Գրքեր

Երեխային հանգիստ թող, մաս 1-ին

Այսօրվա զրույցը «Երեխային հանգիստ թող» անվանեցի: Այս թեման երեխա չունեցողների համար էլ է կարևոր, քանի որ մեր կյանքում առկա հոգեբանական ճնշման ու բռնության տանջալի խնդրի մի մասն է կազմում: Այն կարելի էր անվանել նաև «Մարդուն հանգիստ թող», այսինքն մի՛ անհանգստացրու և մի՛ արհամարիր ուրիշ մարդկանց:

1986 թվականին, երբ առաջին անգամ Սուրբ լեռ գնացի, սուրբ Աննայի ճգնարանում ճգնող վանականին հարցրեցի.

- Հա՛յր, դու վանական ես, ընտանիք ու երեխաներ չունես, տներ չես կառուցում, գործարանում չես աշխատում: Այդ դեպքում ի՞նչ ես անում աշխարհի համար:

Այն ժամանակ ես տասնվեց տարեկան էի: Եվ նա ինձ պատասխանեց.

- Գիտե՞ս, ես բազում կրքեր ու տկարություններ ունեմ: Անընդհատ զայրանում եմ, նյարդայնանում, ծանր է բնավորությունս: Եվ ձեզ՝ աշխարհում ապրողներիդ համար իմ արած գործը ձեր հանգիստն է, քանի որ ես ձեզ չեմ ծանրաբեռնում իմ կրքերով ու թուլություններով: Եթե ես ձեր կողքին ապրելիս լինեի, ապա ինձնով, իմ ծանր բնավորությամբ բեռ կլինեի ձեզ համար: Համենայն դեպս հիմա ոչ ոքի չեմ անհանգստացնում: Ապրում եմ այստեղ իմ լռության, իմ սխալների, իմ մեղքերի մեջ, բայց ձեզ հանգիստ եմ թողնում:

Սրանք շատ խորիմաստ ու կարևոր բառեր են: Մենք պետք է ձգտենք մեր կողքին ապրողների ջղերը չգրգռել, չձանձրացնել նրանց ու չճնշել նրանց անհատականությունը: Որովհետև եթե նույնիսկ մարդու հետ որևէ լավ, ճիշտ բանի մասին ես խոսում, բայց ճնշում ես գործադրում նրա վրա, ապա նյարդերի վրա է ազդում: Օրինակ, երբ մեկը քեզ ասում է, որ պետք է պահք պահել, աղոթել, եկեղեցի հաճախել, բայց չափազանց համառորեն է ասում, ապա նման խրատը միայն նյարդայնացնում ու զայրացնում է, և արդյունքը լրիվ հակառակն է լինում: Այդ պատճառով էլ մարդուն հանգիստ թող, որպեսզի աստիճանաբար հասկանա այն ամենն, ինչ ուզում ես իրեն ասել: Մարդկանց բռնի կերպով մի՛ ստիպիր որևէ բան անել, մի՛ նյարդայնացրու նրանց:

Սուրբ լեռ կատարած իմ այն ուղևորությունից հետո քսաներկու տարի է անցել, իսկ այն ճգնավորը շարունակում է նույնն անել՝ լռության մեջ է ապրում, մտել է իր հոգու փեթակի մեջ ու իր կյանքի մեղրն է հավաքել, բայց այժմ մարդիկ իրենք են նրանից օգնություն խնդրում, գալիս են ու ասում.

- Հոգուդ զորությունը մեզ տուր, խոսիր մեզ հետ, ուզում ենք հաղորդակցվել քեզ հետ, խոստովանության գալ քեզ մոտ:

Տեսնո՞ւմ եք, նա ոչ ոքի չէր անհանգստացնում, բայց այժմ մարդիկ են նրան փնտրում ու անհանգստացնում: Ինչո՞ւ: Որովհետև նա ունի այն, ինչ նրանք չունեն: Երբ դու անհանգստացնում ես ուրիշներին և ճնշում նրանց, չես կարողանա հանգստացնել նրանց հոգին, չես համոզի իրենց կյանքը փոխել: Չի՛ կարելի մարդուն ուժով ստիպել, որ իր կյանքը փոխի, չի՛ կարելի բարությունը նրան պարտադրել: Փոխել կարող ես միայն քեզ: Այդ պատճառով էլ մեր խոսքերն այդքան հաճախ լսելի չեն լինում, ոչ ոքի չեն համոզում և ոչ մի ազդեցություն չեն ունենում այլոց վրա: Թող երեխադ լուռ ու հանգիստ մեծանա, հանգիստ թող նրան, խրատներ մի՛ կարդա: Փորձիր ինքդ փոխվել: Մի քիչ ճգնավոր ու լռակյաց դարձիր: Ոչինչ, որ քաղաքում ես ապրում, որտեղ աղմուկ է ու կյանքի խելացնոր ընթացք, մի քիչ այնպես ապրիր, կարծես, թե վանական ես: Ջանա քեզանով զբաղվել, հոգիդ աճեցրու, հանգստություն, լռություն ու երջանկություն կուտակիր այնտեղ և երբ այն բերնեբերան լցվի դրանցով, կարող ես այդ բոլոր հարստությունները երեխայիդ տալ՝ առանց երկար ելույթների ու նրա պահվածքի վերաբերյալ խիստ դասերի, որոնք միայն նյարդայնացնում են նրան:

Երբ ճնշում ենք գործադրում որևէ մեկի վրա, դրանով միայն հաստատում ենք, որ մեզ երջանիկ չենք զգում: Երբ փորձում ես ինչ-որ մեկին ուժով համոզել ճշմարտացիությունդ, նշանակում է, որ հոգևոր ընթացքդ հենց քե՛զ չի լիացնում: Այն մարդը, ով բավարարված է նրանով, ինչ անում է, չի ճնշում ուրիշներին: Նա երջանիկ է: Ասա՛ երեխաներդ, կամ ամուսինդ, կամ կինդ, կամ այլ մարդիկ տեսնո՞ւմ են, որ դու երջանիկ ես նրանով, ինչ անում ես: Ահա՛ դու եկեղեցի ես գնում, Եկեղեցու կյանքը քեզ երջանկացնո՞ւմ է, լցնո՞ւմ է խաղաղությամբ: Եթե այդպես է և դու հանգիստ ես, ապա այդ մասին չես բարձրաձայնում երեխայի մոտ, քանի որ խաղաղությունդ ակնհայտ է և երեխան հասկանում է դա: Երբ երջանկությամբ լի ես, ապա ցանկություն չունես ասելու. «Դու պետք է եկեղեցի գնաս»: Ուժով չես ստիպում, չես նյարդայնացնում, այլ առաջարկում ես, ցույց ես տալիս, քեզ ուղղակի երջանիկ ես զգում ու մտածում ես. «Ինձ չի հետաքրքրում, թե հարազատներս ու հարևաններս կամենում են եկեղեցի գնալ, թե՞ ոչ: Ինձ համար հարցն այլ է՝ ես, որպես հոգևորական կամ ուղղակի քրիստոնյա, արդյո՞ք երջանիկ եմ: Եթե ես երջանիկ եմ, ապա նրանք կտեսնեն դա, իմ դեմքը, իմ խոսքերը, իմ պահվածքը կպատմի նրանց այդ մասին: Ես ոչ ոքի չեմ կարող ստիպել իմ կյանքով ապրել: Նույնիսկ Աստված դա չի կամենում, նույնիսկ Նա այդպես չի անում»:

Հիսուսն Իր աշակերտների հետ էր շրջում և եկավ մի պահ, երբ նրանցից ոմանք (սկզբում նրանք տասներկուսից շատ էին) լքեցին Նրան՝ այլևս չցանկանալով Նրա աշակերտները լինել: Այդ ժամանակ նա դիմեց տասներկու աշակերտներին և մի հարց տվեց, որը, հնարավոր է, մենք չհամարձակվեինք մեր երեխաներին տալ: Տերը նրանց հարցրեց.

- Միգուցե դուք է՞լ եք ուզում հեռանալ:

Կարծես նրանց ասելով.

- Դուք է՞լ ուզում եք հեռանալ Ինձանից: Նրանք հեռանում են, տեսնո՞ւմ եք: Դուք և՞ս ցանկանում եք հեռանալ:

Այնժամ Պետրոսը Նրան ասաց.

- Տե՛ր, ո՞ւր գնանք, եթե Դո՛ւ ես ամենալավ Ուսուցիչը: Ինչպե՞ս հեռանանք, եթե մեր հոգին Քեզ մոտ է հանդարտվում:

Եվ Տերը կարծես նրա խոսքերին է պատասխանում՝ ասելով.

- Ուզում եմ, որպեսզի Ինձ հետ մնաք, բայց ձեր կամքով: Չեմ ուզում ուժով ստիպել ձեզ (հմմտ. Հովհ. 6:67-69):

Մեզանից ո՞վ կարող է իր երեխային ասել.

- Զավա՛կս, ուզում եմ, որ դու ինձ հետ մնաս ոչ թե այն պատճառով, որ քո հայրն եմ կամ մայրը, ոչ թե այն պատճառով, որ օրենքը թույլ է տալիս ստիպել քեզ մինչև տասնութ տարեկանդ ինձ հետ մնալ, այլ որովհետև ուզում եմ, որ քեզ երջանիկ զգաս իմ կողքին: Ուզո՞ւմ ես մնալ: Եթե ընտրության հնարավորություն տամ քեզ, կհեռանա՞ս: Օրինակ՝ այսօր երեկոյան մնում ես, որովհետև վախենում ես, որ կխփե՞մ քեզ, եթե փորձես հեռանալ, թե՞ ուրախանում ես միասին լինելու հնարավորությունից:

Սա է նպատակը և այնքան էլ հեշտ չէ հասնել դրան, սակայն Աստված հենց դա՛ է ուզում և ոչ ոքի չի պարտադրում: Կամեցան՝ եկան, իսկ եթե որևէ մեկն ուզում է գնալ, ապա կարող է այդպես էլ վարվել: Տերն ուզում է, որ դու քո ազատ կամքով վարվես:

Երբ անառակ որդին հորն ասաց. «Ուզում եմ իմ բաժինն ինձ տաս, ուզում եմ հեռանալ ու ապրել այնպես, ինչպես ես եմ կամենում», հայրը նրա կամքը կատարեց, չնայած հոգու խորքում չէր ցանկանում: Նա իր որդուն տվեց ունեցվածքի նրա բաժինն ու ասաց. «Զավա՛կս, ես քեզ սիրում եմ, բայց սերը պարտադրանք չէ»:

Դու չես կարող ցանկանալ, որպեսզի ինչ-որ մեկը քեզ պարտադրաբար սիրի, որովհետև դա սեր չէ: Մենք չենք կարող մեր կանանց կամ ամուսիններին ստիպել սիրել մեզ, մենք չենք կարող և իրավունք չունենք մեր երեխաներին ստիպել մեզ սիրել: Սերը չի կարելի պարտադրել, մարդուն միայն կարող ես ոգեշնչել ունենալու այն: Այդ պատճառով էլ անառակ որդու հայրը նրան ասում է. «Վերցրու փողերդ, ունեցվածքդ և գնա, բայց գիտեմ, որ քեզ այնքան ուժգին եմ սիրում, որ ուր էլ գնաս, չես գտնի ինձ պես մեկին: Գիտեմ, որ ցոփության ու անառակության մեջ ես ապրելու, տհաճությունների մեջ ես խճճվելու, բայց կգա մի օր, երբ կվերադառնաս ինձ մոտ: Ես չեմ ուզում բռնի ուժով պահել քեզ և չեմ անի»:

Ահա այսպես հայրը որդուն ընտրության ազատություն տվեց: Ինչո՞ւ: Որովհետև հանգիստ էր և վստահ այն սիրո մեջ, որ իր որդու հանդեպ էր տածում: Երբ վստահ ես քո արարքներում, ապա հանգիստ ես: Իսկ երբ նույնիսկ ամենաճիշտ ու արժանի մղումներից դրդված տանը բղավոցներ ու վեճեր են լինում, ապա դրանք դադարում են լավը լինելուց: Չի կարելի երեխային նախատել այն բանի համար, ինչ անում է: Եթե երեխադ ինչ-որ անվայել վարմունք է թույլ տվել, ապա դու ավելի մեծ մեղք ես գործում, եթե աղմկոտ վիճաբանություն ես բարձրացնում այդ պատճառով, որպեսզի նրան ճիշտ ուղու վրա դնես: Չարիքը չի կարող նոր չարիքով ուղղվել: Այդ պատճառով էլ ասում ենք, որ նախ պետք է ինքդ առաջին քայլն անես, երջանիկ լինես, անկեղծորեն ուրախանաս այն կյանքով, որ ապրում ես:

Թույլ տվեք պատմել, թե մի մարդ, որ ապագայում սուրբ պիտի դառնար, ինչպես վարվեց, երբ տուն վերադառնալով իր կնոջն ուրիշ տղամարդու հետ տեսավ: Նա շատ էր սիրում իր կնոջը, բայց գիտեր, որ չի կարելի սերը պարտադրել: Շատ էր ցանկանում, որ նա էլ իրեն սիրի, բայց հասկացավ, որ անհնար է: Եվ այնժամ նրան ասաց. «Եթե ուրիշի հետ ես, նշանակում է չես ուզում ինձ հետ լինել: Մնաս բարով, ես հեռանում եմ»:

Եվ հեռանալով՝ դարձավ Սուրբ Անտոն Մեծի աշակերտը: Դա սուրբ Պողոս Պարզամիտն էր, Եկեղեցու մեծ ճգնավորն ու հրաշագործը, որ հալածում էր դևերին: Նա այնքան էր իր կնոջը սիրում, որ նրա ազատությունը նույնիսկ այն ժամանակ հարգեց, երբ նա մեղք գործեց: Նա չէր կարող իր կնոջը ստիպել, որ սիրի իրեն, բայց ինքն էլ նրան չատեց: Նա ասաց. «Հարցն այն է, թե ինքս ինձ հետ ինչպես եմ վարվելու: Եթե ես պիտի հիվանդանամ քեզ հետ, որպեսզի սիրես ինձ, եթե ես պիտի հիվանդանամ, որպեսզի ստիպեմ քեզ դառնալ այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, որ լինես, ապա իմաստ չունի»: Եվ ասելով. «Ես սուրբ կդառնամ: Գոնե ինձ կփրկեմ»,- նա վեր կացավ ու անապատ գնաց:

Մենք էլ պիտի սովորենք այդպես վարվել: Սովորենք ինքներս մեր մեջ պարփակվել՝ բառիս լավ իմաստով, մեր հոգու, մեր ներաշխարհի խաղաղության մասին հոգ տանելով: Դա ուրիշների հանդեպ արհամարհանք չէ, այլ օգնության ցուցաբերում, որովհետև եթե կարողանաս այդ հանգստությունն ու խաղաղությունը նրանց փոխանցել, ապա նրանց ավելի լավը կդարձնես: Իսկ օգնելու և իրավիճակը շտկելու ցանկությունից ծնված վեճն օգնություն չի հանդիսանում:

Երբ մենք ուրիշներին տանջում ենք, դրանով ցույց ենք տալիս, որ իրականում ինքներս խնդիրներ ունենք: Փորձում ենք չնկատել դրանք ու հաճախ մեղքն ուրիշների վրա ենք բարդում: Բայց չէ՞ որ կարելի է խոստովանահոր մոտ գնալ ու ազնվորեն ասել.

- Հա՛յր, ճիշտն ասած երեխաս մեղավոր չէ կատարվածի մեջ: Իրականում ես բազմաթիվ խնդիրներ ունեմ, վիճում եմ ամուսնուս հետ, նյարդայնանում, ողջ նյարդային համակարգս խախտվել է, չեմ կարողանում ինձ զսպել և բացասական հույզերս երեխայի վրա եմ թափում՝ նրա վրա ճնշում գործադրելով:

Չնայած կանայք հաճախ անկեղծորեն ասում են.

- Հա՛յր, հաճախ եմ բարկանում ու բղավում երեխայիս վրա: Դա իմ մեղավորությունն է: Ենթադրենք իմ ու ամուսնուս միջև ինչ-որ բան է տեղի ունեցել, գժտվել ենք, չենք հասկացել միմյանց, իսկ խիզախությունս չի բավարարում, որպեսզի վիճեմ նրա հետ, որովհետև նա ուժեղ է: Ահա ես էլ ողջ չարությունս երեխայի վրա եմ թափում, առանց պատճառի նախատում եմ նրան, չնայած ասում եմ իբր նրա օգտի համար է:

Այս պոռթկումները վկայում են այն մասին, որ մայրն ինքն է հաճախ ներքին անհարմարավետություն զգում և խնդիրներ ունի: Ուրիշը մեղավոր չէ, որ մենք ապերջանիկ ենք՝ ո՛չ երեխան, ո՛չ ամուսինը, ո՛չ կինը: Յուրաքանչյուրն իր սեփական հոգու դաշտի համար է պատասխանատվություն կրում: Աստված ինձ հարցնելու է. «Երջանիկ եղե՞լ ես: Գո՞հ ես եղել քո կյանքից: Չէ՞ որ Ես քեզ չեմ ստիպել ողջ աշխարհը փրկել»:

Ի՞նչ կարող ենք տալ այս աշխարհին ու մեզ շրջապատող մարդկանց: Եթե ուժեղ, ամբողջական մի բան կա մեր ներսում, ապա կարող ենք ուրիշների հետ կիսել այն: Բայց դա ձեռք բերելու համար, նախ պետք է մի փոքր ստիպես քեզ: Մենք բոլորս շատ եսասեր ենք: Եվ մեր եսասիրության նշաններից մեկն էլ մեր կարծիքն ուրիշներին պարտադրելու մշտական հակվածությունն է: Մենք ուզում ենք, որ մեր կամքն անպայման կատարվի, իսկ երբ մարդիկ այլ կերպ են վարվում, միանգամից նրանց սխալներն ենք մատնացույց անում և այն, ինչ մեզ դուր չի գալիս՝ նրանց մեղավորությանն ենք վերագրում. «Սարսափելի է: Դու պետք է փոխվես, ուղղվես, պահվածքդ ինձ դուր չի գալիս, դու անթերի չես»:

Մենք այդպես ենք ասում, իսկ Հայր Պաիսիոսն, ուրիշների սխալները տեսնելիս, ոչինչ չէր պարտադրում նրանց: Միշտ ուրիշների սխալներն իր վրա էր վերցնում, չնայած, որ մեղավոր չէր լինում:

- Ես եմ մեղավոր,- ասում էր նա:

- Ա՜հ, Հա՜յր, ախր դու ի՞նչ մեղք ունես: Այն մարդիկ, որոնց համար վշտանում ես, տեղացի չէին, եկան ու գնացին: Ինչո՞ւ ես նրանց պատճառով քեզ մեղադրում:

- Եթե ես լավը լինեի նրանք հիմա չէին վիճի:

Մի անգամ մի ամուսնական զույգ եկավ ծերի մոտ: Պատմեցին, որ ամուսնալուծվել են: Նրանց գլխին քարոզ կարդալու ու նրանց զղջալ ստիպելու փոխարեն, ծերն ասաց.

- Ես եմ մեղավոր, որ ամուսնալուծվել են: Եթե ես Աստծո հետ լավ հարաբերություններ ունենայի, եթե աղոթեի, ապա նրանք չէին ամուսնալուծվի… Ո՞ւր է աղոթքը: Ես խոնարհություն չունեմ և Աստված չի լսում ինձ:

Նա երբեք ոչինչ չէր պարտադրում ուրիշներին, այլ միշտ ցանկանում էր իրեն ուղղել: Եվ բոլոր սրբերի պես էր խոսում. «Իմ մեջ ամեն բան այն չէ, ի՛նձ մոտ խնդիրներ կան, այլ ոչ թե ուրիշների»: Մտածե՛ք. ի՛նձ մոտ, այլ ոչ թե երեխայիս, ամուսնուս, կնոջս: Յուրաքանչյուր ոք հետևյալ կերպ պետք է ասի իր մասին. «Գիտեմ, որ ես եմ մեղավոր: Մեղքը իմ մեջ կփնտրեմ, այլ ոչ թե ուրիշների, կփորձեմ խնդիրներ չստեղծել նրանց համար»:

Շատ լավ է, երբ ընտանիքում հնազանդություն ու մեկը մյուսի հանդեպ հարգանք կա: Բայց մենք չենք կարող դա ուրիշներից պահանջել, մենք միայն կարող ենք նրանց ոգեշնչել այդպես անելու: Շատ հայրեր, բռունցքով սեղանին հարվածելով, բղավում են իրենց երեխայի վրա.

- Ի՛նձ պիտի լսես: Պիտի անես այն, ինչ ես եմ ասում, որովհետև ես քո հայրն եմ: Քանի դեռ տասնութդ չի լրացել, բոլոր հրամաններս պետք է կատարես, և վե՛րջ:

Երեխան ահից դողում է ու ինքնիրեն մտածում.

- Տասնութս կլրանա ու կտեսնես, թե ինչ կլինի:

Եվ համբերում է, սպասում՝ լռելյայն կատարելով հրամանները, իսկ հետո հեռանում է տանից: Հաճախ՝ անվերադարձ:

Մի պատանու գիտեմ, որ իր հորն ասաց.

- Այլևս ոչինչ անել չես կարող: Տասնութս արդեն լրացել է, ես արդեն մեծ եմ: Ցտեսություն:

Այնուհետև վեր կացավ ու գնաց: Ահա՛ հարկադրական ու անհաջող դաստիարակության օրինակը:

Երեխան ինչպե՞ս պիտի ապրի, երբ դպրոցն ավարտի ու մուտք գործի չափահաս կյանք: Քանի դեռ նա կողքիդ է՝ քեզ ուսուցիչ ես ձևացնում ու նրան ստիպում ես ինչ-որ բաներ անել: Իսկ երբ նա սկսի իր կյանքով ապրել, պահք պահելո՞ւ է: Երբ մեկնի Անգլիա՝ սովորելու, եկեղեցի գնալո՞ւ է: Քանի որ այնտեղ եկեղեցի հաճախելը շատ արժեքավոր է լինելու, որովհետև ինքնուրույն է դա անելու, անելու է այն, ինչ ինքն է ընտրել, ինքնուրույն է որոշել: Եվ եթե նա ասի. «Կարող եմ ընտրել՝ երկար քնել, մինչև լուսաբաց արթուն մնալ, բայց կարող եմ եկեղեցի գնալ ու ես եկեղեցին եմ ընտրում»,- նշանակում է նրան ճիշտ են դաստիարակել: Միայն այդպիսի դաստիարակությունն արժեք ունի: Չնայած բոլոր դժվարություններին՝ հենց դա՛ պետք է ծնողի նպատակը լինի:

Իրական ազատություն ունեցողն իր մերձավորի հոգում էլ է խաղաղության ու ազատության զգացում առաջացնում: Այդժամ մարդը կարող է իր կարծիքն ազատ արտահայտել՝ առանց վախենալու, թե ինչ կլսի ի պատասխան: Օրինակ՝ շատ կանայք անհանգստանում են ու նյարդայնանում, եթե պետք է իրենց ամուսինների հետ խոսեն, իրենց կարծիքը հայտնեն, որովհետև ամուսինը դա տանել չի կարող, չի ուզում լսել, ուզում է իր կարծիքը փաթաթել: Հիշի՛ր՝ դա ազատության ոգին չէ, այլ ճնշում է. թույլ չես տալիս քո կողքին ապրող մարդու հոգուն Աստծո առջև աճել ու ծաղկել: Իսկ երբ ձեր ընտանիքը դեռ նոր էր կազմավորվում, դուք ընդհանուր հույսեր ունեիք, խոսակցության ընդհանուր թեմաներ, երազում էիք, թե ինչպես եք ապրելու, ինչպես եք այդ ճամփան ձեռք-ձեռքի անցնելու… Բայց սկսվում է առօրյա կյանքը, միապաղաղությունը, հոգնածությունը և հոգին մի տեսակ սեղմվում է: Եվ այն ամենն, ինչ ժամանակին թանկ էր՝ մոռացվում է:

Մեծ բան է ուրիշին լսելու կարողություն ունենալն ու ուրիշի կարծիքը հարգելը: Դպրոցում, որտեղ դասավանդում եմ, ինձ ավելի շատ այն երեխաներն են դուր գալիս, ովքեր հակաճառում են ինձ, ովքեր միանգամից չեն ընդունում այն, ինչ ասում եմ: Նրանք ինձ ավելի են դուր գալիս, քան այն երեխաները, որոնք միշտ, ամեն ինչում համաձայնվում են ինձ հետ: Ես ուզում եմ ոչ թե ձևական «այո» լսել, այլ ուզում եմ, որ երեխան բացատրի, թե ինչու է ասում. «Այո՛, Հա՛յր, ես համամիտ եմ դրան»:

Եթե երեխան իր կարծիքը կիսել է քեզ հետ, նույնիսկ եթե այն տարբերվում է քո ունեցածից, հավատա՛, որ շատ մեծ բան ես ձեռք բերել, դու նրա վստահությունն ես շահել, նա իր հոգին է բաց անում քո առջև՝ չնայած, որ չի համաձայնում քեզ հետ, իսկ դա նշանակում է, որ նա չի վախենում քեզանից: Նախընտրությունն ո՞ւմ տալ՝ նրան, ով լուռ նստած է քո առջև, իսկ ներսից կասկածները պատառոտում են իրեն, մտքերը թափառում են, շնչահեղձ լինում, կորչում հազարավոր անհասկանալի բաների մեջ, թե՞ նրան, ով ուղղակի ասում է. «Հա՛յր, համաձայն չեմ ասածիդ հետ, դա ինձ դժվար է թվում, ես այլ կարծիքի եմ այդ հարցի շուրջ»:

Նման դեպքում պատասխանում եմ.

- Ասա՛, ինչ որ մտածում ես, մի՛ վախեցիր: Արի՛ խոսենք: Դու քո կարծիքը կհայտնես, իսկ ես կասեմ, թե Եկեղեցին ինչ է ասում, և եթե կարողանամ համոզել քեզ, ապա լավ կլինի: Եթե չկարողանամ համոզել, ապա սարսափելի բան չկա: Կյանքը քեզ կհամոզի: Դու կհեռանաս, քո կյանքով կապրես, մեղքերդ կգործես, կանես այն, ինչ ուզում ես, բայց գիտեմ, որ ես ճիշտ եմ եղել քեզ հետ զրուցելիս և կյանքն ինքը կսովորեցնի քեզ: Սակայն չեմ կարող ուժով ազդել քեզ վրա, չեմ կարող քեզ պարտադրել այն, ինչի մասին խոսում եմ, նույնիսկ եթե դա ճշմարտություն է:

Եթե նույնիսկ ամենալավ, ամենաճիշտ բառերն ես ասել, ուրիշը պետք է ազատորեն ընդունի դրանք ու համաձայնի դրանց հետ: «Ո՞վ է ուզում Իմ ետևից գալ» (Մրկ. 8:34), երբևէ մտածե՞լ եք, թե ինչ դժվար է:

Այսօր ձեզանից ո՞վ է եղել եկեղեցում: Նրանց, ովքեր եղել են, ուզում եմ ասել, որ դուք ավելի ուժեղ եք: Տերն ուզում է, որ մենք եկեղեցի գնանք, բայց մենք այնքան ազատ ենք Նրա առջև, որ Նրան հանգիստ ասում ենք. «Այսօր չեմ ուզում եկեղեցի գնալ, որովհետև ուզում եմ քնել: Չեմ ուզում եկեղեցի գնալ, որովհետև ծուլանում եմ, չեմ ուզում եկեղեցի գնալ, որովհետև… չեմ ուզում»:

Իսկ Աստված ի՞նչ է անում: Նա մեզանից յուրաքանչյուրին սիրում է: Սպասում է: Մի՞թե Նա որևէ կերպ վնասել է քեզ: Որևէ կերպ պատժե՞լ է: Մի՞թե որևէ չարիք է պատճառել քեզ: Ո՛չ: Դու շնչում ես, զարկերակդ շոշափվում է, և Աստված քեզ ասում է.

- Դու եկեղեցի չեկար, բայց Ես սիրում եմ քեզ: Ուզում եմ, որ Ինձ մոտ գաս, բայց ուզում եմ, որ դո՛ւ ցանկանաս: Ուզում եմ, որ քո ազատ կամքով գաս:

Ինձ շատ է դուր գալիս, երբ երիտասարդները ինքնակամ են խոստովանության գալիս: Հարցնում եմ.

- Ո՞վ է քեզ բերել՝ հա՞յրդ, մա՞յրդ:

- Ոչ ոք: Ինքս եմ եկել:

Երեխաներ կան, որ իրենց ծնողներից գաղտնի են խոստովանության գալիս, տանը ոչ ոք չգիտե դրա մասին, նրանք ինքնակամ են եկեղեցի գնում: Այդպիսի երեխայի ծնողները միգուցե մտածում են, որ նա ինչ-որ վատ բանով է զբաղված, եթե տանը չէ և մայրն անընդհատ նրա հոգին հանում է իր խրատներով, իսկ նա ուզում է Աստծուն մոտ լինել, ուզում է ու գալիս է: Դա շատ մեծ նշանակություն ունի: Քանի որ երեխաներ կան, որոնց ստիպողաբար են բերում, բայց Աստված դա չի ուզում, որովհետև հարկադրանքը բացահայտ դժոխք է: Եթե ես քեզ բռնի ուժով դրախտում դնեմ, ապա դու քեզ այնտեղ կզգաս, ինչպես դժոխքում: Այդ իսկ պատճառով Քրիստոս ասաց.

- Ուզում եմ, որ դուք Ինձ սիրեք, բայց ուզում եմ, որ դա ձեր ազատ ընտրությունը լինի, որպեսզի Ինձ ձեր ազատ կամքով սիրեք:

Աստծո նախախնամության հանդեպ ունեցած մեր հավատը որքա՜ն հաճախ չի բավականացնում և մենք մտածում ենք, որ կարող ենք և պետք է ինչ-որ բան որոշենք, ուղղենք, ձևափոխենք… Այնժամ հիստերիայի մեջ ենք ընկնում՝ ասելով. «Եթե ես շտապ ինչ-որ բան չձեռնարկեմ, նա կկործանվի: Եթե չբղավեմ երեխայիս վրա, նա կորած մարդ կդառնա: Եթե չվիճեմ կնոջս կամ ամուսնուս հետ, ոչինչ չի փոխվի»: Մենք միամտորեն ենթադրում ենք, որ մեզ շրջապատող մարդկանց վրա ազդելու համար մեծ ուժ ունենք, որ կարող ենք ինչ-որ բան ասել և դրանով փոխել մեր երեխային կամ հարազատին: Ո՛չ: Դո՛ւ չես քո երեխային փոխողը: Աստվա՛ծ է փոխում: Աստծո նախախնամությունը քո երեխային կփոխի: Այժմ որտե՞ղ է քո երեխան: Որտե՞ղ է ամուսինդ, ծանո՞թդ: Մենք չգիտենք, թե նրանք ինչ են անում, բայց Տերը նրանց կողքին է: Չի՛ կարելի հեռախոսով հետևել քեզ համար թանկ մարդուն՝ տաս րոպեն մեկ հարցնելով. «Որտե՞ղ ես, ի՞նչ ես անում», «Գիտե՞ս, թե ժամը քանիսն է», «Ե՞րբ ես տուն վերադառնալու»:

Չի՛ կարելի անընդհատ այդ սարսափելի անվստահությունն զգալ ուրիշի նկատմամբ, մտածել, որ միգուցե ամեն ինչ արդեն փոխվել է, միգուցե նա ինձ այլևս չի սիրում… Պետք է վստահել Աստծուն ու ողջ սրտով ասել. «Տե՛ր Աստված, Քո ձեռքն եմ հանձնում այն մարդուն, ում սիրում եմ»: Եվ հավատալ, որ Աստված հոգ կտանի նրա մասին ու հանգստանալ: Եվ այնժամ կտեսնես, որ Աստված նրան չի թողնի:

Կպատմեմ ձեզ Հայր Պորֆիրիոսի քաջ ու անսպասելի արարքի մասին: Մի անգամ մի տղամարդ եկավ նրա մոտ խոստովանության: Նա իր բոլոր մեղքերը խոստովանեց, բացի մեկից, որն իր կյանքի ամենալուրջ մեղքն էր: Նա ամուսնացած էր, բայց դավաճանում էր կնոջը սիրուհու հետ: Նրանք բոլորն Աթենքում էին ապրում և այդ տղամարդը չափահաս երեխաներ ուներ, որ ուսանող էին և Աթենքում էլ սովորում էին: Նա ծերին չասաց այս մասին: Երբ խոստովանությունն ավարտվեց, Հայր Պորֆիրիոսը հարցրեց.

- Վերջացրեցի՞ր խոստովանությունը: Սա այն ամե՞նն էր, ինչ ուզում էիր ասել:

- Այո՛, վերջացրեցի,- պատասխանեց տղամարդը:

Ծերը թողության կարգը կարդաց և երբ տղամարդն արդեն պատրաստ էր հեռանալ ու բաց էր արել դուռը, Հայր Պորֆիրիոսն ասաց.

- Սպասի՛ր, էլի բան ունեմ քեզ ասելու:

Տղամարդը ետ դարձավ և ինքն իրեն մտածեց. «Դեռ ասում են, որ նա սուրբ է և ամեն ինչ տեսնում է: Ոչինչ չկռահեց, չիմացավ, թե ինչ եմ իրենից թաքցնում»: Իսկ ծերը, նրա աչքերին նայելով՝ ասաց.

- Թույլ տուր քեզ մի բան ասել: Այն կնոջը, որի հետ դավաճանում ես կնոջդ, այլևս այն հյուրանոցը մի տար: Որդիներիցդ մեկը կարող է քեզ տեսնել ու շատ խիստ վիրավորվել քեզանից: Եթե կիրքդ այնքան ուժեղ է, որ չես կարող դրանից հետ կանգնել, ավելի հեռու տեղ գնա, որպեսզի ոչ ոք ձեզ չտեսնի»:

Տղամարդը զարմանքից քար կտրեց: Նա ցնցված էր այն բանից, որ ծերը գիտեր իր մեղքի մասին, բայց բարկությամբ չխոսեց իր հետ, այլ հարգանքով վերաբերվեց: Նույնիսկ խոստովանությունը չի կարող պարտադրաբար լինել: Եթե մարդն ինքը չի ցանկանում, չես կարող ստիպել, որ խոստովանի: Ինքը պետք է ցանկանա և ասի այդ մասին:

Իսկ ծերը ոչ միայն չնախատեց նրան, այլև հուշեց, թե ինչպես է ավելի հարմար մեղք գործել, հիշեցրեց, որ պետք է զգույշ լինի, որպեսզի լավ հարաբերություններ պահպանի երեխաների հետ: Կարո՞ղ եք պատկերացնել:

Հայր Պորֆիրիոսն ինչո՞ւ այդպես վարվեց: Մի՞թե որպեսզի Տերը լքեր այդ մարդուն: Ո՛չ: Բայց պետք է սուրբ լինել, որպեսզի ինչ-որ մեկին նման բան ասել: Ծերը գիտեր, թե հետո ինչ է լինելու: Նա այդ մարդուն ասաց.

- Ես քեզ խորհուրդ տվեցի, բայց դա ամենը չէ: Ես շատ կաղոթեմ Աստծուն քեզ համար և Նա քեզ չի թողնի:

Ժամանակ անցավ, և այդ մարդն իսկապես իր կյանքը փոխեց: Հետո ծերի մոտ եկավ ու ծնկաչոք, արցունք աչքերին իր մեղքերը խոստովանեց: Իսկ հետո ասաց.

- Հա՛յր, սիրտս շարժեցիր նրանով, որ չնախատեցիր ինձ ու չսկսեցիր վախեցնել: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց ներսումս: Հանկարծ հասկացա, որ քանի որ դու ինձ չես պարտադրում, ապա ինքս պետք է ինձ ստիպեմ փոխվել: Դու կարողացար ինձ օգնել՝ առանց ինձ դատելու:

Ի՜նչ հրաշալի է որևէ մեկին ուղղել՝ երբեք նրա հետ չկռվելով: Ի՜նչ լավ է, երբ մարդ քո աչքերից հասկանում է, թե ինչ ես ուզում նրան ասել, երբ զգում է սերդ ու նույն կերպ է պատասխանում քեզ: Եվ ուր էլ գնա, միշտ վերադառնալու է, որովհետև հոգուդ բարեգթությունն անպայման նրան հետ է կանչելու: Այդպես էլ Հայր Պորֆիրիոսը վարվեց: Այն մարդն իր կյանքն առանց ճնշումների փոխեց: Ի՜նչ սքանչելի ու ճիշտ է: Որպեսզի ոչ ոք մեզ ուժով չստիպի ինչ-որ բան անել: Որպեսզի կարողանանք մեզ ազատ զգալ Եկեղեցում և ինչպես սրբերն են ասում՝ նախանձախնդրությամբ ճգնել, ուրախությամբ ասելով. «Մի՞թե կարող եմ այդքան անշնորհակալ լինել Տիրոջ հանդեպ, Ով ամեն բան տեսնում է, ամեն ինչ գիտի, Ով ինձ չի պատժում, այլ ապրելու տարիներ է պարգևում, մեր սերն արտահայտելու նորանոր առիթներ, անընդհատ հնարավորություն է ընձեռում ավելի լավը դառնալու: Ո՛չ, ոչ մի դեպքում այդպիսին չեմ լինի»:

Մեր Աստված բարի ու ողորմած է, ինչ-որ սարսափազդու էակ չէ, ով մշտապես ինչ-որ բաներ է մեզ պարտադրում: Արդ եկեք մեր երեխաներին էլ առանց հոգեբանական ճնշումների դաստիարակենք, եկեք չվախեցնենք նրանց: Այն խիստ, սարսափելի աստվածը, որ նախատում է մեզ, որ հրեշ է թվում՝ մեր Աստվածը չէ:

    

(Շարունակելի)

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

29.03.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․