Գրքեր

Երիտասարդ ուխտավորների ուսանելի ուղին

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը, այցելելով սրբավայր, հաղորդակից է լինում սրբությանը՝ հիշելով և անմահացնելով այն:

Նվիրագործված ավանդույթի համաձայն՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, մայիսի 13-ին՝ Երկրորդ Ծաղկազարդի տոնի օրը, ուխտագնացության մեկնեց Կոտայքի թեմի Սոլակի Ս. Աստվածածին (6-7 դ.), Քաղսիի Ս. Աստվածածին եկեղեցիներ և Լեռնանիստ գյուղի Ս. Հակոբ մատուռ (1893-1902 թթ.): 

Սոլակի Ս. Աստվածածին եկեղեցում երիտասարդները մասնակցեցին Սուրբ Պատարագի, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը: Երիտասարդաց միության մի քանի տղաներ իրենց անմիջական մասնակցությունը բերեցին Սուրբ Պատարագին՝ Սուրբ Խորան բարձրանալով: Տեր Ժիրայրը ողջունեց երիտասարդ ուխտավորներին և իր ուրախությունը հայտնեց նրանց, որ աղոթակից եղան իրենց: Սուրբ Պատարագի ավարտին երիտասարդները մատաղ ճաշակեցին: Այնուհետև Սոլակ գյուղի բնակչուհի տիկին Սիլվան հյուրընկալեց և հուրասիրեց քահանաներին և երիտասարդ ուխտավորներին: Թեև տիկին Սիլվան բնակվում է Սոլակ գյուղում, բայց իր համար հոգեհարազատ է դարձել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին, քանի որ, աշխատանքային օրերին Երևանում լինելով, այցելում է եկեղեցի և ժամերգությունների մասնակցում:

Հաջորդ երկու սրբավայրերում երիտասարդները միասնական աղոթքի կանգնեցին և Ս. Հակոբ մատուռին կից բժշկարար աղբյուրից ջուր ըմպեցին:

«Նկատելի էր երիտասարդների ոգևորությունը, նրանք իրենց կարևորված զգացին և որպես եկեղեցու երիտասարդ անդամներ՝ արժանացան թե՛ քահանայի և թե՛ համայնքի ուշադրությանը: Բոլոր սրբավայրերում նրանք աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Հայոց ազգի, իրենց նպատակների, երազանքների և հույսերի համար»,- ասաց Տեր Վահանը:

Ուրախ և բարձր տրամադրությամբ, սուրբ վայրերի խաղաղությամբ համակված, երիտասարդ ուխտավորները վերադարձան Երևան՝ իրենց սրտում ամրագրելով Մեծ Վարդապետի հավիտենական խոսքը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» (Հովհ. 14:6-7):

 

Կարինե Սուգիկյան

13.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․