արցունքն աչքերին իր հոգու խորքում ընդունում է իր մեղավոր, միաժամանակ անօգնական լինելը և զղջացող մաքսավորի նման ի խորոց սրտի աղոթում է առ Տեր՝ խնդրելով՝ Աստվա՛ծ, ներիր մեղավորիս մեղքերը (Ղուկաս 18:13): Քրիստոսի աջ կողմում խաչված ավազակն էլ խոնարհությամբ ընդունեց իր մեղավոր լինելը և ասաց Տիրոջը. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկաս 23:42): Խոնարհաբար Քրիստոսին մոտեցավ նաև բորոտը՝ Տե՛ր, եթե ուզես, կարող ես ինձ մաքրել: Եվ նրանց խոնարհ հոգիներն ընդունեցին մխիթարիչ և բուժիչ խոսքերը՝ ասում եմ ձեզ, որ մաքսավո՛րն է, որ արդարացած տուն գնաց և ոչ թե փարիսեցին (Ղուկաս 18:14), վստահ եղիր, այսօր ինձ հետ դրախտում կլինես (Ղուկաս 23:43), ուզում եմ, մաքրվի՛ր (Մարկոս 1:40-42): Մեղքերի մեջ ընկած մարդն իր ողջ էությամբ զգում է Տիրոջ ողորմածությունն ու սերն իր հանդեպ, քանի որ անկեղծ զղջման դեպքում Աստված վարձատրում է մարդուն, ներում նրա մեղքերը՝ բուժելով մեղքերից խոցված հոգին:

Մխիթարիչ և բուժիչ պատասխաները չեն ուշանա նաև նրանցից, ովքեր, աջակողմյան ավազակի, մաքսավորի և բորոտի խոնարհությամբ, ի խորոց սրտի դիմեն Տիրոջը՝ ասելով. Տե՛ր, ներիր, մաքրիր և հիշիր ինձ մեղավորիս, երբ գաս Քո թագավորությամբ:

Մանուկ Կակոսյան Կյուրինցին իր «Երկնքի ճանապարհ»-ը գրքում գրում է. «Երբ հպարտությունը այցելի քեզ, անմիջապես նայիր հողին և մտածիր, որ այդ ոտքիդ տակի հողից ես ստեղծված, որ վերստին հող պիտի դառնաս և ոտքի կոխան լինես: Երկրորդ`մտորիր ծնունդիդ և մահվանդ մասին և կտեսնես, որ ոչ մեկից տարբեր չես: Այսպես՝ թե՛աղքատ և թե՛ հարուստ, թե՛ խելոք և թե՛ հիմար, թե՛ գեղեցիկ և թե՛ տգեղ, թե՛ զորեղ և թե՛ տկար. բոլորի ծնունդն ու մահը հավասար են: Բոլորն էլ ոչ միայն լացով ու տրտմությամբ, այլև մերկ են աշխարհ գալիս, մերկ էլ պիտի հեռանան`ոչ մի բան չտանելով իրենց հետ: Ո՛չ հարուստը կարող է իր ունեցվածքը տանել, ո՛չ գեղեցիկը իր գեղեցկությունը, ո՛չ զորեղն իր զորությունը, բոլորն էլ իրենց ունեցածը պիտի այստեղ թողնեն բացի մեղքից, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել» (Ա Տիմոթեոս 6:7):

 

Կարինե Սուգիկյան

21.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․