Գրքեր

Երեմիա մարգարե

Սուրբ Երեմիա մարգարեն՝ հինկտակարանյան չորս մեծ մարգարեներից մեկը, որդին է Քեղկիա քահանայի: Ծնվել է Ք. ա. 650-ական թթ-ին, ապրել է Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրան է պատկանում երկու գիրք՝ նրա մարգարեության գիրքը և հինգ գլխից բաղկացած ողբը: Երեմիան մարգարեական ծառայությունն սկսում է երիտասարդ տարիքում և ամբողջ կյանքում թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես շատ տառապանքներ է կրում: Տերը նրան մարգարեության է կոչում՝ասելով. «Ես քեզ սրբեցի և քեզ մարգարե եմ կարգել ազգերի համար»: Երեմիան հրաժարվում է՝ պատճառաբանելով. «Տեր, ես խոսել անգամ չգիտեմ, մինչև իսկ դեռ մանուկ եմ»: Տերը պատասխանում է. «Մի ասա, թե մանուկ ես, որովհետև պիտի գնաս այնտեղ, որտեղ քեզ կուղարկեմ և ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես: Մի վախեցիր մարդկանցից, Ես քեզ հետ եմ և պիտի փրկեմ քեզ»: Այնուհետև Տերը դիպում է ընտրյալի շրթունքներին և ասում. «Ահա Իմ խոսքը քո բերանը դրեցի: Ահա քեզ այսօր իշխանություն տվի ազգերի ու թագավորութունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, կառուցես ու հաստատես» ( Երեմիա 1:9-10):

Երիտասարդ տարիքում Երեմիան գալով Երուսաղեմ օգնում է Հովսիա բարեպաշտ արքային նրա բարեփոխումներում և մեծապես ողբում արքայի վախճանը:

Երեմիան գրեթե 45 տարի քարոզում է ամենուրեք՝ Երուսաղեմի տաճարում, թագավորի պալատում, հրապարակներում՝ տարածելով Աստծո խոսքը: Մինչև Երուսաղեմի անկումը բաբելացիների ձեռքով, Երեմիան շարունակում է ապրել ու գործել այս քաղաքում՝ հրաժարվելով ընտանիք կազմելուց և այս աշխարհի հաճույքներից: Նա մարգարեանում է բարոյազրկված Երուսաղեմի և տաճարի կործանման մասին, թելադրում ժողովրդին հետ կանգնել իրենց չարիքներից՝ կռապաշտությունից, ընկերային անարդարություններից: Ամեն կերպ ձգտում էր կանխել այն պատուհասը, որ սպառնում էր մեղքերի մեջ համառող իր ժողովրդին: Բայց փոխարենը հալածվում է թագավորի և ժողովրդի կողմից՝ կալանքի տակ առնվելով, բանտարկվելով, տիղմով լի ջրհորի մեջ գցվելով:

Երբ 586թ-ին Երուսաղեմը գրավվում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից, Երեմիան իր քարտուղար Բարուքի հետ դեռ բանտում էր: Նաբուգոդոնոսորը Երեմիային ազատ է արձակում և առաջարկում նրան պատվով տանել Բաբելոն: Սակայն արդեն ծերունի Երեմիան նախընտրում է մնալ իր ժողովրդի հետ: Իսկ երբ հրեաները սպանում են Նաբուգոդոնոսորի նշանակած կառավարչին ու փախչում Եգիպտոս, իրենց հետ բռնի կերպով տանում են նաև Երեմիային և Բարուքին: Երեմիա մարգարեն նահատակվում է Եգիպտոսում, ըստ ավանդության քարկոծվելով հրեաների կողմից, որոնց նա Աստծո անունից շարունակ թելադրում էր հրաժարվել կռապաշտությունից և անօրինություններ գործելուց:

Մարգարեի գերեզմանը գտնվում է Կահիրեից ոչ հեռու և հաճախակի ուխտագնացություններով պատվվում է քրիստոնյա եգիպտացիների կողմից:

Ինչպես բոլոր մարգարեները, այնպես էլ Երեմիան շարունակ պատգամում էր. «Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛ղջ Հրեաստան, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը»: Այսպէս է ասում Զորությունների Տերը՝ Աստվածն Իսրայելի. «Ուղղեցե՛ք ձեր ընթացքն ու վարքը, և ես կբնակեցնեմ ձեզ այս վայրում: Մի՛ ապավինեք սուտ խոսքերին. նրանք, որ ասում են՝ Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը, բոլորովին ձեզ չեն օգնի: Եթե իսկապես ուղղեք ձեր ընթացքն ու վարքը, եթե այր մարդու և նրա ընկերոջ միջև օրենք ու արդարություն պահեք, օտարականին, որբին ու այրուն չնեղեք, անմեղ արյուն չթափեք այդտեղ և չարության չհանդիպելու համար օտար աստվածներին չհետևեք, ապա ձեզ կբնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ հավիտյանս հավիտենից տվեցի ձեր հայրերին» (Երեմիա 7:1-6):

Ձաղկելով հանդերձ ժողովրդի անօրենությունները՝ Երեմիա մարգարեն շարունակ Աստծո առաջ բարեխոսում էր ժողովրդի համար: Սակայն այն աստիճանի հասավ իր ժողովրդի ամբարշտությունը, որ Աստված այս մխիթարությունից էլ զրկեց նրան. «Այլևս մի աղոթիր այս ժողովրդի համար, նրանց համար ողորմություն մի խնդրիր, մի բարեխոսիր նրանց համար, որովհետև այլևս պիտի չլսեմ քեզ: Չե՞ս տեսել ինչեր են պատահում Հրեաստանի և Երուսաղեմի փողոցներում»: Ամենուր տարածված էր կռապաշտությունը ու շարունակում էր Աստծո ձայնը. «Կարծո՞ւմ ես, որ այս կերպով Ինձ բարկացնում են. ո՛չ, իրենք իրենց են անարգում՝ ծածկելով իրենց անձերը ամոթով»: Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահա Իմ ցասումն ու բարկությունը կթափեմ այդ տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. թող կրակը բորբոքվի ու չմարի» (Երեմիա 7:16-20):

Տեսնելով իր ժողովրդի մոլորված ընթացքը՝ Երեմիան հաճախ էր լաց լինում և ողբում: Իր գրքի մեջ էլ ունի բազմաթիվ ողբեր և իրեն է վերագրվում «Ողբ Երեմիա» գիրքը:

Երեմիա մարգարեի հիշատակությունը Հայ եկեղեցին տոնում է Վերափոխմանը հաջորդող երկրորդ հինգշաբթի օրը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

23.08.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․