Գրքեր

Երբ մարզվում ենք աստվածպաշտությամբ

«Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի կամ առավելագույնը՝ ութսուն տարի… Ինձ ցույց տուր Քո Աջը և սրտով խոնարհներին՝ Քո իմաստությունը» (Սաղմոս 89:10, 12):

Սաղմոսերգուն փաստում է, որ մարդկային կյանքն այնքան էլ երկար չէ և բոլորի փափագն է կյանքի յուրաքանչյուր օրն ապրել առողջ և երջանիկ: Ս. Գիրքն իր ընթերցողներին քայլ առ քայլ բացահայտում է առողջության բանաձևը: «Եվ Աստված Ինքը, որ խաղաղություն է պարգևում, թող կատարելապես սրբի ձեզ, և ձեր ամբողջ էությունը՝ հոգի, շունչ և մարմին, անարատ պահի մինչև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գալստյան օրը» (Ա Թեսաղոն. 5:23): Ծննդոց գրքում կարդում ենք, որ մեղանչումից հետո մարդը կորցրեց աստվածային ներկայությունը, որ ուներ դրախտում, արդյունքում աշխարհ եկան հիվանդությունները: «Արդարև, թեպետև բոլոր մարդիկ մեղանչեցին և զրկված են մնում Աստծո փառքից, սակայն Աստված արդարացնում է նրանց ձրիաբար Իր պարգևած շնորհով, Քրիստոս Հիսուսի փրկագործության միջոցով» (Հռոմ. 4:23-24): Միայն Քրիստոսի փրկարար զոհաբերության շնորհիվ մարդը, հոգևոր ծնունդ ունենալով, փրկության հնարավորություն ունեցավ: «Մեր մեղքերն Ի՛նքը կրեց Իր մարմնով՝ խաչի վրա, որպեսզի մեղքի տիրապետությունից ազատված արդարության համար ապրենք մենք» (Ա Պետրոս 1:24):

Սովորաբար առողջ ապրելակերպին ձգտող անձը փորձում է ճիշտ սննդակարգի հետևել, մարմնամարզությամբ զբաղվել: Գաղտնիք չէ, որ մարդը կազմված է ոչ միայն մարմնից, այլ նաև անմահ հոգուց: Ինչպես մարմինը, այնպես էլ հոգին խնամքի և հոգատարության կարիք ունի: Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք առողջ հոգի ունենա, իսկ հոգու առողջությունն անմիջականորեն բարերար ազդեցողություն է թողնում մարմնի վրա, որ Ս. Հոգու տաճար է համարվում: «Մարդն իր մարմնով նման է այրվող մոմի: Մոմը, վառվելով, հանգչում է, և մարդն էլ, մահկանացու լինելով, մահանում է: Բայց մարդու հոգին անմահ է, այդ պատճառով մեր խնամքն ավելի շատ պետք է ուղղվի հոգուն և ոչ մարմնին. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մարկոս 8:36)»,- ասել է Ս. Սերաֆիմ Սարովսկին: Հոգու խնամքին է ուղղված աստվածպաշտությամբ մարզվելը. «Ինքդ քեզ մարզիր աստվածպաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածպաշտությունն ամեն ինչի համար է օգտակար, քանի որ խոստանում է կյանք տալ թե՛ այս, թե՛ հանդերձյալ աշխարհում» (Ա Տիմոթեոս 4:8): Մարմնամարզությամբ զբաղվողը քաջատեղյակ է, որ առանց համբերության և շարունակական ջանքերի չի կարող լավ արդյունքներ ունենալ, առավել ևս եթե անձը զբաղվում է որևէ սպորտաձևով և փորձում է այդ ասպարեզում հաջողություններ ունենալ: Նույնն է պարագան, երբ մարզվում ենք աստվածպաշտությամբ, բայց այս դեպքում նախանձախնդիր և ջանասեր հոգին երկակի օգուտ է ունենում:

Սրբերի վարքագրությունն ու կենցաղավարությունը վկայում է այն մասին, թե նրանց համար որքան առաջնային է համարվել հոգին. «Եղբայրներից ոմանք նեղություն ունեցան իրենց տեղում և կամենալով թողնել տեղը՝ գնացին հայր Ամոնի մոտ, իսկ ծերն այդ ժամանակ նավակի մեջ էր: Տեսնելով նրանց գետի եզերքով ընթանալիս՝ նավորդներին ասաց. «Հանե՛ք ինձ ցամաք»: Եվ կանչելով նրանց իր մոտ՝ ասաց. «Ես եմ Ամոնը, որի մոտ դուք կամենում եք գնալ»: Եվ մխիթարելով նրանց՝ դարձրեց նորից իրենց տեղը, որովհետև նրանց հոգուն վնասող ոչինչ չկար, այլ զուտ մարդկային նեղություն էր»:

Նա, ով մարմնավոր ջանք է գործադրում Ս. Գրքի ընթերցանությամբ հոգին մարզելու, այդպիսի մեկը, ըստ Ս. Եփրեմ Ասորու, կպահպանի իր մաքրությունը: Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ պահքը հոգու և ոչ թե մարմնի մարզում է, եթե մարմնի մարզում լիներ, կսներ մարմինը. «Քանի որ պահքը հյուծում է մարմինը, ապա այն չի կարող մարմնի մարզում համարվել: Մարմնի մարզումը կապված լինելով մեծ ջանքերի հետ մեծ օգուտ չի բերում՝ ի տարբերություն հոգու մարզման, որ բերում է անփոխարինելի և մեծ օգուտ: Երկրորդ մարզումը պտուղներ է բերում թե՛ այս և թե՛ այն կյանքում»:

Այսպիսով, աստվածպաշտությամբ մարզվենք, մեր հոգին սնելով Աստծո խոսքով, պահեցողությամբ և բարի գործերով, քանի որ բարեպաշտությունն ամեն ինչում է օգտակար, այն ունի ներկա և ապագա կյանքի խոստումը, այն ամրապնդում է առողջությունը, քանի որ բարեպաշտ մարդը չի վնասում իր առողջությունը մեղքերով և մոլություններով:

 

Կարինե Սուգիկյան

31.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․