Գրքեր

Երբ ունկնդիր ենք մեր խղճի ձայնին

Յուրաքանչյուր ոք ծանոթ է իր ներքին ձայնին, որը կոչվում է նաև Աստծո ձայն և խիղճ: Աստծո ձայնը բնատուր բարոյական զգացողություն է, հոգու ուժ և բնական օրենք, որ  գործում է ի փրկություն անձի: Այն որպես օրենսդիր և արդար դատավոր, սովորեցնում է և դատում՝ հավանություն տալով կամ դատապարտելով մարդու մտքերը, խոսքերն ու արարքները: Շատոբրիանը «Քրիստոնեության հանճարը» գրքում նշում է, որ հոգու անմահության ապացույցներից մեկը խղճմտանքն է. «Յուրաքանչյուր մարդ իր սրտի խորքում ունի մի դատարան, ուր նա սկսում է դատել ինքն իրեն՝ սպասելով, որ գերագույն Իրավարարը հաստատի դատավճիռը»:

Խիղճը մարդուն տրվել է որպես ի՛ր և ոչ այլոց գործերի դատավոր: Յուրաքանչյուրն իր անձնական փորձից կվկայի, որ խիղճն իր մեջ գործում է իր կամքից անկախ, այն շատ արագ տարբերակում է բարին չարից՝ բացահայտելով Աստծո կամքը: Միայն մարդուն է հատուկ բարոյականության վերաբերյալ հասկացողությունները: Մարդաբանները, ուսումնասիրելով ոչ առաջադեմ ազգերի և ցեղերի բարքերն ու սովորությունները, վկայում են, որ առ այսօր չի գտնվել անգամ մի վայրի ցեղ, որին խորթ լինեին բարոյականության վերաբերյալ հասկացողությունները:       

Գրավոր օրենքը տրվեց, քանի որ մարդը մեղանչելով՝ սկսեց անտեսել իր խղճի ձայնը: Ինչպես գրավոր, այնպես էլ բնական օրենքները միաձայն հորդորում են. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց, այս սկզբունքն իր մեջ ամփոփում է Օրենքն ու մարգարեների ուսուցումները» (Մատթեոս 7:12):

«Խիղճը մեռած», «խիղճը քար» այս դարձվածքներով ժողովուրդը բնորոշել է այն անձանց, ովքեր անզգայացրել և խլացրել են իրենց խիղճը մեղքով և կեղծիքով: Բոլորովին այլ կերպ կձևավորվեին մարդկային հարաբերությունները, եթե մարդիկ փորձեին ունկնդիր լինել իրենց խղճի ձայնին:

Ոչ մի աշխարհիկ գրականություն այդքան կոնկրետ և բազմակողմանի չի անդրադարձել խղճի դրսևորումներին, որքան Սուրբ Գիրքը: Օրինակ՝ Ադամն ու Եվան, ճաշակելով արգելված պտուղը, ամոթ զգացին և թաքնվեցին Աստծուց (Ծննդոց 3:7-10): Կայենը նախանձից սպանեց իր եղբորը՝ Աբելին, և ասաց Աստծուն. «Գործած մեղքս մեծ է թողության արժանի լինելու համար: Եթե այսօր ինձ հանես երկրից, ես կթաքնվեմ Քեզնից, ահ ու դողի և երերման մեջ կլինեմ երկրի վրա, և ով հանդիպի, կսպանի ինձ» (Ծննդոց 4:14): Դավիթ արքային հետապնդող Սավուղ արքան լաց եղավ ամոթից, երբ իմացավ, որ Դավիթը խնայել է իր կյանքը՝ իրենից վրեժ լուծելու փոխարեն (Ա Թագավորություններ 26): Անառակ կնոջը Քրիստոսի մոտ բերող հպարտ փարիսեցիներն ու օրենսգետները ամոթով մնացին և հեռացան, երբ Քրիստոսի կողմից լսեցին. «Ձեր միջից անմեղը ի՛նքը թող առաջին քարը գցի նրա վրա» (Հովհաննես 8:3-11):  

Աշխարհի բոլոր մարդիկ՝ լինեն հավատավոր, թե անհավատ, ենթագիտակցորեն զգում են իրենց արարքների պատասխանատվությունը: Երբեմն պատահում է, որ շրջադարձային իրադարձություններում մարդը չի լսում իր խղճի ձայնը, բայց հետո ուշքի գալով, կրկնակի ուժով է զգում խղճի խայթոցները: Այսպես, Հովսեփի եղբայրները, փորձանքի մեջ ընկնելով, հիշեցին իրենց մեղսալից արարքը՝ իրենց փոքր եղբորն ստրկության վաճառելը, և հասկացան, որ իրենք արդարացիորեն են պատժվում (Ծննդոց 42:21): Դավիթ արքան, հմայվելով Բերսաբեի գեղեցկությամբ, իր գործած շնության մեղքը գիտակցեց այն ժամանակ, երբ նրան հանդիմանեց Նաթան մարգարեն (Բ Թագավորություններ 12:13): Զակքեոս մաքսապետը՝ Քրիստոսի սիրուց ազդված, հիշեց այն վիրավորանքներն ու վնասները, որ պատճառել էր մարդկանց իր ագահության պատճառով և իր պատճառած վնասների դիմաց քառապատիկը հատուցեց նրանց (Ղուկաս 19:8):

Խղճի վերաբերյալ «Քրիստոնեության հանճարը» գրքի հեղինակը մտորում է՝ «Ինչո՞ւ է խղճի խայթն այնքան սոսկալի, որ մարդ նախընտրում է ենթարկվել աղքատության և հանձն առնել առաքինության պարտադրած բոլոր խստությունները, քան թե ձեռք բերել անօրինական բարիքներ: Վագրը պատառոտում է իր որսը և հանգիստ քնում: Մարդը դառնում է մարդասպան և մնում անքուն: Ոմանք ստիպված են եղել ժխտել խղճմտանքի գոյությունը, որպեսզի ժխտեն հոգու անմահությունն ու Աստծո գոյությունը»:

Մեղավորի համար մեծագույն երջանկություն է մեղքերի թողությամբ խիղճը հանգստացնելը: Այդ երջանկությունն ապրեց այն մեղավոր կինը, որը մտավ փարիսեցու տուն, ուր Հիսուս հրավիրված էր ճաշի: Նա, Հիսուսի ոտքերի մոտ կանգնած, լաց էր լինում, արցունքներով թրջում էր Նրա ոտքերը և մազերով սրբում, համբուրում էր ոտքերը և յուղով օծում (Ղուկաս 7:38): Մեղքի մեջ համառորեն մնալը վնասված խղճի և եսասիրության պտուղ է: Վնասված խիղճը նման է կոտրված հայելու, որ հարկ եղածի նման չի արտացոլում մեր գործերը: Եկեղեցու հայրերը նշում են, որ յուրաքանչյուր մեղք, որ չի մաքրվում ապաշխարությամբ, վնասում է խիղճը, բայց չի կարող սպանել այն, քանի որ խիղճը մարդուն ուղեկցելու է մինչև դատաստան, և այն հնարավոր է ամրացնել՝ ապաշխարությամբ, Աստծո մասին խորհելով և Նրա հանդեպ երկյուղ ունենալով:

Մեղավոր մարդուն խանգարում է իր խիղճը, ուստի նա ջանում է խլացնել խայթող այդ ձայնը, բայց մի՞թե հնարավոր է դա: Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է. «Եթե դու տեսնում ես, որ չունես խաղաղություն և տխրում ես, ապա իմացիր, որ քո ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է և պետք է գտնես և ուղղես այդ անկարգությունը: Ենթադրենք, ինչ-որ մեղսալից արարք գործելով, դու անհանգստանում ես, բայց խոստովանության ժամանակ այդ մասին լռում ես: Անցնում է ժամանակ և քեզ հետ ուրախ իրադարձություն է տեղի ունենում: Քո ուրախությունը ծածկում է քո մեղքի ապրումները և դու այն աստիճանաբար մոռանում ես: Թեև ուրախությունը ծածկել է մեղքը՝ այն դեպի անկյուն տանելով, բայց միևնույն է, այն շարունակում է ներքուստ աշխատել: Այդ կերպ մարդը ճնշում է իր խիղճը և անզգայացնում իր սիրտը: Արդարացումները, թե եղածը ոչինչ է, չեն օգնում, քանի որ չկա այլևս խաղաղությունը և չի լռում անկյունում գտնվող մեղքը: Մարդն անդադար տանջվում է և չի հասկանում, թե ո՞րն է պատճառն այդ ամենի, քանի որ նրա մեղքերը ծածկված են և անկյունում: Այդպիսի մարդը չի հասկանում, որ տանջվում է այն պատճառով, որ մեղք է գործել»:

Ապաշխարությամբ և մաքուր խղճմտանքով ապրելով՝ վայելենք նրանցից բխող մշտամնա ուրախությունը, Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն վստահ լինելով. «Եթե մեր խիղճը չի մեղադրում մեզ, սիրելինե՛ր, կարող ենք համարձակ դիմել Աստծուն, և ինչ էլ որ խնդրենք, Նրանից կստանանք» (Ա Հովհաննես 3:21-23):  

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

07.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․