Գրքեր

Երեք տիեզերաժողովներ, խաչվառ

Երեք տիեզերաժողովներ

Ըստ եկեղեցական տոնացույցի` եկեղեցում տոնվում է Նիկիայի, Կոստանդնուպոլսի և Եփեսոսի երեք տիեզերաժողովներին մասնակցած Հայրապետների հիշատակը: Նիկիայի տիեզերաժողովին մասնակցում էին 318 Հայրապետներ, Կոստանդնուպոլսի տիեզերաժողովին` 150 Հայրապետներ, իսկ Եփեսոսի տիեզերաժողովին` 200 Հայրապետներ:

Նիկիայի տիեզերաժողովում դատապարտվեց Արիոսի ուսմունքը, ըստ որի, Քրիստոս արարած է: Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում դատապարտվեց Մակեդոնի մոլորությունը, որ մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը, իսկ Եփեսոսի տիեզերաժողովում Նեստորի ուսմունքը, ըստ որի Քրիստոս ծնվեց որպես հասարակ մարդ և հետո աստվածությունը բնակվեց Նրա անձի մեջ, որով և Նեստորը Աստվածածնին անվանում էր պարզապես Քրիստոսածին:

Նիկիայի տիեզերաժողովում (325 թ.) հաստատվեց Քրիստոսի Աստվածությունը, Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում (381 թ.)` Սուրբ Հոգու Աստվածությունը: Իսկ Եփեսոսի ժողովը (431 թ.) դատապարտեց Նեստորի ուսմունքը` հաստատելով, որ Քրիստոս Աստված մարդկայնորեն ծնվելով` միաժամանակ կատարյալ մարդ է և կատարյալ Աստված, և այս երկու բնությունները միավորված են անխառն, անշփոթ և անբաժանելի կերպով, իսկ Սուրբ Մարիամ կույսը Աստվածածին է, որովհետև նրանից ծնվել է Աստված:

Տիեզերաժողովներին մասնակից Հայրապետների տոնի օրը երգվում է Այսօր Սրբոց Հայրապետաց և Ով հրաշալի նախահարք շարականները: Շարականների մեջ ասվում է, որ մեր Հայրերը հավաքվելով` հավատքի հիմքերը հաստատեցին առաքյալների ու մարգարեների հիմքի վրա և մաքրեցին հավատքը խեղաթյուրողապականիչ որոմը: Ով հրաշալի նախահարք շարականի երգեցողության ժամանակ խորանի վարագույրը փակվում է իբրև սխալ ուսմուքնից հրաժարման նշան: Հետո երգվում է շարականի Ի Սուրբ Երրորդութենէն մասը, որտեղ ասվում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք իբրև Սուրբ Երրորդության անձերից մեկը` Բանն Աստված, որը եկավ մարդկանց փրկելու: Այս հատվածի երգեցողության ժամանակ վարագույրը բացվում է:

Խաչվառ

Հռոմեական կայսրության մեջ հսկա տերությունը կառավարելու համար եղել են երկու գլխավոր ղեկավարներ` օգոստոսներ, մեկն արևելքում ու մյուսն արևմուտքում, և նրանց անմիջական օգնականները կոչվել են կեսարներ կամ կայսրեր: Բռնակալ Մաքսենտիոս կայսեր դեմ պատերազի ժամանակ, երբ Կոստանդիանոս կայսրը մոտեցել էր Հռոմին, ուր պիտի տեղի ունենար վճռական ճակատամարտը, նրան երևում է խաչի լուսեղեն նշանը երկնքում, և մի ձայն լսվում, թե սրանով պիտի հաղթես: Կոստանդիանոսն անմիջապես հրամայում է իր դրոշների վրա դնել խաչի նշանը և այդ դրոշները վեր բարձրացրած` գնում է մարտի ու հաղթանակ տանում:

Այս դեպքի հետ է կապված Պատարագի արարողության ընթացքում խաչվառի գործածությունը` իբրև հաղթության նշան: Խաչվառը խաչի, խաչելության կամ տնօրինական այլ պատկերով շրջանակավոր դրոշակ է` երկար ձողի վրա ամրացված, որ դուրս է բերվում եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ: Երբ պատարագիչ քահանան խնկարկությամբ իջնում է խորանից` խորհրդանշելով Քրիստոսի իջնելն առ մարդիկ, առջևից սարկավագը բարձր բռնած տանում է խաչվառը: Խաչվառն այս իմաստով գործածում են նաև մեծ տոների հանդիսավոր թափորների ժամանակ:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

16.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․